Երեւան-Ռոտերդամ-Երեւա՞ն. բիզնես-կրթության Ճանապարհները

23.07.2013 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Բիզնես-կրթության արդյունքում բացվող հեռանկարները հավակնոտ են. ենթադրում են ինչպես կարիերային լուրջ աճ տվյալ մասնագիտական գործունեության  շրջանակում, այնպես էլ աշխատանքային ոլորտի կտրուկ փոփոխություն (career changes), երբ, օրինակ, մարքեթինգի մասնագետը որոշում է զբաղվել ֆինանսներով:

Հեռանկարային լինելու հետ մեկտեղ բիզնես-կրթությունը շատերիս համար դեռեւս չբացահայտված երեւույթ է: Մասնավորապես, որքանո՞վ են նոր մակարդակի գիտելիք կրողները պահանջված հայաստանյան աշխատաշուկայում: Կամ, համահու՞նչ են արդյոք նրանց  հավակնությունները գործատուների կողմից ներկայացվող չափանիշներին: Եվ  չի՞ նպաստում արդյոք բիզնես-կրթությունը  բիզնես-միգրացիայի տարածմանը:

«Առաջին ձեռքից» պատասխաններ ստանալու ակնկալիքով կապ հաստատեցինք  մեր վաղեմի գործընկերոջ՝ նախկինում «Իդրամ» ընկերության PR-մենեջեր Աննա Գրիգորյանի հետ: Մի քանի ամիս առաջ Աննան ավարտել է Ռոտերդամի Կառավարման Դպրոցի (Rotterdam School of Management) MBA ծրագիրը եւ աշխատանքի անցել միջազգային Aegon Group ապահովագրական ընկերությունում (Հաագա):

- Աննա, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը սովորելու համար մեկնել Եվրոպա. չվստահեցի՞ք  հայաստանյան շուկայում բիզնես-կրթության ոլորտում եղած առաջարկներին, թե՞ դրանք պարզապես չէին համապատասխանում Ձեր պահանջներին:

- Պատճառները մի քանիսն էին, բայց կփորձեմ առանձնացնել ամենակարեւորները: 2010 թ.-ին, երբ որոշում կայացրեցի MBA ծրագրով ուսանելու մասին, աշխարհում կային այդ ծրագիրն առաջարկող մոտ 2 000 կրթական հաստատություններ: Հասկանալի էր, որ հետագայում թե՛ տեղական եւ թե՛ միջազգային աշխատաշուկայում մրցունակ դիրք ունենալու համար, անհրաժեշտ էր կրթություն ստանալ միջազգային բարձր վարկանիշ ունեցող բիզնես-դպրոցում:

MBA ծրագրերի երկու հիմնական վարկանիշեր կան. մեկը տրամադրում է Financial Times պարբերականը, մյուսը՝ The Economist-ը. յուրաքանչյուրն իր կողմից սահմանված չափանիշների հիման վրա: Ինքս օգտվում էի Financial Times-ի հրապարակած MBA ծրագրերի վարկանիշային ցանկից, որտեղ էլ գտա Erasmus-ի համալսարանին կից գործող Ռոտերդամի Կառավարման Դպրոցը: Ցավոք, MBA ծրագիր առաջարկող հայաստանյան ոչ մի ուսումնական հաստատություն նշված ռեսուրսներում դեռ չկա, իսկ այդ փաստն ինձ համար որոշիչ էր:

Ընտրության հարցում շատ կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ MBA ծրագրի հիմնական առանձնահատկություններից է փորձի ու գիտելիքի փոխանակումը ոչ միայն դասախոսների, այլ նաեւ համակուրսեցիների հետ՝ դասերն անցնում են ինտերակտիվ քննարկման եւ վերլուծության մթնոլորտում, իսկ տնային առաջադրանքներն ու նախագծերն իրականացվում են թիմային աշխատանքի արդյունքում: Հետեւաբար, Եվրոպա մեկնելը պայմանավորված էր նաեւ նրանով, որ ցանկություն ունեի կրթվել մաքսիմալ միջազգային միջավայրում, որպեսզի կարողանայի կարճ ժամանակահատվածում ծանոթանալ տարբեր երկրներից ժամանած եւ բազմաբնույթ աշխատանքային փորձ, գիտելիք եւ կառավարման ոճ ունեցող մարդկանց հետ: Այսինքն՝ ինձ հետաքրքիր էր հաղորդակցվել ոչ միայն պարզապես խելացի, այլ նաեւ տեսակետներով ու մշակութային աշխարհայացքով իրար հակասող մարդկանց հետ:

Այս առումով, կարծում եմ, Եվրոպան ԱՄՆ-ից ավելի շատ բան ունի առաջարկելու: Եվ իրոք, դասընկերներիս հետ շփումն ու աշխատանքն ինձ համար ամենաուսուցանելին եղան, այնպես որ, կարծում եմ, չեմ սխալվել:
 
- Իսկ ինչու՞ ընտրեցիք հենց Ռոտերդամի Կառավարման Դպրոցը: Միեւնույն ժամանակ, որքանո՞վ էիք ազատ Ձեր ընտրության մեջ, հաշվի առնելով, որ որակյալ կրթությունը ենթադրում է ֆինանսական լուրջ ներդրումներ:   

- Տատանվում էի Ռոտերդամի ու Փարիզի HEC բիզնես-դպրոցի միջեւ: Երկուսն էլ ունեն իրենց դրական եւ բացասական կողմերը, բայց ի վերջո կանգ առա Ռոտերդամի վրա, քանի որ որոշակի տեղեկատվություն հավաքելուց հետո հասկացա, որ Ռոտերդամում կրթությանս համար ֆինանսավորումն ավելի մեծ հավանականությամբ կարող եմ հայթայթել: Այդպես էլ ստացվեց. կարողացա ստանալ այն եզակի հոլանդական կրթաթոշակներից մեկը, որն ամբողջովին ծածկեց ոչ միայն իմ ուսման վարձը, այլ նաեւ մեկ տարվա ընթացքում Հոլանդիայում գտնվելու ամբողջ ծախսերը: Ուսման վարձը կազմում էր 39 հազար եվրո, իսկ ապրելու համար նախատեսված տարեկան ծախսերը՝ եւս 15-16 հազար եվրո:  

Ինչպես շատ ճիշտ նշեցիք, նմանատիպ լուրջ ներդրում իմ ուժերով չէի կարողանա անել, պետք է դիմեի վարկավորման: Անչափ շնորհակալ եմ հոլանդական NUFFIC կազմակերպությանը՝ օտարերկրյա ուսանողներին նման հնարավորություն ընձեռելու համար:    

- Դրսում, այն էլ հեղինակավոր բիզնես-դպրոցում սովորելը պետք է որ պարտավորեցնող լինի նաեւ այն առումով, որ ցանկանում ես լավ ներկայացնել քո երկիրը: Ձեզ  ուղեկցե՞լ է այդ ցանկությունը եւ հաջողվե՞լ է արդյոք սեփական օրինակի վրա ապացուցել հայերիս մրցունակությունը:

– Առաջին երեք ամիսների ընթացքում օրական հասցնում էի քնել 4 ժամից ոչ ավել, իսկ դպրոց գնում էի 1 լիտր թունդ սեւ սուրճը պայուսակիս մեջ: Էլ չեմ ասում երազիս մեջ խնդիրներ լուծելու մասին: Երբ համակուրսեցիներդ Goldman Sachs, JP Morgan, IBM, Deloitte, McKinsey&Co կամ RBS ընկերություններից են եւ ակտիվորեն բանավիճում են ու մի ակնթարթում առանց որեւէ ջանք գործադրելու լուծում են ցանկացած ամենաբարդ իրավիճակային առաջադրանք, ապա ոչ մի բանով հետ չմնալու հսկայական պատասխանատվություն ես զգում ուսերիդ: Եվ այս ամենի հետ մեկտեղ միշտ հիշում ես, որ առաջին բարձրագույն կրթությունդ ստացել ես Երեւանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում:

Անկեղծորեն, դա միայն ազգային վարկանիշը բարձր պահելու ձգտում չէ, այլ նաեւ սեփական անձի ինտելեկտուալ հնարավորությունների մաքսիմալ բացահայտման խնդիր է, երբ ինքդ քեզ համար որոշում ես, որ կարող ես եւ վերջ: Մնացածն արդեն աշխատանքի ճիշտ կազմակերպման հարց է: Ու այս բանաձեւը հիանալի աշխատում է: Շատ արագ հաջողվեց ամրապնդել մրցունակ մարդու դիրքերս թե՛ դասընկերներիս եւ թե՛ դասախոսներիս շրջանում:

Ուսումնական գործընթացից բացի համակուրսեցուս հետ միասին զբաղվում էինք «Women in Management» ուսանողական ակումբի զարգացմամբ, կազմակերպում էինք հետաքրքիր հանդիպումներ ու քննարկումներ խելացի ու ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց հետ: Նաեւ մասնակցել եմ մոտ 2-3 տարբեր միջազգային մրցույթների, որոնցից կուզենայի նշել Hult Global Case Challenge-ը, քանի որ այնտեղ կարողացանք հասնել մինչեւ եվրոպական եզրափակիչ եւ թիմով մեկնեցինք Լոնդոն:

Մեկ անհամեստ նախադասությամբ. համակուրսեցիներս մեզ՝ հայերիս բնութագրում են որպես «extremely competitive», ինչը, հուսով եմ, վատ իմաստով չի ասված:

- Այն, որ Դպրոցն ավարտելուց հետո այսօր աշխատում եք խոշորագույն միջազգային Aegon Group-ում, դա օրինաչափ է, թե՞ Դուք պարզապես շատ հաջողակ մարդ եք:  
   
– Թե մեկը եւ թե մյուսը: Հաջողության գործոնն անվիճելի է մեր կյանքում, բայց դրա հետ մեկտեղ պետք է  ինչ-որ քայլեր ձեռնարկել այն բաց չթողնելու ու զարգացնելու համար: Այս առումով ինձ համար հաջողություն դարձավ այն, որ ընդունվեցի եռամսյա ստաժավորման աշխատանքի Aegon Group-ում՝ Aegon Global Pensions բաժնում, որը զբաղվում է միջազգային խոշոր ընկերություններին եւ նրանց  կենսաթոշակային հիմնադրամներին տարբեր ֆինանսա-հաշվապահական և ներդրումային լուծումներ տրամադրելով: Բայց արդեն այն փաստը, որ ստաժավորումից հետո ինձ առաջարկվեց աշխատանքային պայմանագիր, համարում եմ իմ մասնագիտական ձեռքբերումը:

- Ասացիք, որ գործ ունեք կենսաթոշակային հիմնադրամների հետ. սա այն գործառույթն է, որը մոտ ապագայում պահանջված է լինելու նաեւ Հայաստանում, հաշվի առնելով  2014-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեր երկրում: Կարծես թե վատ առիթ չէ վերադառնալու համար, թե՞ այլ սպասումներ ունեք հայաստանյան աշխատաշուկայից:  

– Հայաստանում մասնագիտական աճի համար ներուժ ունեցող աշխատանքը, միանշանակ, լավ առիթ է տուն վերադառնալու համար: Այս պահին ես ինձ տեսնում եմ ֆինանսական ոլորտում: Կլինի կենսաթոշակների համակարգում, թե այլ ներդրումային կամ սպառողական գործառույթների հետ կապված ոլորտում, դա արդեն կախված կլինի աշխատաշուկայի պահանջարկից եւ իմ գիտելիքների առաջարկից: Վստահ եմ, մեզ մոտ անելու գործ շատ կա: Ճիշտ է, ոչ շատ ակտիվ, այնուամենայնիվ սկսել եմ հետեւել հայաստանյան շուկայում բացվող թափուր աշխատատեղերին: Հաջորդ տարվա ընթացքում լավ առաջարկ ունենալու դեպքում կուզենայի տեղափոխվել Երեւան:  

- Ձեր բլոգերից մեկում համեմատության մեջ դիտարկել էիք HR-մասնագետների աշխատաոճը Եվրոպայում եւ Հայաստանում:  Ի վերջո, ինչ՞ եզրահանգման կարելի է գալ. որքանո՞վ են արդյունավետ մեր երկրում հարաբերությունները գործատուների եւ հայցորդների միջեւ:

– Բլոգիս գրառումը վերաբերվում էր որոշ ընկերություններում կադրերի բաժնի եւ հայցորդների միջեւ ձեւավորվող հարաբերություններին եւ ուներ ոչ թե քննադատական, այլ համեմատական գնահատական: Ընդհանուր շփման ոճը, որի հետ վերջերս առնչվել եմ, ըստ իս, ոչ միշտ է եղել արդյունավետ: Օրինակ, մեզ մոտ դեռեւս չկա հավասար շփում երկու կողմերի միջեւ, HR-ները խուսափում են հայցորդի հետ զրուցել, կամ պատասխանել նրա հարցերին մինչեւ վերջինիս դիմում ներկայացնելը, կամ սկզբնական ընտրության փուլերն անցնելը, որոնք կատարվում են զուտ ինքնակենսագրականների հիման վրա: Սա լարվածություն է ստեղծում մարդկանց միջեւ, ինչն անխուսափելիորեն անդրադառնում է ընկերության բրենդի ընկալման վրա հայցորդի եւ նրան շրջապատող մարդկանց կողմից:

Աշխատանքի դիմելիս մոտիվացիոն նամակներ շատ հաճախ չեն պահանջվում, իսկ դրանք բավականին օգտակար են հայցորդի մասին առաջնային կարծիք կազմելու համար, նվազագույնն առ այն, որ հայցորդը կարող է իր միտքը պարզ եւ կոնկրետ շարադրել մի քանի կարճ պարբերություններով: Հետագայում HR-ը կարող է մոտիվացիոն նամակի բովանդակությունը համադրել հարցազրույցի ժամանակ հայցորդից ստացված պատասխանների հետ եւ պատկերացում կազմել վերջինիս մոտիվացիան խթանող գործոնների մասին, ինչը լավ արդյունքի գրավականն է: Միգուցե, այս ամենից խուսափելու համար ինչ-որ օբյեկտիվ պատճառներ կան, որոնք ես լավ չեմ պատկերացնում, բայց, կարծում եմ, բարելավելու ենթակա գործընթացներ կան: Հասկանում եմ նաեւ, որ դրա համար ժամանակ է պետք: Ուրախ եմ, որ որոշ ընկերություններ արդեն սկսել են փոխել կադրերի ընտրության գործընթացի աշխատաոճը: Հայաստանում այս պահին կա լավ կադրերի պակաս, եւ դա ամենեւին էլ գաղտնիք չէ:

- «Թվում է, թե ուրիշ երկրում կլինես ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ: Սակայն չպետք է մոռանալ, որ ուր էլ գնաս, առաջին հերթին դու քեզ ես վերցնում քո հետ: Ուր էլ գնաս, ինչ էլ անես, չկա կատարյալ երկիր», - ինչպե՞ս կմեկնաբանեք մեր զրուցակիցներից մեկի այս խոսքերը:

- Համաձայն եմ, որ չկա կատարյալ երկիր եւ վստահություն վաղվա օրվա նկատմամբ. բոլորն ունեն իրենց խնդիրները: Գոնե Եվրոպայում այդպես է, հատկապես, երբ ներգաղթած ես: Դա սկսում ես գիտակցել միայն այն ժամանակ, երբ ապրում ես այստեղ եւ մտնում ամենօրյա աշխատանքային ռիթմի մեջ: Բայց կյանքի պլանավորումն, ըստ իս, չի կարող բացառել այն բնականոն ռիսկերը, որոնք կրում ենք բոլորս, անկախ նրանից, թե որտեղ ենք: Իսկ ապրելատեղի ընտրությունը կատարում ենք ըստ մեր անձնական չափորոշիչների, որոնցից ամենակարեւորն ինձ համար ընտրության ու հնարավորությունների առկայությունն է:

Բնական եմ համարում մարդկանց դրսում սովորելու ու աշխատելու մղումը, քանի որ շփումը կայացած մեծ տնտեսությունների ու մշակույթների հետ, անկախ նրանց ներկայիս վիճակից, մեծ խթան է դառնում թե մասնագիտական, թե անձնական զարգացման համար: Եվ այս համատեքստում  դրսում ապրելու մղումը կարող է կապված չլինել ինքդ քեզանից փախչելու ենթագիտակցային ցանկության հետ:

Ինքս վերադառնալու մտքին շատ հանգիստ եմ վերաբերվում եւ այն կապում եմ բացարձակապես աշխատանքի հետ: Եթե ստանամ հետաքրքիր առաջարկ՝ ուրախությամբ կվերադառնամ ու կապրեմ Երեւանում:

Աննա Գրիգորյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 5763
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai