Կառավարությունը քննարկում է տեսչական ծառայություն ստեղծելու գաղափարը

19.07.2013 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Տեսչական ինստիտուտը հակասական հույզեր է առաջացնում հասարակության մեջ: Մի կողմից, այն օրենքի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության ապահովման գործիք է, մյուս կողմից՝ ինչպես պետության, այնպես էլ մասնավոր հատվածի համար բավականին ռեսուրսատար եւ կոռուպցիոն ռիսկերով լի իրողություն: Հայաստանում 2009 թ-ից ընթանում են տեսչական ոլորտի բարեփոխումները, որոնք կոչված են բարելավելու գործարար միջավայրը եւ ընկերություններում պետական ստուգումների անցկացման ընթացակարգը:  

Ընթացող բարեփոխումների արդյունքում ձեւավորվող տեսչական ստուգումների համակարգի հիմնական առանձնահատկությունների եւ բիզնեսի վրա դրանց ազդեցության մասին Banks.am-ին պատմել է Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամի (ՓՄՁՀ) գործադիր տնօրեն Գայանե Պողոսյանը:


- Տիկին Պողոսյան, համահո՞ւնչ է արդյոք այս բարեփոխումների առաքելությունը գործարար համայնքի ակնկալիքների հետ:

- Այո: Հայաստանում գործում է 18 տեսչություն, որոնք կարող են ստուգումներ իրականացնել տնտեսվարողների մոտ: Երեւի պատկերացնում եք, թե ինչ վիճակում կհայտնվի բիզնեսը, եթե բոլոր տեսչություններն ամեն տարի որոշեն ստուգումներ իրականացնել բոլորի մոտ:

2009-ից կառավարությունը միջազգային կառույցների աջակցությամբ սկսել է իրականացնել տեսչական բարեփոխումների ծրագիր: 2011-ի հուլիսին կատարվեցին փոփոխություններ գործող օրենքում, եւ դրանց հիման վրա մտցվեց ռիսկային չափանիշների գաղափարը: Այժմ մշակվում են մի շարք չափանիշներ, որոնցով գնահատվում է բիզնեսը: Ամեն տեսչության համար մշակվում են հենց իր ոլորտին հատուկ չափանիշներ: Չափանիշները մշակվել են բիզնեսի հետ խորհրդակցությունների արդյունքում, որպեսզի միաժամանակ պաշտպանվեն եւ սպառողների, եւ ձեռնարկությունների շահերը: Բիզնեսներն այս չափանիշներով բաժանվեցին 3 խմբի՝ բարձր, միջին եւ ցածր ռիսկայնության: Վերջին խմբում ընդգրկվածները ստուգվում են 5 տարին մեկ, միջին խմբում ընդգրկվածները՝ 3 տարին մեկ, իսկ բարձր ռիսկայնության խմբի բիզնեսները կարող է ստուգման ենթարկվեն ամեն տարի: Նույն տեսակի երկու բիզնեսները կարող են գտնվել տարբեր ռիսկային խմբերում՝ կախված թույլ տված խախտումների առկայությունից:

Կառավարությունում վարչապետի նախագահությամբ գործող տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վերջին նիստում քննարկվել է տեսչական ծառայություն ստեղծելու մասին օրինագիծը, որի համաձայն մի շարք տեսչություններ կարող են միավորվել մեկ տեսչական ծառայությունում՝ գործընթացն ավելի օպտիմալացնելու համար:

- Դուք առնչվում եք մեծաթիվ ՓՄՁ սուբյեկտների հետ, որոնց կյանքը պետք է որ շատ ավելի հեշտ եւ կանխատեսելի դառնա տեսչական բարեփոխումների արդյունքում: Կա՞ն արդեն արդյոք դրական զարգացումներ այս ոլորտում, թե՞ գործնական մասը դեռ առջեւում է:   

- Դրական տեղաշարժերը տեսանելի են արդեն հիմա: Եթե նախկինում ստուգում իրականացնող մարմինը հնարավորություն ուներ իրականացնել պլանից դուրս անսահմանափակ տեսակի ստուգումներ, այժմ արդեն կրճատվել են պլանից դուրս իրականացվող ստուգումների դեպքերը, եւ ստուգում իրականացնող մարմինները չեն կարող ստուգել պլանից դուրս ստուգման համար հիմք հանդիսացած հարցից բացի այլ հարցեր: Ստուգում իրականացնող մարմինները պլանից դուրս ստուգումներ կարող են իրականացնել բացառապես օրենքով սահմանված 9 դեպքում, որոնցից են, մասնավորապես, ստացված գրավոր բողոք-դիմումները, նախորդ ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերացման վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ստուգումները եւ երկու հաշվետու ժամանակաշրջանի համար չներկայացված հաշվետվությունների հանգամանքը:

Եթե հիշում եք, 2009-ին վարչապետը մորատորիում հայտարարեց, որ ոչ մի տեսչություն չմտնի փոքր եւ միջին բիզնես, բացի հարկայինից: Այնպես որ, մինչեւ ամեն մի ստուգում իրականացնող մարմին չներդնի ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը, վերջինիս համար փակ են փոքր եւ միջին բիզնեսի (նախորդ տարվա դրությամբ՝ մինչեւ 70 մլն  դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների) դռները: Ստուգում իրականացնող մարմինները մինչ ռիսկի վրա հիմնված համակարգի ներդրումը վերոնշյալ տնտեսվարողների մոտ ստուգումներ կարող են իրականացնել բացառապես ՀՀ վարչապետի հանձնարարությամբ:
 
Տնտեսվարող սուբյեկտների համար մեծ փոփոխություն էր նաեւ այն, որ հարկային մարմինները առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման ստուգումներ կարող են իրականացնել բացառապես պլանային ստուգումների ընթացքում, եւ այժմ գործարարն արդեն ազատվել է տարվա ընթացքում մի քանի անգամ հարկային մարմինների ցանկությամբ ապրանքների, արտադրանքի գույքագրում իրականացնելուց:

- Ինչպիսի՞ն է լինելու իրավիճակը ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգին ամբողջությամբ անցնելուց հետո:

- Բոլոր ստուգում իրականացնող մարմինները հրապարակում են իրենց ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունները, որոնք գործարարին հնարավորություն են տալիս ծանոթանալու այն չափանիշներին եւ գնահատման մեխանիզմներին, որոնց հիման վրա հաշվարկվում է վերջինիս ռիսկը: Ծանոթանալով դրանց` գործարարը կարող է կանխատեսել իր մոտ իրականացվող ստուգումների հաճախականությունն ու նաեւ նվազեցնել իր գործունեության ռիսկերը:

Բոլոր ստուգում իրականացնող մարմինները հրապարակում են տարեկան ստուգումների ծրագրերը մինչեւ ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը, որտեղ հստակ նշվում են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ստուգվելու են հաշվետու տարվա ընթացքում: Գործարարները հնարավորություն ունեն նախապես տեղեկանալու իրենց մոտ իրականացվելիք ստուգումների վերաբերյալ եւ համապատասխանաբար պլանավորել իրենց տարեկան գործունեությունը:

Ռիսկի վրա հիմված ստուգումների համակարգը ներդնելուց հետո ստուգումներն իրականացվելու են բացառապես ստուգաթերթերի միջոցով, որտեղ հստակ նշվում են այն հարցերը, որոնք ստուգման ընթացքում ենթակա են ճշտման: Եթե նախկինում այդ հարցերը անսահմանափակ էին եւ տարածված էին ողջ ՀՀ օրենսդրության մեջ, այժմ դրանք սահմանափակ քանակությամբ ներկայացված են մեկ թերթիկում, որը ենթակա է հրապարակվման, եւ գործարարը կարող է նախապես ծանոթանալ այդ հարցերին, ինչպես նաեւ ստուգողից առաջ իրականացնել «ինքնագնահատում» եւ վերացնել առկա թերությունները: Ստուգաթերթերը ստուգումները դարձնում են առավել թափանցիկ եւ գործարարի համար հնարավորինս կրճատում են մեկ ստուգման համար ծախսվող ժամանակը:

Մինչ օրս արված բոլոր քայլերը, ըստ էության, բարեփոխումների առաջին փուլն է: Էկոնոմիկայի նախարարությունն այժմ աշխատում է տեսչական ինստիտուտը կարգավորող բոլորովին նոր օրենսդրության վրա՝ հիմնված լավագույն միջազգային փորձի վրա:  

- Ինչպիսի՞ն է մինչ այժմ կատարված բարեփոխումների վերաբերյալ ՓՄՁ-ների արձագանքը:

- Մենք հարցում ենք անցկացրել ՓՄՁ-ների շրջանում՝ պարզելու, ազդել են արդյոք իրենց վրա այս փոփոխությունները: Բիզնեսների մեծ մասն այսօրվա դրությամբ առայժմ զերծ է ստուգումներից՝ վերոհիշյալ մորատորիումի շնորհիվ: Մինչ այժմ այնտեղ միայն հարկայինն էր կատարում ստուգումներ: Հարցումները ցույց տվեցին, որ դրական տեղաշարժերն արդեն առկա են, բայց դեռեւս հստակ չեն բողոքարկման մեխանիզմները: Հստակ չէ՝ ինչպես պետք է վարվի բիզնեսը, եթե այն համաձայն չէ ստուգման արդյունքների հետ, ինչպես նաեւ այն, թե որքանով է արդյունավետ ու թափանցիկ լինելու բողոքարկման մեխանիզմը:

Մյուս կարեւոր խնդիրներից է տեսուչների ու ստուգումների մշակույթի փոփոխությունը: Տեսչական ինստիտուտը չպետք է լինի եւ դիտարկվի որպես բիզնեսի պատժիչ մեխանիզմ, այլ պետք է օժանդակի բիզնեսին, օգնի նրան աշխատել բաց եւ թափանցիկ դաշտում:

Մեր՝ որպես ՓՄՁ շահերը պաշտպանող կառույցի նպատակն է արագացնել այս գործընթացը: Մեր քննարկումների ու ուսումնասիրությունների հիման վրա մենք պատրաստում ենք առաջարկությունների փաթեթ, որը կներկայացնենք էկոնոմիկայի նախարարությանը:

- Ի՞նչ մեխանիզմներով է ապահովվում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը նոր օրենսդրության մեջ: Գաղտնիք չէ, որ հաճախ ստուգման փոխարեն տեսչության ներկայացուցիչը պարզապես վերցնում է կաշառք եւ հեռանում:

- Այստեղ դրական տեղաշարժ կարելի է համարել այն, որ տեսչությունները մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը հրապարակում են իրենց նախորդ տարվա ստուգումների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունները, որտեղ հստակ նշվում են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց մոտ ստուգում կամ ուսումնասիրություն է իրականացրել համապատասխան մարմինը, ինչը հնարավորություն է տալիս գործարարին վերահսկել ստուգում իրականացնող մարմինների գործունեությունը:

- Պետական հատվածում ցածր վարձատրության հետեւանք է նաեւ տեսուչների հաճախ համապատասխան մասնագիտական պատրաստվածության ոչ պատշաճ մակարդակը: Նախատեսվո՞ւմ են արդյոք այս հարցի լուծման մեխանիզմներ:

- Մենք ընդգրկել ենք այս հարցը առաջարկների փաթեթում. պետք է մեծ ուշադրություն դարձնել տեսուչների մասնագիտական եւ էթիկական պատրաստվածությանը, անհրաժեշտ են հատուկ դասընթացներ նրանց մասնագիտական մակարդակը բարձրացնելու համար:

- Վերջերս ակտիվ քննարկումների առարկա է դարձել այլընտրանքային հարկային ստուգումների մասին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնությունը, որը դժգոհության ալիք բարձրացրեց գործարարների շրջանում: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այս օրինագծի մասին:

- Մենք կազմակերպել ենք քննարկումներ այս թեմայով, որին ներկա բոլոր ընկերությունների ներկայացուցիչները միաձայն բացասական կարծիք արտահայտեցին այս նախաձեռնության վերաբերյալ:

Այլընտրանքային ստուգումների գաղափարն ինքնին վատը չէ, բայց ստուգող մարմինը չպետք է միաժամանակ նաեւ նման ծառայություն մատուցի: Հարկայինի նախաձեռնության հիմքում, կարծես, ընկած լինի ինդուլգենցիայի գաղափարը, երբ ստուգման վճարի դիմաց ձեզ ներվում են տուգանքները: Ստացվում է՝ ընկերությունները նախապես կիմանան, որ եթե հրավիրեն ՊԵԿ-ին, իրենց խախտումները ներվելու են: Այստեղ ինչ-որ բան ճիշտ չէ:

Օրինագիծը չի մտել կառավարության օրակարգ, այն առայժմ այն քննարկումների փուլում է, բայց Պետական եկամուտների կոմիտեն դեռ չի հանել այն շրջանառությունից:

Գայանե Պողոսյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:

Դիտում՝ 3412
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai