Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի շուրջ առաջացած խնդրի լուծումն ու ուղղությունները դեռեւս անհայտ են: Բնակարանատերերն օրերս ստացել են ՀՀ նախագահին ուղղված նամակի պատասխանը, համաձայն որի դիմումն ուղարկվել է Ֆինանսների նախարարություն, որը եւ զբաղվելու է տվյալ գործով: Ֆինանսների նախարարությունից դեռեւս հստակ քայլերի առաջարկ չստանալով` բնակիչները հանդիպել են Արցախբանկի կառավարչի հետ, որը վերջիններիս ներկայացրել է նրանց կարգավիճակն ու քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները` դեռեւս չմատնանշելով իր անելիքները:Մեդիամաքս-ի թղթակիցը հետեւել է իրադարձությունների զարգացմանը, որի մանրամասները ներկայացնում ենք ստորեւ: Բնակարանատերերի տեսակետը«Տոնուս» շինարարական ընկերության հետ առք ու վաճառքի պայմանագիր կնքած քաղաքացիներից Գայանե Պողոսյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ հունիսի 4-ին մի խումբ բնակարանատերերի նախաձեռնությամբ հանդիպել են Արցախբանկի ներկայացուցիչների հետ:«Բանկում մեզ ներկայացրեցին մեր կարգավիճակը, խոսեցին այն հնարավոր տարբերակների մասին, որոնք կլինեն «Տոնուս»-ի սնանկ ճանաչման դատական գործընթացից հետո»,- պատմել է Գայանե Պողոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց լրացուցիչ գումարի ավելացման առաջարկը, որի հետ բնակարանատերերը համաձայն չեն:Գայանե Պողոսյանը նշել է, որ հանդիպման ավարտին հստակ անելիքներ չեն նախանշվել, ինչի համար բնակիչները պատրաստվում են եւս մեկ հանդիպում կազմակերպել, այս անգամ` Ֆինանսների նախարարության եւ Արցախբանկի ներկայացուցիչների հետ:«Տոնուս»-ի «տեսակետն» ու դատարանի կողմից մերժված դիմումըԲնակարանատերերի տեղեկության համաձայն, ինքնասնանկացման համար «Տոնուս» շինարարական ընկերության կողմից դատարան ներկայացված դիմումը հետ է ուղարկվել: «Տոնուս»-ի կոմերցիոն բաժնի աշխատակիցը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ պահին չի կարող հերքել կամ հաստատել լուրը, իսկ իրավաբանական բաժնի մասնագետները տեղում չեն եւ «չենք կարող կապվել նրանց հետ»: Ընկերությունում մեզ հայտնեցին, որ հստակ տեղեկություն ունենալու դեպքում իրենք կապ կհաստատեն մեզ հետ:Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղեկացանք, որ «Տոնուս»-ի կողմից ինքնասնանկացման համար ներկայացված դիմումը հետ է ուղարկվել` փաստաթղթերի թերի լինելու պատճառով:Բանկի տեսակետըԱրցախբանկի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում պատմել է բնակարանների առք ու վաճառքի պայմանագրերի վերաբերյալ ներկայումս բանկի ունեցած տեղեկության եւ դրանից ծագող հնարավոր հետեւանքների մասին:«Մեր ունեցած տվյալներով, նշված հասցեում բնակարանների համար առք ու վաճառքի պայմանագրերը 119-ն են, որոնցից 30-ը չունեն նոտարական վավերացում, մյուս պայմանագրերն էլ ժամկետանց են: Եթե դատարանը սնանկության վարույթ սկսի, քիչ հավանական է, որ նոտարական վավերացում չունեցող առոչինչ պայմանագրերով բնակարանատերերը պահանջատեր ճանաչվեն եւ պարտատերերի ցուցակում ընդգրկվեն: Հետեւաբար եւ դժբախտաբար, այդ 30 բնակարանները որեւէ տեր չեն ունենա, եւ կստացվի, որ վարկառուի` «Տոնուս»-ի մոտ կհայտնվեն որոշակի քանակությամբ ազատ տարածքներ, որոնց հաշվին բանկը կարող է իր հանդեպ պարտավորությունները որոշ չափով կատարված համարել»,- ասել է բանկի փաստաբանը` նշելով, որ գործնականում, սակայն, հնարավոր է դատարանի կողմից այլ որոշում լինի:Գեւորգ Չաքմիշյանը նշել է, որ այս պահին բանկի ղեկավարության կողմից որեւէ գործողություն չի կատարվում, «ինչը չի նշանակում, թե չունենք հստակ ռազմավարություն»: «Սպասում ենք դատական գործընթացի մեկնարկին: Սնանկության վարույթի եւ ցանկացած այլ դատական գործընթացի դեպքում կհստակեցվեն բանկի եւ քաղաքացիների պահանջների իրավական հիմքերը, կկատարվի հաշվարկ, թե քանի՞ բնակարանի համար է շինարարական ընկերությունը պայմանագիր կնքել քաղաքացիների հետ, որքա՞ն գումար են քաղաքացիները վճարել «Տոնուս»-ին, կհստակեցվի «Տոնուս»-ի պարտավորությունների չափը բանկի եւ քաղաքացիների, ինչպես նաեւ այլ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հանդեպ, քանի որ մենք ենթադրում ենք, որ շինարարական ընկերությունը կունենա այնպիսի պարտավորություններ, որոնք ձեւակերպված չեն լինի»,- ասել է փաստաբանը: Կառավարության տեսակետըՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Մեդիամաքս-ին հայտնեցին, որ, թեեւ «Տոնուս»-ի կողմից Երեւան քաղաքի Փափազյան 118/1 եւ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 44/4 բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարան ձեռք բերած քաղաքացիների բողոքը ծագել է մասնավոր ծրագրի արդյունքում, եւ պետությունը իրավական ու ֆինանսական առումներով գույքային պատասխանատվություն չի կրում քաղաքացիներին պատճառած վնասների համար, Ֆինանսների նախարարությունը ուսումնասիրել է խնդիրը եւ այն քննարկել կողմերի հետ:«Արցախբանկի եւ քաղաքացիների հանդեպ պարտավորությունների սպասարկման տեսանկյունից անհրաժեշտ է սնանկության ընթացակարգի կիրառում: Արդյունքում՝ նախ կճշտվեն անձանց պահանջատիրության իրական չափերը, այնուհետեւ՝ հնարավոր կլինի մշակել եւ իրականացնել համապատասխան առողջացման ծրագիր: Նախնական քննարկումներով, Արցախբանկը ձեռնպահ կմնա գրավի առարկաների սեփականացմանն ուղղված քայլերից եւ կնախաձեռնի առողջացման ծրագրի մշակումը, ներկայացումն ու իրականացումն այնպես, որ քաղաքացիների հնարավոր կորուստները հասցվեն նվազագույնի, եւ նրանք հնարավորություն ունենան շենքերի շինարարության ավարտից հետո ստանալ իրենց բնակարանները»,- հայտնեցին Ֆինանսների նախարարությունում:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 5848