Սքոթ Յակոբս. «Հայաստանում կան մենաշնորհներ, դոմինանտ բիզնեսմեններ եւ առհասարակ արտոնյալներ»

14.02.2013 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Սքոթ Յակոբսը կարգավորիչ բարեփոխումների ոլորտի առաջատար փորձագետ է, զբաղեցնում է կարգավորիչ բարեփոխումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկի` «Jacobs, Cordova & Associates»-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Այդ ընկերությունը կարգավորիչ բարեփոխումների ոլորտի ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 80 երկրներում:

Մեդիամաքս-ի թղթակցի հետ Սքոթ Յակոբսը խոսել է կարգավորիչ բարեփոխումների ոլորտի առանձնահատկությունների մասին, համեմատել միջազգային փորձը Հայաստանում առկա հնարավորությունների հետ:

- Որպես ոլորտի առաջատար փորձագետ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում մինչ օրս ունեցած փորձը կարգավորիչ բարեփոխումների ասպարեզում:

- Հայաստանն այսօր մի գործընթացի մեջ է, որն իրականացնում են բազմաթիվ այլ երկրներ: Չնայած շատերն ունեն օրենսդրության կարգավորման խնդիրներ, ոչ բոլորն են ցանկանում սկսել նման գործընթաց. այն խլում է ժամանակ, խնդրահարույց է եւ այլն:

Այսօր Հայաստանը փոխվում է, երկիրը շուկայական զարգացման փուլում է, որտեղ սպառողները ձեռք են բերում շատ ավելի մեծ հնարավորություններ օգտվելու համաշխարհային տնտեսությունից, զարգանում են տեխնոլոգիաները, փոխվում է կենսաձեւը, եւ կառավարությունը պարտավոր է ապահովել իրավական համակարգի համապատասխանությունը, ամրապնդի օրենքները:

Պետք է հանրության եւ կառավարության համատեղ թիմ ստեղծվի, որոնք փոխադարձ խորհրդատվությամբ առաջ կշարժվեն եւ կարդիականացնեն իրավական համակարգը, քանի որ նման կերպով երկիրը կդառնա մրցունակ:

- Համեմատելով միջազգային փորձը Հայաստանում արված քայլերի հետ` ի՞նչ հնարավորություն եք տեսնում ոլորտի բարելավման  հարցում:

- Եթե Հայաստանն իրականացնի այն բարեփոխումները, որոնք մյուս երկրներն են իրականացնում, մենք կտեսնենք տնտեսական չտեսնված եւ հիանալի աճ, բիզնեսի որակի բարձրացում:

Հիմա այստեղ անորոշության ժամանակահատված է: Օրինակ, Չինաստանում կա  չորացրած մրգի (չրեղենի) պահանջարկ: Պետք է պարզել՝ կոնկրետ ո՞ր մրգերի կարիքն ունի Չինաստանը, ինչպե՞ս պետք է այն պատրաստվի, փաթեթավորվի եւ այլն: Չրեղենի այս տարվա պահանջարկը կտարբերվի հաջորդ տարվա պահանջարկից: Հայաստանի տնտեսությունը պետք է այնքան արագ ադապտացվի, որպեսզի ամեն տարի փոխի իր պայմանները: Այն պետք է սովորի արագ փոխվելուն, աճին եւ համապատասխանի սպառողի պահանջարկին:

- Ձեր ընկերությունը այս ոլորտում ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 80 երկրներում. մեզ մոտ այս ճանապարհին ի՞նչ խոչընդոտներ եք նկատել, եւ եթե կան այդպիսիք, որո՞նք են դրանց լուծման ուղիները:

- Նման տեսակի բարեփոխումները հեշտ չեն իրականացվում: Պատճառներից մեկն այն է, որ նախարարությունները փոփոխության անհրաժեշտություն չեն տեսնում: Լինում են նաեւ դեպքեր, երբ յուրահատուկ պատճառով պետությունը հետաքրքրված չի լինում ինչ-որ բան փոխել: Հայաստանում կան մենաշնորհներ, դոմինանտ բիզնեսմեններ եւ առհասարակ արտոնյալներ: Մենք ցանկանում ենք փոխել դա, քանի որ Հայաստանի ապագան պետք է պայծառ լինի եւ շատ մարդկանց օգուտ բերի,  ուստի շատ փոփոխություններ պետք է կատարվեն, ինչպես նաեւ արտոնություններ տրվեն եւ ստեղծվի պաշտպանվածություն: Եվ Հայաստանի քաղաքական համակարգը պետք է պատրաստ լինի ասել՝ «Ոչ, այժմ հանուն բոլոր հայերի աշխատող համակարգի ժամանակն է, եւ մենք պատրաստվում ենք աջակցել այդ բարեփոխմանը»: Դա, իհարկե, դժվար է, քանի որ մենք խոսում ենք մի բանի մասին, որտեղ ոմանք շահում են, ոմանք կորցնում:

- Ծանո՞թ եք տարածաշրջանի պետությունների՝ այս որոտում ունեցած արդյունքներին, ինչպիսի՞ն է Հայաստանն այդ համատեքստում:

- Կովկասի մյուս երկրների համեմատ, Հայաստանն առաջ գնալու շատ ավելի բարենպաստ դիրք ունի: Գիտեք, բոլոր երկրներն էլ ինչ-որ մի աստիճանի վրա են:  Հայաստանը բարեփոխումների շրջանում է եւ որոշ հարցերում հետ է մնում այլ երկրներից: Վրաստանը որոշ հաջողություններ ունեցավ, ինչպես եւ Թուրքիան: Կարծում եմ, այս բարեփոխումները Հայաստանին անհամեմատ առաջ կտանեն, եւ նա ուժեղ դիրք կգրավի: Իրականում այնքան էլ կարեւոր չէ՝ ինչ դիքից է սկսում երկիրը, կարեւոր է՝ ուր է հասնում: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը լավ դիրք է զբաղեցնելու:

- Ինչի՞ կհանգեցնեն կարգավորիչ ոլորտի բարեփոխումները, եւ ե՞րբ Հայաստանում նկատելի կլինեն շոշափելի արդյունքները:

- Շատ շուտով այդ բարեփոխումները տեսանելի կլինեն, կլինի քաղաքական մակարդակի առաջխաղացում: Առհասարակ, մի բան է ասել՝ այո, խնդրում ենք, կատարեք բարեփոխումներ, այլ բան՝ իրոք կատարելը: Ըստ իս, բարեփոխումը բիզնեսի բացահայտում չէ միայն, պետք է ընդհանրական բարեփոխումներ իրականացնել: Մենք հույս ունենք առաջիկա երկու տարիներին տեսնել լուրջ փոփոխություններ եւ ձեռքբերումներ:

Սքոթ Յակոբսի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 2696
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai