2013-ը, առանց չափազանցնելու, հերթական շոկային թերապիան է հայկական բիզնեսի համար: Բանն այն է, որ իշխանությունները սովորաբար կարեւոր օրենսդրական փոփոխությունները կատարում են տարեվերջին: Այսպես` 2012-ի տարեվերջից արագացված տեմպերով ներդրված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հայաստանյան ընկերությունները 2013-ը դիմավորեցին խաղի առնվազն 16 նոր կանոններով, ու թեեւ այս անգամ բավականին լայնածավալ աշխատանքներ կատարվեցին` գործարար հանրությանը նախապատրաստելով նոր օրենքներին, անսխալ անցում կատարել կրկին չհաջողվեց: Դրա ապացույցներից է, մասնավորապես, ատամնաբույժների կողմից վճարվող արտոնագրային վճարների էական բարձրացումը, ինչը էապես կխոչընդոտի տվյալ ոլորտին: Իր դժգոհությունը նոր օրենսդրությունից հայտնել է նաեւ ՏՏ-ոլորտը, որտեղ, մասնավորապես, ավելացել է հարկային բեռը բարձր աշխատավարձերի վրա, որոնցով ոլորտն առանձնանում է տնտեսության մյուս ճյուղերից: Նոր օրենսդրության դրական եւ բացասական կողմերը Banks.am-ը քննարկել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:- Վերջին օրենսդրական փոփոխությունները հիմնավորելիս, կառավարությունն անընդհատ պնդում էր, որ այս ամենը մի կողմից արվում է գալիք կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում եւ մյուս կողմից՝ հեշտացնում է բիզնես վարելը: Այդուհանդերձ, բազմաթիվ դրույթներ եւ բողոքներ հիմք են տալիս մտածելու, որ նոր օրենքների նպատակներն առավելապես ֆիսկալ` բյուջեն «լցնելու» նպատակներ են կրում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:- Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բոլոր օրենսդրական փոփոխությունները պետք է միաժամանակ հետապնդեն մի քանի նպատակ: Առաջին եւ ամենակարեւոր նպատակը կայանում է նրանում, որ օրենսդրական բարեփոխումը խթանի տնտեսական զարգացումը: Երկրորդը պետության շահերի ապահովումն է` հարկերի հավաքման բարելավումը: Երրորդ նպատակը նրանում է, որ բարեփոխումները չառաջացնեն նոր ստվերայնության ռիսկեր եւ իրենց էությամբ ունենան հակակոռուպցիոն բնույթ: Չորրորդը. օրենքը պետք է հասկանալի լինի բիզնեսի համար եւ հեշտ կիրառելի, զուրկ լինի վարչարարական եւ բյուրոկրատական բնույթից: Եվ վերջինը. օրենսդրական բարեփոխումները պետք է ուղղված լինեն երկարաժամկետ խնդիրների լուծմանը, այլ ոչ թե ունենան զուտ ֆիսկալ նշանակության: Երբ մեզ մոտ փոփոխվում են օրենքները, ոչ միշտ է ուշադրություն դարձվում, որ դրանք ծառայեն իմ մատնանշած նպատակներին: Շատ հաճախ շեշտադրվում է միայն ֆիսկալ խնդիրը: Այսպես արվեց, օրինակ, անցյալ տարի. լրացուցիչ 101 մլրդ հավաքագրելու համար փոխվեց ակցիզային հարկը, ավելացան մաքսատուրքերը որոշ ներմուծվող ապրանքների վրա եւ այլն: Եվ այսպես, տեղի է ունեցել 16 կարեւոր օրենքների փոփոխություն, որոնցից մի քանիսը, ինչպիսիք են Շահութահարկի, Եկամտահարկի, Շրջանառության հարկի եւ Արտոնագրային վճարների մասին օրենքներում փոփոխությունները, անմիջապես ազդում են բիզնեսի վրա ու, ինչպես տեսնում ենք, անհանգստությունների առիթ դառնում: Իրականում, նոր օրենսդրությունը հիմնականում դրական կազդի տնտեսության վրա, թեեւ հնչեցվող դժգոհությունները եւս հիմնավոր են:Անցնենք մեկնաբանություններին. Եկամտային հարկի մասին օրենքը համարում եմ դրական: Կարծում եմ, այն աշխատուժի հետ կապված որեւէ ստվերայնություն չպետք է առաջացնի, գործատուների մոտ բեռը գրեթե չի փոխվել, բայց բավականին հեշտացել է վարչարարական մեխանիզմը, նվազեցրել է բյուրոկրատիան: Դրա հետ կապված էլեկտրոնային հաշվետվությունների ներդրումը համարում եմ շատ դրական, քանի որ էապես քչանում են հարկային մարմինների հետ շփումները, իսկ դրանց արագությունը մեծանում է: Նշենք նաեւ, որ օրենքն ընդունվել էր դեռեւս 2010-ի վերջին եւ գործատուների մոտ կար դրան նախապատրաստվելու բավականին մեծ ժամկետ: Օրենքը նաեւ դրական է ազդել Doing Business-ում Հայաստանի վարկանիշի վրա, որտեղ մենք զբաղեցրեցինք 32-րդ տեղը` Հոլանդիայի եւ Բելգիայի միջեւ: Շրջանառության հարկի մասին օրենքը եւս դրական եմ համարում, թեեւ բեռը փոքր բիզնեսի վրա կարող է որոշակիորեն ավելանալ, բայց այստեղ խորամանկություն կա. նախկինում կազմակերպությունները, որոնք չէին գործում ավելացված արժեքի հարկի դաշտում (որոնց շրջանառությունը չէր գերազանցում 58,35 մլն դրամը), վճարում էին շահութահարկ, որը որոշվում էր իրենց ընդհանուր եկամուտների եւ ընդհանուր ծախսերի տարբերության 20%-ով: Այդ ժամանակ ձեռնարկությունները կարողանում էին արհեստականորեն ավելացնել իրենց ծախսերը` ավելի փոքր շահութահարկ վճարելու համար: Հիմա պետությունը մի կողմ է դնում այդ ընկերությունների եկամուտները եւ ծախսերը, ասելով որ իրեն հետաքրքրում է միայն տնտեսվարողի շրջանառությունը, որտեղից էլ կատարվելու է հարկումը` միջինում 3.5%-ի չափով: Այս 3.5%-ը կարող է ավելի մեծ լինել, քան նախկինում վճարվող շահութահարկը: - Բայց Շրջանառության հարկի մասին օրենքն իր հետ բերեց փոփոխությունների Արտոնագրային վճարների մասին օրենքում, ինչը էական խնդիրների ստեղծեց ատամնաբույժների համար:- Այո, եւ պատճառը օրենսդրական փոփոխության նախնական խորը վերլուծության բացակայությունն է. նախկինում ատամնաբույժները վճարում էին միջինում, տարեկան $1000-2000 արտոնագրային վճար, իսկ հիմա այս գումարն ավելացել է 3-4 անգամ:Հաշվի չառնվեց, որ սա զուտ բիզնես չէ, այլ նաեւ առողջապահական կարեւոր ծառայություն, եւ, ամենակարեւորը, առողջապահական տուրիզմի կարեւոր բաղադրիչ, չէ՞ որ արտերկրում բնակվող բազմաթիվ մեր հայրենակիցներ իրենց ատամները բուժելու համար գալիս էին Հայաստան, քանի որ այս ծառայության որակը վատ չէր, իսկ գինը` արտերկրից անհամեմատ էժան: Դրանով մենք գնում ենք նաեւ արհեստական խոշորացման, որովհետեւ եթե պետությունը չվերանայի արտագրային վճարի չափը, ապա անհատ ձեռնարկատեր ատամնաբույժները կամ կփակվեն, կամ կանցնեն ստվեր: Այստեղ կա նաեւ առողջապահության նախարարության մեղքը, քանի որ այն պետք է ուշադրություն դարձներ, որ օրենքի այս մասը հարվածում է ատամնաբույժներին: Պետք է հիշենք, որ Հայաստանը փոքր, ստվերայնությամբ օժտված եւ կոռումպացված տնտեսություն է, հետեւաբար, նոր օրենսդրական փոփոխություններով պետությունը, ի թիվս այլ խնդիրների լուծման, պետք է զգույշ լինի, որ դրանց արդյունքում չաճեն ստվերը եւ կոռուպցիան: Պետք է նաեւ ոչ թե անմիջապես կիրառել օրենքները, այլ որոշ ժամանակ թողնել դրանց ընդունումից հետո, որպեսզի բիզնեսը հասցնի նախապատրաստվել: Այսօր մենք ունենք գրանցված 170 հազ. տնտեսվարող սուբյեկտ, որոնցից ակտիվ է միայն 80 000-ը, իսկ սա շատ վատ ցուցանիշ է: Ինչո՞ւ է կեսը դադարեցրել իրենց գործունեությունը: Ահա այսպիսի պատճառներով: Այսպես, եթե Արտոնագրային վճարների մասին օրենքը շուտափույթ չփոխվի, այս 80 000-ին վաղը կավելանան 100 ատամնաբուժական ընկերություններ, որոնց հետեւում կանգնած է գործազուրկ դարձած, առնվազն 300 աշխատող, գումարած դրան` մենք սփյուռքահայերի շրջանում կրկին բացասական կարծիք ենք ստեղծում, թե Հայաստանում օրենքներ են ընդունվում փոքր բիզնեսը խեղդելու համար: - Հուսանք, Արտոնագրային վճարների մասին օրենքում սխալների ուղղումն իրեն երկար սպասել չի տա:- Ես համոզված եմ, այս օրենքը կփոխվի, ուղղակի ժամանակ ենք կորցնում: Այս գործընթացը կարող է տեւել ամիսներ: Այս ընթացքում օրենքի կիրառումը կամ պետք է կասեցվի, կամ մարդիկ կլինեն անորոշության մեջ, իսկ ոմանք կփակեն իրենց ձեռնարկությունները:- Միգուցե պետք է նաեւ դադարեցնե՞լ ամեն տարեվերջ բիզնեսին օրենսդրական «ռմբակոծության» ենթարկելու պրակտիկան: - Ճիշտ եք, մանավանդ եթե հաշվի առնենք այն, որ փոքր բիզնեսը չունի անհրաժեշտ ինստիտուտներ ու չի հասցնում պատրաստվել այս բազմաթիվ փոփոխություններին: ՓՄՁ-ները հաճախ չունեն իրավաբան, հաշվապահությունը սովորաբար վարում է մեկ մարդ, չկան կադրային մասնագետներ, մատակարարման, մարքեթինգի բաժիններ, որոնցից յուրաքանչյուրը կկարողանար դիտարկել, թե ինչպես է իր վրա ազդում փոփոխությունը եւ նախապատրաստվել: Եվ բնական է, որ այսպիսի զանգվածային փոփոխությունը գցում է փոքր բիզնեսին տարակուսանքի եւ անորոշության մեջ:- Այս պայմաններում մեծանում է Ձեր` որպես սոցիալական գործընկերոջ դերը` «խաղի նոր կանոններին» բիզնեսին ադապտացնելու գործում:- Այո, վերջին փոփոխությունների հետ կապված մենք անցկացնում ենք բազմաթիվ քննարկումներ: Եկամտահարկի եւ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված մասնագետների թիմ ենք վերապատրաստել, որոնք մարզերում եւ Երեւանում սեմինարներ են անցկացնում, ամիսը 2-3 անգամ հրատարակում ենք էլեկտրոնային թերթ, որն ուղարկում ենք մեր անդամներին: 6 մարզերում ունենք մեր կառույցները, այս տարի մեծացնելու ենք մեր ազդեցության դաշտը: - 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, եւ 1974թ. հետո ծնված բոլոր վարձու աշխատողների աշխատավարձի 5%-ն ուղղվելու է իրենց անհատական կենսաթոշակային հաշիվներին: Նման պայմաններում աշխատողները հետաքրքրված են լինելու, որ իրենց աշխատավարձը հայտարարագրվի ամբողջությամբ, մինչդեռ գործատուները հաճախ խուսափում են դրանից՝ հարկերը նվազեցնելու նպատակով: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը: - Եկամտահարկի մասին նոր օրենքը, որտեղ սոցվճարն ընդգրկվեց աշխատավարձում, դրական է ազդելու աշխատողների կենսաթոշակի չափի վրա: Իսկ դեպքերը, երբ նույնիսկ այս պարագայում հայտարարագրված աշխատավարձը կարող է չհամընկնել իր իրական չափի հետ, կարծում եմ, շատ չեն լինի: Մեր աշխատաշուկայում, միգրացիայի եւ այլ պատճառներով, գնալով պակասում են լավ մասնագետները, ու չեմ կարծում, որ ընկերությունները ռիսկի կգնան եւ կնեղացնեն իրենց աշխատողներին: - Սակայն կան ոլորտներ, որտեղ աշխատուժի ավելցուկ է:- Այո, կան նաեւ այսպիսի ոլորտներ, բայց այստեղ էլ պետք է գործի մարդկանց զգոնությունը:- Որքանո՞վ կարելի է հիմնվել աշխատողների զգոնության վրա, երբ Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում առկա անհավասար մրցակցությունը հաճախ ուղղակի ստիպում է բիզնեսին ամբողջությամբ կամ մասամբ գնալ ստվեր:- Այստեղ արդեն առաջ է քաշվում պետական ինստիտուտների կարողությունների հարցը. Հայաստանում ներմուծումից սկսած անհավասար մրցակցությունը մարդկանց դրդում է իրենց բիզնեսի մրցունակությունը արհեստական եղանակով պահելուն: Երբ բիզնեսի համար արդեն անհնար է պայքարել անարդարության դեմ ինտելեկտով, այն պետք է պայքարի փողով կամ ստվեր անցնելով, ու ստացվում է, որ պետությունն է դրդում իրեն դիմել այդպիսի քայլերի: Հայաստանի համար խիստ կարեւոր է հավասար մրցակցային դաշտի ստեղծումը: Տնտեսվարողներին արդար աշխատել ստիպելը պետք է լինի ոչ թե տուգանելով, այլ նման գործելաոճը բացառող օրենսդրության ընդունմամբ եւ դրա արդյունավետ կիրառմամբ: - Չնայած բազմաթիվ կոչերի եւ խոստումների, մենք այդպես էլ շրջադարձային քայլեր չտեսանք օլիգարխիայի ու անհավասար մրցակցության վերացման ուղղությամբ: Կարելի՞ է այստեղ գոնե հույս դնել ԵՄ հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի նախապայմանների վրա: - Այո, այս բանակցությունների արդյունքում մենք, ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք խաղի որոշակի կանոններ: Պետք է հասկանանք, որ ազատ մրցակցային դաշտի ապահովումն առաջին հերթին մեր պետության շահն է: Գագիկ Մակարյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: Tweet Դիտում՝ 5078