Եկամտային նոր հարկը աշխատավարձերի նվազեցում չի ենթադրում

28.08.2012 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2013-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» նոր օրենքը աշխատավարձերի նվազեցում չի ենթադրում, այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հանդես գալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ համատեղ ասուլիսում՝ Վաչե Գաբրիելյանն ասել է, որ մտահոգությունները, թե օրենքը ենթադրում է աշխատավարձերի իջեցում, անհիմն են:

«Քանի որ օրենքով սոցվճարն ու եկամտահարկը միավորվում են միասնական եկամտային հարկում, վճարի ենթակա հարկերը հաշվարկվելու են անվանական աշխատավարձից: Կառավարության որոշմամբ բացառվել է գործատուների կողմից քիչ հարկ վճարելու նպատակով աշխատավարձի իջեցումը»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Արտեմ Ասատրյանն ասել է, որ այս օրենքով, որն ընդունվել է կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում, միավորվել են եկամտահարկը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարը:

Եկամտահարկը Հայաստանում ներկայումս բաղկացած է երկու մասից. առաջինը գործատուն վճարում է աշխատավարձի ֆոնդից, երկրորդը՝ վարձու աշխատողի աշխատավարձից: 2013-ից այս կոմպոնենտները միավորվում են մեկ եկամտային հարկում, ինչը ենթադրում է նաեւ ընդամենը մեկ հաշվետվության ներկայացում գործատուների կողմից, որը, ըստ նախարարի, կլինի բացառապես էլեկտրոնային:

«Եթե անվանական աշխատավարձի չափը 100 հազ. դրամ է, գործատուն վճարում է 19 հազ. դրամ սոցվճար, միեւնույն ժամանակ աշխատավարձից գանձվում է 3000 դրամ սոցվճար եւ 6450 դրամ եկամտահարկ: Արդյունքում աշխատավարձից պահվում է 9450 դրամ եւ վարձու աշխատողը փաստացի ստանում է 90 550 դրամ:

2013-ի հունվարից որպես սոցվճար վճարվող 19 000 դրամը ավելացվում է անվանական աշխատավարձին՝ գումարած եւս 775 դրամ, որպեսզի այդ 119 775 դրամից պահվի արդեն միասնական եկամտային հարկ եւ վարձու աշխատողի փաստացի եկամուտը կազմի նորից 90 550 դրամ: Արդյունքում գործատուի լրացուցիչ ծախսը 100 հազ. աշխատավարձ վճարելու դեպքում կազմում է 775 դրամ:

Կարծում եմ, հաշվետվությունների թվի կրճատումը, էլեկտրոնային հաշվետվություններին անցումը հաստատ շատ ավելի կտան գործատուին, քան կվերցնի այդ 775 դրամը», - պարզաբանել է Արտեմ Ասատրյանը:
 
Հիշեցնենք, որ 2014-ից Հայաստանում ուժի մեջ է մտնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչը դրդելու է վարձու աշխատողներին, որպեսզի հարկային հաշվետվություններում արտացոլվի նրանց աշխատավարձի իրական չափը:

Դիտում՝ 3314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW