Նաիրա Նահապետյան. «Փոքր ՀԷԿ-երի ոլորտը յուրահատուկ է իր առանձնահատկություններով»

04.12.2012 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Վերջին 8 տարվա ընթացքում գերմանական KfW բանկը Հայաստանի փոքր ՀԷԿ-երին է ուղղել 64 մլն եվրոյի վարկային միջոցներ: Հատկանշական է, որ վերջերս տրամադրած  40 մլն-ը գրեթե 2 անգամ գերազանցել է նախորդ երկու  մասնաբաժիններով տրամադրած ծավալները: Ինչո՞վ կբացատրեք ֆինանսավորման ծավալների նման սրընթաց աճը:

- Ինչպես հայտնի է, ֆինանսավորումն իրականացվում  է գերմանական KFW բանկի  եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ  կնքվող «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի փուլային պայմանագրերով` Գերմանիայի Դաշնային  Հանրապետության Տնտեսական  համագործակցության ու զարգացման  նախարարության (BMZ) եւ Հայաստանի կառավարության  միջեւ կնքված «Ֆինանսական  համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:  

Վարկային ծրագիրը մեկնարկեց 2004 թ. նոյեմբերին: Այն ժամանակ Գերմանահայկական հիմնադրամի կողմից Հայաստանին  տրամադրվեց վարկային  միջոցների առաջին մասնաբաժինը՝ 6 մլն  եվրո եւ եւս  1.5 մլն դրամաշնորհի տեսքով:  Հայաստանյան 6 առեւտրային բանկեր վարկավորվեցին 8 նոր կառուցվող եւ 6 գործող ՀԷԿ-եր՝ 7 տարի մարման ժամկետով եւ մինչեւ 10.5% տարեկան տոկոսադրույքով:

Սակայն, հաշվի առնելով, որ էներգետիկայի ոլորտում ներդրումների ետ վերադարձը   ակնկալվում է 10 եւ ավելի տարիների կտրվածքով, Գերմանահայկական հիմնադրամը վերանայեց տրամադրվող վարկի մարման ժամկետները: Արդյունքում երկրորդ մասնաբաժինը  2010 թ. մայիսին տրամադրվեց 12 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ պայմաններով:  Երկրորդ փուլով Հայաստանի փոքր ՀԷԿ-երին ուղղվեցին 18 մլն եվրոյի վարկային եւ 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային միջոցներ:

Բնականաբար, սա նպաստեց վերականգնվող էներգետիկայի զարգացմանը մեր երկրում: Սակայն, երկրորդ մասնաբաժնի շրջանակներում  հասցրեցին վարկավորվել ընդամենը 4 գործող եւ 16 նոր կառուցվող ՀԷԿ-եր: Վերանայված  պայմաններով տրամադրվող վարկը հետաքրքրել էր շատերին՝  եւ՛ Հայաստանյան  առեւտրային բանկերին (վարկավորողները 6-ից  դարձան  14), եւ՛ գործող ՀԷԿ-երին, որոնք վերազինման կարիք  ունեին, եւ ՛ նոր կառուցվողներին: Ելնելով  Գերմանահայկական հիմնադրամին դիմող հայտատուների քանակից, վերանայվեց վարկային ծրագրի երրորդ մասնաբաժինը եւ այն կազմեց արդեն 40 մլն եվրո:

Այս միջոցները եւս  կնպատակաուղղվեն ՀՀ-ում  էներգետիկ  համակարգի  զարգացմանը, ինչը կնպաստի Հայաստանում միջազգային  ստանդարտներին մոտ  նոր կառուցվող էկոլոգիապես մաքուր փոքր ՀԷԿ-երի ավելացմանը:

- Ժամանակին Դուք կարծիք էիք հայտնել, որ հայաստանյան բանկային համակարգը  հաշվի չի առնում փոքր ՀԷԿ-երի առանձնահատկություններ եւ, «ըստ էության, չի աշխատում ոլորտի հետ»: Ինչպիսի՞ն է այսօր Ձեր կարծիքը, մասնավորապես, որքանո՞վ է գերմանական կողմի հետ իրագործվող վարկային ծրագիրը ծածկում եղած պահանջարկը:

- Հայաստանյան բանկերը տրամադրում էին կարճաժամկետ վարկեր, այն էլ բարձր տոկոսադրույքներով: Գերմանահայկական հիմնադրամի կողմից տրամադրվող վարկերը, իհարկե՝ վերանայված տարբերակով, խթանեցին ոլորտի զարգացումը:

Եթե 2004թ. Հայաստանում կային ընդամենը 29 գործող եւ 11 նոր կառուցվող փոքր ՀԷԿ-եր, ապա մինչեւ տարեվերջ կունենանք 136 գործող եւ 67 նոր կառուցվող փոքր ՀԷԿ-եր: Այլ կերպ ասած, եթե 2004թ. հանրապետությունում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրվում էր 112մլն կՎտ/ժ  էլեկտրաէներգիա, ապա այսօր այն կազմում է 675մլն կՎՏ/ժ, որն էլ կազմում է հանրապետությունում սպառվող  էլեկտրաէներգիայի  ծավալի 9%: Եզրակացությունները թողնում եմ Ձեզ:

- Վարկային ծրագրով նախապատվությունը տրվում է նո՞ր կառուցվող ՀԷԿ-երի ֆինանսավորմանը, թե՞  գործող ընկերությունների վերազինման ծախսերը հոգալու համար: Այս առումով ինչպիսի՞ն է պատկերը  ծրագրի առաջին երկու փուլերի արդյունքներով եւ ի՞նչ ակնկալիքներ կան երրորդ փուլից:

- Նախապատվություն ասելն այնքան էլ ճիշտ չէ: Եվ նոր կառուցվողները, եւ արդեն գործողները Գերմանահայկական հիմնադրամի տեխնիկական եւ ֆինանսական խորհրդատուներին են ներկայացնում պահանջվող փաստաթղթերի փաթեթները եւ  վերջիններիս դրական եզրակացության հիման վրա հայաստանյան առեւտրային  բանկերի կողմից տրամադրվում են վարկերը:

Նախատեսվում է մինչեւ 2025 թվականը փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սպառման ծավալները հասցնել 25-30%, որի իրագործմանն էլ կնպաստի նաեւ տրամադրված 40 մլն եվրո վարկը:

- Ի՞նչպիսին են Ձեր կողմից ղեկավարվող Միության հարաբերությունները բնապահպանական կազմակերպությունների հետ:

- Կարծում եմ, նորմալ: Գործող ՀԷԿ-երը իրենց կողմից որեւէ բնապահպանական խնդիրներ չեն առաջացնում, այսինքն` վնասակար արտանետումներ չունեն, ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջուրը քանակական եւ որակական փոփոխության չի ենթարկվում: Վերջերս շրջանառվող այն թյուր  կարծիքը, որ ՀԷԿ-երը կառուցվում են առուների վրա եւ դրանք ամբողջությամբ ցամաքում են, չի համապատասխանում իրականությանը: ՀԷԿ-երը կառուցվում են ջրային երեք ռեսուրսների վրա՝ ոռոգման համակարգեր, խմելու ջրատարեր եւ բնական ջրահոսքեր (գետեր), այս դեպքում պարտադիր կարգով բնապահպանության նախարարության եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից հաշվարկվում  եւ նախատեսվում են բնապահպանական թողքեր: Չեմ բացառում, մասնավոր դեպքերում կարող են լինել  ինչպես նախագծային, այնպես էլ բնապահպանական խախտումներ, սակայն դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են: Սակայն այս մասնավոր դեպքերը չի կարելի տարածել ողջ ոլորտի  վրա եւ խեղաթյուրել  իրականությունը:

Այսօր Հայաստանում պետք է զարգացնել  վերականգնվող  էներգետիկան, մասնավորապես, փոքր  ՀԷԿ-երը: Հայաստանի բնական դիրքը եւ ջրային ռեսուրսները մեզ տալիս են այդ հնարավորությունը, ինչու չէ, ուրիշ երկրներ նավթ են արտահանում, մենք էլ փորձենք էլեկտրաէներգիա արտահանել:

-  Տիկին Նահապետյան, Դուք եւս հանդիսանում եք ՀԷԿ-ի սեփականատեր՝ սա շահութաբե՞ր բիզնես է: Արդյո՞ք այստեղ կան առանձնահատկություններ, որոնք դժվար է գտնել այլ բիզնես ոլորտում:

- Այս ոլորտը յուրահատուկ է հենց իր առանձնահատկություններով: Շահույթի կանխատեսումը հարաբերական է, քանի որ ներդրումների ետ վերադարձը տեւում է 10 եւ ավել տարիներ, ինչպես նաեւ կան մի շարք գործոններ՝ բնակլիմայական պայմանները, այսինքն` տարին սակավաջուր է, թե ջրառատ, հաջորդը՝ սակագինը, որը հաշվարկվում է ՀՀ  հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի կողմից՝  իր մեջ ներառելով նաեւ շահույթը, երրորդը՝ մրցակցային դաշտի բացակայությունը: Ոլորտը բացարձակ  թափանցիկ է, իսկ շահույթ ակնկալելու համար պետք է լինել համբերատար, համառ եւ ունենալ երկաթյա կամք:  

Նաիրա Նահապետյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 4645
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW