Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում հուլիսին կնքվել է 1798 գործարք

07.08.2026 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #պարտատոմս

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) հուլիս ամսվա ընթացքում պահպանել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։


Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 87․1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 70 գործարք՝ ավելի քան 25․8 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 759%-ով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 118% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 16․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1798 գործարք՝ հուլիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 208 կորպորատիվ պարտատոմսերով։

Ընթացիկ ամսում իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2․3 մլրդ ՀՀ դրամ։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 207․4 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 426 մլրդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 250 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 32.1 մլրդ ՀՀ դրամ: Հուլիս ամսին կնքվել է 218 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 548%-ով։

Հուլիսին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 6 գործարք՝ ավելի քան 779․2 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձեւավորվել է 367-ից 367․9 դրամի միջակայքում։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:
Դիտում՝ 270

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW