EY Armenia. Վերջին հարկային փոփոխությունները զգալի ազդեցություն կունենան Հայաստանի բիզնեսների վրա

06.08.2026 | 00:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանն ընդունել է հարկային օրենսդրության լայնածավալ փոփոխություններ, որոնք կազդեն բազմաթիվ ոլորտներում գործող բիզնեսների վրա, այդ թվում՝ էլեկտրոնային առեւտրի, մանրածախ առեւտրի, արտադրության, զբոսաշրջության, ոսկերչության եւ անդրսահմանային գործարքների։


Թեեւ փոփոխությունների մի մասն արդեն գործում է, մյուսները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Նոր կանոնները կարող են ընկերություններից պահանջել վերանայել հարկային հաշվառման եւ համապատասխանության ընթացակարգերն ու հաշվապահական հաշվառման մեթոդաբանությունը։

«Վերջին փոփոխությունները տարվա ընթացքում ընդունված հարկային փոփոխությունների ամենաընդգրկուն փաթեթներից են։ Ընկերությունները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն, թե նոր կանոններն ինչպես կարող են ազդել իրենց հարկային համապատասխանության, հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերի եւ բիզնես գործունեության վրա, հատկապես էլեկտրոնային առեւտրի, հարկային վարչարարության եւ արտարժույթային գործարքների հաշվառման ոլորտներում», - ասել է EY ընկերության հայաստանյան գրասենյակի հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր Կամո Կարապետյանը։

Ի՞նչն է փոխվել

ԵԱՏՄ էլեկտրոնային առեւտրի հարթակների համար ԱԱՀ-ով հարկման նոր համակարգ

Ամենակարեւոր փոփոխություններից մեկը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում իրականացվող անդրսահմանային էլեկտրոնային առեւտրի հարկմանը։

Նոր կանոնների համաձայն՝ էլեկտրոնային առեւտրի հարթակի շահագործողը  պատասխանատու է Հայաստանում սպառողներին իրականացվող որոշակի անդրսահմանային B2C վաճառքների գծով Հայաստանի ԱԱՀ-ի հաշվարկման, հայտարարագրման եւ վճարման համար՝ անկախ ԱԱՀ-ի գրանցման շեմերից։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից եւ, ակնկալվում է, որ դրանք կազդեն անդրսահմանային էլեկտրոնային առեւտրով զբաղվող առցանց հարթակների եւ բիզնեսների վրա։ 

Ոսկուց իրերի արտադրման եւ առք ու վաճառքի ոլորտի համար ԱԱՀ-ի հաշվարկման հատուկ մեխանիզմ

Հայաստանում ներդրվել է ԱԱՀ-ի նոր մեխանիզմ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրեր արտադրողների եւ առք ու վաճառք իրականացնողների համար։

Իրացման ամբողջ գինը հարկելու փոխարեն՝ ԱԱՀ-ն կհաշվարկվի միայն արտադրության կամ վաճառքի ընթացքում ստեղծված ավելացված արժեքից, ինչը թույլ կտա հարկումն առավել համապատասխանեցնել այդ գործարքների տնտեսական բովանդակությանը։ 

Հարկային մարմինների ընդլայնված լիազորություններ

Այսուհետ գործարարները կարող են ենթարկվել հարկային մարմինների ավելի խիստ վերահսկողության։

Այժմ հարկային մարմինները օժտված են թեմատիկ ուսումնասիրությունների անցկացման ավելի լայն լիազորություններով եւ որոշակի դեպքերում կարող են մեկ տարվա ընթացքում նախաձեռնել մինչեւ երեք ուսումնասիրություն։ Այս փոփոխությունները նպատակ ունեն ուժեղացնել հարկային հսկողությունը եւ ընդլայնել հարկային մարմինների լիազորությունները՝ հարկ վճարողների կարգապահության նկատմամբ։
 
Հարկային մասնագետները նշում են, որ ընկերությունները պետք է բարելավեն իրենց ներքին թղթաբանությունը, կատարելագործեն հիմնավորող փաստաթղթերի եւ հարկային հաշվետվությունների հետ կապված ներքին գործընթացները՝ հարկային մարմինների կողմից իրականացվող ուսումնասիրությունների ինտենսիֆիկացմանը համապատասխան։ 

Հարկային իրավախախտումների համար քրեական պատասխանատվության շեմերի բարձրացում

Մեկ այլ կարեւոր փոփոխություն վերաբերում է հարկային իրավախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվությանը։

Քրեական պատասխանատվություն առաջացնող հարկային խախտումների դրամական շեմերը զգալիորեն բարձրացվել են։ Արդյունքում ավելի փոքր գումարների հետ կապված բազմաթիվ հարկային գործեր կարող են կարգավորվել հարկային վարչարարության շրջանակում՝ լրացուցիչ հարկային հաշվարկների, տույժերի եւ տուգանքների կիրառման միջոցով։

Արտարժույթային գործարքների հաշվառման բարեփոխում եւ այլ նորամուծություններ

Բարեփոխումները չեն սահմանափակվում միայն ԱԱՀ-ի եւ հարկային վարչարարության հարցերով։

Ի թիվս այլ փոփոխությունների՝ բարեփոխվել են արտարժույթային գործարքների հարկային հաշվառման կանոնները, ընդլայնվել գործարքների ճշգրտման եւ ապրանքների վերադարձի հնարավորությունները, սահմանվել ԱԱՀ-ի նոր արտոնություններ եւ ներդրվել մի շարք այլ նորամուծություններ, որոնք վերաբերում են շահութահարկին, ԱԱՀ-ին եւ ոչ ռեզիդենտների հարկմանը։

Հարկային հաշվառման նոր մեթոդաբանությունը եւ արտարժույթի փոխարժեքների կիրառման կանոնները կարող են հատկապես ազդել անդրսահմանային գործարքներ եւ արտարժույթով գործառնություններ իրականացնող բիզնեսների վրա։

Ինչո՞ւ է սա կարեւոր բիզնեսների համար

Ըստ EY Armenia-ի՝ այս բարեփոխումների արդյունքում ընկերություններից կպահանջվի՝

• վերանայել կիրառվող հարկային հաշվառման մեթոդաբանություններն ու փոխարժեքների կիրառման կանոնները,

• հարմարվել որոշ ոլորտների եւ գործարքների նկատմամբ ներկայացվող ԱԱՀ-ի նոր պահանջներին,

• առավել մեծ ուշադրություն դարձնել հարկային կարգապահությանը եւ հարկային ուսումնասիրություններին,

• թարմացնել ներքին հսկողական գործիքակազմը, հարկային հաշվետվությունների ներկայացման եւ փաստաթղթավորման ընթացակարգերը,

• վերանայել հարկային գնահատականները եւ հարկային համապատասխանության ռիսկերը։

Օրենսդրական փոփոխությունների եւ բիզնեսների համար դրանց հնարավոր հետեւանքների մասին մանրամասն ակնարկը հասանելի է EY Armenia-ի վերջին հարկային տեղեկագրում (Tax Alert). 

https://www.ey.com/en_am/technical/tax-and-law-alerts/major-tax-and-vat-changes-affecting-businesses-in-armenia։
Դիտում՝ 4723

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW