Հատուկ նախագիծ «Made in Armenia»` «Շարան»

29.05.2012 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Այսօր Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում գործարկում է նոր հատուկ նախագիծ` Made in Armenia: Այս խորագրի ներքո ներկայացնելու ենք այն ընկերությունները, որոնք Հայաստանում արտադրում են յուրահատուկ ապրանքներ կամ մատուցում են յուրահատուկ ծառայություններ:

Նախագծի առաջին հերոսը «Շարան» արհեստների կենտրոնն է: Այն ներկայացնում է Հայաստանում ձեռքով պատրաստված մանկական հագուստ, խաղալիքներ, կենցաղային աքսեսուարեր եւ այլն:

\"\"
«Շարան»-ի հիմնադիր Արամ Շարամբերյանը
Լուսանկարը` Մեդիամաքս:

«Շարան»-ը հիմնադրվել է 1993 թվականին, հիմնական նպատակը եղել է հայկական ավանդական արհեստների պահպանումն ու զարգացումը, արհեստավորների միջազգային շուկա ելք ապահովելը: 1993-ից սկսված «Շարան»-ի արտադրանքն արտահանվում է ԱՄՆ եւ այլ երկրներ: Նախորդ տարվա դեկտեմբերից Երեւանում` Սայաթ-Նովա 6 հասցեում, գործում է «Շարան»-ի մասնագիտացված խանութը:

Ընկերության հիմնադիրները Արամ եւ Անուշ Շարամբերյաններն են: Ծանոթանալով մի ամերիկուհու հետ, ով տարբեր ազգերի մշակույթները Միացյալ Նահանգներում ներկայացնելու փորձ ուներ, Արամն ու Անուշը առաջարկ ստացան մշակել նմուշներ, որոնք կարող էին ներկայացնել ԱՄՆ-ում: Ապա` դիմեցին «Օժանդակություն արհեստավորներին» շահույթ չհետապնդող ամերիկյան կազմակերպությանը` իրենց նմուշների մասին խորհրդակցելու համար, որտեղ նրանց առաջարկեցին մասնակցել Նյու-Յորքում կայանալիք միջազգային մեծածախ տոնավաճառին:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

«1993 թվականի օգոստոսին մեկնեցինք Միացյալ Նահանգներ: Ցուցահանդեսի ժամանակ ստացանք պատվերներ, ինչը մեզ համար բավական անսպասելի էր ու հաճելի: Այդպես սկսվեց մեր գործունեությունը: Սկզբում նպատակ անգամ չունեինք մտնել արտադրության մեջ, մտածում էինք եղած արհեստավորներին ներկայացնել արտերկրում եւ ստեղծել այդ կապը միջազգային շուկայի հետ, ինչը մենք անհրաժեշտ էինք համարում տեղի արհեստները պահպանելու եւ զարգացնելու համար: Եթե հիշենք այն տարիները, Հայաստանում շուկա չկար, եւ մարդիկ իրենց արվեստով չէին կարողանում գումար վաստակել: Սա էր գաղափարը, որը տարիների ընթացքում զարգացավ»,- Մեդիամաքս-ի թղթակցին պատմել է «Շարան»-ի հիմնադիր Արամ Շարամբերյանը:

Արհեստների կենտրոնը «Շարան» անունը պատահական է ստացել. «Ես եւ քույրս ենք հիմնադիրները` Արամ եւ Անուշ , իսկ մեր ազգանունը` Շարամբերյան: Մեր ազգանվան առաջին եւ յուրաքանչյուրիս անվան առաջին երկու տառերի միասնության արդյունքում ստացանք այս պատահական հապավումը: Միեւնույն ժամանակ, շարանը կարելու եւ գործելու իմաստ ունի: Սա մեր երրորդ անունն է, որով էլ գրանցված է ՍՊԸ-ն»:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

Արհեստների կենտրոնի արտադրանքը բազմազան է: Հիմնական շեշտը դրված է մանկական հագուստի վրա. Արամ Շարամբերյանի կարծիքով, դա ամենահետաքրքիրն է եւ պահանջարկ ունեցողը, կան նաեւ տան կահավորանքի պարագաներ` բարձեր, ծածկոցներ, դեկորատիվ վերմակներ, խոհանոցի որոշ պարագաներ, նոր տարվա հետ կապված հավաքածուներ` տոնածառի խաղալիքներ, Ձմեռ պապիկ, ամանորյա հագուստներ, փափուկ խաղալիքներ եւ այլն:

Ներկայումս արտադրանքն արտահանվում է ԱՄՆ: Արամ Շարամբերյանը նշում է.  «Փորձեր ենք արել ուրիշ երկրներ եւս արտահանել, բայց դրանք քանակ չեն կազմում, դրա մասին խոսելը դեռ վաղ է, առաջին օրվանից, ինչ սկսել ենք, մեր խոշորագույն շուկան Միացյալ Նահանգներն են»:

«Շարանը» որպես բրենդ ԱՄՆ-ում չի ներկայացվում. «Դա առանձին գործ է` բավական ծախսատար եւ ժամանակատար: Այնտեղ մենք ներկայանում ենք ներմուծողների անունով, մեզ միայն մնում է «ձեռքով պատրաստված է Հայաստանում» գրությունը»,- ասում է հիմնադիրը: Խոսելով արտադրանքի հումքի մասին`Արամ Շարամբերյանը նշել է, որ օգտագործվում են միայն 100 տոկոսանոց բնական նյութեր`բամբակ, բուրդ եւ մետաքս, որոնք ձեռք են բերվում միջազգային ճանաչում ունեցող մատակարարից:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

Տարիներ առաջ, երբ Շարամբերյանները հիմնադրում էին ձեռագործ այս գործը, չէին մտածում, որ որոշ ժամանակ անց դա կարող էր  ընդլայնվել ու արտադրություն դառնալ: Ընդամենը 400 ԱՄՆ դոլար ներդնելով` ստեղծվել է մի արտադրություն, որի աշխատակիցների թիվը պատվերների քանակից կախված փոփոխվում է:

«Սա եկամտաբեր գործ է, բայց հարցն այն է, թե որքան եկամտաբեր: Մեզ մոտ համակարգը ճկուն է: Կախված պատվերի չափից` մեր աշխատողների թիվը կարող է ավելանալ կամ պակասել: Ներկայումս շատ ավելի քիչ են, քան եղել են: Դա երկու պատճառ ունի. առաջինն արտադրողականության աճն է, երկրորդը`դրամի անկումը, որը ամենամեծ հարվածը մեզ հասցրեց», - ասում է Արամ Շարամբերյանը:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 17946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai