Անելիք Բանկ. “Մեր նոր ծառայությունը մեծ առաջընթաց է հաճախորդների համար”

09.09.2011 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Անելիք Բանկի Վարչության նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Օրերս Դուք հայտարարեցիք “Բանկ-Հաճախորդ” համակարգի միջոցով ներկրողների համար մաքսային վճարումների ծառայության ներդրման մասին: Սա բանկի՞ նախաձեռնությունն էր, թե՞  առաջարկը ստացվել էր Պետական եկամուտների կոմիտեի կողմից:

- Նախաձեռնությունը Պետական եկամուտների կոմիտեի /ՊԵԿ/ կողմից էր եղել: Մեր շփումը ՊԵԿ-ի հետ ցույց տվեց, որ այդ կազմակերպության մեջ, նամանավանդ տվյալ կազմակերպության IT ոլորտի մասնագետների շրջանակում, կան բազմաթիվ բանիմաց եւ առաջադեմ հայացքների տեր մարդիկ, որոնց հետ արդյունավետ համագործակցության արդյունքում էլ ծնվեց այս պրոդուկտը:

Նշեմ նաեւ, որ տվյալ գործիքի ներդրումը շատ է կարեւորվում նաեւ բանկի կողմից, քանի որ այն նպաստում է մեր հաճախորդների աշխատանքների կազմակերպմանը:

- Համաշխարհային մրցունակության օրերս տպագրված զեկույցի համաձայն` մաքսային ընթացակարգերի  բարդությունը Հայաստանի գլխավոր թերություններից է մրցունակության ոլորտում: Այս իմաստով, կարո՞ղ եք ասել, որքանո±վ է այս ծառայության մեխանիզմը հեշտացնում մաքսային ձեւակերպումների գործընթացը:


- Կարծում եմ,  մեր կողմից կոռեկտ չէ գնահատել ՊԵԿ-ի աշխատանքները՝ հենվելով այլ կազմակերպությունների կողմից տրված եզրակացությունների վրա: Ինչ վերաբերում է մաքսազերծման աշխատանքներում նոր գործիքի կիրառմանը, կարող եմ նշել, որ այն կբերի առաջին հերթին ժամանակի խնայողությանը, ինչպես նաեւ թափանցիկ եւ էլեկտրոնային ձեւով արձանագրվող աշխատաոճին: “Բանկ-Հաճախորդ”  համակարգով մաքսային վճարումները թեթեւացնում են մաքսավճարների կատարման ընթացքը, այն ուղղակի չի ազդում մաքսազերծման աշխատանքների վրա, չնայած այս քայլը մենք գնահատում ենք որպես մեծ առաջընթաց հաճախորդների համար:

- Կարելի է ենթադրել, որ նոր ծառայության մշակմանը նախորդել են խորհրդակցություններ բիզնեսի ներկայացուցիչների, մասնավորապես` ներկրողների հետ: Որքանո՞վ են նրանք հետաքրքրված նոր ծառայության ներդրմամբ:


- Մեր նախնական շփումները հաճախորդների հետ ցույց տվեցին, որ նրանց կողմից առկա է մեծ հետաքրքրվածություն նոր պրոդուկտի հանդեպ:

- Ի՞նչ ծավալի ներդրումներ են պահանջվել բանկից պրոդուկտը մշակելու եւ ներդնելու համար, եւ ի
՞նչ ակնկալիքներ ունեք նոր ծառայության շահութաբերության առումով:

- Կցանկանայի նշել, որ մեզ համար առաջնահերթ է մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը եւ սպեկտրը, եւ այդ նպատակին հասնելու ճանապարհին բանկը միջոցներ չի խնայում: Պրոդուկտը ներդրվել է՝ ղեկավարվելով վերը նշված տրամաբանությամբ: Իհարկե, մենք ակնկալում ենք նաեւ որոշակի ուղղակի եւ անուղղակի եկամուտներ:

- Անելիք Բանկը առաջինն է հայաստանյան ֆինանսական կազմակերպություններից, որ ներդնում է նման ծառայություն, եւ այս իմաստով դուք դեռեւս մրցակցությունից դուրս եք գտնվում: Համաձայնվեք, սա լավ հնարավորություն է խոշոր վարկառուներ եւ ավանդատուներ ներգրավելու համար:

  - Իր գործունեության 21 տարիների ընթացքում Անելիք Բանկը միշտ էլ առաջնորդվել է նորարարական պրոդուկտների ներդրմամբ, ինչի վառ ապացույց է հանդիսանում հանրապետությունում եւ ընդհանրապես նախկին Խորհրդային երկրներում  առաջինը ներդրված, ֆիզիկական անձանց համար նախատեսված՝ դրամական փոխադրումների «Անելիք» համակարգը:

Եվ, ինչո՞ւ ոչ, մենք ակնկալում ենք, որ նոր գործիքի ներդրմամբ կընդլայնենք մեր հաճախորդների ցանկը: Ինչ վերաբերում է մրցակցությանը, մենք միշտ էլ կողմնակից ենք եղել բանկային համակարգում առողջ մրցակցությանը:

- Նոր ծառայությունը դեռեւս նախատեսված է միայն իրավաբանական անձանց համար: Ե՞րբ այս ծառայությունից կարող են օգտվել նաեւ ֆիզիկական անձինք:


- Մեր աշխատանքի սկզբունքն է «շտապել դանդաղ»: Վստահեցնում եմ Ձեզ, որ տվյալ ծառայությունը հասանելի կլինի ֆիզիկական անձանց հնարավորինս կարճ ժամանակում:

- Նոր ծառայությունը մշակվել է Բանկի՞ կողմից, թե՞ դուք դիմել եք երրորդ կողմի՝ մասնագիտացված ՏՏ-ընկերությանը:


- Մշակումը իրականացվել է Բանկի մասնագետների կողմից` առկա Բանկ-Հաճախորդ համակարգի կիրառմամբ, արտաքին ծրագրավորող մասնագետների օգնությամբ:

Դիտում՝ 7175
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW