«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, եւ ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ձեռք բերելու ընկերության պարտատոմսերը։«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում եւ թույլատրվել են դրանցով հասցեական առեւտուրը եւ Ռեպո գործարքների կնքումը։«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն ցուցակել է 1․2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 12,000 պարտատոմս։ Ֆոնդային բորսայից հայտնել են, որ թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 12.25%, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս: Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ անցնելով հղումով։Տեղաբաշխումը իրականացվել է «Դայմենշն» ՓԲԸ կողմից 2024թ․ մայիսի 2-ից մինչեւ 2024թ․ մայիսի 8-ը ընկած ժամանակահատվածում։ Թողարկվել են ընդհանուր 1․2 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Ներգրաված միջոցները կուղղվեն գյուղատնտեսական եւ ՓՄՁ վարկերի տրամադրմանը: Ֆարմ Կրեդիտի վարկային պորտֆելի ավելի քան 2/3-րդը գյուղատնտեսական վարկեր են, մյուս մասը՝ ՓՄՁ եւ վերականգնվող էներգիայի ֆինանսավորման, ինչպես նաեւ գյուղտեխնիկայի, շինարարական տեխնիկայի եւ սարքավորումների լիզինգ:«Սովորաբար մեր շուկայում պարտատոմսեր թողարկում են այն ընկերությունները, որոնք արդեն իսկ որոշակի քայլեր արել են կապիտալի շուկայում՝ թողարկելով տարբեր տեսակի արժեթղթեր, սակայն այս տարին աչքի է ընկնում նրանով, որ սա արդեն 3-րդ նոր ընկերության մուտքն է Հայաստանի ֆոնդային բորսա։ Հաշվի առնելով վերջին տարիների վիճակագրությունը՝ պետք է փաստենք, որ սա բավականին լավ ցուցանիշ է։ Վստահ եմ, որ նոր ընկերությունների մուտքը կապիտալի շուկա եւ նրանց այս տեսակ ակտիվությունը է՛լ ավելի գրավիչ կդարձնեն ներդրումային միջավայրը։ Կարեւոր գործոն է նաեւ պարտատոմսեր թողարկող եւ ցուցակող ընկերությունների ոլորտային տարբերությունը։ Սա ազդակ է, որ կապիտալի շուկայում այլընտրանքային եղանակով գումար ներգրավվելու մշակույթ է ձեւավորվում, ինչը շատ դրական եմ գնահատում»,- ասել է ՀՖԲ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։«Այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ համագործակցում ենք տեղական եւ միջազգային գործընկերների հետ ֆինանսական միջոցների ներգրավման մասով: Կոոպերատիվը հանդիսանում է Գերմանահայկական հիմնադրամի գործընկեր կառույց Համաշխարհային բանկի, գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերի մասով, ինչպես նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «ԳՏՏԶ ԾԻԳ»-ի եւ Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերով: Հատկանշական է կոոպերատիվի գործընկերությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության եւ Պրոպարկո ներդրումային ընկերության հետ ստորադաս փոխառության ներգրավվման մասով, որը հնարավորություն է տալիս մեծացնել կապիտալը եւ ներգրավել հավելյալ ռեսուրսներ: Պետք է նշեմ, որ կառույցը համագործակցում է նաեւ գերմանական, շվեյցարական, բելգիական, ինչպես նաեւ ամերիկյան ներդրողների հետ: Պարտատոմսերի թողարկումը եւս մեկ նոր քայլ է դեպի կապիտալի շուկա, որը կբարձրացնի կառույցի ճանաչողությունը տեղական ներդրողների մոտ»,- նշել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի տնօրեն Արմեն Գաբրիելյանը։ «Դայմենշն ներդրումային ընկերությունը ուրախ է աջակցել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ի՝ որպես ՀՀ-ում առաջատար եւ հաջողած գյուղատնտեսական վարկային կազմակերպության մուտքը արդեն ՀՀ կապիտալի շուկա: Հույս ունեմ, որ Ընկերությունը կշարունակի իր ակտիվ մասնակցությունը կապիտալի շուկայում՝ ներգրավված միջոցները եւ գործիքները ի նպաստ բերելով ՀՀ գյուղատնտեսության հետագա զարգացմանը»,- նշել է ընկերության տնօրեն Լեւոն Մովսիսյանը:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ եւ ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։ Tweet Դիտում՝ 3326