ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան սարքերով եւ ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով:Նոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության եւ սահմանների անվտանգության» (EXBS) եւ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման եւ բացահայտման» (NSDD) ծրագրերի ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ:ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարեւորել է երկու երկրների միջեւ միջազգային` միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ամրապնդման ու սահմանների պաշտպանության ոլորտում համագործակցությունը.«Ռենտգենյան սարքերի եւ ճառագայթային հայտնաբերման սարքավորումների ձեռքբերումը նշանակալի քայլ է՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու մեր ընդհանուր առաքելության մեջ: Նոր սարքավորումների ինտեգրումը մեր ենթակառուցվածքներին մեծապես կընդլայնի հանրային անվտանգությանը եւ միջազգային կայունությանը խոչընդոտող միջուկային ու ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հնարավորությունները՝ ամրապնդելով ազգային եւ գլոբալ անվտանգությունը»:ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը նշել է, որ այս միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու եւ երկու երկրների միջեւ առեւտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը։Նշվում է, որ նոր ռենտգենյան սարքերի եւ ճառագայթային հայտնաբերման սարքավորումների կիրառումը մաքսային ծառայությունում հնարավորություն կտա ավելի բարձրացնել մաքսային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը՝ նպաստելով սահմանների ու ազգային շահերի պաշտպանվածությանը մարտահրավերներից:ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում ասվում է, որ Միացյալ Նահանգների կողմից ռենտգեն եւ զննող սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվել է ավելի քան $13 միլիոն: Tweet Դիտում՝ 1485