ՀՀ Կենտրոնական բանկն այս տարվա փետրվարին Յունիբանկին թույլտվություն տրամադրեց «ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման եւ գործունեության համար: Banks.am-ի հեզ զրույցում UBPAY-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը պատմել է նոր համակարգի ստեղծման եւ նպատակի մասին:- Պարոն Սարգսյան, ի՞նչ էր ընկած «ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) դրամական փոխանցումների հայաստանյան միասնական վճարահաշվարկային համակարգի ստեղծման որոշման հիմքում:- Վերջին տարիներին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալներն աճի էական դինամիկա են արձանագրել: Նույն միտումները նաեւ Հայաստանում են. ֆիզիկական անձանց համար նախատեսված արագ դրամական փոխանցումների նկատմամբ պահանջարկն անընդհատ աճում է:Հասկանալով, թե ինչպիսի նշանակություն ունեն դրամական փոխանցումները երկրի տնտեսության համար եւ մեր հայրենակիցների կյանքում, կարեւոր էր ունենալ հենց հայաստանյան վճարահաշվարկային համակարգ, որը հնարավորություն կտար եւ կապահովեր արագ ու մատչելի փոխանցումների իրականացումն այն ուղղություններով, որոնք հետաքրքիր են հենց մեր քաղաքացիներին:Յունիբանկն ավելի քան 20 տարվա վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու, տեղական եւ միջազգային տարբեր համակարգերին անդամակցելու, գործընթացները կազմակերպելու հաջողված մեծ փորձ, մասնագիտական ու տեխնոլոգիական ներուժ ունի կուտակած: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ որոշում կայացվեց ստեղծել արագ, ապահով եւ մատչելի դրամական փոխանցումներ իրականացնող հայաստանյան համակարգ:- Ո՞ր ուղղություններով է աշխատելու նոր համակարգը եւ ի՞նչ նախապատրաստական աշխատանք է տարվել այս ուղղությամբ:- Մեր առաջնահերթություններից է համակարգի մասնակիցների, գործընկերների թվաքանակի ավելացումը: Այսօր արդեն ունենք համակարգին անդամակցած հայկական բանկեր եւ վճարահաշվարկային կազմակերպություններ: Մայիսի վերջին սկսել ենք համագործակցություն KWIKPAY արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգի հետ: KWIKPAY-ի հետ համագործակցությունը հնարավորություն տվեց ընդլայնել աշխարհագրությունը եւ դրամական փոխանցումներ իրականացնել Կիպրոս, Հունաստան, Սերբիա, Իսրայել, ԱՄԷ, Մոլդովա, Ռուսաստան, Բելառուս, Ուզբեկստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան եւ Վրաստան: Սեյրան Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երկրների ընտրությունը կատարվում է՝ ելնելով պահանջարկից: Բնականաբար մենք ընդգրկելու ենք բոլոր այն երկրները, որտեղ հայկական մեծ սփյուռք կա: Դիտարկում ենք նաեւ այն երկրները, որոնք փոխանցումների ծավալները մեծացնելու մեծ պոտենցիալ ունեն ապագայում:Աշխատանքների մյուս հատվածը, բնականաբար, փոխանցումների հետ կապված տեխնոլոգիական լուծումների կիրառումն է, գործառույթների եւ հնարավորությունների ընդլայնումը գործընկերների եւ հաճախորդների համար: Համակարգը հիմնված է ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա: Գործընկերներին մենք առաջարկում ենք հեշտ ինտեգրում՝ API-ի միջոցով: Ապագայում UBPAY համակարգը կունենա նաեւ իր մոբայլ հավելվածը:- Ներկայացրեք, խնդրում եմ, UBPAY-ի սպառողների շրջանակը:- UBPAY համակարգը նախատեսված է ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար: Համաշխարհային հարցումների համաձայն՝ ֆիզանձանց փոխանցումների շուրջ 90%-ը իրենց ընտանիքներին կամ բարեկամներին աջակցության նպատակով իրականացված դրամական փոխանցումներն են: Կարծում եմ՝ պատկերը Հայաստանի համար նույնն է: Բնականաբար արագ դրամական փոխանցումներից օգտվողների զգալի մաս են կազմում աշխատանքային միգրանտները: Ի դեպ, ըստ վիճակագրության, փոխանցումներ իրականացնող անձանց մեջ տղամարդկանց թիվը երկու անգամ ավելի է, քան՝ կանանց:- Որքանո՞վ են մրցակցային լինելու UBPAY-ից օգտվելու պայմանները:- Ֆինանսական ոլորտում կան մի քանի կարեւոր ցուցիչներ: Առաջինը՝ արագությունն է, փոխանցումների համակարգում սա առավել քան կարեւոր հանգամանք է: Փոխանցում իրականացնելուց անմիջապես հետո միջոցները հասանելի են լինելու ստացողին:Մյուս կարեւոր հանգամանքն՝ անվտանգության ապահովումն է: Համակարգի կողմից կիրառվող տեխնոլոգիական լուծումները բավարարում են միջազգային ստանդարտներին եւ չափորոշիչներին:Հաջորդը՝ մատչելիությունն է: Մեր համակարգում փոխանցումներն այսօր կարող են իրականացվել սկսած 0% միջնորդավճարով: Սակագնային քաղաքականությունը մշտապես լինելու է մրցակցային: Սեյրան Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կարեւոր հանգամանք է նաեւ հարմարավետությունը, երբ հաճախորդները կարող են փոխանցում իրականացնել ինչպես կանխիկ եղանակով՝ առանց բանկային հաշվի բացման, որը ենթակա է տրամադրման այլ ֆիզիկական անձին կանխիկ կամ վերջինիս բանկային հաշվին կամ վճարային քարտի հաշվին փոխանցելու միջոցով, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ ֆիզիկական անձի բանկային կամ քարտային հաշվից փոխանցում այլ ֆիզիկական անձի քարտային կամ բանկային հաշվին: UBPAY համակարգը հնարավորություն է ընձեռնում նաեւ գումարի փոխանցումն իրականացնել հեռախոսահամարի միջոցով: Համակարգի անդամ բանկերը նաեւ իրենց մոբայլ հավելվածներում կարող են ներդնել UBPAY փոխանցումները: - UBPAY-ի զարգացման ի՞նչ ռազմավարություն եք որդեգրել: Միաժամանակ, ինչպիսի՞ միտումներ այսօր կարող եք առանձնացնել դրամական փոխանցումների ոլորտում: - Մոտ ապագայում շեշտակի ընդլայնելու ենք համակարգի աշխարհագրությունը եւ գործընկերների ցանցը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում փոխանցումները գալիս են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, ԵՄ մի շարք երկրներից, զարգացող ուղղություն է նաեւ ԱՄԷ-ն: Մենք դիտարկում ենք նաեւ այնպիսի ուղղություններ, որոնք դեպի Հայաստան դրամական փոխանցումների հոսքի մեծացման պոտենցիալ ունեն, դրանց թվում են Չինաստանը եւ Հնդկաստանը:Դրամական փոխանցումները քաղաքացիների բարեկեցությունն ապահովող լուրջ աղբյուր են եւ մեծ նշանակություն ունեն տնտեսության զարգացման համար: 2022թ.-ին առաջին անգամ աշխարհում, ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրներում, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը գերազանցեց այդ երկրների ուղիղ ֆինանսական աջակցության ծավալները: 2023թ.-ին 5,7 մլրդ դրամի չափով գումար է փոխանցվել դեպի մեր երկիր եւ 4 մլրդ-ից ավելի միջոցներ էլ փոխանցվել են Հայաստանից արտերկիր:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 23222