ԵԱԶԲ-ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ընդլայնում են «Կաթ դպրոցներում» ծրագիրը

28.06.2024 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Երեմյան Ֆարմ» #ԵԱԶԲ #ՄԱԿ
Հունիսի 27-ին Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ի դեմս ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ ի դեմս հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուի եւ «Երեմյան Ֆարմը»՝ ի դեմս «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, ստորագրել են Հայաստանում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման վերաբերյալ մտադրությունների մասին համաձայնագիր։

Վերջինիս նպատակն է երեք կողմերի ջանքերն ու հնարավորությունները մեկտեղելով ձեւավորել համագործակցության շրջանակ՝ նախաձեռնությունն իրականություն դարձնելու եւ դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու համար։

«Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին, երբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուն եւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը համագործակցության պայմանագիր կնքեցին։ Պիլոտային ծրագրի նպատակն էր Հայաստանում երեխաների եւ մեծահասակների շրջանում խթանել կաթի օգտագործումը` որպես առողջ նախաճաշի մաս, նվազեցնել անառողջ ըմպելիքների եւ խորտիկների կիրառումը, ստեղծել պահանջարկ կաթի նկատմամբ եւ այն դիրքավորել որպես առողջ ապրելակերպի ընտրություն։

Ծրագիրն իրականացվեց Վայոց ձորի մարզում՝ 2023թ-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում: Ծրագրում ընդգրկված էին Ջերմուկի Գորկու անվան թիվ 1 եւ Եղեգնաձորի թիվ 1 դպրոցները, որոնց 5-9-րդ դասարանների մոտ 411 աշակերտ տարվա ընթացքում առավոտյան ստացել են «Երեմյան Փրոդաքթսի» մեկական բաժակ կաթ՝ օրն ավելի առողջ սկսելու համար։

Եվրասիական զարգացման բանկը, որն իր անդամ-պետություններում խթանում է տնտեսական զարգացումն ու ինտեգրման ծրագրերը, միանում է համատեղ նախաձեռնությանը, որի նպատակն է առավել շատ դպրոցականների հասանելի դարձնել բարձրակարգ կաթն ու նրանց շրջանում ձեւավորել առողջ սովորություններ։ Անդրադառնալով այս համագործակցությանը՝ ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը նշում է.



«Երեք տարի առաջ մենք՝ ԵԱԶԲ-ն եւ «Երեմյան Փրոջեքթսը», մեկնարկեցինք դպրոցներում կաթ մատակարարելու շատ կարեւոր շղթայի ստեղծման գործընթաց. բիզնես գաղափարից մինչեւ ներդրումային նախագիծ, շինարարության մեկնարկից մինչեւ կաթի մատակարարում վաճառակետեր եւ սոցիալական կարիքների ապահովման համար։ Ուրախ ենք, որ մեր նախաձեռնությունն իր աջակցությունն է ստացել ՄԱԿ-ի կողմից։ Լիահույս ենք, որ նախագիծը կունենա շարունակականություն՝ նույն կազմով»։

«Կաթ դպրոցներում» ծրագիրը Հայաստանում ճիշտ սնուցման եւ վարքագծային փոփոխության համատեքստում կարեւոր համագործակցություն էր Պարենի համաշխարհային ծրագրի եւ «Երեմյան Փրոջեքթսի» միջեւ։ Ծրագրի ավարտին ՊՀԾ-ի գնահատմամբ այն աննախադեպ հաջողություն է գրանցել՝ երեխաների վարքագծային փոփոխությունները կաթի սպառման աճի եւ քաղցր ըմպելիքների սպառման նվազեցման ցուցանիշների հիման վրա։ Հետազոտությունն իրականացվել է ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների շրջանում՝ երեխաների վարքագծային փոփոխությունները հասկանալու համար։ Նրանցից շատերը նշում էին իրենց երեխաների՝ կաթի օգտագործման սովորություններում եւ նախասիրություններում ակնհայտ փոփոխությունների մասին: Ծրագրի գնահատումն արձանագրել էր նաեւ դպրոցականների շրջանում գազավորված ըմպելիքների սպառման նվազում եւ փոխարենը կաթի սպառման աճ, ինչը վկայում էր առողջ սննդակարգի ընտրությունը խրախուսելու հարցում ծրագրի հաջողության մասին։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուի խոսքով՝ ծրագրի շարունակականությունը խոսում է դրա արդյունավետ լինելու մասին.

«Մենք ընդլայնում ենք Հայաստանում «Կաթ դպրոցներում» ծրագիրը, հետեւաբար Եվրասիական զարգացման բանկի եւ «Երեմյան Ֆարմի» հետ մեր համագործակցությունը ճիշտ քայլ է՝ ուղղված հայ երեխաների շրջանում առողջ սնվելու վարքագծի եւ առողջ սովորությունների ձեւավորմանը։ Մեր համատեղ ջանքերի շնորհիվ մենք ապահովում ենք երկարաժամկետ առողջապահական օգուտներ, ուժեղացնում սովորողներին՝ իրենց կրթական ճանապարհորդության ընթացքում եւ ընդլայնում ենք մարդկային կապիտալը»։



«Երեմյան Փրոջեքթսը» կիսում է Եվրոպական զարգացման բանկի եւ Պարենի համաշխարհային ծրագրի համատեղ նպատակն ու Հայաստանում սննդամթերքի ապահովություն ապահովելու եւ կաթը որպես երեխաների համար սննդարար ըմպելիք դիրքավորելու առաքելությունը: Հիմք ընդունելով գրանցած հաջողությունները՝ ծրագիրն այժմ ընդլայնվում է՝ նպատակ ունենալով առողջ սնունդը Հայաստանում ավելի շատ դպրոցների եւ աշակերտների հասանելի դարձնել եւ դրանով իսկ խթանել նրանց առողջ սննդակարգը:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշում է.

«Նախորդ տարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ երկու դպրոցներում պիլոտային ծրագիր իրականացրինք եւ ունեցանք տպավորիչ ու խոսուն արդյունքներ։ Դրանք լավագույն ապացույցն են, որ կաթի սպառման նոր մշակույթ ձեւավորելու մեր նպատակին հասնելու համար ճիշտ ռազմավարությամբ ենք գործում։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին Հայաստանի համար այս կարեւոր նախաձեռնությանն աջակցելու համար։ Այս համաձայնագրի շնորհիվ մենք կընդլայնենք ծրագիրն ու մեր երեխաները կխմեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, որակյալ կաթ»։

Նշենք նաեւ, որ 2022 թվականին ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը եւ «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով ամրագրված համագործակցության նպատակն էր ապահովել ՀՀ պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։ Ներդրումային այս խոշորագույն ծրագրի շրջանակում «Երեմյան Փրոջեքթս»-ը Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցել եւ 2023 թվականի հոկտեմբերին գործարկել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ու եզակի անասնապահական համալիրը։ Նույն ծրագրի շրջանակում Երեւանում կառուցվեց եւ 2024 թվականի մայիսին բացվեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի՝ կաթի վերամշակման գերժամանակակից նոր գործարանը։

***

Եվրասիական զարգացմանը բանկը (ԵԱԶԲ) Եվրասիական տարածքում ներդրումային գործունեություն իրականացնող միջազգային ֆինանսական կազմակերպություն է։ 18 տարի շարունակ ԵԱԶԲ-ն օգնում է ամրապնդել եւ ընդլայնել տնտեսական կապերը եւ իր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի համակողմանի զարգացումը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ճարտարագիտության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով եւ ESG սկզբունքներով:

***

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում եւ օգտագործում է պարենային օգնությունը՝ խաղաղության, կայունության եւ բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից եւ կլիմայի փոփոխության ազդեցությունից։

***

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը Հայաստանում գյուղատնտեսության՝ մասնավորապես կաթնամթերքի արտադրության, հյուրընկալության եւ ռեստորանային բիզնեսի, ճաշարանային նախագծերի եւ  մասնագիտական կրթության ոլորտների առաջատարներից է։

Իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում Ընկերությունը ստեղծել եւ իրականացրել է տասնյակից ավելի համարձակ, յուրահատուկ եւ կոնցեպտուալ նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի եւ գյուղատնտեսության, ոլորտային կրթության զարգացման գործում։
Դիտում՝ 12827
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW