“Լավագույն խորհրդատվությունը կտրամադրենք հայաստանյան ակտիվների կառավարիչներին”

06.09.2011 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բաադեր Բանկի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Ուտո Բաադերի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Որո՞նք էին Ձեր՝ Հայաստան կատարած այցի նպատակները եւ ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերեցիք:

- Այցիս նպատակը Հայաստանի եւ մեր տեղական գործընկերոջ՝ Պրոմեթեյ բանկի մասին իմ գիտելիքների ավելացումն էր, բանկի սեփականատիրոջ եւ ղեկավարության հետ հանդիպումը:

- Դուք ուսումնասիրել եք Հայաստանի ֆինանսական հատվածը եւ, մասնավորապես, կապիտալի շուկան: Ի՞նչ կարծիքի եք նրանց մասին:
 
- Ձեր կապիտալի շուկան, իհարկե, փոքր է, սակայն բանկային համակարգը չափազանց լավ կազմակերպված է. համակարգի հիմնական ցուցանիշները շատ լավն են, շատ ավելի լավը, քան մյուս եվրոպական երկրների մեծամասնությունում:

Ձեր կապիտալի շուկաները, որքան հասցրեցի ծանոթանալ, փոքր-ինչ թերզարգացած են. դա հատկապես վերաբերում է բաժնետոմսերի շուկային: Բայց ինձ տեղեկացրել են սպասվող մի շարք փոփոխությունների մասին, որոնք կխթանեն կապիտալի շուկայում կնքվող գործարքների թիվը եւ ծավալները, ինչպես նաեւ IPO-ների աճը:

- ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ դուք քննարկել եք Հայաստանում մի շարք կարեւոր ենթակառուցվածքային նախագծերի օժանդակության հնարավորությունը:

- Այո: Մենք կուսումնասիրենք դրանք եւ կփորձենք գտնել գերմանական ներդրողներ, ինչպես նաեւ օպերատորներ այդ նախագծերի համար: Դա հեշտ գործ չէ, քանի որ Հայաստանին լավ չեն ճանաչում ներդրումային բանկային համայնքում եւ Հայաստանի վարկանիշը ներդրումային մակարդակից (investment grade) ցածր է: Սա քաղաքական առումով անկայուն տարածաշրջան է, բայց մենք կանենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի գտնենք ներդրողներ եւ դարձնենք իրենց ուշադրությունը Հայաստանի վրա:

Մենք կարող ենք անել դա միայն հայաստանյան մեր գործընկերոջ աջակցությամբ:

- Ձեր հայաստանյան գործընկեր Պրոմեթեյ բանկը BAADER-ում բրոքերային հաշվի միջոցով թույլ է տալիս իր հաճախորդներին գործարքներ կնքել եվրոպական բորսաների արժեթղթերով: Տեսնո՞ւմ եք արդյո՞ք ակտիվություն հայկական ներդրողների կողմից եւ նախատեսո՞ւմ եք արդյո՞ք ընդլայնել ձեր համագործակցությունը Պրոմեթեյի հետ:
 
- Մենք դեռեւս չենք ստացել հաճախորդների հայտեր Հայաստանից, բայց պետք է հաշվի առնել, որ սա նոր գործիք է ձեր շուկայում: Բաադեր Բանկի միջոցով նրանք կարող են առեւտուր իրականացնել արժեթղթերով ամբողջ աշխարհով մեկ; դա էապես կընդլայնի իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը:

Մյուս կողմից, երբ 2014թ-ից դուք արդեն կունենաք նոր կենսաթոշակային համակարգ, կարծում եմ, կուտակվող կապիտալի որոշակի մասը պետք է ներդրվի Հայաստանից դուրս, քանի որ ձեր կապիտալի շուկան թերզարգացած է: Եվ ի դեմս Բաադեր Բանկի հայկական ակտիվների կառավարիչները կարող են ստանալ շատ լավ խորհրդատու:

- Վերջերս Ձեր բանկը Պրոմեթեյ Բանկի համար բացեց €2 մլն-ի վարկային գիծ: Ի՞նչ նպատակի պետք է ծառայեն այդ միջոցները:

- Դրանով մենք թույլ ենք տվել Պրոմեթեյ բանկին մեծացնել իր վարկային պորտֆելը եւ, որքան տեղյակ եմ, բանկն արդեն լիովին տեղաբաշխել է այդ միջոցները:

- Այս տարվա փետրվարին Երեւանում տեղի ունեցավ համաժողով, որի ընթացքում BAADER-ի մասնագետները Հայաստանի բանկերի ներկայացուցիչներին ներկայացրին ձեր բանկի ներդրումային գործիքակազմը: Ստացե՞լ եք արդյո՞ք համագործակցության առաջարկներ Հայաստանի այլ բանկերից:

- Այո, մենք հաճույքով կաշխատենք հայաստանյան ինստիտուցիոնալ գործընկերների հետ եւ արդեն ունենք համագործակցության առաջարկներ:

- Սա Ձեր առաջի՞ն այցն էր Հայաստան: Ի՞նչ տպավորություններով եք հեռանում այստեղից:

- Այո, սա իմ առաջին այցն է: Ես այցելել եմ Սեւանա լիճ, Գառնու տաճար, Խոր Վիրապ: Հայաստանը գեղեցիկ երկիր է` հրաշալի բնապատկերներով: Այստեղ ես հանդիպեցի բազմաթիվ լավ կրթված եւ հաճելի մարդկանց:

Հայաստանում ես տեսել եմ այնպիսի բաներ, որոնց մասին չէի էլ երազել, հատկապես՝ Մատենադարանում. ձեր մշակութային ժառանգությունը արտասովոր է, իսկ պատմությունը՝ շատ տպավորիչ:

Երեկոյան շրջելով Երեւանով` ապշել էի, տեսնելով ակտիվ կյանքը. փողոցները լի են մարդկանցով, որոնք հաճելի ժամանակ են անցկացնում:

Դիտում՝ 10931
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW