Նավթադոլարի խավարումը

15.07.2024 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Աֆրիկյան արտահանման-ներմուծման բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի Աֆրիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտող Հիփոլիթ Ֆոֆակի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Հիփոլիթ Ֆոֆակ

Այս ամսվա սկզբին Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ տասնամյակներ առաջ կնքված «նավթադոլարային համաձայնագրի» «չերկարաձգման» մասին հաղորդագրությունների մեծ մասը լի էր անճշտություններով եւ կիսաճշմարտություններով: Որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ պնդում էին, որ Սաուդյան Արաբիան «կդադարի օգտագործել ԱՄՆ դոլարը նավթի վաճառքում»: Չնայած այս սխալներին, ու թեեւ դոլարը շարունակում է գերիշխող մնալ, ապադոլարիզացիան թափ է առնում՝ արտացոլելով աշխարհաքաղաքական եւ մակրոտնտեսական մեծ տեղաշարժերը:

Նավթադոլարային համակարգը (որի համաձայն նավթը գնահատվում է դոլարով, իսկ նավթ արտահանող երկրները ավելցուկային եկամուտները ներդնում են դոլարային ակտիվներում) ի հայտ եկավ 1970-ականների կեսերին, երբ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը դադարեցրեց դոլարի փոխարկելիությունը ոսկու: Սա օգնեց սահուն անցնել լողացող փոխարժեքների հետբրետոն-վուդսյան համակարգին: Առավել կարեւոր է, որ այն ամրապնդեց դոլարի դիրքը որպես համաշխարհային պահուստային արժույթ ու տասնամյակների բարգավաճում պարգեւեց ամերիկացիներին, որոնք օգտվեցին համաշխարհային կորպորացիաների համար նախընտրելի շուկա լինելուց՝ դոլարի եւ ԱՄՆ կապիտալի ներհոսքի աճող համաշխարհային պահանջարկի համատեքստում:

Պայմանավորվածության հիմքում 1974-ին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքված գաղտնի գործարքն էր. սաուդցիները ներդնում էին իրենց նավթադոլարները ԱՄՆ գանձապետարաններում՝ Ամերիկայից անվտանգության երաշխիքի դիմաց՝ ստեղծելով ռազմավարական դաշինք, որը տասնամյակներ շարունակ ձեւավորել է համաշխարհային քաղաքականությունը: Հաջորդ տարի ՕՊԵԿ-ի բոլոր երկրները համաձայնել էին նավթի գինը սահմանել դոլարով եւ ներդրումներ կատարել ԱՄՆ պետական պարտքի մեջ՝ թույլ տալով ամերիկյան բանկերին վարկեր տրամադրել Գլոբալ հարավի երկրներին՝ ֆինանսական շուկայի ապակարգավորման աճի պայմաններում:



Քանի որ նավթը դարձավ տնտեսական աճի, արդյունաբերականացման եւ տեխնոլոգիական առաջընթացի ապահովման կարեւոր ռեսուրս, նավթ ներկրող երկրներին անհրաժեշտ էին դոլարներ, որպեսզի վճարեն էներգիայի համար: Միեւնույն ժամանակ համաշխարհային բնակչության կտրուկ աճը մեծացրեց արտադրական ապրանքների եւ նավթի պահանջարկը՝ է՛լ ավելի ամրապնդելով դոլարի դիրքը: Մինչեւ 2000 թվականը արտարժույթի պահուստների ավելի քան 70%-ը դոլարով էր, որը գերակշռում էր միջազգային առեւտրում (դոլարով հաշիվ-ապրանքագրերը ստիպում էին արտահանողներին դոլար վերցնել՝ հեջավորման համար, իսկ ներմուծողներին՝ շրջանառու կապիտալի համար), նույնիսկ երբ արդյունաբերական ասիական տնտեսությունները քայքայում էին Ամերիկայի մասնաբաժինը միջազգային առեւտրում:

Թեեւ դոլարի գերակայությունն էլ խնդիրներ ուներ (հատկապես ԱՄՆ-ի տնտեսության ֆինանսականացումը եւ ներքին արտադրության կտրուկ անկումը), Ամերիկայի ստացած օգուտները հսկայական էին: Օտարերկրյա կապիտալի ներհոսքը ԱՄՆ գանձապետարաններ նպաստեց ցածր տոկոսադրույքներին եւ պարտատոմսերի ամուր շուկային, եւ Ուոլ Սթրիթը վերածեց աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոնի: Այսօր արտարժութային պարտքի շուրջ 70%-ը դոլարով է։ Ավելին՝ համաշխարհային պահուստային արժույթի թողարկումը նշանակում էր, որ ԱՄՆ-ին չի սպառնում առեւտրային դեֆիցիտը՝ թույլ տալով «տալ առանց վերցնելու, վարկ տալ առանց փոխառության եւ ձեռք բերել առանց վճարելու», ինչպես ասել է ֆրանսիացի տնտեսագետ Ժակ Ռյուեֆը։

Հիփոլիթ Ֆոֆակը


Վերջերս, սակայն, նկատվում են ապադոլարիզացիայի միտումներ: Կենտրոնական բանկերը 2021-2022 թվականներին կրկնապատկել են իրենց ոսկու գնումները եւ պահպանել նույն մակարդակը 2023-ին: Նույնքան կարեւոր է, որ երկկողմ առեւտրի տեղական արժույթով հաշվարկները ավելի սովորական են դարձել: 2023-ին Հնդկաստանը կատարել է ռուփիով իր առաջին վճարումը Արաբական Միացյալ Էմիրություններին հում նավթի համար, իսկ Չինաստանն օգտագործել է յուանը՝ իր անդրսահմանային առեւտրի եւ ներդրումների կեսի համար՝ կիրառելով Անդրսահմանային միջբանկային վճարումների համակարգը եւ արժույթի փոխանակման (սվոփ) պայմանագրերը, որոնք Չինաստանի ժողովրդական բանկը ստորագրել է ավելի քան 40 կենտրոնական բանկերի հետ:

Նավթադոլարներից հրաժարվելը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոնով: Մինչեւ 2000 թվականը ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ առեւտրային գործընկերն էր երկրների ավելի քան 80%-ի համար, մինչդեռ այժմ այդ թիվը նվազել է մինչեւ 30%-ը, իսկ Ամերիկայի նախկին դերը մեծ մասամբ ստանձնել է Չինաստանը: Էականորեն փոխվել է նաեւ համաշխարհային էներգետիկ լանդշաֆտը: Նախկինում ԱՄՆ-ը հույսը դնում էր Սաուդյան Արաբիայի նավթի վրա, սակայն 2000-ականների կեսին թերթաքարային էներգիան երկիրը կանգնեցրեց էներգետիկ անկախության ճանապարհին: Այժմ Չինաստանն է սաուդյան նավթի առաջատար ներկրողը, թեեւ շատ երկրներ, այդ թվում՝ հենց Սաուդյան Արաբիան, հետաքրքրված են վերականգնվող էներգիայով՝ «կանաչ» անցումը արագացնելու նպատակով:



Գլոբալ հարավի վերելքը, որը տեղի է ունենում շնորհիվ տեխնոլոգիաների տարածման եւ արժեքային շղթաների գլոբալացման, ինչպես նաեւ աճող աշխարհաքաղաքական լարվածությունը աշխարհը մղում է դեպի բազմաբեւեռ կարգ, մինչդեռ ամերիկյան լայնածավալ պատժամիջոցները ընդգծում են դոլարի՝ որպես պահուստային արժույթի, փոխանակման միջոցի եւ հաշվի միավորի վրա հենվելու քաղաքական եւ ֆինանսական ռիսկերը: Ապադոլարիզացիան հաճախ դիտվում է որպես այդ ռիսկերը մեղմելու եւ աճը խթանելու լավագույն միջոց: Արդյունքում երկրները դիվերսիֆիկացնում են իրենց արտարժույթի պահուստները. 2022-ին դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում տասն անգամ ավելի արագ իջավ, քան նախորդ երկու տասնամյակների ընթացքում՝ 2001 թվականի 73%-ից մինչեւ 58%-ը:

Միեւնույն ժամանակ, թվայնացումը հեշտացրել է տեղական արժույթով հաշվարկները միջսահմանային առեւտրի եւ վճարումների համար՝ շրջանցելով դոլարային ֆինանսավորման սահմանափակումները եւ ամրապնդելով ֆինանսական ճկունությունը: Օրինակ՝ Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի եւ Թաիլանդի կենտրոնական բանկերը վերջերս ներդրեցին QR կոդերի համակարգ, որը թույլ է տալիս բնակիչներին կատարել թվային միջսահմանային վճարումներ՝ առանց արժույթ օգտագործելու:

Ապադոլարիզացիայի արագացումն անհերքելի է: Արժույթի միջազգային հիմնադրամը պարզել է, որ 125 տնտեսություններում յուանի միջին օգտագործումը Չինաստանի հետ անդրսահմանային վճարումների ժամանակ աճել է 2014-ի 0%-ից մինչեւ 20% 2021-ին. այս տնտեսությունների մեկ քառորդում յուանի օգտագործումը հասել է 70%-ի: Նավթադոլարներից հրաժարվելը կարեւոր գործոն է: 2023-ին նավթի համաշխարհային առեւտրի մեկ հինգերորդը հաշվարկվել է ոչ դոլարային արժույթներով: Իսկ Չինաստանի հետ Սաուդյան Արաբիայի խորացող էներգետիկ կապերը հանգեցրել են նավթի առեւտրի երկարաժամկետ պայմանագրերի, որոնք արտահայտված են յուանով («նավթայուան»):



Ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհում թվայնացումը հնարավորություն է տալիս տնտեսություններին վճարման այլընտրանքային մեխանիզմներ զարգացնել: Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկը վերջերս խոստովանեց, որ երկրների մի փոքր խմբի «պաշտոնական պահուստներում դոլարի բաժնետոմսերի անկում» է տեղի ունենում, մինչդեռ մի քանի կենտրոնական բանկեր ավելացնում են ոսկու գնումները:

Քանի դեռ աշխարհաքաղաքական ռիսկերը շարունակում են քայքայել վստահությունը, այդ թվերը կշարունակեն աճել: Թվայնացումը, որը կստեղծի տեղական արժույթներով անդրսահմանային գործարքների կարգավորման բազմակողմ շրջանակ, կարեւոր նշանակություն կունենա բազմաբեւեռ աշխարհում համաշխարհային վճարումների համակարգի ծախսատար մասնատումից խուսափելու համար:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


«Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW