Հողերը դեգրադացումից փրկող անտառներն ու քաղաքաշինության «կանաչ» կառավարման մոդելը

27.06.2024 | 23:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Գյուղատնտեսության համար ոչ պիտանի դարձած տարածքները հետագա դեգրադացումից փրկելու համար «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է անտառների հիմնում։ Նույն տրամաբանությամբ էլ ընտրվել են «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում տնկվող անտառների տարածքները՝ Լոռու եւ Շիրակի մարզերում։

Ծրագրի ավարտից հետո էլ անտառապատված տարածքներում իրականացվում է մոնիթորինգ, ծառերի խնամք, վերատնկումներ, կրծողներից, հրդեհից պաշտպանելու եւ այլ աշխատանքներ։ Այս աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ տարածքները դառնան անտառածածկ՝ ստանալով անտառի կարգավիճակ։

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված ծրագրի գործընկերներն են «Էյ Թի ՓԻ» բարեգործական հիմնադրամը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը։

Տարածքների ընտրությունը

Վահե Մացակյան, «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի անտառապատման ծրագրի ղեկավար

Անտառապատման համար 60 հեկտար տարածք ընտրվել է Շիրակի Մարզի Մեծ Սարիար, 40-ը՝ Լոռու մարզի Ուրասար համայնքում։ Երկուսն էլ անտառներից աղքատ համայնքներ են համարվում։ Շիրակի մարզը՝ Լոռու եւ Տավուշի հետ համեմատ, անտառազուրկ է, բնական անտառային զանգվածները բացակայում են։ Նույնը կարելի է ասել Ուրասար համայնքի մասին, որտեղ եւս անտառպատվածությունը ցածր մակարդակի վրա է։

Վահե Մացակյանը


«ԷՅ ԹԻ ՓԻ»-ն, առհասարակ, անտառների համար ընտրում է այնպիսի տարածքներ, որոնք գյուղատնտեսության օգտագործման համար դարձել են ոչ պիտանի եւ տարեցտարի դեգրադացվում են։ Տարածքների փրկությունը անտառապատումն է, հողերի լվացումը քամուց կամ անձրեւներից պաշտպանելու, հետագա էրոզիան կանխելու համար։ Տարածքների ընտրության երկրորդ չափորոշիչն ակնկալվող բնապահպանական օգուտներն են հարակից գյուղատնտեսական դաշտավայրերի եւ բնակավայրերի համար։ Այս ամենից հետո ձեռնամուխ ենք լինում տարածքների ուսումնասիրությանը՝ ներառյալ տարածքում բացահայտել բնական ծագման ծառաբույսերի առկայությունը, հողերի աղտոտվածությունը ծանր մետաղներով, քարքարոտության աստիճանը, լանջի թեքությունը, կլիմայական գործոնների բազմամյա վերլուծությունը։ Այս ամենին հաջորդում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համալիր միջոցառումների շարքը (ուսումնասիրվում են կարմիր գրքում ընդգրկված բույսերը, պարզվում է՝ արդյոք մեր գործունեությունը կխոչընդոտի կենդանիների զարգացմանը, աճին), որի վերջնական հաստատումը տեղի է ունենում Շրջակա միջավայրի նախարարությանը կողմից։



Բուն անտառապատման աշխատանքներից առաջ կազմում ենք պլան, որի համաձայն մեր տնկարաններում աճեցնում ենք տվյալ տարածքին համապատասխան ծառատեսակներ։ Անտառապատման ծրագիրը սկսելուց առաջ համայնքում լսումներ ենք կազմակերպում, բանվորական ուժի հավաքագրում անում, որից հետո տարածքում կազմակերպում ենք ուսուցողական դասընթաց անտառապատման մասին։ Օրինակ՝ Մեծ Սարիարի բնակիչները երբեւէ անտառապատման աշխատանքներին չէին մասնակցել, այդ պատճառով անհրաժեշտություն եղավ դետալավորված ներկայացնել անտառտնկման ագրոտեխնիկայի կանոնները։

Ծառերի ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները, թե որ ծառատեսակները կցուցաբերեն լավ աճի եւ զարգացման ցուցանիշ եւ կձեւավորեն կայուն անտառ, հետագայում ինչ ազդեցություն կունենան այդ տարածքի կենսաբազմազանության զարգացման, պահպանման, հարստացման վրա։ Այս ծրագրով հիմնված անտառապատման տարածքներում որպես հիմնական անտառ կազմող ծառատեսակներ են ընտրվել սոճին եւ կաղնին, իսկ որպես ուղեկցող տեսակներ՝ հացենին, թխկին, արոսենին, կեչին, տանձենին եւ խնձորենին։

Անտառապատումից հետո շարունակվող աշխատանքները

Անտառապատումից հետո տեղի է ունենում ծառերի կպչողականության վերաբերյալ գույքագրում, պարզելու, թե քանիսն են կեսունակ։ Այս ծրագրով ցուցանիշները բավական բարձր են՝ 80-85%։ 2023 թվականի ամռանը ծրագրի շրջանակում իրականացրել ենք ագրոտեխնիկական խնամքի աշխատանքներ՝ քաղհան-փխրեցում, խոտհունձ, հնձած խոտի հեռացում։ Որոշ հատվածներում հակահրդեհային միջոցառումներ ենք իրականացրել՝ ստեղծվելով հակահրդեհային բուֆերներ՝ հարակից դաշտավայրերից ներթափանցող հրդեհները կանխարգելելու նպատակով։



Ծրագիրն ավարտված է, բայց այս աշխատանքները կրկնվելու են այնքան, մինչեւ ծառերը սաղարթներով կմիակցվեն, տարածքները կդառնան անտառածածկ, խոտաբույսերի հետ մրցակցություն չեն ունենա։ Որքան պայմանները վատ են, այնքան անտառաճման գործընթացները դանդաղ են տեղի ունենում։ Մեծ Սարիար համայնքում բնակլիմայական պայմաններն անտառաճման տեսանկյունից համեմատաբար անբարենպաստ են․ ծովի մակերեւույթից բավական բարձր մակարդակ, լանջի թեքության մեծ աստիճան։ Հուսանք՝ մոտ տասը տարուց այստեղ անտառ կունենանք։

Այս ծրագիրը հնարավորություն տվեց էապես բարձրացնելու աշխատուժի վարձատրությունը։ Օրինակ նախկինում «ԷՅ ԹԻ ՓԻ»-ն մեկ ծառ տնկելու համար վճարում էր 40 դրամ, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում սեզոնային աշխատակիցներին նույն աշխատանքի դիմաց վճարվող գումարի չափը դարձավ 65 դրամ (առանց ԱԱՀ)։ Սա նպաստեց, որ մնացած տարածքներում եւս սկսենք վարձատրել համարժեք։ Այս առումով «ԷՅ ԹԻ ՓԻ»-ն շուկայում ամենաբարձրն է վարձատրում։

Ծրագրի նպատակներն ու արդյունքները

Ռիմա Աբրահամյան, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի համակարգող

«Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրն իրականացրել ենք Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերի 15 քաղաքային համայնքներում՝ նպատակ ունենալով բարելավել այդ քաղաքների շրջակա միջավայրը եւ կլիմայի փոփոխությունների նկատմամբ հարմարվողականությունը: Ծրագրի թիրախային ուղղություններն ընտրվել են կանաչապատումը, կենցաղային թափոնների կառավարումը, վերականգնվող էներգետիկան (էներգախնայողություն) եւ էներգաարդյունավետությունը։

Ռիմա Աբրահամյանը


Վերջին տարիներին Հայաստանի ուրբանիզացման մակարդակը շատ բարձր է: Նույնիսկ մարզային քաղաքներում քաղաքային «էկոհամակարգն» ունի իր ռիսկերն ու խոցելիությունը կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատմամբ: Շրջակա միջավայրի աղտոտվածությունը, հողերի դեգրադացիան, ջրի, սննդի եւ էներգիայի աղբյուրների սղությունը, գործազրկությունը եւ սոցիալական շփման համար նախատեսված հանրային կանաչ գոտիների պակասը վտանգում են նաեւ մարզային քաղաքների բարեկեցությունը։ «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրը միտված էր հասցեագրելու հենց այս խնդիրները: Համապատասխանաբար ձեւակերպվեց Ծրագրի տրամաբանական շրջանակը եւ գործողությունների մատրիցան՝ ինդիկատորներն ու նպատակները, որոնց նվաճումով համայնքներն ու բնակավայրերը երկարաժամկետ հեռանկարում պետք է դառնան առավել ներառական, դիմակայուն եւ անվտանգ:

Ծրագիրը գրանցեց կատարողական բարձր ցուցանիշներ՝ չնայած բոլոր տարաբնույթ եւ ոչ սակավաթիվ մարտահրավերների, որոնց անընդհատ բախվում էր Ծրագրի թիմն իրականացման 3 տարիների ընթացքում՝ լինի դա կորոնավիրուսի համավարակը, պատերազմը, քաղաքական ու տնտեսական ցնցումները: Սրանցից յուրաքանչյուրը ազդեցություն էր ունենում Ծրագրի ընթացքի վրա՝ հատկապես կատարման ժամկետների առումով՝ ստիպելով մեզ լինել ճկուն, դիմակայուն եւ նպատակակենտրոն: Հենց սա էլ ապահովեց ծրագրի հաջողությունը, որի ավարտին գրանցեցինք հետեւյալ արդյունքները՝

•    100 հա անտառ Լոռու եւ Շիրակի մարզերում
•    22 այգի եւ հանրային հանգստյան գոտի թիրախ համայնքներում
•    50 կանաչապատված դպրոց թիրախային մարզերում
•    1 ժամանակակից տնկարան Շիրակի մարզում` 100.000 տնկի արտադրողականությամբ
•    150 նոր միկրոձեռնարկատիրական տնամերձ տնկարան 12 համայնքում, որտեղ տարեկան կարտադրվի մինչեւ 200.000 տնկի
•    10 նոր էկո-ակումբի հիմնում եւ արդեն իսկ առկա 5 էկո-ակումբների հզորացում՝ դպրոցականներին բնապահպանական գիտելիքների շարունակական փոխանցման ու էկոգրագետ սերունդներ կրթելու նպատակով
•    Շուրջ 7000 դպրոցականների ներգրավում էկոճամբարներում եւ տարեկան աղբահավաքի ու ծառատունկի միջոցառումներում
•    Առցանց տեղեկատվության փոխանակման եւ ուսուցման հարթակ, որտեղ հասանելի է «Կանաչ» Կառավարման մոդելի տեսլականը, մոդելի հիմքը կազմող դասընթացներն ու այլ տեղեկատվություն։

Քաղաքաշինության «կանաչ» կառավարման մոդելը

Ծրագրի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը, որի ազդեցությունը առավել տեսանելի կլինի առաջիկա տարիներին, համայնքների «կանաչ» կառավարման մոդելի մշակումն ու ներկայացումն էր:



Ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս՝ «Կանաչ» քաղաքաշինության զարգացման մոդելների կիրառումը շատ ակտուալ է դարձել վերջին տասնամյակում՝ բնակավայրերի զարգացման, ինտենսիվ կառուցապատման, ենթակառուցվածքների ստեղծման, տրանսպորտային միջոցների ավելացման եւ շրջակա միջավայրը վնասող մարդածին ու բնական այլ գործոնների ավելացման ֆոնին: Այն համայնքների կառավարման գործողությունների ծրագիր է կամ տեսլական, որին համայնքները պետք է ձգտեն՝ բնակիչների համար առողջ ու բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով։

Ահա այդպիսի մոդել է մշակվել մեր թիրախային համայնքների համար՝ այդ համայնքներում կարիքների վերլուծության, օրենսդրական դաշտի վերանայման եւ միջազգային լավագույն փորձի համադրման արդյունքում: Մեր օրինակում մոդելը կազմված է փոխկապակցված եւ փոխազդող բաղադրիչներից, որոնք կանաչ կառավարման հիմնասյուներն են․

●    բնական ռեսուրսների կայուն կառավարում (ջուր, հող, անտառ, այլ)
●    էներգիայի «կանաչ» կառավարում (էներգաարդյունավետություն եւ վերականգնվող էներգետիկա)
●    թափոնների «կանաչ» կառավարում (ներառյալ աղբի տեսակավորում եւ վերամշակում)
●    «կանաչ» տրանսպորտի ներդնում եւ կառավարում
●    կանաչապատ տարածքների խնամք եւ պահպանություն եւ այդ  հենասյուների արդյունավետ կառավարմանն աջակցող մեխանիզմներից, որոնք են․
●    մասնավոր-հանրային համագործակցության, սոցիալական պատասխանատվության խթանում
●    բնապահպանական թեմաներով հանրային իրազեկում եւ կրթություն
●    էլեկտրոնային կառավարման ներդնում
●    ֆինանսական կայուն կառավարման ներդնում
●    «կանաչ» կառավարման մշտադիտարկման ապահովում

Այսպիսով՝ կարող ենք ասել, որ մոդելը «կանաչ» քաղաքի ամբողջական արժեշղթան է` ռազմավարական պլանավորումից մինչեւ իրականացում, մշտադիտարկում եւ գիտելիքի շարունակական կառավարում։

Ռիմա Աբրահամյանը


Մոդելի տեսլականը, իհարկե, կարող է տարբեր շեշտադրումներ ունենալ տարբեր համայնքներում՝ ելնելով համայնքի կարիքներից ու առանձնահատկություններից, սակայն գաղափարը մեկն է՝ ստեղծել ավելին՝ ավելի քիչ ռեսուրսով, ապահովելով բնակիչների առողջ եւ բարենպաստ միջավայրում ապրելու իրավունքը՝ միաժամանակ նպաստելով, որ համայնքները դառնան ավելի ռեսուրս խնայող եւ կլիմայի փոփոխություններին հարմարվող։

Մոդելի պիլոտն իրականացնելուց առաջ բոլոր 15 համայնքի համայնքային դերակատարների, մարզպետարանների ռելեվանտ բաժինների աշխատակիցների համար կազմակերպվեցին դասընթացներ Մոդելի հիմքը կազմող 10 թեմաների վերաբերյալ: Դասընթացի թեսթային արդյունքների հիման վրա ընտրեցինք 3 մենտորի, որոնք՝ ձեւավորելով աշխատանքային խմբեր, մեկնարկեցին Մոդելի պիլոտային կիրառման աշխատանքներն Իջեւան, Թումանյան եւ Նոյեմբերյան համայնքներում:

Ծրագրի պիլոտային կիրառման համար ունեինք ընդամենը 5 ամիս, որի ընթացքում մի շարք հանդիպում-կլոր սեղան քննարկումներ ունեցանք թիրախային համայնքների համայնքապետարանների աշխատակիցների, մենտորների, լոկալ ՀԿ-ների հետ: Մոդելի մշակման եւ կիրառման ողջ ընթացքում գործուն աջակցություն ստացանք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության գործընկերների կողմից: Արդյունքում «կանաչ» կառավարման մոդելը՝ հաստատում ստանալով ավագանիների կողմից, ներառվեց այդ համայնքների տարեկան աշխատանքային պլաններում:

Քանի որ Ծրագրի ժամկետները թույլ չէին տալիս «կանաչ» կառավարման մոդելը կիրառել ՀՀ բոլոր մարզերում եւ համայնքներում՝ ստեղծեցինք www.gcrf.am առցանց տեղեկատվական հարթակը, որում օգտատերերն ունեն հասանելիություն մոդելի նկարագրությանը եւ դրա հիմքը կազմող դասընթացի մոդուլներին։



Ներդնելով «կանաչ» կառավարման մոդելը՝ հույս ունենք դրա կիրառմամբ ունենալ կանաչ համայնքներ, որոնց հիմքում ընկած կլինի շրջակա միջավայրի երկարաժամկետ պահպանությունը, սոցիալական ներառականությունը եւ տնտեսական կայունությունը։

Կենսամակարդակի բարելավում

Շահառու համայնքներում կենսամակարդակի բարելավումը Ծրագրի անուղղակի նպատակներից էր, որին պետք է ձգտեինք հասնել որոշակի գործողությունների արդյունքում: Այդ նպատակով անտառտնկումների ժամանակ սեզոնային աշխատանքներին ներառում էինք տվյալ համայնքի բնակիչներին, ինչպես ծառ տնկելու եւ վերատնկելու, այնպես էլ անտառտնկումներին նախորդող աշխատանքներում: Արդյունքում մոտ 290 նոր աշխատատեղ ենք ստեղծել շահառու համայնքներում:

Բացի այդ, ակտիվ համագործակցելով համայնքապետարանների հետ, մեկնարկեցինք տնամերձ տնկարանների ծրագիրը, որին մասնակցեց 150 շահառու/ընտանիք: Ծրագրի գաղափարն այն էր, որ «ԷՅ ԹԻ ՓԻ»-ն՝ տրամադրելով անվճար սերմեր եւ կտրոններ, մասնագիտական օժանդակություն եւ խորհրդատվություն, օգնում էր ծրագրի շահառուներն իրենց տներին կից հողամասերում հիմնել փոքրիկ տնկարաններ: Այդ տնկարաններում շահառուներն աճեցնում էին անտառտնկման ու համայնքային կանաչապատման համար պիտանի ծառաթփատեսակներ, որոնք տնկման սեզոնին «ԷՅ ԹԻ ՓԻ»-ի նրանցից գնում էր՝ ստեղծելով այդ ընտանիքների համար հավելյալ եկամուտի աղբյուր։ Ծրագրի շրջանակում նրանց տրամադրվել է նաեւ փոքր դրամաշնորհ՝ անհրաժեշտ գործիքներ գնելու եւ աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Կանաչապատման աշխատանքների համար «ԷՅ ԹԻ ՓԻ»-ն տնամերձ տնկարաններից գնել է 200 հազարից ավելի ծառաթփատեսակ, ինչպես նաեւ փորձել է օգնել տնկիներն իրացնելու համար նոր շուկաներ գտնել:

Ռիմա Աբրահամյանը


Տնամերձ տնկարանների օժանդակումը հիանալի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիր է նաեւ այն ընկերությունների համար, ովքեր ցանկանում են ներդրում կատարել միաժամանակ շրջակա միջավայրի պահպանության եւ սոցիալական նշանակության ծրագրի մեջ: Միանալով «ԷՅ ԹԻ ՓԻ»-ի նախաձեռնությանը՝ պատասխանատու ընկերությունները կկարողանան օգնել այդ տնտեսություններին աճեցնել ծառաթփատեսակներ, որոնց սերմերն ու կտրոններն անվճար կտրամադրի «ԷՅ ԹԻ ՓԻ»-ին, իսկ աճեցնելուց հետո այդ տնկիները կօգտագործվեն համայնքային կանաչապատման միջոցառումներում: Այսպիսով` համատեղ ջանքերով կստեղծենք ավելի կանաչ, դիմակայուն համայնքներ՝ միեւնույն ժամանակ բարելավելով մարզային բնակիչների կենսամակարդակը:

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան եւ «ԷՅ ԹԻ ՓԻ»
Դիտում՝ 1577
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW