Տնտեսական զարգացումը մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում

13.06.2024 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Հոնկոնգի համալսարանի Ասիայի գլոբալ ինստիտուտի ավագ գիտաշխատող Էնդրյու Շենգի եւ Հոնկոնգի միջազգային ֆինանսների ինստիտուտի նախագահ Սյաո Գենգի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Էնդրյու Շենգ, Սյաո Գենգ

Այժմ, երբ Միացյալ Նահանգները չինական ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքեր են սահմանել, աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները, կարծես, գտնվում են բացահայտ տնտեսական պատերազմի շեմին, և զարգացող երկրները կարող են հայտնվել խաչաձև կրակի տակ: Բացի պատժամիջոցների կամ այլ առևտրային սահմանափակումների ռիսկից (եթե գերտերություններից մեկը համարի, որ նրանք օգնում են մյուսին), չին-ամերիկյան առևտրային լարվածությունը քայքայում է բազում այս տնտեսությունների համեմատական առավելությունները, օրինակ՝ էժան աշխատուժը և հողը: Այս մարտահրավերներին դիմակայելու համար կպահանջի հմուտ պետական տնտեսվարություն:

Համեմատական և մրցակցային առավելություններն իրենց բնույթով փոփոխական են. ժամանակի ընթացքում դրանք կարելի է ձեռք բերել կամ կորցնել: Ինչպես 1990-ին ասաց Հարվարդի պրոֆեսոր Մայքլ Փորթերը, «Ազգային բարգավաճումը ստեղծում են, ոչ թե ժառանգում: Այն չի բխում երկրի բնական հարստություններից, աշխատուժից, տոկոսադրույքներից կամ արժույթի արժեքից, ինչպես պնդում է դասական տնտեսագիտությունը»: Տնտեսության մրցունակությունը «կախված է նրանից, թե որքանով է ոլորտը ունակ նորարարությանը և արդիականացմանը»։

Քանի որ աճող թվով կառավարություններ որդեգրում են արդյունաբերական քաղաքականություն (սկսած կարճաժամկետ պաշտպանիչ միջոցներից, ինչպիսիք են սակագները, մինչև ավելի հեռանկարային նախաձեռնություններ, ինչպիսիք են նպատակային սուբսիդիաները և խոր կառուցվածքային բարեփոխումները), նորարարության և արդիականացման ունակությունը էապես կախված է մրցունակությունը բարձրացնելու համար շուկայի հետ աշխատելու պետության կարողությունից: Սա մարտահրավեր է թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների տնտեսությունների համար:



Վերցնենք Եվրոպան, որը ստիպված եղավ վերանայել իր հիմնական բիզնես մոդելը (բարձրորակ ինժեներական արտադրանքի վաճառք) 2022-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո: Մատակարարման շղթաները խաթարվեցին, գնաճը և էներգիայի ծախսերն ավելացան, Եվրոպայի կախվածությունը կենսական ապրանքների համար, ներառյալ սեփական արտադրության համար նախատեսված ապրանքները, դարձան հսկայական տնտեսական պարտավորություն: Դրան ավելացնենք էլեկտրական մեքենաների ոլորտում Չինաստանի աճող գերիշխանությունը, և Եվրոպան սկսում է ավելի ու ավելի անհանգստանալ իր ապագա մրցունակության համար:

Անշուշտ, եվրոպական շատ տնտեսություններ մնում են չափազանց մրցունակ. Եվրոպան մնում է Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտի 2023 թվականի մրցունակության համաշխարհային վարկանիշի լավագույն 20-յակում, որտեղ առաջատարներ են Դանիան, Իռլանդիան և Շվեյցարիան: Բայց Եվրոպայի ավելի խոշոր տնտեսությունների վարկանիշն ընկնում է: Գերմանիան 2022-2023 թվականներին նահանջել է յոթ կետով և զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը, իսկ Ֆրանսիան նահանջել է հինգ հետով և հայտնվել 33-րդ հորիզոնականում:

Խնդիրներից մեկը, որը նշվում է McKinsey Global Institute-ի զեկույցում, այն է, որ թեև Եվրոպան առաջատար է կայունության և ներառականության հարցում, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (գնողունակության համարժեքով) հետ է մնում: 2022-ին այն 27%-ով ցածր էր, քան ԱՄՆ-ում, ընդ որում այդ տարբերության մոտ կեսը վերագրվում է մշակութային նորմերին. եվրոպացիները մեկ շնչի հաշվով ավելի քիչ ժամ են աշխատում իրենց կյանքի ընթացքում, իսկ մյուս կեսը պայմանավորված է արտադրողականության մակարդակների տարբերությամբ: Արտադրողականության բարձրացումն այժմ եվրոպական քաղաքականություն մշակողների հիմնական խնդիրն է, որը մասամբ պետք է լուծվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման միջոցով:



Այս մոտեցումը, անշուշտ, աշխատում է ԱՄՆ-ում, որն իր ՀՆԱ-ի 3,5%-ը ծախսում է հետազոտությունների և զարգացման (ՀևԶ) վրա, ավելի քիչ, քան Հարավային Կորեան (4,9%) և Իսրայելը (5,6%), բայց զգալիորեն ավելի շատ, քան Չինաստանը (2,4%) և Եվրոպական Միությունը (2,2%). Այս բոլոր տնտեսությունները զգալի ուշադրություն են հատկացնում երկակի օգտագործման ՀևԶ-ին այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, կանաչ տեխնոլոգիաները և քվանտային հաշվարկները: ԱՄՆ-ում առանձնահատուկն այն է, որ մինչ կառավարությունը ֆինանսավորում և խթաններ է տրամադրում, օրինակ՝ 2022-ի Գնաճի նվազեցման ակտի միջոցով, հաջորդ տասնամյակում ՀևԶ-ի ոլորտում 400-500 մլրդ. դոլարի ներդրում է կատարելու մասնավոր հատվածը:

Ինչպես նշվում է Boston Consulting Group-ի զեկույցում, ՀևԶ-ն «նորարարության բարերար ցիկլի» մասն է, որը թույլ է տալիս Ամերիկային տեխնոլոգիական առաջատար լինել: Օրինակ, ԱՄՆ-ն ապահովում է կիսահաղորդիչների նախագծման համաշխարհային շուկայի 46%-ը: Առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ ԱՄՆ կիսահաղորդչային արդյունաբերությունն ունի 59% համախառն շահույթ և 11 տոկոսային կետով գերազանցում է մրցակիցներին: 2020-ին ԱՄՆ-ի կիսահաղորդչային եկամուտները հասել են 208 մլրդ. դոլարի՝ կրկնակի գերազանցելով երկրորդ դիրքը զբաղեցնող երկրի եկամուտները:

Բայց բոլորը չեն կարող ընդօրինակել բարձր տեխնոլոգիաներում Ամերիկայի հաջողությունը, որը մասամբ կապված է նրա մեծ և դինամիկ կապիտալի շուկայի հետ: 2022-ին ԱՄՆ ֆոնդային շուկայի ընդհանուր շուկայական կապիտալիզացիան 2,5 անգամ ավելի բարձր էր, քան Եվրոպայինը: Որպես ՀՆԱ-ի մասնաբաժին, ԱՄՆ-ում ընդհանուր շուկայական արժեքը 2022-ին գերազանցել է 158%-ը, ինչը ցածր է Թայվանից (ՀՆԱ-ի 195%-ը), բայց ավելի բարձր, քան մնացած բոլորը, ներառյալ Չինաստանը (65,4%), Ճապոնիան (126%), Գերմանիան ( 45,5%) և Հնդկաստանը (103,7%)։



Իր կապիտալի խոր շուկաներով՝ ԱՄՆ-ն լավ դիրք հնարավորություն ունի բարձր ռիսկային ՀևԶ-ի համար ֆինանսավորում ստանալու և, որ ավելի կարևոր է, շնորհալիներին պարգևատրելու և պահպանելու համար: Մյուս տնտեսությունները, այդ թվում՝ Չինաստանը, ԵՄ-ն, Ճապոնիան և զարգացող երկրների մեծ մասը, չեն կարող մրցակցել այս ճակատում, հատկապես այն պատճառով, որ նրանց բանկային համակարգերը շարունակում են խուսափել ռիսկերից:

Ընդունելով Ամերիկայի համեմատական առավելությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ Չինաստանը կենտրոնացավ ճարտարագիտության միջին տեխնոլոգիական և գործառնական արտադրության ու բաշխման ոլորտներում հմտություններ ստեղծելու վրա, ինչը ճանապարհ բացեց լայնածավալ մրցակցության համար: 2014 թվականից ի վեր Չինաստանը բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման առաջատար է՝ զբաղեցնելով համաշխարհային շուկայի մասնաբաժնի ավելի քան 30%-ը։ 2000-ից այն եռապատկել է համախառն ավելացված արժեքի իր մասնաբաժինը:

Զարգացող երկրների համար սա նշանակում է, որ մրցակցել շատ դժվար կլինի նաև միջին տեխնոլոգիաների ոլորտներում, այլ ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ գերակշռում են առաջադեմ տնտեսությունները (և ավելի ու ավելի շատ՝ Չինաստանը): Դրան գումարենք ներդրումներ ֆինանսավորելու սահմանափակ կարողությունը և կախվածությունը համաշխարհային կամ տարածաշրջանային շուկաներից՝ մասշտաբի էֆեկտ ստեղծելու համար, և պետական տնտեսվարությունը դառնում է ավելի դժվար:

Որոշ առաջնահերթություններ պարզ են: Տեխնոլոգիական արդիականացման հասնելու համար երկրները պետք է հնարավորինս շատ ներդրումներ կատարեն թվային ենթակառուցվածքների և կրթության, ինչպես նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին առնչվող նախագծերում: Խոշոր տնտեսություններում պրոտեկցիոնիզմին դիմակայելու համար նրանք, ամենայն հավանականությամբ, է՛լ ավելի կաջակցեն ներքին «չեմպիոններին», նույնիսկ եթե դա նշանակում է պահպանել շուկայի մասնատումը:

Ընդհանուր առմամբ, սակայն, առաջիկա տարիներին մենք, հավանաբար, կտեսնենք ավելի շատ փորձեր զարգացման ռազմավարություններում: Զարգացող երկրները պարզապես պետք է հուսան, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը ինչ-որ մեծ գործարք կկնքեն՝ նախքան նրանց մրցակցությունը վերածվի հակամարտության:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 1463
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW