Ֆինանսական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում. ԷՖԵՍ-ի նոր պրոդուկտները

30.05.2024 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ԷՖԵՍ
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գործունեությունը շարունակում է նոր միջազգային պայմանագրերով, որոնք Հայաստանի բնակչության համար ֆինանսապես եւ տեխնոլոգիապես հասանելի են դարձնում համաշխարհային բժշկագիտության նվաճումները:

«ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը Հայաստանում ավանդական ապահովագրության տեսակներին զուգահեռ այսուհետ կներկայանա նաեւ առողջության ապահովագրության նոր պրոդուկտներով»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը:

Առաջին ապահովագրական պրոդուկտը, որը կոչվում է Oncocare with MSO (Medical Second Opinion), մշակվել է Swiss Re վերաապահովագրական ընկերության հետ: Oncocare with MSO-ն ապահովագրություն է օնկոլոգիական հիվանդություններից, որը տրամադրում է ֆինանսական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաեւ տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիք նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ:



«Երբ ապահովագրության պահին տվյալ մարդու մոտ չի եղել քաղցկեղի ախտորոշում, բայց եթե ապահովագրությունից հետո նրա մատ ի հայ գա նման ախտորոշում, ապա ստանում է միանվագ հատուցում՝ 4 մլն դրամից մինչեւ 25 մլն դրամ՝ ամսական սկսած 2900 դրամ ապահովագրավճարի դիմաց: Սա շատ հասանելի պրոդուկտ է եւ մենք նախատեսում ենք այն հասանելի դարձնել ամբողջ բնակչությանը: Այստեղ ամենակարեւոր բաղադրիչը բժշկական երկրորդ կարծիքն է, որը տրամադրվում է ամերիկյան Mediguide ընկերության հետ համատեղ՝ օնլայն հարթակի միջոցով»,- մանրամասնել է ընկերության տնօրենը:

Հանդիպմանը ներկա Վրաստանի ապահովագրողների ասոցիացիայի նախագահ Դեւի Խեչինաշվիլին կիսվել է իր երկրում այս պրոդուկտի արդյունավետ կիրառության փորձով:

«Հազարավոր մարդիկ, հատկապես երիտասարդներ, մեր երկրում արդեն օգտվում են այս ծառայությունից: Այն պետական ծրագիրը, որն այսօր կա Վրաստանում, ըստ իս, բավարար չէ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար՝ հատկապես օնկոլոգիայի տեսանկյունից: Իմ փորձառության մեջ եղել են դեպքեր, երբ հատուցումը բավականին երիտասարդ տարիքի անձանց մոտ հասել է մինչեւ 50-100 հազար դոլարի: Հույս ունեմ, որ ԷՖԵՍ-ը այսպիսի փորձ կբերի Հայաստան եւ կօգնի ձեւավորել շուկան նորարարությամբ: Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդների մտածելակերպը եւ աշխարհընկալումը մոտ են իրար, համոզված եմ, որ այս ծրագիրը հաջողության կարժանանա Հայաստանում եւս»,- ասել է նա:



Երկրորդ պրոդուկտը, որով ներկայանում է ԷՖԵՍ-ը, ներկայացնում է գերմանական Allianz ապահովագրական ընկերության հետ: Այն առաջարկում է բժշկական միջազգային ապահովագրության հնարավորություն:

«Եթե Հայաստանի որեւէ ռեզիդենտ անձ ցանկանում է եվրոպական բժշկական որեւէ ապահովագրություն գնել, այդ հնարավորությունը չունի, քանի որ չունի դրա հասանելիությունը: Allianz-ը մեզ տվել է այդ հնարավորությունը, որպեսզի 100 տոկոս վերապահովագրությամբ վաճառենք այդ պրոդուկտը: Այն գործում է ամբողջ աշխարհում՝ բացի Հյուսիսային Ամերիկայից եւ ամսական 47 հազար դրամից տրամադրում է 2 մլն եվրոյի ծածկույթ՝ առողջության ապահովագրության գրեթե բոլոր բնագավառներում՝ տարեկան բուժզննումից մինչեւ օնկոլոգիական հիվանդությունների բուժում»,- նշել է Արեւշատ Մելիքսեթյանը:

Նոր ծառայությունների վաճառքի մեկնարկը լինելու է հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ նախնական պատվերների գրանցում է լինելու:

«Շատ ուրախ եմ, որ նորացված ԷՖԵՍ-ի գործունեության մեկնարկը նշմարվեց այսպիսի առանձնահատուկ նշանակություն ունեցող պայմանագրերով, ինչն, իմ կարծիքով, Հայաստանը մոտեցնում է եվրոպական կյանքի չափանիշներին: Սա նշանակում է հասկանալ այն մարդկանց, որոնց ընկերությունը ցանկանում է ծառայել եւ նպաստել երկրի զարգացմանը, որը եւ պետք է նպատակ լինի ցանկացած ապահովագրական ընկերության համար»,- նշել է հանդիպմանը ներկա ԷՖԵՍ ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարին:



ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) փոխնախագահ Արմեն Նուրբեկյանի խոսքով՝ ըստ ԿԲ վերլուծությունների Հայաստանի ապահովագրական շուկան աճի լուրջ ներուժ ունի:

«Ապահովագրական ներթափանցման մակարդակը ՀՀ-ում, որը կարելի է չափել, հավաքված ապահովագրավճարը ՀՆԱ վրա բաժանելով, մեզ մոտ 2012 թվականից մոտավորապես 0,8 տոկոսի շրջակայքում է եւ շատ չի աճում: Միաժամանակ, եթե տեսնենք, թե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն որքան է աճել, կտեսնենք շատ էական աճ: Սա նշանակում է, որ մեր զարգացվածության մակարդակի համեմատ ապահովագրավճարների քանակը եւ ապահովագրական շուկայի մեծությունը փոքր է: Սա նշանակում է, որ բավականին աճի պոտենցիալ կա: Սա համար մեկ ռազմավարական ուղերձն է»,- ասել է Արմեն Նուրբեկյանը:

ԿԲ փոխնախագահը նշել է, որ իրենց տեսանկյունից շատ կարեւոր են նաեւ ինստիտուցիոնալ ներդրողները. «ԿԲ կարծիքը եղել եւ մնում է, որ շուկան զարգանում է, երբ շփվում ենք գիտելիքի հետ: Նշանակում է՝ լավագույն փորձը կիրառել մեր երկրում: Այս տեսանկյունից ողջունում ենք նոր պրոդուկտների ձեւավորումը: Կարեւոր է նաեւ մրցակցային շուկա ունենալը: Հայաստանի ֆինանսական շուկան բավականին մրցակցային է բանկերի եւ ապահովագրական ընկերությունների համար, եւ մենք, որպես վերահսկող, փորձում ենք այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի մրցակցությունը մեր քաղաքացիների բարեկեցության համար բերի լավագույն արդյունքները»:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 1809
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW