Ֆինտերնետը գալիս է քանդելու ներկայիս ֆինանսական համակարգի պատնեշները

22.06.2024 | 08:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք  Մեքսիկայի բանկի նախկին կառավարիչ, Միջազգային հաշվարկների բանկի գլխավոր տնօրեն Ագուստին Կարստենսի եւ Infosys-ի համահիմնադիր եւ նախագահ Նանդան Նիլեկանի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ֆինանսական համակարգը պատրաստ է հսկա թռիչքի: Ժամանակն է բացահայտել նոր եզերքներ: Մենք կանխատեսում ենք, որ կգա մի ժամանակ, երբ հիփոթեքի կամ փոքր բիզնեսի վարկի դիմելը նույնքան հեշտ կլինի, որքան ընկերոջը հաղորդագրություն ուղարկելը կամ առցանց հյուրանոցային սենյակ ամրագրելը:

Տեխնոլոգիայում որոշակի առաջընթաց կա՝ նման նոր իրականությունը հնարավոր դարձնելու համար, ինչի մասին է վկայում բջջային վճարման հավելվածների տարածումը: Սակայն ֆինանսական ծառայությունների փոխակերպումը կպահանջի բոլորովին նոր համակարգ, որը նման կլինի ինտերնետի ու սմարթֆոնների հայտնվելուց հետո հաղորդակցության ոլորտում առաջընթացին: Այսօրվա բջջային հեռախոսներն հզոր համակարգիչներ են, ուստի սխալ է դրանք առավելագույնս չօգտագործել: 

Այդ նպատակով մենք հիմնվել ենք տնտեսագիտության եւ տեխնոլոգիաների մեր համատեղ փորձի վրա՝ ապագա ֆինանսական ճարտարապետության նախագիծ առաջարկելու համար: Այն, ինչ մենք անվանում ենք «Ֆինտերնետ», բազմաթիվ ֆինանսական էկոհամակարգերի տեսլական է, որոնք կապվում են միմյանց հետ, ինչպես ինտերնետը, որպեսզի անհատներին եւ ձեռնարկություններին լիարժեք վերահսկողություն տան իրենց ֆինանսական կյանքի նկատմամբ: Մենք կանխատեսում ենք մի աշխարհ, որտեղ մարդիկ եւ ընկերությունները կարող են օգտագործել ցանկացած սարք՝ փոխանցելու ցանկացած ֆինանսական ակտիվ (անկախ գումարի չափից) աշխարհում ցանկացած որեւէ մեկին: Այս գործարքները կլինեն էժան, ապահով, գրեթե ակնթարթային ու բոլորին հասանելի:

Այս նոր համակարգը հատկապես կարեւոր կլինի նոր ու զարգացող տնտեսությունների համար, որտեղ կան ֆինանսական ծառայությունների հասանելիության հսկա բացեր՝ չնայած ներառումը խթանելու ջանքերին: Շատ ծառայություններ պարզապես անհասանելի են կամ լայնորեն մատչելի չեն, հատկապես հեռավոր վայրերում ապրող եւ ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար: Եվ նույնիսկ երբ մարդիկ օգտվում են ֆինանսական ծառայություններից, դրանց օգտագործումը հաճախ թանկ է ու դանդաղ:

Վերջին տարիների կարեւոր ձեռքբերումները ճանապարհ են հարթել Ֆինտերնետի համար: Օրինակներից մեկը «տոկենիզացիան» է, որի միջոցով թվային ակտիվները ներկայացնող «տոկենները» կարող են եզակի կերպով նույնականացնել սեփականության իրավունքը, ինչպես նաեւ կիրառելի կանոնները: Մյուսը ծրագրավորվող մատյաններն են՝ թվային հարթակները, որոնք համատեղում են ավանդական տվյալների շտեմարանների հաշվառման գործառույթները եւ դրանց թարմացման համար անհրաժեշտ կառավարման մեխանիզմները:



Ֆինանսական նորարարության արժեքը բացահայտելու եւ անխափան, փոխկապակցված ցանց ստեղծելու համար մենք պետք է համատեղենք այս բոլոր տարրերը եւ քանդենք ներկայիս ֆինանսական համակարգի պատնեշներն ու ամբարտակները: Մասնավորապես, տարբեր տոկենիզացված ակտիվների միավորումը միասնական ծրագրավորվող մատյանների մեջ կտրուկ կնվազեցնի հաղորդագրությունների երկարատեւ, քլիրինգային եւ հաշվարկային համակարգերի անհրաժեշտությունը, որոնք լրացուցիչ ծախսեր են ստեղծում, շատ ժամանակ պահանջում ու սահմանափակում վարկի եւ այլ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը:

Միասնական մատյանները նաեւ թույլ կտան օգտագործել «խելացի պայմանագրեր», որոնք կարող են առաջացնել գործողություն (օրինակ՝ տան սեփականության իրավունքի փոխանցում), եթե բավարարված են նախապես սահմանված պայմանները: Նրանք նույնիսկ կարող են միավորել մի քանի ավտոմատացված գործարքներ: Այսպես՝ գույքի փոխանցման դեպքում գնի վճարումը եւ փողերի լվացման ստուգումները կարող են տեղի ունենալ միաժամանակ եւ տեւել վայրկյաններ, այլ ոչ շաբաթներ: Ընդհանուր առմամբ, այս հաշվապահական հաշվառումը կհամապատասխանեն (հավանաբար նույնիսկ կգերազանցեն) այսօրվա կարգավորող եւ վերահսկիչ չափանիշները՝ միաժամանակ լինելով ավելի արագ, էժան եւ հուսալի, քան ներկայիս համակարգերը:

Բայց տեխնոլոգիան բավարար չէ։ Կենտրոնական բանկերը, որպես պետական փողի պահապաններ, մեծ դեր ունեն ֆինանսական նոր ճարտարապետության մեջ: Նրանց թողարկած փողը այն միջոցն է, որով ի վերջո կատարվում են բոլոր տնտեսական գործարքները: Ուրեմն այս փողի թվային ձեւն անհրաժեշտ հիմք է Ֆինտերնետի համար: Առեւտրային բանկերն էլ վճռորոշ դեր կխաղան սպառողների հետ փոխգործակցության մեջ, հատկապես՝ տրամադրելով տոկենիզացված բանկային ավանդներ, որոնք կյանք կհաղորդեն Ֆինտերնետի դրամավարկային համակարգին:

Ավելին, Ֆինտերնետի հիմքում պետք է լինի կայուն կարգավորող եւ վերահսկիչ կառույց: Երաշխիքները, ինչպիսիք են ավանդների ապահովագրությունը եւ ֆինանսական ծառայություններ մատուցողների հանրային վերահսկողությունը, պետք է պահպանվեն՝ հաճախորդներին պաշտպանելու եւ ապահովելու համար, որպեսզի փողն ունենա նույն արժեքը՝ անկախ նրանից՝ թողարկված է կենտրոնական բանկի, թե առեւտրային բանկի կողմից:

Նոր տեխնոլոգիաների օգտագործումը կարող է պարզեցնել ֆիզիկական ստուգումները, որոնք այժմ անհրաժեշտ են կանոններին ու կանոնակարգերին համապատասխանելու համար: Սա հնարավորություն կտա ստեղծել այնպիսի ծառայություններ, որոնք չէին կարող մշակվել համապատասխանության սահմանափակումների պատճառով, եւ ապահովել, որ Ֆինտերնետը չօգտագործեն չարագործները, որոնք փորձում են օգտվել սողանցքներից:



Ֆինտերնետը իրականություն դարձնելու համար տարիներ կպահանջվեն, բայց պետք է սկսել հիմա: Տեխնոլոգիան բավականաչափ հասունացել է, եւ, ամենակարեւորը, մենք դեռ սահամանափակված չենք կոշտ ինստիտուցիոնալ շրջանակներով կամ թակարդված չենք մենաշնորհների ստեղծած ծառայությունների «պարսպապատ այգիներում»: Սա բացառիկ հնարավորություն է՝ վերանախագծելու ֆինանսական համակարգի ճարտարապետությունը, եւ մենք պետք է մտածենք մասշտաբային ու ստեղծագործաբար՝ չկենտրոնանալով նեղ տեխնոլոգիաների վրա:

Մենք գիտենք, թե ուր պետք է գնանք: Նույնքան կարեւոր է, որ ունենք այնտեղ հասնելու գործիքներ: Այժմ համաշխարհային ֆինանսական համակարգին պարզապես անհրաժեշտ է «Նիլ Արմսթրոնգի պահը»՝ փոքր քայլ, որը հսկա թռիչք է մարդկության համար:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW