Թվայնացումը դառնալու է ՊԵԿ բարեփոխումների կարեւոր բաղադրիչը

15.08.2026 | 07:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է, որ «առաջիկայում թվայնացումը դառնալու է բոլոր բարեփոխումների իրականացման կարեւոր բաղադրիչը»։  


ՊԵԿ Թվայնացման խորհրդի հերթական նիստում Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ «hաջորդ տարվանից մեծ տեմպով մտնելու ենք մի շարք առանցքային նախաձեռնությունների եւ հեղափոխական փոփոխությունների իրագործման փուլ»:

Հարկային ոլորտում քննարկվել են ԱԲ գործիքների ներդրման ընթացքը,  Հարկային օրենսգրքի դրույթների կիրարկումն ապահովող թվայնացման ընթացիկ աշխատանքները։ 

Ներկայացվել է առցանց էլեկտրոնային ՀԴՄ-ի ներդրման ծրագրային միջավայրի բարելավման ընթացքը, քննարկվել են հարկային պարտավորությունների մարման վերաբերյալ հաշվետվությունների նոր համակարգի եւ հաշվարկային փաստաթղթերի նոր տեսակի մշակման ու նախագծման աշխատանքները։ Ներկայացվել է նաեւ դրոշմանիշային վճարների հաշվառման նոր համակարգը, որը գործում է նոր տրամաբանությամբ՝ ներառելով անհատական հաշվի քաղվածքի (ԱՀՔ) եւ հաշվարկների ներկայացման նոր ձեւաչափեր։ 

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Մասնավորապես, քննարկվել են հետբացթողումային հսկողության վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ «Հեռավար մաքսային մարմին» համակարգի ստեղծման գաղափարը, նպատակը եւ նախատեսվող գործառույթները։ Անդրադարձ է կատարվել նաեւ ցամաքային ավտոմոբիլային անցման կետերում մաքսային սպասարկման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներին։ Ներկայացվել է նաեւ «Մաքսային սպասարկում» նոր էլեկտրոնային համակարգի նախագիծը։ Համակարգի ներդրման արդյունքում նախատեսվում է թվայնացնել ՊԵԿ ներկայացվող դիմումների ընդունման եւ դրանց հիման վրա տրամադրվող որոշումների գործընթացները։ Դա կնպաստի մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանը, գործընթացների թափանցիկության բարձրացմանը եւ իրականացվող գործողությունների ամբողջական հետագծելիության ապահովմանը։ Նոր համակարգը նախատեսվում է հասանելի դարձնել ինչպես մաքսային մարմնի տարբեր ստորաբաժանումների, այնպես էլ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց եւ ֆիզիկական անձանց համար։
Դիտում՝ 2010

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW