Հայաստանում ֆինանսական ոլորտի աշխատակիցների համար մասնագիտական համապատասխանության, էթիկայի եւ վարքագծի պահանջները սահմանող մեկ միասնական կանոնագիրք չկա: Ադրբեջանում վերջերս ընդունվել էր ֆինանսական ոլորտի միասնական էթիկական եւ մասնագիտական վարքագծի կանոնագիրք եւ մեզ հետաքրրքեց՝ արդյո՞ք Հայաստանում նման կանոնագիրք կա:Կենտրոնական բանկից Banks.am-ին հայտնել են, որ Հայաստանի ֆինանսական ոլորտի աշխատակիցների նկատմամբ համապատասխան պահանջները սահմանվում են՝ հաշվի առնելով ֆինանսական գործունեության տեսակների բնույթը, դրանց բնորոշ ռիսկերը, մասնագիտական պարտականությունների շրջանակը եւ հաճախորդների կամ ներդրողների պաշտպանության առանձնահատկությունները։«ԿԲ-ի կողմից վերահսկվող կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ պահանջները սահմանվում են յուրաքանչյուր կազմակերպության համապատասխան ոլորտը կարգավորող օրենքներով, ինչպես նաեւ՝ մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման, ներքին հսկողության վերաբերյալ Կենտրոնական բանկի իրավական ակտերով։ Լուսանկարը՝ Կենտրոնական բանկ Մասնավորապես, ներքին հսկողության պահանջների շրջանակում բանկերը եւ ապահովագրական ընկերությունները պետք է ունենան աշխատանքային էթիկայի կանոններ եւ աշխատակիցների վարքագծի մոնիթորինգի իրականացման համապատասխան ընթացակարգեր, միեւնույն ժամանակ իրականացնեն բանկում էթիկական կորպորատիվ մշակույթի ձեւավորման խրախուսում:Բացի պարտադիր իրավական կարգավորումներից, առանձին ոլորտներում գործում են նաեւ համապատասխան վարքագծային փաստաթղթեր, ինչպիսիք են օրինակ՝ Հայաստանի բանկերի միության «Բանկային գործարար վարվելակերպի կանոնագիրքը», ինչպես նաեւ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի կողմից մշակված մասնագիտական վարքագծի կանոնները»,- տեղեկացրել են Կենտրոնական բանկում:Հայաստանի բանկերի միությունից էլ Banks.am-ին ասել են, որ «Բանկային գործարար վարվելակերպի կանոնագիրքն» անդրադառնում է հաճախորդների նկատմամբ արդար եւ բարեխիղճ վերաբերմունքին, տեղեկատվության թափանցիկությանը, հաճախորդների շահերի պաշտպանությանը, գաղտնիության պահպանմանը եւ մասնագիտական պատշաճ վարքագծին։ Լուսանկարը՝ Կենտրոնական բանկ «Բացի այդ, յուրաքանչյուր բանկ իր ներքին կառավարման համակարգի շրջանակում կիրառում է համապատասխան ներքին քաղաքականություններ եւ ընթացակարգեր՝ աշխատակիցների մասնագիտական վարքագծի, շահերի բախման կանխարգելման, գաղտնիության, համապատասխանության եւ այլ էթիկական հարցերի կարգավորման նպատակով»,- նշել են միությունում:ԿԲ-ից հայտնել են նաեւ, որ ամբողջ ֆինանսական համակարգի համար ներկայում միասնական էթիկական եւ մասնագիտական վարքագծի կանոնագրքի մշակման կամ ներդրման առանձին նախաձեռնություն չի իրականացվում։ «Նման նախաձեռնության նպատակահարմարությունը պետք է բխի գործող կարգավորումների արդյունավետության, հնարավոր կարգավորման բացերի եւ ընդհանուր սկզբունքների լրացուցիչ հստակեցման իրական անհրաժեշտությունից»,- նշել են ԿԲ-ում: Tweet Դիտում՝ 366