Գլոբալ հարկային բարեփոխումը արդար ԱԲ տնտեսության բանալին է

15.08.2026 | 00:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Զորկա Միլինը Ֆինանսական հաշվետվությունների եւ կորպորատիվ թափանցիկության (FACT) կոալիցիայի համանախագահն է:

Արհեստական բանականության (ԱԲ) սրընթաց զարգացումն ու դրա հետեւանքով առաջացած հանրային դժգոհությունը նոր հրատապություն են հաղորդել մի հին հարցի՝ ինչպե՞ս խթանել տեխնոլոգիական նորարարություններից բխող արդար տնտեսական աճը՝ միաժամանակ մեղմելով դրա բացասական սոցիալական եւ բնապահպանական հետեւանքները։ Թե՛ առանձին երկրներում, թե՛ ամբողջ աշխարհում պատասխանը սկսվում է կորպորատիվ հարկային քաղաքականությունից։ 

ԱԲ-ի վերաբերյալ մտահոգությունները պայմանավորված են ոչ թե դրա շուրջ փիլիսոփայական անհանգստությամբ, այլ հասարակության վրա հնարավոր ազդեցությամբ։ Ֆինանսական շահույթներն ավելի ու ավելի են կենտրոնանում մի քանի ընկերությունների եւ դրանց բաժնետերերի ձեռքում, մինչդեռ ծախսերը՝ աշխատատեղերի կորստից մինչեւ էներգիայի գների աճ, կրում են բոլորը։ Ժողովրդավարական հասարակություններում հարկումն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով մասնավոր շահույթը վերածվում է հանրային օգուտի։ Երբ այդ մեխանիզմը խափանվում է, հանրային դժգոհությունն անխուսափելի է։

Բաշխման արդարության հարցը նույնքան կարեւոր է նաեւ համաշխարհային մակարդակում: Մինչ Գլոբալ Հյուսիսի երկրները մտահոգված են արհեստական բանականության դեմ հանրային զգալի դիմադրությամբ, Գլոբալ Հարավի երկրներն օգնության կտրուկ կրճատումների պայմաններում բախվում են բազմազգ կորպորացիաներից, հատկապես տեխնոլոգիական ընկերություններից, ներքին հարկային եկամուտներ ապահովելու հրատապ անհրաժեշտությանը։ Այս խնդիրները բխում են նույն աղբյուրից. երբ ընկերությունները շահույթները տեղափոխում են այն երկրներից, որտեղ դրանք ստեղծվել են, դեպի հարկային դրախտներ, դա նվազեցնում է բոլոր կառավարությունների պետական եկամուտները։


Գլոբալ տնտեսության թվայնացումը ցույց է տվել, որ միջազգային հարկային համակարգը բավարար չափով չի համապատասխանում թվայնացված համաշխարհային տնտեսության պայմաններին: Սակայն ստատուս քվոն կոտրելու անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել: ԱԲ-ն էապես արագացրել է հարկման ենթակա արժեքի՝ կորպորացիաների ֆիզիկական ներկայությունից տարանջատվելու միտումը, ինչը երկար ժամանակ համարվել է երկրի՝ հարկման իրավունք ունենալու նախապայմանը։ ԱԲ համակարգերի ուսուցման տվյալները, հաշվողական ռեսուրսները եւ մտավոր սեփականությունը կարող են բաշխված լինել տարբեր երկրներում՝ աշխատողների կամ օգտագործողների գտնվելու վայրից հեռու, ինչն ավելի է սրում քննարկումներն այն մասին, թե իրականում որտեղ է ստեղծվում արժեքը։

ԱՄՆ-ում գործող բազմազգ տեխնոլոգիական հսկաները, որոնցից մի քանիսը կարող են մեծ շահույթներ ստանալ ԱԲ հեղափոխությունից, ձեւավորել են մի գործելակերպ, որին կարող են հետեւել OpenAI-ի եւ Anthropic-ի նման ընկերությունները: Քանի որ դրանց շահույթը հիմնականում ստեղծվում է ոչ նյութական ակտիվների, օրինակ՝ ծրագրային ապահովման հաշվին, ընկերությունները կարող են այդ շահույթները տեղափոխել հարկային դրախտներ՝ օգտվելով տասնամյակներ առաջ ձեւավորված հարկային կանոնների բացերից եւ հարկերը հասցնելով ծայրահեղ ցածր մակարդակի։ Զարմանալի չէ, որ այդքան շատ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ հայտնվել են հարկային վեճերի կենտրոնում։


Օրինակ՝ 2013թ. ԱՄՆ Սենատի, իսկ այնուհետեւ՝ 2016թ. Եվրոպական հանձնաժողովի հետաքննությունները բացահայտեցին, որ Apple-ը միլիարդավոր դոլարների իր համաշխարհային եկամուտների զգալի մասը տեղափոխել էր իր իռլանդական դուստր ձեռնարկություններին, որոնք այնուհետեւ Apple-ի՝ Եվրոպայում ստացած շահույթի համար վճարում էին ընդամենը 0.005% հարկ։ Այս աղմկահարույց դեպքը գագաթնակետին հասավ, երբ Եվրամիությունը Apple-ին կարգադրեց Իռլանդիային վճարել ապշեցուցիչ 13 միլիարդ եվրո (15 միլիարդ դոլար)՝ որպես նախկինում չվճարված հարկեր, եւ խթանեց Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD/ՏՀԶԿ) շրջանակում միջազգային հարկային համակարգի լայնածավալ բարեփոխումը։

Թվային ընկերությունների շահույթը հարկելու անկարողությունը պահանջում է միջազգային հարկային համակարգի հիմնովին վերանայում։ Քաղաքականություն մշակողները փորձել են կանգնեցնել հարկային դրույքաչափերի նվազման համաշխարհային մրցավազքը՝ նվազագույն հարկեր սահմանելով ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակներում։ 2022թ.Միացյալ Նահանգները սահմանեցին այլընտրանքային կորպորատիվ նվազագույն հարկ, որը, սակայն, հետագայում մեղմացվեց։ Նույնը վերաբերում է նաեւ ՏՀԶԿ/G20-ի՝ Հարկման բազայի քայքայումը եւ շահույթի տեղափոխումը կանխելու ներառական հարթակի (BEPS) ներքո ընդունված համաշխարհային նվազագույն կորպորատիվ հարկին, որի շրջանակում գխավոր գրասենյակներից դեպի շուկայի երկրներ հարկման իրավունքների պլանավորված վերաբաշխումը կանգ է առել։

Հարկային արդարության հարցերով զբաղվող կազմակերպությունները քննադատել են Apple-ի գործով դատարանի որոշումը եւ ՏՀԶԿ-ի բարեփոխումները՝ զարգացող երկրների շահերը հաշվի չառնելու համար: Ավելի արդար եւ կանխատեսելի համակարգ ստեղծելու նպատակով աֆրիկյան կառավարություններն առաջարկել են ՄԱԿ-ի հովանու ներքո ընդունել Միջազգային հարկային համագործակցության շրջանակային կոնվենցիա, որի շուրջ բանակցությունները ներկայումս ընթանում են Նյու Յորքում:


Ի վերջո, աշխարհին անհրաժեշտ է ամուր եւ կայուն բազմակողմանի հարկային համակարգ (լինի դա ՄԱԿ-ի, ՏՀԶԿ-ի, թե այլ հարթակի շրջանակում), որը հնարավորություն կտա հարկել ԱԲ-ով պայմանավորված տնտեսական գործունեությունից ստեղծվող արժեքը հենց այնտեղ, որտեղ այն ստեղծվում է։ Սակայն գլոբալ նվազագույն կորպորատիվ հարկը եւ հարկման իրավունքների վերաբաշխումը, թեեւ երկուսն էլ անհրաժեշտ են, կարճաժամկետ հեռանկարում չեն օգնի կառավարություններին հարկել ԱԲ ընկերություններին, քանի որ դրանցից շատերը դեռեւս հարկվող շահույթ չեն ստանում: Ահա թե ինչու գնալով ավելի շատ երկրներ այլեւս չեն սահմանափակվում զուտ շահույթի հարկմամբ եւ համախառն եկամուտների նկատմամբ ներդնում են թվային ծառայությունների հարկեր (DTS)։

Ավելի քան 20 երկրներ քննարկում են, կամ արդեն իսկ ներդրել են թվային ծառայությունների հարկերը, ինչի հետեւանքով ԱՄՆ-ը սպառնում է պատասխան մաքսատուրքեր սահմանել: Ավելին, նման հարկերի տարբեր տեսակներ արդեն գործում են կամ առաջարկվել են ԱՄՆ-ի մի քանի նահանգներում: Այս բոլոր դեպքերում քաղաքականության մշակողները գիտակցում են, որ թվային ծառայությունների հարկերը արժեքավոր գործիք են՝ հարկման հետ կապված ճնշումը մեղմելու համար ինչպես համաշխարհային, այնպես էլ ենթաազգային մակարդակներում։

Թեեւ թվային ծառայությունների հարկերը հնացած համաշխարհային հարկային համակարգի բարեփոխման երկարաժամկետ փոխարինող չեն հանդիսանում, դրանք առնվազն ժամանակավոր միջոց են։ Դրանք գործնականում ապացուցում են այս մոտեցման կենսունակությունը՝ սովորական դարձնելով նախկինում արմատական համարվող այն գաղափարը, որ հարկման իրավունքները պետք է համապատասխանեն օգտատերերի գտնվելու վայրին, այլ ոչ թե միայն այն տեղին, որտեղ ընկերությունները որոշում են գրանցվել կամ խաղալ հաշվապահական խաղեր։ Թվային ծառայությունների հարկերը գուցե վերջնական լուծում չեն, բայց դրանք կարեւոր եւ անհրաժեշտ առաջին քայլն են դեպի ավելի արդար միջազգային հարկային կարգ։ 


Անհեռատես քաղաքական գործիչներն ու փորձագետները, ովքեր պնդում են, որ պետք է պաշտպանել ստատուս քվոն, քննադատության են ենթարկել թվային ծառայությունների հարկերը, ինչպես նաեւ ավելի լայն բազմակողմանի հարկային բարեփոխումները։ Սակայն նրանք չեն գիտակցում, որ ստատուս քվոյի պահպանումը հարկաբյուջետային եւ քաղաքական առումներով այլեւս կենսունակ չէ։ Այդպես էր դեռեւս մինչեւ ԱԲ-ի ի հայտ գալը, սակայն տեխնոլոգիայի տարածման հետ մեկտեղ այդ խնդիրը դարձել է առավել ակնհայտ։ 

Եթե ԱԲ-ով պայմանավորված շահույթները հարկվեն նույն անհամաչափ գլոբալ հարկային համակարգի ներքո, որը թույլ է տվել թվային գործունեությունը հարկել անհրաժեշտից ցածր մակարդակով, մեծ է հավանականությունը, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների արդեն իսկ մեծ ազդեցությունն էլ ավելի կաճի։ Կա նաեւ վտանգ, որ ԱԲ-ի նկատմամբ դիմադրությունը կվերաճի լեգիտիմության ճգնաժամի, ինչը նշանակում է, որ հասարակությունը կարող է զրկվել դրա հնարավոր օգուտներից։ Կորպորատիվ հարկային քաղաքականությունն այն մարտադաշտն է, որտեղ կորոշվի՝ հանրության վստահությունն այս նոր տեխնոլոգիայի եւ մեր կառավարման ինստիտուտների նկատմամբ կամրապնդվի, թե կխաթարվի։

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի


Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       


Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 5445

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW