Վարազդատ Ներսիսյան. Green Rock Management Group-ը հավատարիմ է ESG-ի պրակտիկայի առաջխաղացմանը

29.02.2024 | 22:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Green Rock Management Group ընկերության տնօրեն Վարազդատ Ներսիսյանի հարցազրույցը Banks.am-ին:

- Պարոն Ներսիսյան, ինչ սպասելիքներ ունեք մարտի 6-ին կայանալիք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսից, որի գործընկեր է հանդիսանում Green Rock Management Group-ը:

- Նախ եւ առաջ ցանկանում եմ ողջունել կոնֆերանսի կազմակերպիչների մտահաղացումը։ Վստահ եմ, որ կոնֆերանսը անգնահատելի հնարավորություն է ընկերությունների համար՝ ունենալու արդյունավետ քննարկումներ ոլորտի առաջատարների հետ եւ ուսումնասիրելու նորարարական մոտեցումները կայուն զարգացման եւ բնապահպանական բարդ մարտահրավերներում լուծումներ գտնելու համար։

Համաժողովը խոստանում է դառնալ կարեւոր հարթակ, որը թույլ կտա կապեր հաստատել համախոհ մասնագետների, պոտենցիալ գործընկերների եւ կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

Հատկապես կարեւորում եմ Do Something-ի համահիմնադիր եւ նախագահ Ջոն Դիի նեգրավվածությունը նախագծին: Նրա Sustainable Growth: Small Business, Big Opportunities աշխատանքն առանձնահատուկ եմ հավանում, այն հրաշալի ձեռնարկ կարող ենք համարել փոքր եւ միջին բիզնեսների համար:

- Հայաստանում ESG-ն ավելի շատ ցանկություն է, թե՞ արդեն իրականություն:

- Հայաստանում բնապահպանական, սոցիալական եւ կառավարման պրակտիկան դեռ լիարժեք իրականություն չէ, բայց Հայաստանը լավ դիրքերում է ոչ միայն իր տնտեսական եւ սոցիալական միջավայրում ESG  սկզբունքները որդեգրելու, այլեւ դրանք հաջողությամբ ներդնելու համար:

Հայաստանում վերջին քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին կառավարության ստանձնած պարտավորությունները ամուր հիմք են ստեղծում ESG-ի սկզբունքների ներդրման համար։

«Կայունություն եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» Robust Armenia համաժողովը, օրինակ, եւս վկայում է մեր երկրի կողմից գլոբալ առաջնահերթությունները տեղական իրողություններին համադրելու կարեւորության գիտակցման մասին:

Վստահ եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերով Հայաստանը կարող է կառուցել կայուն ապագա, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին ու տեղական կարիքներին: Որպես սոցիալական պատասխանատու բիզնես՝ Green Rock Management Group-ը հավատարիմ է ESG-ի պրակտիկայի առաջխաղացմանը: Շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության եւ էթիկական կառավարման մեր հանձնառությունն արտացոլված է մեր բիզնես պրակտիկայի մեջ: Մենք գիտակցում ենք, որ ESG-ի սկզբունքների ինտեգրումը բիզնեսի երկարաժամկետ հաջողության գրավականն է եւ նպաստում է Հայաստանի կայուն զարգացմանը:

- Հայաստանյան ընկերությունները կարո՞ղ են սեփական չափանիշներ սահմանել:

- Բիզնեսում հավասարակշռված եւ պատասխանատու էկոհամակարգ ստեղծելու համար ընկերություններն ինքնուրույն են ձգտում սոցիալական պատասխանատվության, իսկ պետությունը կարգավորող եւ աջակցող ինստիտուտի դերում է: Եվ այո, հայկական ընկերությունները հնարավորություն ունեն սահմանել իրենց չափանիշներն ու կամավոր պատասխանատվություն ստանձնել սոցիալական, բնապահպանական եւ կորպորատիվ պատասխանատվության ոլորտում։

Մեր ընկերությունը եւս կարող է օրինակ հանդիսանալ այս հարցում։ Կարեւորելով շրջակա միջավայրի պահպանությունը մեր բոլոր նախագծերից մեկական աշխատակից այս պահին անցնում են EDGE սերտիֆիկացում։

EDGE-ը զարգացող շուկաներում կանաչ շենքերի հավաստագրման համակարգ է, որը հիմնականում ուղղված է օգնելու կառուցապատողներին եւ ներդրողներին որոշել էներգիայի, ջրի եւ նյութերի կրճատմամբ շենքերի նախագծման ամենաարդյունավետ եղանակները: Այն օգնում է չափել եւ հավաստել շենքերի բնապահպանական արդյունավետությունը՝ շեշտը դնելով էներգախնայողության եւ ռեսուրսների արդյունավետության վրա: EDGE-ը գլոբալ ճանաչված սերտիֆիկացման համակարգ է, եւ դրա իրականացմանն աջակցում են աշխարհի տարբեր կազմակերպություններ եւ կառավարություններ։

Սա մեզ հնարավորություն կտա իրականացնել ներքին աուդիտ՝ օպտիմալացնելով մեր շինարարական գործընթացները եւ՛ արդյունավետության, եւ՛ շրջակա միջավայրի պահպանման համար:

Սակայն կայունությունը միայն շենքերի ու շինությունների մասին չէ։

Կարեւոր մաս է կազմում նաեւ տրանսպորտը: Հայաստանի քաղաքների օդի աղտոտվածության հիմնական պատճառը տրանսպորտի արտանետումներ են: ՀՀ տարեկան արտանետումը 2022 թվականին կազմում է 6,41 միլիոն տոննա, ինչը կազմում է CO2 համաշխարհային արտանետումների 0,02-ը։ Այս խնդրի լուծմանը մասամբ նպաստելու ցանկությամբ՝ մենք Դիլիջանի համար, որտեղ կենտրոնացած են մեր հիմնական ներդրումները, գնել ենք Toyota Corolla Hybrid 2023 մեքենաներ, որոնք շահագործվելու են որպես տաքսիներ:

Հիբրիդային մեքենաներն աշխատում են էներգիայի երկու ձեւով՝ էլեկտրական եւ ջերմային:

50 կմ/ժ-ից ցածր արագության դեպքում համակարգը անջատում է մեքենայի ջերմային շարժիչը՝ էլեկտրական շարժիչը գործարկելու համար, ինչը թույլ է տալիս ավելի քիչ CO2 արտանետել:

- Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածի համար նախատեսված O4 Green Urban Hub նախագծի շուրջ ակտիվ քննարկումներ ծավալվեցին: Քանի որ ձեր ընկերության հայտարարված սկզբունքներից է համայնքների կարիքներից ելնելը, կարո՞ղ ենք ակնկալել, որ ընկերությունը պատրաստ կլինի հանրային քննարկումներ ծավալել նախագծի շուրջ եւ լավ նախադեպ կստեղծի։

- Անդրադառնալով Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ հարկ եմ համարում նշել, որպես համայնքի ներգրավվածության մեր շարունակական հանձնառության մաս՝ մեր կողմից արդեն իսկ իրականացվել է քաղաքացիների ցանկությունների առաջնային ուսումնասիրություն, եւ մինչ վերջնական նախագիծ ունենալը մենք պատրաստվում ենք կազմակերպել հանրային քննարկումներ՝ հավաքագրելու հանրության պատկերացումները տարածքի մասին եւ առանձնացնելու այգու վերականգնման համար առավել ցանկալի տարբերակները:

Կարեւոր է նշել, որ O4 Green Urban Hub նախագծի իրականացումը դեռ քննարկման փուլում է Երեւանի քաղաքապետարանի հետ, եւ պաշտոնական համաձայնություն դեռեւս ձեռք չի բերվել։ Այնուամենայնիվ, երբ վերջնական համաձայնություն ձեռք բերվի, մենք կփորձենք ապահովել համայնքի ներգրավվածությունը այս նախագծի բոլոր փուլերում:

Մենք համոզված ենք, որ համայնքի հետ բաց եւ թափանցիկ հաղորդակցությունը վճռորոշ է ցանկացած նախագծի հաջողության համար: Green Rock Management Group-ը լիովին հանձնառու է պահպանել այս սկզբունքը եւ ստեղծել այնպիսի նախագծեր, որոնք ոչ միայն կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, այլեւ կծառայեն համայնքների կարիքներին եւ ցանկություններին։

«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը կայանալու է 2024թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով կամ գրեք news@mediamax.am հասցեին:

Կոնֆերանսի ծրագիրը հասանելի է այստեղ. https://banks.am/am/news/newsfeed/27298:

Դիտում՝ 13380
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW