Համաշխարհային տնտեսություն. այսօրվա լավատեսները կարող են խիստ հիասթափություն ապրել

27.01.2024 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Քեմբրիջի համալսարանի «Քուինս քոլեջ»-ի նախագահ Մոհամեդ Ա. Էլ-Էրիանի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Վարքային տնտեսագետները տարածել են «նորության էֆեկտ» եզրույթը, որը նկարագրում է, թե որքան անհամաչափ են մեզ վրա ազդում վերջին իրադարձությունները՝ համեմատած ավելի վաղ տեղի ունեցածի հետ: Կարո՞ղ է այս կոգնիտիվ երեւույթը բացատրել, թե ինչու են բազմաթիվ վերլուծաբաններ լավատեսական կանխատեսումներ անում 2024 թվականի համաշխարհային տնտեսության համար: Թե՞ իրոք կան դրական միտումներ, որոնք հակակշռում են համաշխարհային աճի ակնհայտ եւ աճող մարտահրավերները:

Financial Times-ի վերջին խմբագրականներից մեկում արտացոլվել է գերակշռող լավատեսությունը, որ «2023-ի կայուն ցուցանիշները հույս են տալիս, որ հաջորդ տարի իրականությունը նույնպես սպասվածից ավելի լավը կլինի»: Միտումները, որոնք նպաստեցին համաշխարհային տնտեսության անսպասելի ճկունությանը 2023-ին, «բազում պատճառներ են տալիս լավատես լինելու նաեւ 2024-ի նկատմամբ»:

Այս դրական տրամադրությունը տարածվեց ֆինանսական շուկաներում: Աճող թվով մեկնաբաններ կանխատեսում են, որ ֆոնդային շուկաները տարին կավարտեն է՛լ ավելի բարձր մակարդակով, քան 2023-ը:

Այսօրվա լավատեսական տրամադրությունները կտրուկ տարբերվում են 2023-ի նախաշեմին գերիշխող մռայլ կանխատեսումներից, երբ Bloomberg Economics-ը պնդում էր, որ 100% հավանականությամբ Միացյալ Նահանգները տնտեսական անկում են ապրելու: Այս լավատեսությունը հակասում է նաեւ մի շարք տնտեսական, ֆինանսական, աշխարհաքաղաքական եւ քաղաքական զարգացումներին: Հատկանշական է, որ այն, ըստ երեւույթին, հիմնականում պայմանավորված է մեկ գործոնով. կենտրոնական բանկերը ագրեսիվորեն նվազեցնում են տոկոսադրույքները՝ ԱՄՆ-ի տնտեսության համար ամենից մեղմ տնտեսական սցենարի պայմաններում:

Անշուշտ, կենտրոնական բանկերը հսկայական ազդեցություն ունեն ֆինանսական շուկայի տրամադրությունների վրա: 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր կենտրոնական բանկերը դարձան աշխարհի առաջատար քաղաքականություն մշակողները՝ նվազագույնի հասցնելով տոկոսադրույքները, հեղեղելով տնտեսությունները իրացվելիությամբ, հսկայական եկամուտներ ստեղծելով գրեթե բոլոր տիպի ակտիվներում եւ նպաստելով հարստության վերաբաշխմանը, որը հիմնականում ձեռնտու էր ամենահարուստներին: Սակայն այս միտումը փոխվեց 2022-ին, երբ կենտրոնական բանկերը՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի գլխավորությամբ, ուշացումով արձագանքեցին աճող գնաճին եւ սկսեցին տոկոսադրույքների բարձրացման ամենաագրեսիվ ցիկլերից մեկը: Թե՛ բարձր ռիսկային, թե՛ ցածր ռիսկային ակտիվների հետագա կորուստները, թվում էր, շարունակվելու են մինչեւ 2023 թվականը, մինչեւ համատեղ կանխատեսումները փոխվեցին դեպի տոկոսադրույքների զգալի կրճատում, եւ վերսկսվեց ԴՊՀ-ի միջամտման մասին խոսակցությունը:

Մոհամեդ Ա. Էլ-Էրիանը

Թեեւ կենտրոնական բանկերը զգալի ազդեցություն են ունեցել շուկայի վստահելիության վրա, դրանց ազդեցությունը իրական տնտեսական արդյունքների վրա սահմանափակ էր: 2010-ականներին նրանց ծայրահեղ «աղավնային» քաղաքականությունը փրկեց համաշխարհային տնտեսությունը խորտակվելուց, սակայն ընդհանուր տնտեսական աճը մնաց չափազանց ցածր, անհավասար եւ կլիմայական իրողություններից կտրված: Ակնկալվում էր, որ 2022-ի անցումը ավելի խիստ դրամավարկային քաղաքականության կհանգեցնի գործազրկության աճին եւ դանդաղ տնտեսական աճին. փոխարենը, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 2023-ին զարմանալիորեն ցածր էր՝ 3,7%, իսկ երրորդ եռամսյակում տարեկան աճը արագացավ եւ հասավ 4,9%-ի։

Այս զարգացումները ցույց են տալիս, որ միայն կենտրոնական բանկի քաղաքականությունը (ներդրողները ներկայումս ակնկալում են, որ ԴՊՀ-ն կնվազեցնի տոկոսադրույքները մոտ 1,5 տոկոսային կետով) կարող է բավարար չլինել աճի անհրաժեշտ թափ ստեղծելու համար՝ դիմակայելու համաշխարհային տնտեսության հանդիպական քամիներին:

Իրականում դժվար կլինի գտնել համակարգային մեծ տնտեսություն, որը 2024-ին արագ աճ կունենա: Քանի որ Չինաստանը դեռեւս քարշ է տալիս նվազող եկամտաբերություն բերող տնտեսական մոդելը, իշխանությունները խոստովանել են, որ աճի տեմպերը սահմանափակված են ներքին անարդյունավետությամբ, ավելորդ պարտքի օջախներով: Եվրոպան, իր հերթին, դժվար թե կրկնի անցյալ տարվա անսպասելիորեն լավ ցուցանիշները, հատկապես հաշվի առնելով համաշխարհային արտադրության դանդաղումը եւ Գերմանիայի տնտեսական լճացումը:

Մեկնաբանները կրկին հույսը են դնում ԱՄՆ տնտեսական բացառիկության վրա: Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը փոխվել է: Համաճարակից հետո տնային տնտեսությունների ցածր խնայողությունները եւ ավելի մեծ պարտքը խոչընդոտում են Ամերիկայի զարմանալիորեն ճկուն եւ դիմացկուն տնտեսությանը: Ավելին, տոկոսադրույքների վերջին բարձրացումները, հավանաբար, կշարունակեն կաշկանդել տնային տնտեսությունների նոր հիփոթեքային վարկերը, կաշկանդել ընկերություններին, որոնք հաղթահարում են 2025-ին մարվող կորպորատիվ պարտքերի սարերը, կաշկանդել մեծ պարտքեր ունեցող ոչ բանկային հաստատություններին, որոնք զբաղված են իրենց կորուստներով:

Մոհամեդ Ա. Էլ-Էրիանը

Ներկայիս աշխարհաքաղաքական մթնոլորտը նույնպես չի նպաստում առողջ աճին: Իսրայելի դեմ հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի դաժան հարձակման ավերիչ հետեւանքը (Իսրայելը ավերել է Գազայի հատվածի մեծ մասը եւ սպանել ավելի քան 23,000 պաղեստինցի, հիմնականում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ հազարավոր կանանց ու երեխաների) ճգնաժամը զսպելու քիչ հույս է թողնում: Իսրայելն ու Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահը» կարծես պատրաստվում են ավելի մեծ ռազմական գործողությունների, իսկ Եմենի հութիների հարձակումները Կարմիր ծովում առեւտրային նավերի վրա արդեն խաթարում են համաշխարհային առեւտուրը եւ նորացնում է ստագֆլյացիոն ճնշումը համաշխարհային տնտեսության վրա:

Մերձավոր Արեւելքի սահմաններից դուրս՝ արեւմտյան ժողովրդավարություններն ու բազում զարգացող երկրներ 2024-ին կարեւոր ընտրություններ են ունենալու:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ 2024-ին համաշխարհային կայուն աճի հնարավորությունները այնքան էլ մեծ չեն թվում: Այնուամենայնիվ, երկու ճանապարհ կա՝ փխրուն տնտեսական եւ աշխարհաքաղաքական միջավայրը մեղմելու համար։ Նախ՝ քաղաքականություն մշակողները պետք է տնտեսական քաղաքականության մեջ հիմնավոր բարելավումներ ձեռնարկեն՝ կենտրոնանալով կառուցվածքային բարեփոխումների վրա, որոնք ուղղված են ապագայի տնտեսական աճի եւ արտադրողականության շարժիչների մշակմանը: Երկրորդը՝ միջազգային հանրությունը պետք է վերջ տա Մերձավոր Արեւելքի վայրագություններին, քանի դեռ այդ հակամարտությունն է՛լ ավելի չի տարածվել տարածաշրջանում եւ աշխարհաքաղաքական վայրիվերումներ առաջացրել դրա սահմաններից դուրս: Առանց այդ միջամտությունների այսօրվա լավատեսները մինչեւ տարեվերջ խիստ հիասթափություն կապրեն:


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2023.

www.project-syndicate.org
Դիտում՝ 2706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai