Ովքեր եւ ինչպես 2025-ին պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

15.01.2025 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հայտարարագիր
2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հայտարարագրերը ներկայացվում են մինչեւ 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների նոր խմբեր․

1.    2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
2.    2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
3.     2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական եւ համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
4.    2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
5.    «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
6.    2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ եւ ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն եւ 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ եւ ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):

Ինչպես ներկայացնել հայտարարագիր

Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով:

Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:

Այս համակարգից օգտվելու եւ հայտարարագիր ներկայացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում եւ էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը եւ դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Բջջային հեռախոսի միջոցով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետեւյալ քայլերը․

1.    Ունենալ նույնականացման քարտ (ID Card), չունենալու դեպքում ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
2.    Նույնականացման քարտով եւ բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
3.    Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ եւ Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
4.    Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաեւ ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականացում ձեռք բերելու համար պետք է․

1.    Ունենալ մինչեւ 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN եւ PUK ծածկագրեր։
2.    Ունենալ նաեւ նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաեւ ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader):
3.    Այցելել www.ekeng.am կայք եւ հետեւելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը եւ ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Կարեւոր է իմանալ, որ նշված տարբերակներից որեւէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման եւ էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որեւէ գործողություն չի պահանջվում:
Դիտում՝ 7810
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW