ՊԵԿ. Մինչեւ 300 հազար դրամ անկանխիկ գործարքները հայտարարագրման ենթակա չեն

22.01.2025 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հայտարարագիր #նվիրատվություն
Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված եկամուտները։ Եթե բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

«Եթե 2024-ին Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը եւս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն»,- պարզաբանել են ՊԵԿ-ում:

Նշվում է, որ սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ եւ հակառակը փոխանցումները չեն համարվում եկամուտներ եւ չեն ներառվում եկամուտների հայտարարագրում։ Նաեւ եթե Ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել եք փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ եւ չպետք է ներառել հայտարարագրում։  

 Ինչ վերաբերում է ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից եւ բաժնետոմսից ստացված եկամուտներին, ապա դրանցից ստացված եկամուտները պետք է ներառել հայտարարագրում։  

 «Եթե 2024-ին որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով, ապա այդ եկամուտները ենթական են հայտարարագրման, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

Տարբեր առիթների կապակցությամբ ֆիզիկական անձանցից ստացված դրամական տեսքով նվերների վերաբերյալ տեղեկատվությունը եւս պետք է ներառել հայտարարագրում, դրանք հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել՝ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից»,- ասվում է ՊԵԿ պարզաբանման մեջ:
 
Եթե որեւէ մեկին տվել եք պարտքով գումար, վերադարձվող գումարը չի համարվում եկամուտ եւ ենթակա չէ հայտարարագրման։ Նույնը վերաբերում է նաեւ տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողություններին, դրանք ենթակա չեն հայտարարագրման (խնայողությունը տվյալ տարվա համար չի համարվում ստացված եկամուտ)։  

Մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024-ի հայտարարագրերը ներկայացվում են մինչեւ 2025-ի մայիսի 1-ը ներառյալ։
Դիտում՝ 2307
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW