Նոր ուսուցիչները, նոր անտառները եւ «մի դրամով» փոփոխության գաղափարը

11.11.2023 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Իդրամի եւ IDBank-ի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը գործունեության երեք տարվա ընթացքում աջակցել է հասարակական նշանակություն ունեցող 22 նախաձեռնության՝ տրամադրելով ավելի քան 145 մլն դրամ։

Կրթություն, առողջապահություն, պաշտպանություն եւ բնապահպանություն. սրանք այն ոլորտներն են, որոնց աջակցելն առաջնահերթություն է «Մի դրամի ուժի» համար:

Banks.am-ի հետ զրույցում նախաձեռնության շահառուներից «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունն ու «Դասավանդի'ր, Հայաստան»-ը պատմել են իրենց գործունեության մասին, կիսվել IDBank-ի ու Իդրամի հետ համագործակցության փորձով։

Կարդացեք նաեւ.

Մեկ մարդը, մեկ ճիշտ որոշումն ու «մի դրամը», որ կյանքեր են փոխում

«Մի դրամի ուժը». Փոքր ներդրում, որ մեծ հարցեր է լուծում

«Մի դրամի ուժը» ֆինանսական աջակցությունից բացի, փոխում է մարդկանց մտածողությունը

***

«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպություն

Լիլիթ Մարտիրոսյան, կազմակերպության փոխտնօրեն

«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունը հիմնադրվել է 2019թ.-ին՝ բելգիահայ գործարար, ձեռներեց եւ բարերար Անտրէ Գումուշճեանի կողմից: Կազմակերպության նպատակն է ավելացնել Հայաստանի անտառային տարածքները, վերականգնել վնասված ու ոչնչացող անտառները:

Լիլիթ Մարտիրոսյանը

Անտառապատումը միանգամից մի քանի հարցի լուծում է առաջարկում՝ պայքարում է հողի էրոզիայի դեմ, նպաստում ջրային ռեսուրսների եւ կենսաբազմազանության պահպանմանը: Բացի այդ, անտառի տնկումը ենթադրում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծում՝ հատկապես հեռավոր եւ խոցելի համայնքներում: Մեր կազմակերպությունն աշխատում է լեռնային, բարձրլեռնային գոտիներում եւ տեղում ունենում է բազմաթիվ աշխատակիցների կարիք: Օրինակ՝ այժմ էլ անտառտնկման սեզոն է եւ այս աշխատանքներում ներգրավված է 240 մարդ՝ բոլորը տեղի համայնքներից:

Աշխատում ենք հիմնականում Լոռու մարզում, անտառի վերականգնման որոշակի աշխատանք ենք կատարել նաեւ «Դիլիջան» ազգային պարկում: «Իմ անտառ Հայաստանն» իրականացնում է անտառապատման ամբողջ շղթան՝ տնկիների արտադրությունից մինչեւ տնկված անտառի մոնիթորինգ:


Աշխատանքը սկսվում է սերմից, որը բերում ենք բնական անտառներից, աճեցնում, տնկի դարձնում մեր ջերմատներում եւ տնկարաններում: Աշխատում ենք բացառապես տեղական 15-ից ավելի ծառատեսակների հետ: Արդեն 400 հեկտարից ավելի անտառներ ենք տնկել եւ այսպիսի մեծամասշտաբ աշխատանքի դեպքում շատ կարեւոր է չվնասել բնությանը: Օտար երկրից բերվող ծառատեսակները կարող են վտանգավոր լինել, խախտել տեղի էկոհամակարգը: Քանի որ մեր նպատակն է բնականին հնարավորինս մոտ անտառ ստանալ, տնկում ենք խառը տեղական ծառատեսակներ, որոնք հետագայում լրացվում են նաեւ թփերով:


Առաջին տնկման սեզոնը եղել է 2020թ. աշնանը, մինչ այդ տնկարանների ստեղծման, տնկիների ստացման աշխատանքներն էին: Այդ շրջանից առ այսօր «Իմ անտառ Հայաստանն» ավելի քան 1,4 մլն ծառ է տնկել ու այս թիվն անընդհատ աճում է, քանի որ, ինչպես ասացի, հիմա էլ անտառտնկման սեզոն է: Տնկելուն պարտադիր հետեւում են խնամքի աշխատանքները, մի քանի տարի շարունակ կատարվում է մոնիթորինգ:

Մարդը, որ հասկացել է կյանքի իմաստը

Անտառ ստեղծելու մեջ մի հետաքրքիր զգացում կա: Մարդու եւ անտառի կյանքի մասշտաբները շատ տարբեր են, որպեսզի մեր տնկած ծառերը մի քիչ նմանվեն անտառի, առնվազն 20 տարի է պետք: Վերջերս մի միտք եմ կարդացել՝ «մարդը, որ ծառ է տնկում, իմանալով, որ դրա ստվերում չի նստելու, վերջապես հասկացել է կյանքի իմաստը»: Այսօր Հայաստանի անտառների 10%-ը տնկված է, 36 հազար հեկտար անտառ ունենք, որը տնկել են մեր նախորդ սերունդները: Հիմա մենք ենք նստում այդ ծառերի ստվերում:


Բնապահպանության, կլիմայի փոփոխության խնդիրներն այսօր, ցավոք, երբեմն ստորադասվում են, բայց հարցը չափազանց կարեւոր է: Կլիմայի փոփոխությունը հենց այն է, ինչ տեսնում ենք պատուհանից՝ նոյեմբերի կեսին 20 աստիճան տաքություն է: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական տվյալների՝ մեր երկրի տարածքի 80%-ն անապատացման վտանգի առջեւ է կամ արդեն որոշ չափով անապատացած է: Եթե այսօր անտառ չտնկենք, 50 տարի հետո կարող ենք չունենալ ջրային ռեսուրսներ: Եթե այսօր չսկսենք գործել, վաղը շատ ուշ է լինելու:

Այս աշխատանքներին կարող է մասնակցել յուրաքանչյուր մարդ: Մեր կայքում բաժին ունենք, որտեղ հնարավոր է նիվիրատու դառնալ եւ տարեկան մեկ կամ ավելի ծառի տնկում ֆինանսավորել: Ունենք նվիրատուներ, որոնք ծառեր են տնկում իրենց ընտանիքի անդամների թվով կամ՝ երեխաների անունով: Ունեցել ենք զույգեր, որոնք հարսանիքի տարոսիկների գումարը նվիրաբերել են «Իմ անտառ Հայաստանին» ու հյուրերին փոխանցել հավաստագրեր, որ իրենց անուններով ծառեր են տնկվել: Սա կարեւոր մշակույթ ու գիտակցություն է:

Գումարից բացի, կարեւոր է անձամբ մասնակցելու ցանկությունը

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու ենք եղել 2022թ. մարտ-ապրիլ ամիսներին: Ստացված գումարը, բնականաբար, ուղղվել է անտառների ստեղծմանը: Արդյունքում IDBank-ի ու Իդրամի անունով 16 հազար ծառ է տնկվել Ջրաշեն-2 տեղամասում: Կարեւոր է, որ այս ընկերությունների աշխատակիցներն անձամբ են մասնակցել աշխատանքներին:

Մի բան է, երբ կազմակերպությունը միայն գումար է տրամադրում, մեկ այլ բան՝ երբ ցանկանում է մասնակցել, բարձրանալ լեռնային տեղամաս ու ծառ տնկել:

Երբ մարդը մի անգամ ծառ է տնկում՝ ոչ իր բակում կամ սեփական այգում, պարզապես ինչ-որ տեղ իր հայրենիքում, նրա գիտակցությունը փոխվում է:

Նախ ամեն անգամ այդ տեղով անցնելիս անպայման ուզում է տեսնել իր ծառը, հետեւել՝ ինչպես է մեծանում, բացի այդ, հասկանում է՝ իր հայրենիքը շատ ավելի մեծ է, քան սեփական տունը, բակը կամ քաղաքը:


Ծառ տնկելը ծանր ֆիզիկական աշխատանք է, մեզ հետ աշխատող մարդիկ ամեն օր կատարում են այն: Ունենք աշխատակիցներ, որ օրական 100-120 ծառ են տնկում: Մարդիկ կան, որ մի քանի տարի է՝ մեզ հետ են, ու հասցրել են ավելի քան 2000 ծառ տնկել: Տարիքով կին աշխատակից ունենք, ասում է՝ «ես իմ տնկած ծառերը երբեք չեմ տեսնելու, բայց իմ թոռները գիտեն՝ սա իրենց տատն է տնկել»: Շատերը, որ սկզբում գումարի, աշխատանք ունենալու համար էին միանում մեզ, հիմա գիտակցում են՝ ինչ կարեւոր գործ են անում:


«Մի դրամի ուժը» եւս աջակցեց այս գործին: Ճիշտ է, ամեն դրամ, ամեն ծառ, ամեն մարդ կարեւոր է, բայց անտառի ստեղծման դեպքում կարեւորը գործը մեծ մասշտաբներով կատարելն է:

Անտառը պարզապես ծառերի խումբ չէ, ապրող ու շնչող ամբողջական համակարգ է, որ պետք է լցվի ծառերով, թփերով, միջատներով, թիթեռներով ու կենդանիներով:

«Դասավանդի՛ր, Հայաստան»

Լարիսա Հովհաննիսյան, «Դասավանդի՛ր, Հայասաանի» գործադիր տնօրեն

«Դասավանդի՛ր, Հայաստանը» (Teach for Armenia) մեր երկրում գործում է արդեն 10 տարի: Մենք «Teach for all» գլոբալ ցանցի մաս ենք: Դրանում 60-ից ավելի երկիր է ընդգրկված: Հայաստանն ու «Դասավանդի՛ր, Հայաստանն» այս ցանցի 36-րդ գործընկերն է: Լինելով գլոբալ ցանցի մաս՝ անկախ ենք, ունենք անկախ թիմ, անկախ գործունեություն: Մեզ համար շատ կարեւոր է, որ «Դասավանդի՛ր, Հայաստանը» հայկական կազմակերպություն է:

Լարիսա Հովհաննիսյանը

Տասը տարիների ընթացքում աշխատել ենք ինչպես տարբեր դոնորների, այնպես էլ՝ պետության հետ: «Դասավանդի՛ր, Հայաստանի» նպատակն է աշխատել համակարգում, ոչ թե՝ դրանից դուրս:

Մեր առաջին եւ կարեւորագույն՝ ուսուցիչների առաջնորդության ծրագիրը, մշակվել եւ մեկնարկել է կազմակերպության հիմնադրման տարում: Ամեն տարի հավաքագրում ենք տարբեր ոլորտներից երիտասարդ մասնագետների, մրցութային կարգով ընտրում մեր ծրագրի մասնակիցներին, վերապատրաստում եւ ուղարկում դասավանդելու գյուղական համայնքներում: Նրանք աշխատում են դպրոցներում՝ որպես պետական ուսուցիչներ: Ծրագրի տեւողությունը երկու տարի է, որի ընթացքում մեր ուսուցիչներն անցնում են նաեւ «Դասավանդի՛ր, Հայաստանի» առաջնորդության զարգացման ծրագրով: Այս պահին Հայաստանի տարբեր գյուղերում դասավանդում է մեր ծրագրի մոտ 130 ուսուցիչ:


2017թ.-ից աշխատում էինք նաեւ Արցախում: Հիմա ամեն ինչ անում ենք, որ արցախյան համայնքներում դասավանդող մեր ուսուցիչները կարողանան աշխատանքը շարունակել այստեղ:

Ունենք ծրագրի մոտ 400 շրջանավարտ: Նրանց 70%-ից ավելին շարունակում է աշխատել կրթության ոլորտում:  

Մենք գիտակցում ենք՝ եթե Հայաստանի կրթական համակարգում ցանկանում ենք փոփոխությունների հասնել, պետք է միասնական լինենք ու պատրաստենք ճիշտ մարդկային ռեսուրսներ: Մեզ համար շատ կարեւոր է, որ երեխան, անկախ բնակության վայրից կամ ֆինանսական միջոցներից, որակյալ կրթության հնարավորություն ունենա:  

«Եկել եմ միայնակ, կանգնած եմ՝ ասես տասը հազարը»

«Դասավանդի՛ր, Հայաստանն» IDBank-ի եւ Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին շահառուներից էր: Շատ ուրախ էինք տեսնել, որ հայաստանյան ընկերությունների մոտ ձեւավորվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մշակույթը: Սա ոգեւորող էր, քանի որ իմացանք՝ նախաձեռնությունը պարբերաբար աջակցելու է նաեւ այլ կազմակերպությունների, որոնցից շատերն, ի դեպ, մեր գործընկերներից են:


«Մի դրամի ուժը» նախաձեռնության փոխանցած գումարը որոշեցինք ուղղել «Nation Builders» երկարաժամկետ ծրագրին: Հիմա աշխատում ենք Արագածոտնի մարզի Աշնակ եւ Մելիք գյուղերում:

Համագործակցությունից հետո «Մի դրամի ուժը» խորհրդանշական «մի դրամ» է նվիրել նախաձեռնության շահառուներին: Երբ ինձ նվիրեցին այդ խորհրդանիշը, նույնիսկ մի քիչ վատ զգացի (ժպտում է – հեղ.), որովհետեւ միշտ ասում եմ՝ իրականացված աշխատանքի հետեւում միայն մեկ մարդ չէ: «Դասավանդի՛ր, Հայաստանը» մեծ թիմ ունի, մարդիկ, որ շատ նվիրված են իրենց գործին:



Գրասենյակում պատի վրա մի գրություն ունեմ՝ «I come as one, I stand as ten thousand» (Եկել եմ միայնակ, կանգնած եմ՝ ասես տասը հազարը): Կարծում եմ՝ սա է իմաստը: Եթե մեկ մարդը որոշում է ինչ-որ բան փոխել, միանշանակ, կարող է: Հենց այս պատճառով ինձ հոգեպես շատ մոտ էր «մի դրամով» փոփոխության գաղափարը: Երբ սկսում էի «Դասավանդի՛ր, Հայաստանը», մենակ էի, բարդ էր, բայց դժվար էր առաջին քայլը: Երկրորդից հետո ինձ շրջապատեցին մարդիկ, որոնք կիսում էին գաղափարներս ու նպատակներս:


Կարծում եմ` IDBank-ն ու Իդրամը «Մի դրամի ուժով» եւս արել են իրենց առաջին, կարեւոր քայլը: Արդեն նկատում եմ այլ կազմակերպություններ, որ նման ծրագրեր են մշակում:

Գուցե, մարդկանց երկար ժամանակ ասում էին, որ իրենք ոչինչ չեն կարող փոխել, բայց հիմա կարեւոր է հիշեցնել, նման նախաձեռնություններով ցույց տալ, որ դրական փոփոխության հիմքը կարող են լինել հենց իրենք:

Կարդացեք նաեւ.

Մեկ մարդը, մեկ ճիշտ որոշումն ու «մի դրամը», որ կյանքեր են փոխում

«Մի դրամի ուժը». Փոքր ներդրում, որ մեծ հարցեր է լուծում

«Մի դրամի ուժը» ֆինանսական աջակցությունից բացի, փոխում է մարդկանց մտածողությունը

Յանա Շախրամանյան
Դիտում՝ 3850
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai