«Հաջողում են վճռականները». Մուղնեցյան եւ Պարիկյան փաստաբանական գրասենյակների քննարկումը

09.07.2026 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հունիսի 19-ին Երեւանում տեղի է ունեցել քննարկում բիզնեսի գլոբալ շարժունակության, արտերկրում, հատկապես՝ Միացյալ Նահանգներում ներդրումների եւ դրանց հիման վրա միգրացիայի հնարավորությունների մասին։ Քննարկումը նախաձեռնել է «Մուղնեցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակը՝ Միացյալ Նահանգների գործընկեր «Պարիկյան» փաստաբանական գրասենյակի  հետ համատեղ, կազմակերպել՝ «ԱքսելՄոնդրիան եւ գործընկերներ» ընկերությունը։ 

Banks.am-ը ներկա է եղել քննարկմանը՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագներ։ 

«15 տարվա գործունեություն՝ ավելի քան 10 հազար իրավական գործ եւ նախագիծ»

Էդիկ Հարությունյան, «ԱքսելՄոնդրիան եւ գործընկերներ» ընկերության բիզնեսի զարգացման եւ հաղորդակցության մասնագետ, քննարկման համակարգող 

Այսօրվա քննարկումը հյուրընկալում են իրավաբանական ոլորտի երկու հեղինակավոր կազմակերպություն. Հայաստանից՝ «Մուղնեցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակը՝ ի դեմս ընկերության հիմնադիր գործընկեր Գնել Մուղնեցյանի եւ կառավարիչ գործընկեր Ցողիկ Մուրադյանի, եւ ԱՄՆ-ից՝ Պարիկյան փաստաբանական գրասենյակը` ի դեմս հիմնադիր գործընկեր Քրիստինե Պարիկյանի։ 


«Մուղնեցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակը Հայաստանում գործում է 2009 թվականից, եւ այսօր երկրի փորձառու եւ բազմապրոֆիլ փաստաբանական գրասենյակներիցէ։ Ավելի քան 15 տարվա գործունեության ընթացքում այն ներգրավվել է ավելի քան 10 հազար իրավական գործերի եւ նախագծերի իրականացման մեջ։ Այս ընկերությունը բարդ խնդիրներին տալիս է նորարար, ստեղծագործ լուծումներ՝ համադրելով իրավաբանական խորը գիտելիքն ու կուտակած փորձը։ Ինչ վերաբերում է «Պարիկյան» փաստաբանական գրասենյակին, այն գործում է Միացյալ Նահանգներում եւ մասնագիտացած է հատկապես ներգաղթի իրավունքի ոլորտում։ Ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ում ապրելու, աշխատելու եւ բիզնես վարելու ուղղությամբ։  


Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բիզնես եւ ներդրումային որոշումներ կայացնելիս գործարարները, ներդրողներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում որոշակի չափանիշներին։ Այդ թվում՝ ներդրումների վերադարձի հնարավորությանը, ռիսկայնությանը, ընդհանուր ծրագրի իրագործելիությանը եւ այլն։ Բայց վերջին տարիներին ներդրողները, այդ թվում՝ Հայաստանից, բացի վերոնշյալ գործոններից հետաքրքրված են նաեւ իրենց կապիտալը հյուրընկալող երկրի կողմից առաջարկվող հավելյալ հնարավորություններով։ Դրանք կարող են լինել բազմատեսակ, ինչպես հարկային եւ իրավական գործընթացների դիվերսիֆիկացիա, գլոբալ շարժունակության լայն հնարավորություններ, արտաքին շուկաներին ավելի մեծ հասանելիություն, այնպես էլ՝ ներգաղթային հնարավորություններ, կացության իրավունք կամ քաղաքացիություն, նաեւ՝ ընտանիքի անդամների համար։ Հենց այս հնարավորությունները կքննարկենք այսօր՝ լսելով երկու փաստաբանական ընկերության ներկայացուցիչների կարծիքը։ 

Կացության հնարավորություն. «փախուստի գործի՞ք», թե՞ բիզնեսի զարգացման հավելյալ միջոց 

Գնել Մուղնեցյան, «Մուղնուցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր գործընկեր

Բիզնեսի գլոբալ շարժունակության գաղափարը ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես «փախուստի միջոց»։ Այսօրվա տնտեսության պայմաններում պետք է հասկանալ հետեւյալը՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, անդրազգային գաղափարի շրջանակում նույնպես կարող եք իրականացնել տնտեսական, ձեռնարկատիրական գործունեություն եւ ստանալ բազմաթիվ հնարավորություններ բիզնեսի ընդլայնման տեսանկյունից։ 

Գնել Մուղնեցյանը

Այսօր տեսնում ենք, որ կապիտալը մեկ վայրում, մեկ իրավասության շրջանակում կենտրոնացրած ձեռնարկատերերն առնչվում են բազմաթիվ խնդիրների։ Մեր հանդիպման թիվ մեկ նպատակն է փոխանցել գործընկերներին, որ կապիտալն ապակենտրոնացնելու հնարավորություններ կան, որոնց հիման վրա կարելի է ստանալ նաեւ կացության կարգավիճակ՝ իրականացնելով արդեն անդրազգային ձեռնարկատիրական գործունեություն։ 

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն եղել եւ շարունակում մնալ ներդրողների կողմից ամենից շատ դիտարկվող եւ ցանկալի ուղղությունը

Ցողիկ Մուրադյան, «Մուղնուցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր

Համակարգելով մեր գործընկերների փորձը՝ կնշեմ մի քանի կետ՝ ինչու է ԱՄՆ-ն մշտապես գրավել ներդրողներին։ 

Առաջին գործոնը բիզնեսի մասշտաբավորումն ու գլոբալ վարկանիշն է։ Երբ այս կամ այն ընկերությունն ակտիվները տեղափոխվում է նաեւ ԱՄՆ, իր բրենդը դարձնում է առավել վստահելի եւ կայուն։ Սա նոր դռներ է բացում նաեւ ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններում։ 

Ցողիկ Մուրադյանը

Ակտիվների դիվերսիֆիկացիան եւս նշանակալի գործոն է, քանի որ Միացյալ Նահանգների միջավայրը կայուն է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, իսկ սա միշտ գրավիչ է ներդրողների համար։ 

«Գրավչության» երրորդ կետն անկախ դատական համակարգն է, որով սեփականության իրավունքն ԱՄՆ-ում պաշտպանվում է որպես բարձրագույն արժեք։ 

Ինչպես նշվեց, ներդրումների կատարումն ու ակտիվների տեղափոխումը կարող է փոխակերպվել նաեւ որոշակի իրավական կարգավիճակի։ Այսինքն, ներդրում կատարելով ոչ միայն բիզնես արդյունք եք ստանում, այլեւ՝ ունենում կացության կարգավիճակ ստանալու հնարավորություն։ 

«ԱՄՆ-ում կացության կարգավիճակ ստանալու համար միայն ներդրում կատարելը բավարար չէ» 

Քրիստինե Պարիկյան, «Պարիկյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր գործընկեր

Միացյալ Նահանգներում ներդրում կատարելիս պետք է ի սկզբանե ունենալ ճիշտ պլանավորում։ Նպատակների սահմանումը շատ կարեւոր է։ 
Այսօր ՀՀ քաղաքացիների համար հասանելի է վիզաների մի քանի տարբերակ։ Օրինակ՝ E-2 վիզան ամենատարածվածն է, որի հիմքում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ առեւտրային պայմանագիրն է։ 

Քրիստինե Պարիկյանը՝ աջից

Վիզայի այս տեսակը թույլ է տալիս 100 հազար ԱՄՆ դոլարից ավելի ներդրման դեպքում ստանալ ոչ ներգաղթային կարգավիճակ։ Կա նաեւ EB-5 ծրագիրը, որը ենթադրում է ավելի խոշոր ներդրում եւ հնարավորություն տալիս ստանալ «Green Card»։ Մեկ այլ տարբերակ է L-1 վիզան, որն ԱՄՆ-ում մասնաճյուղեր բացող ընկերությունների համար է եւ հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներ տեղափոխել ընկերության ղեկավարներին կամ հիմնադիրներին։ Այնպես որ, ի սկզբանե պետք է ընտրել ընկերությանը կամ անձնին առավել համապատասխան տարբերակը։ 

Միեւնույն ժամանակ, կարեւոր է հստակ գիտակցել՝ միայն ներդրում կատարելը բավարար չէ կացության կարգավիճակ, ռեզիդենցիա կամ քաղաքացիություն ստանալու համար։ Նախ պետք է ցույց տալ, որ ձեր ընկերությունն արդեն պատրաստ է բացել դռները, դուք տեղում ունեք աշխատողներ։ 

«Իսկ կարո՞ղ ենք միանգամից քաղաքացիություն ստանալ». գործընթացում առկա կարծրատիպերը 

Քրիստինե Պարիկյան, «Պարիկյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր գործընկեր

Առաջին հարցը, որ լսում ենք հաճախորդներից, սովորաբար սա է՝ «եթե մեծ ներդրում անենք, կարո՞ղ ենք միանգամից քաղաքացիություն ստանալ» (ժպտում է – հեղ.)։ Իհարկե, ո՛չ։ Նախ պետք է ստանալ ռեզիդենտի կարգավիճակ, հետո միայն խոսել քաղաքացիության մասին։ Բացի այդ, պետք է ցույց տալ ներդրման ծագումը, դրա օրինականությունը, անցնել խիստ ստուգումներ թե՛ ներդրվող միջոցների, թե՛ այդ ներդրումը կատարող անձի առումով։ 

Իրավական հարցեր, որոնց կարող է առնչվել ԱՄՆ շուկայով հետաքրքրված հայաստանյան ընկերությունը կամ անձը

Ցողիկ Մուրադյան, «Մուղնուցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր

Առաջին հերթին, ինչպես նշեց նաեւ գործընկերս, կարեւոր է ցույց տալ ներդրվող միջոցների ծագումը։ Այս գործընթացը պետք է լինի լիովին թափանցիկ։


Կարեւոր գործոն է նաեւ մտավոր սեփականության ոլորտը։ Եթե Հայաստանում ունեք գրանցված ապրանքանիշ կամ մտավոր սեփականության այլ օբյեկտ, պետք է հասկանալ այն պաշտպանելու մեխանիզմները նաեւ միջազգային շուկայում։ Որոշել՝ ընկերությունը հանդես է գալու նո՞ւյն ապրանքային նշանի ներքո, եւ ամերիկյան գործընկերոջ հետ քննարկել այս հնարավորությունը։ Շուկան շատ ավելի մեծ է, եւ այս կամ այն անվանումը կարող է արդեն «զբաղված» լինել։ 

Կախված բիզնեսի տեսակից՝ կարող է ծագել նաեւ աշխատակիցների տեղափոխման անհրաժեշտություն, հետեւաբար պետք է աշխատանքային պայմանագրերը, բոլոր ձեւակերպումներն ու կարգավորումները կատարել հստակ։  

Առկա ռիսկերն ու սոցմեդիայում տարածվող «գայթակղիչ» առաջարկները

Քրիստինե Պարիկյան, «Պարիկյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր գործընկեր

Առաջին եւ գլխավոր ռիսկը ներգաղթի տեսանկյունից, իհարկե, մերժումն է։ Հատկապես, եթե մերժվում է ներգաղթային ներդրումային կամ այլ ներգաղթային վիզայի դիմումը (օրինակ՝ EB-5 կամ EB-1), ապա համակարգում արդեն արձանագրվում է ձեր ներգաղթային մտադրությունը։ Սա հետագայում կարող է ազդել ոչ ներգաղթային վիզաների (օրինակ՝ B-2 զբոսաշրջային կամ այլ ժամանակավոր վիզաների) ստացման հնարավորության վրա, քանի որ նման վիզաների դեպքում դիմորդը պետք է կարողանա ապացուցել, որ չունի ԱՄՆ-ում մշտապես բնակություն հաստատելու նպատակ։


Այսօր սոցիալական մեդիայում կարելի է հանդիպել ոչ ճշգրիտ տեղեկատվության մեծ ծավալի եւ «գայթակղիչ» առաջարկների, որոնք էլ կարող են ստեղծել ռիսկեր։ Դրանցից խուսափելու միակ տարբերակն իրական, որակյալ մասնագետների հետ աշխատանքն է, որոնք ներգաղթային ոլորտում ունեն տարիների լուրջ փորձառություն։ 

«Հայաստանյան բիզնեսը հետաքրքրված է ԱՄՆ շուկայով» 

Ցողիկ Մուրադյան, «Մուղնուցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր

Հայաստանյան ընկերությունները միանշանակ շատ հետաքրքրված են ԱՄՆ շուկայով։ Սա կարող եմ ասել՝ հաշվի առնելով միայն մեր հաճախորդների, այս հարցով մեզ դիմողների թիվը։ Ընդ որում, հետաքրքրվողների շրջանակը բավականին լայն է։ Մեզ դիմում են շատ տարբեր ոլորտներում գործող բիզնեսների ներկայացուցիչներ։ Այսօրվա քննարկման հիմքում հենց այս բարձր հետաքրքրվածությունն էր։ Ցանկանում ենք մեր գործընկերներին հստակ տեղեկացնել՝ ինչ խնդիրների կարող են բախվել եւ ինչ լուծումներ են տրվելու դրանց։ 

Հաջողությունը, որ «բաժին է հասնում» միայն որոշում կայացնողներին

Գնել Մուղնեցյան, «Մուղնուցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր գործընկեր

Խոսեցինք ընթացակարգերի մասին, բայց ցանկացած գործի մեջ հաջողության թիվ մեկ գրավականը վճռականությունն է։ 

Գնել Մուղնեցյանը

Այս դահլիճում գտնվող մարդկանց 90%-ն իսկապես վճռական է, եւ մեր մասնագիտական գիտելիքի հետ համատեղ կարողանալու ենք կայացնել ճիշտ որոշումներ։ 

Կարծում եմ՝ եթե մարդն ի վիճակի է որոշումներ կայացնել, միանշանակ ունենալու է հաջողություն։ Այսօր այստեղ նստած մարդիկ հենց որոշում կայացնողներ են։ 

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 
Դիտում՝ 7762

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW