Եվրոպայի մրցունակության երեւակայական սպառնալիքը

10.07.2026 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Դանիել Գրոսիը Բոկոնիի համալսարանի Եվրոպական քաղաքականության մշակման ինստիտուտի (Bocconi Institute for European Policymaking) տնօրենն է:

Դանիել Գրոս

Չինաստանն առանցքային տեղ է զբաղեցնում ամբողջ աշխարհում ընթացող առեւտրային քաղաքականության մասին քննարկումներում, սակայն կոնկրետ մտահոգությունները տարբեր են։ Եթե Միացյալ Նահանգները վաղուց Չինաստանին դիտարկում է որպես ամերիկյան արդյունաբերությունը քայքայող ուժ եւ աշխարհաքաղաքական մրցակից, որի վերելքը պետք է զսպել, ապա Եվրոպան ավելի շատ մտահոգված է Չինաստանի գերիշխանությունից բխող ազգային անվտանգության հետեւանքներով մի շարք ռազմավարական ոլորտներում, օրինակ՝ հազվագյուտ հանքանյութերի ոլորտում։ Սակայն վերջին շրջանում եվրոպացի քաղաքական գործիչները սկսել են ավելի շատ նմանվել իրենց ամերիկացի գործընկերներին՝ պնդելով, որ Չինաստանից ներմուծման կտրուկ աճը սպառնում է ներքին արդյունաբերությանը։

Թեեւ հազվագյուտ հանքանյութերի նման ոլորտներում Չինաստանի գերիշխանությունը միշտ էլ ռազմավարական հետեւանքներ է ունեցել Եվրոպայի համար, դա էական նշանակություն չի ունեցել Եվրոպայում զբաղվածության կամ արտադրության ծավալների համար։ Իսկ այն մրցակցային ճնշումը, որը Եվրոպական Միության ընկերությունները զգացել են Չինաստանի կողմից, մեծապես փոխհատուցվում էր Չինաստանում եվրոպացի արտադրողների ունեցած ամուր դիրքերով։

Այժմ իրավիճակը փոխվում է։ Եվրոպական ընկերությունների համար գնալով ավելի դժվար է դառնում մրցակցել չինական շուկայում՝ չնայած այնտեղ կատարած զգալի ներդրումներին, մինչդեռ Չինաստանից Եվրոպա արտահանման ծավալները կտրուկ աճում են։ Անցյալ տարի ԵՄ-ի երկկողմ առեւտրային դեֆիցիտը Չինաստանի հետ հասավ մոտ 360 միլիարդ եվրոյի (419 միլիարդ դոլար)` գրեթե կրկնակի գերազանցելով ԱՄՆ-ի ցուցանիշը։ Սա բացասաբար է անդրադառնում Եվրոպայի բազմաթիվ առանցքային ոլորտների, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության վրա։

Չինաստանի կառավարությունը աջակցում է տեղի արտահանողներին խոշոր սուբսիդիաներով եւ բարձր տեխնոլոգիական ոլորտներում գերիշխանություն ապահովելուն ուղղված քաղաքականությամբ, ինչը սրում է եվրոպացիների դժգոհությունը։ Այժմ ավելի բարձր են հնչում եվրոպացի առաջնորդներին ուղղված կոչերը՝ պաշտպանելու ներքին արդյունաբերությունը չինական մրցակցությունից։ Նույնիսկ այն գործիչները, որոնք քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը, հորդորում են Եվրոպային «անարդար» չինական սուբսիդիաներին պատասխանել սեփական մաքսատուրքերով։

Քաղաքական առումով սա համոզիչ փաստարկ է, սակայն այն հիմնված չէ ողջամիտ տնտեսագիտական տվյալների վրա: Արդարությունը ռացիոնալ տնտեսական քաղաքականության որոշիչ գործոն չէ: Կարեւորն այն է, թե արդյոք տվյալ քայլը, օրինակ՝ մաքսատուրքերի սահմանումը կամ նույնիսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների անտեսումը (քանի որ «ուրիշներն էլ են դա անում»), տնտեսությանը զուտ օգուտներ կբերի: Իսկ այս դեպքում պատասխանը բացասական է:

Կարող է թվալ, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը եվրոպական արդյունաբերությանը առավելություն կտա իր ամենաուժեղ մրցակցի նկատմամբ: Սակայն նման պաշտպանությունը բարձր գին ունի: Նախ, Չինաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների ավելի քան 40%-ը միջանկյալ արտադրանք է, ինչը նշանակում է, որ մաքսատուրքերը կնպաստեն արտադրական ծախսերի բարձրացմանը եվրոպական ողջ տնտեսությունում: Օրինակ՝ մարտկոցների համար մաքսատուրքերի սահմանումը լուրջ ճնշման տակ կդնի էլեկտրական մեքենաների արտադրողներին՝ վտանգելով այս ոլորտում ԵՄ-ի զգալի առեւտրային ավելցուկը:


Այս ավելցուկը կարեւոր է: Նրանք, ովքեր նախազգուշացնում են, որ չինական ներմուծումները սպառնում են եվրոպական ավտոարտադրողներին, սովորաբար ուշադրությունը կենտրոնացնում են Եվրոպա ներմուծվող չինական մեքենաների թվի վրա՝ նշելով, որ Չինաստանում արտադրված ավտոմեքենաները ներկայումս կազմում են ԵՄ-ում վաճառվող ավտոմեքենաների 7%-ը: Սակայն ԵՄ-ում արտադրվող ավտոմեքենաների գրեթե 40%-ն արտահանվում է, իսկ եվրոպական ավտոմեքենաների արտահանման միավորային արժեքը կրկնակի գերազանցում է Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների ցուցանիշը: Սա նշանակում է, որ արտադրության ընդհանուր արժեքի մինչեւ կեսը կարող է ձեւավորվել արտահանման շուկաների հաշվին։

Ավտոմոբիլային արդյունաբերության, ինչպես շատ այլ ոլորտների համար, արտահանման շուկաներում հաջողությունը անհրաժեշտ է ոչ միայն գոյատեւելու, այլեւ տեխնոլոգիական առաջատարությունը պահպանելու համար: Առայժմ Եվրոպան հիմնականում արտահանում է բարձրակարգ, տարբերվող ապրանքներ, որոնք հնարավոր չէ փոխարինել Չինաստանից ներմուծվող ապրանքներով: Սակայն Եվրոպայի առավելությունն այս ոլորտում սրընթաց նվազում է, քանի որ չինացի արտադրողներն արագորեն բարձրացնում են իրենց արտադրանքի որակը։

Ամենեւին էլ պարզ չէ, թե արդյոք մաքսատուրքերը կօգնեն պահպանել Եվրոպայի մրցունակությունը չինական արտահանման նկատմամբ, որը համաշխարհային շուկաներում մրցունակ է գնի, որակի եւ նորարարության առումով։ Իրականում վերջին տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայի գլխավոր խնդիրը ոչ այնքան ներմուծման կտրուկ աճն է, որքան ԵՄ-ից դուրս արտահանման թուլությունը, որը նվազում է չորս եռամսյակ անընդմեջ (մինչեւ այս տարվա առաջին եռամսյակը):

Մաքսատուրքերը կարող են ժամանակավորապես թեթեւացնել որոշ ոլորտների վիճակը, բայց չեն կարող վերականգնել տեխնոլոգիական առաջատարությունը, արդյունաբերական դինամիզմը կամ արտահանման մրցունակությունը: ԱՄՆ-ի վերջին փորձը հաստատում է այս տեսակետը. թեեւ Չինաստանից դեպի ԱՄՆ արտահանումը նվազել է, առեւտրային հոսքերի այս վերաուղղորդումը չի հանգեցրել ամերիկյան արդյունաբերական վերածննդին: Փոխարենը, արտադրությունը տեղափոխվում է երրորդ երկրներ, մինչդեռ արտադրական ծախսերի աճը լրացուցիչ բեռ է դառնում վերամշակող ճյուղերի համար։


Եվրոպայի հիմնական մարտահրավերն այսօր ոչ թե չինական արտահանումից պաշտպանվելն է, այլ դրա պայմաններում մրցունակությունը պահպանելը։ Դրա համար Եվրոպան պետք է ավելացնի ներդրումները նորարարության ոլորտում, խորացնի Միասնական շուկայի ինտեգրումը, նվազեցնի էներգիայի ծախսերը եւ իրականացնի այնպիսի քաղաքականություն, որը կուժեղացնի Եվրոպայի գլոբալ մրցունակությունը։

Երբ Չինաստանը իր գերիշխող դիրքի շնորհիվ իրական անվտանգության ռիսկեր է ստեղծում, օրինակ՝ կարեւորագույն հանքանյութերի կամ այլ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ոլորտում, այնպիսի նպատակային միջոցառումները, ինչպիսիք են պաշարների կուտակումը, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը եւ ռազմավարական պաշարների ընդլայնումը, արդարացված են։ Սակայն սրանք բացառություններ են։ Եվրոպական արդյունաբերության մեծ մասի համար հաջողությունը կախված կլինի ոչ թե չինական արտադրանքը շուկայից դուրս պահելուց, այլ նրանից, որ եվրոպական արտադրանքը շարունակի պահանջված լինել ամբողջ աշխարհում։

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       


Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 5441

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW