Իդրամի եւ IDBank-ի համատեղ «Մի դրամի ուժը» ծրագիրը երեք տարեկան է: Այս ընթացքում դրա շնորհիվ հասարակական նշանակություն ունեցող 22 նախաձեռնություն ավելի քան 144 մլն դրամի աջակցություն է ստացել:«Մի դրամի ուժը» որեւէ լրացուցիչ գումար չի գանձում Իդրամի եւ IDBank-ի հարթակներով վճարում կատարող օգտատերերից, սակայն նրանց փոխարեն՝ սեփական միջոցների հաշվին, յուրաքանչյուր վճարման դիմաց կուտակում է մեկ դրամ: Այսպիսով, այս հարթակներից օգտվելու գիտակցված որոշման շնորհիվ՝ յուրաքանչյուր մարդ մասնակցում է դրական փոփոխություններին: Ծրագրի գաղափարի ու մեկ ճիշտ քայլով բարի գործ կատարելու մասին Banks.am-ը զրուցել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի, բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի ու Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի հետ: Պատասխանատու վերաբերմունք երկրին, որում գործում ես Տաթեւիկ Վարդեւանյան «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը Իդրամի եւ IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեղ ծրագիրն է։ Այն մեկնարկեց 2020թ.-ին եւ, կարելի է ասել՝ հեղափոխեց բարեգործության մշակույթն ու դրա մասին մարդկանց պատկերացումները: Նախաձեռնության էությունը հետեւյալն է՝ Իդրամն ու IDBank-ը հաճախորդների կողմից իրենց հարթակներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց մեկ դրամ են հատկացնում: Յուրաքանչյուր ծրագրի ավարտին հավաքված «մի դրամներն» ուղղվում են հիմնադրամներին, որոնք կենսական նշանակության հարցեր են լուծում մեր երկրում եւ ամենաշատն ունեն դրա կարիքը: Մհեր Աբրահամյան Սա մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ամենամեծ ու շարունակական ծրագիրն է։ Մեր թիմերը վստահ են՝ յուրաքանչյուր կազմակերպություն, յուրաքանչյուր ընկերություն կարող է եւ պետք է օգտակար լինի միջավայրին, որում գործում է: Արսեն Քդենյան Կարծում եմ՝ նման ծրագրերը կազմակերպությունների համար առանցքային նշանակություն ունեն։ Այդկերպ մեր պատասխանատու վերաբերմունքն ենք արտահայտում այն երկրի ու հասարակության հանդեպ, որի համար աշխատում ենք։ Ուրախ եմ ընդգծել, որ մեր աշխատակիցներն իրենք էլ պատրաստակամություն են հայտնում աջակցել նման ծրագրերի: Սա կորպորատիվ մշակույթի կարեւոր մաս է: Արսեն Քդենյանը Լուսանկարը՝ Իդրամ Իդրամցիները հաճախ են մասնակցում տարբեր բարեգործական, կամավորական աշխատանքների եւ հպարտ ենք, որ թիմը լիարժեք գիտակցում է կազմակերպության որդեգրած ուղղվածությունն ու ինքն էլ նպաստում է դրա իրագործմանը։Աշխատել ու հավատալ բարի գործինՄհեր Աբրահամյան «Մի դրամի ուժը» սկսեց իր ճանապարհը կորոնավիրուսի համավարակի դժվարին ժամանակաշրջանում: Սկզբում, իհարկե, բարդ էր. ինչպե՞ս կարձագանքեն հաճախորդները, սա վարակիչ ու ոգեւորիչ օրինակ կլինի՞ մեր երկրի մարդկանց եւ կազմակերպությունների համար: Այնուամենայնիվ, երբ մի ամբողջ թիմ աշխատում է նույն նպատակի համար եւ անչափ հավատում բարի գործին, նախաձեռնությունը հաջողում է։ Մհեր Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մի դրամի ուժը», իհարկե, շարունակում է եւ շարունակելու է իր ընթացքը: Սա ոչ միայն թիմի, այլեւ մեր հաճախորդների ամենասիրված նախաձեռնություններից մեկն է: Յուրաքանչյուր ամսվա ծրագիրն իրականացնում ենք մեծ սիրով եւ նվիրվածությամբ:Արսեն Քդենյան Այսօր կարող ենք վստահ ասել՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը ոչ միայն կայացել է, այլեւ զարգացում է ապրել: Ամիսներ առաջ մենք հայտարարեցինք «Մի դրամիկի ուժը» նախաձեռնության մասին։ Ինչպես գիտեք՝ արդեն գործում է Idram Junior հավելվածը, որը նախատեսված է պատանիների համար։ Դրա միջոցով մեր պատանի օգտատերերը եւս կարողանում են մասնակցել դրական փոփոխություններին: Մենք ցանկանում ենք երեխաներին ոչ միայն ֆինանսական գրագիտություն սովորեցնել, այլեւ ցույց տալ բարի գործ կատարելու կարեւորությունը: Նրանք պետք է մանկուց իմանան, որ օգնելով դիմացինին՝ իրենք էլ ավելի հզոր եւ ուժեղ են դառնում։ Տաթեւիկ Վարդեւանյան Ինչպես արդեն նշվեց, «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկեց 2020թ. հունիսին: Ի սկզբանե բարեգործական հետաքրքիր նախագիծ մշակելու նպատակը ձեւակերպվել էր Իդրամի բաժնետիրոջ ՝ Լալա Բախշեցյանի կողմից: Սա կարեւոր էր, քանի որ ընկերության նպատակը ոչ միայն որակյալ, հարմար եւ ժամանակակից ծառայությունների մատուցումն է, այլեւ՝ աջակցելը հասարակությանը բոլոր հնարավոր միջոցներով։ Մտահղացումը երկար ժամանակ «եփվում» էր, մշակվում, հղկվում ընկերության տարբեր ստորաբաժանումների կողմից: Արդյունքում ունեցանք Հայաստանում եզակի ծրագիր, որը մի կողմից իրականացնում են IDBank-ն ու Իդրամը, մյուս կողմից՝ այս երկու ընկերությունների հաճախորդները, վճարումներ կատարելով մեր հարթակների միջոցով, նպաստում են «մի դրամների» կուտակմանը։ Նախաձեռնությունը սկսել է Իդրամ ընկերությունը, որին հետագայում միացել է IDBank-ը՝ լինելով Իդրամի ռազմավարական գործընկեր եւ կիսելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին պատկերացումները: Տաթեւիկ Վարդեւանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Գումարի կուտակումից բացի, մենք ամենայն մանրամանությամբ ընտրում ենք տվյալ ամսվա շահառուներին, այսինքն՝ այն նախաձեռնությունները, որոնք տվյալ պահին հասարակության համար ամենաէական ներդրումն են ունենում եւ ամենից շատ ունեն աջակցության կարիք: Քանի որ մեր օգտատերերն իրենց վճարումներով նպաստում են «մի դրամների» կուտակմանը, որոշակի առումով հաշվի ենք առնում նաեւ հասարակության սպասումները: Օրինակ՝ այժմ «մի դրամներն» ուղղվում են արցախցի մեր հայրենակիցների կարիքների բավարարմանը։ Դեռ մինչեւ վերջին ցավալի իրադարձությունները, որոշել էինք «Հայքն աշխարհին» ծրագրի միջոցով աջակցել Արցախում բլոկադայի մեջ գտնվող երիտասարդների կրթությանը: Հոկտեմբերին «Մի դրամի ուժն» աջակցելու է «Հայորդի» նախաձեռնությանը, որը 100 արցախցու է հյուրընկալել՝ բոլորը զոհված զինծառայողների ընտանիքներ։ Բնական է, որ այսօր բոլորիս մտքերն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ են: Այս պահին մենք նաեւ ընկերությունների միջոցներն ենք ուղղում նրանց կարիքները հոգալուն։ Ուժը մարդիկ են Տաթեւիկ Վարդեւանյան Կարեւոր է գիտակցել, որ «Մի դրամի ուժն» իրականություն է դարձել ոչ միայն մեր թիմի աշխատանքի, այլեւ՝ մարդկանց շնորհիվ: Մարդիկ են, որ վճարումներ են կատարում եւ դառնում այս նախաձեռնության հենասյունը: Միշտ դրական արձագանքներ ենք ստանում մեր հաճախորդներից: Նրանք ամեն ամիս ոգեւորությամբ հետեւում են՝ ով է հերթական շահառուն, ինչ կազմակերպության ենք աջակցելու նրանց օգնությամբ։ Վստահաբար կարող եմ ասել՝ այս մարդկանց մոտ կա հստակ գիտակցություն, որ իրենք նախաձեռնության մի մասն են: Շատ հաճելի է, երբ խանութում պատահաբար լսում եմ մոր եւ 10 տարեկան որդու զրույցը, որը մայրիկին ասում է՝ «մա'մ, Իդրամով վճարիր, այս ամիս «Մի դրամի ուժն» արցախցիներին է օգնելու»: «Մի ծաղկով»/«մի դրամով» փոփոխությունըՄհեր Աբրահամյան Այս երեք տարիների ընթացքում «Մի դրամի ուժի» շնորհիվ կարողացել ենք աջակցել 22 նախագծի՝ «մի դրամներով» հատկացնելով ավելի քան 144 մլն դրամ: Մեր հաճախորդը գիտի՝ իրենից որեւէ գումար չպահելով, մենք շնորհակալ ենք մեր հարթակներից օգտվելու իր որոշման համար: Մհեր Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Փաստորեն, «Մի դրամի ուժն» ապացուցեց, որ անգամ մեկ դրամը, մեկ մարդը կարող է մեծ ազդեցություն ունենալ իր շուրջը եղած աշխարհի վրա՝ փոխելով կյանքեր, նվիրելով հնարավորություններ, կրթելով ու բուժելով: Ընդամենը մեկ ճիշտ որոշումը կարող է ձեզ եւս մեծ ու բարի գործի մաս դարձնել: Արսեն Քդենյան Բազմաթիվ դրական փոփոխություններ սկսվում են փոքր քայլերից։ Կարծում եմ՝ փոքր ներդրումները մեծ փոփոխությունների հիմքն են, եթե կա միասնություն: Իսկ մենք այս գործում, միանշանակ, մենակ չենք: Մեզ հետ են հարյուր հազարավոր օգտատերեր, որոնց շնորհիվ ամեն ամիս կարողանում ենք աջակցել կյանքեր փոխող նախաձեռնությունների: Տաթեւիկ Վարդեւանյան Թյուր կարծիք կա, թե բարեգործությամբ կարող են զբաղվել միայն ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ կամ ընկերությունները։ Այսօր բազմաթիվ օրինակներ կան, որոնք գալիս են ապացուցելու՝ անգամ ոչինչ չունեցող մարդը կարող է բարի գործ կատարել: Մեկն, ով ամեն օր փողոցում աղբ է հավաքում եւ ունի մեծ նպատակ՝ մաքրել իր քաղաքն աղբից, նույնպես բարեգործ է։ Կամավորական աշխատանք կատարողը եւս բարեգործ է կամ մարդը, որն իր կատարած գնումներից գոյացած մանրը փոխանցում է բարեգործական կազմակերպության: Տաթեւիկ Վարդեւանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս մշակույթը մեր հասարակության համար շատ կարեւոր է: Ոգեւորիչ է, որ հատկապես երիտասարդների մոտ այն քայլ առ քայլ ավելի է արմատանում: «Մի դրամի ուժն» իրական ապացույց է, որ աջակցելու, ձեռք մեկնելու, երջանկացնելու համար պետք չեն հսկայական ներդրումներ: Անգամ մեկ դրամը, մեկ մարդը, մեկ ճիշտ որոշումը կարող են փոխել որեւէ մեկի կյանքը: Մենք սիրում ենք ասել՝ ամեն ինչ սկսվում է մի դրամից: Յանա ՇախրամանյանԼուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 15258