Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան ներդրում է կատարում տեխնոլոգիական ընկերություններում ներդրումներ իրականացնող վենչուրային կապիտալի Formula VC Fund II-ում. Կոնսերվատիվ կենսաթոշակային ֆոնդից՝ $6 մլն, իսկ Հավասարակշռված ֆոնդից՝ $90 հազար։ «Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղություններից է։ Ներդրման միջոցով երկարաժամկետ կենսաթոշակային խնայողություններն ուղղվում են իրական տնտեսությունում գործունեություն ծավալող ընկերություններին:Ցե-Կվադրատ Ամպեգայի ներդրումային թիմը իրականացրել է մանրակրկիտ համալիր ուսումնասիրություն՝ ֆոնդը եւ ֆոնդի կառավարումը գնահատելով մի շարք չափանիշներով։ Ներդրումային որոշումն ընդունվել է ռիսկերի համակողմանի վերլուծությունից եւ համապատասխանության ստուգումներից հետո։ Դրական որոշման վրա ազդած գործոններից են՝• Պորտֆելի ռազմավարությունը եւ կառուցման մոտեցումը, որն ապահովում է տեխնոլոգիական ոլորտում էական դիվերսիֆիկացում• Թիմի գնահատականը Formula VC Fund I-ի մինչ օրս գրանցած արդյունքների վերաբերյալ• Կառավարիչ գործընկերների գործառնական փորձը եւ պորտֆելային ընկերությունների հետ նրանց անմիջական ու ակտիվ աշխատանքը• Շարունակական կատարելագործման հստակ հանձնառությունը, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ չափանիշների եւ միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ• Ուղիղ եւ հետեւողական հաղորդակցությունը թե՛ ներդրողների եւ թե՛ պորտֆելային ընկերությունների հետԱյս ներդրումը նաեւ ամրապնդում է կապը Հայաստանի ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտների միջեւ՝ տնտեսության երկու հատվածների, որոնք մինչ այժմ հիմնականում զարգացել են զուգահեռ, այլ ոչ թե փոխկապակցված»,- ասվում է Ցե-Կվադրատ Ամպեգայի հաղորդագրությունում:«Այս ներդրումը կենսաթոշակային ֆոնդերի համար դիվերսիֆիկացման նշանակալի հնարավորություն է՝ երկարաժամկետ ներդրումային հորիզոնում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների համար լրացուցիչ եկամտաբերության նոր աղբյուր։Այլընտրանքային ներդրումների միջոցով դիվերսիֆիկացումը համահունչ է ինստիտուցիոնալ պորտֆելների կառավարման համաշխարհային պրակտիկային եւ բխում է մեր ֆիդուցիար պարտականությունից։ Այս ֆոնդի միջոցով շուրջ 450,000 քաղաքացի, որոնց կենսաթոշակային ակտիվները կառավարվում են C-Quadrat Ampega-ի կողմից, հնարավորություն են ստանում մասնակցելու ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում իրականացվող ներդրումներին։ Սա եւս մեկ կարեւոր քայլ է այն ներդրումային նպատակների իրականացման ճանապարհին, որոնք մենք կառավարում ենք նրանց անունից։Ներդրումը կազմում է կառավարման ներքո գտնվող ակտիվների մոտ 0.3%-ը։ Ծավալը որոշվել է կենսաթոշակային ֆոնդերի համար ընդունելի ռիսկի սահմաններում։ Միեւնույն ժամանակ՝ ոլորտի համար այն կարեւոր նշանակություն ունի, քանզի երկարաժամկետ, համբերատար կապիտալը երկրում զգալի խթան կարող է հանդիսանալ»,- ասել է Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:«Դեռեւս 2024թ-ից Ֆորմուլա ՎիՍի առաջին ֆոնդի միակ ինստիտուցիոնալ ներդրողը դառնալով` Ցե-կվադրատ Ամպեգան դարձավ առաջամարտիկ ինչպես ՀՀ այնպես էլ Եվրոպական էկոհամակարգերում կենսաթոշակային ֆոնդերի կողմից վենչուրային ներդրումների գործում: Այսօր արդեն մենք ներդրումներն անում ենք մեր երկրորդ` Ֆորմուլա ՎիՍի II ֆոնդից: Հանդիսանալով մեր էկոհամակարգում ամենամեծ վենչուրային ներդրողը` մեզ համար շատ կարեւոր է շարունակական համագործակցությունը Ցե-Կվադրատ Ամպեգայի հետ: Մենք համարում ենք այս ներդրումը ռազամավարական Հայաստանի համար: Հայաստանում վերջին զարգացումները արհեստական բանականության շուրջ վկայում են այն մասին, որ ՀՀ-ն անխուսափելիորեն դառնալու է գլոբալ կենտրոններից մեկը, ոչ միայն ԱԲ ենթակառուցվածքների, այլ նաեւ ստարտափների նախընտրելի ուղղություն դառնալու առումով եւ այս պարագայում, էլ ավելի ենք կարեւորում պետությունում առկա երկարաժամկետ ֆոնդերի, այսպես ասած «երկար փողերի» մասնակցությունը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգում»,- նշել է Ֆորմուլա ՎիՍի-ի Կառավարիչ գործընկեր Կարեն Վարդանյանը:Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 760 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 460 հազար մասնակիցների համար։ Ընկերությունը հիմնադրվել է Ավստրիական եւ Գերմանական ակտիվների կառավարիչ ընկերությունների կողմից։Ֆորմուլա ՎԻՍԻ-ն վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է անում վաղ փուլում գտնվող ստարտափներում, աջակցելով ռեսուրսներով, կապերով, մասնագիտական ցանցով եւ նպաստում է, որ այդ նորարար թիմերը դառնան գլոբալ խաղացողներ իրենց ոլորտներում։ Tweet Դիտում՝ 3142