Անգուս Արմսթրոնգը Լոնդոնի համալսարանական քոլեջի Գլոբալ բարգավաճման ինստիտուտի հետազոտող պրոֆեսոր է, «Մակրոտնտեսագիտության վերականգնում» ծրագրի տնօրենը եւ Lloyds Banking Group-ի գլխավոր տնտեսական խորհրդատուն։Անգուս ԱրմսթրոնգԵթե ճիշտ է այն պնդումը, որ արվեստը ընդօրինակում է կյանքը, ապա երեւակայության ստեղծագործությունները կարող են արտացոլել մեր սեփական փորձառության մասին խորը ճշմարտությունները։ Անգլիացի նկարիչ Դեւիդ Հոքնին, ով մահացավ անցյալ ամիս, անկասկած հասկանում էր դա։ Նրա փայլուն եւ անսպառ կենսուրախությամբ լի ստեղծագործությունների մասին խորհելիս նույնիսկ ամենահոռետես տնտեսագետը կարող է ինչ-որ բան սովորել այն մասին, թե ինչպես մեկնաբանել իրականությունը։Հոքնին հասկանում էր, որ արվեստը ծնվում է ոչ միայն մտքից, այլեւ, ավելի ճիշտ, հիշողությունից։ Հիշողության պես, արվեստը միշտ անպայմանորեն մեկնաբանական է․ այն երբեք իրականության կատարյալ պատճեն չէ, իսկ արվեստի տարբեր դպրոցներն ու շարժումները ներկայացնում են իրականությունը մեկնաբանելու տարբեր եղանակներ։Օրինակ՝ մոդեռնիստները աշխարհը համարում են ընդհանուր առմամբ ճանաչելի մի տիրույթ, որտեղ կառուցվածքը համեմատաբար կայուն է, իսկ գիտական հայտնագործությունները միշտ հանգեցնում են առաջընթացի։ Նման աշխարհայացքը բավականին իդեալիստական է․ այն հիմնվում է նվազագույն սկզբունքների վրա՝ բացահայտելու ներքին կարգը, ինչպես դա պատկերված է Պիտ Մոնդրիանի հիպնոսացնող աբստրակտ գծերում եւ վառ գունային բլոկներում։Ժամանակակից մակրոտնտեսագիտությունը կառուցված է նույն տրամաբանությամբ։ Հիմնվելով մարդկային որոշումների կայացման մասին մի քանի պարզ աքսիոմների եւ այն ենթադրության վրա, թե ինչպես են մարդիկ ձեւավորում հետեւողական սպասումներ՝ տնտեսագետները մշակել են ընդգրկուն տեսություն այն մասին, թե ինչպես է աշխատում տնտեսական համակարգը։ Այս մոտեցման համաձայն՝ ունենալով ճիշտ պարամետրերը, կարող ենք ուսումնասիրել տնտեսության գործունեությունը՝ համոզված լինելով, որ ճիշտ ենք ըմբռնում իրականությունը։Այս մոտեցման հիմնավորումը սկիզբ է առնում 1954 թվականից, երբ տնտեսագիտությունը մշակեց պաշտոնական ապացույց, որ կատարյալ տնտեսական պայմաններում գոյություն ունի կատարյալ հավասարակշռություն: Այս աշխատանքը, իր քանակական խստության եւ հարակից գիտություններում կիրառման շնորհիվ, տնտեսագիտությունը բարձրացրեց «հասարակական գիտությունների թագուհու» կարգավիճակի։ Լուսանկարը՝ REUTERS Քաղաքականություն մշակողների համար ուղերձը ավելի քան պարզ էր. ստեղծեք տնտեսագետների կատարյալ պայմաններին համապատասխանող աշխարհ, եւ կարող եք ազատվել ռեսուրսների բաշխման վերաբերյալ նորմատիվ կամ քաղաքական բարդ դատողություններից: Այո, իրականությունը մի փոքր ավելի բարդ է, բայց այս բարդությունները կարելի է հարթել՝ կիրառելով գնաճի թիրախավորում եւ հարկաբյուջետային կանոններ, որպեսզի տնտեսական սպասումները չշեղվեն։Վերջին տասնամյակում մենք ականատես ենք եղել, թե ինչպես են Մեծ Բրիտանիայի վեց վարչապետներ իրենց տնտեսական ռազմավարությունները ներկայացրել գրեթե նույն շրջանակի հիման վրա: Դա առանձնապես լավ չի աշխատել, սակայն, մենք, կարծես, շարունակում ենք մնալ նույն մտածելակերպի ծուղակում։Հոքնին իրականությունն այլ կերպ էր ընկալում։ Մերժելով մեկ ճշմարտության մասին գաղափարը՝ նա ցույց տվեց, որ աշխարհը մեր առջեւ բացվում է այնպիսի ձեւերով, որոնք մենք լիովին չենք կարող ըմբռնել։ Մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն իրականության մասին, որն ինքնին անորոշ է։Իրական տնտեսությունը պատճառահետեւանքային կապերի ինչ-որ մեկուսացված, ճանաչելի համակարգ չէ, որը երբեմն խաթարվում է արտաքին ցնցումների պատճառով։ Տնտեսագետ Արմեն Ալչյանը վաղուց մեզ հիշեցրել է, որ մեր աքսիոմները մարդկային վարքագծի եւ որոշումների կայացման գործընթացների նկարագրությունը չեն, այլ պարզապես դրանց պարզեցումն են։ Այնուամենայնիվ, անորոշությունը չպետք է կաթվածահար անի մեզ։ Ընդհակառակը, Ֆրենկ Նայթը դեռ մեկ դար առաջ ենթադրել է, որ բանական կյանքը, հավանաբար, նույնիսկ գոյություն չէր ունենա առանց անորոշության, իսկ Ջորջ Շաքլը պնդում էր, որ անորոշության մեջ ապրելը այն գինն է, որը մենք վճարում ենք երեւակայություն ունենալու համար։ Մենք պարզապես ռացիոնալ կերպով չենք ընտրում գոյություն ունեցող ապրանքների միջեւ։ Մենք գիտելիք ենք ստեղծում մեզ համար՝ ձգտելով օգտագործել փորձին բնորոշ անորոշությունը։Մենք բոլորս պետք է նախապես պլանավորենք։ Բայց եթե ապագան անհայտ է, հարցն այն է, թե ինչպես ենք մենք մոտենում կանխատեսմանը։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Բեն Բերնանկեն խորհուրդ էր տալիս Անգլիայի բանկին դիտարկել «այլընտրանքային մոդելավորման շրջանակները», նույնիսկ ոչ ավանդականները։ Սա համընկնում է Հոքնիի տեսակետի հետ։ Եթե տնտեսական կանխատեսումը պետք է լինի օգտակար պրակտիկա, այն պետք է հաշվի առնի տարբեր տեսանկյուններ։Եթե տնտեսագետները ավելի քիչ նշանակություն տային հավասարակշռության մոդելներն, ապա մենք կարող էինք ուսումնասիրել այլ հնարավոր արդյունքներ։ Դա կարող էր մեր ուշադրությունը հրավիրել պարամետրերի այնպիսի արժեքների վրա, որոնց դեպքում դինամիկան փոխվում է՝ առաջացնելով տնտեսական գործունեության կասկադներ (կամ շրջադարձային կետեր)։ Շատ կարեւոր է, որ որոշումներ կայացնողները տեղեկացված լինեն դրանց մասին։ Դա կարող է բացահայտել այն ոլորտները, որտեղ տնտեսության մեջ լուրջ խնդիրներ են ձեւավորվում, ինչը իսկապես արժեքավոր ներդրում կլինի տնտեսագիտական բանավեճում։ Լուսանկարը՝ REUTERS Քանի որ յուրաքանչյուր մոդել ներկայացնում է իրականության միայն մեկ բացատրություն, նրանք, ովքեր կառչում են դրանից, կարող են հեշտությամբ հայտնվել TINA (այլընտրանք չկա) մտածելակերպի թակարդում, ինչպես արել են Բրիտանիայի վարչապետները։ Միակ տրամաբանական լուծումը այլընտրանքային մոդելների օգտագործումն է։ Երբ այդ մոդելները հակասում են միմյանց, մենք դեռ կարող ենք որոշումներ կայացնել՝ հիմնվելով Ջոն Մեյնարդ Քեյնսի «ապացույցների հավասարակշռության» վրա, այլ ոչ թե կառչել գիտելիքի պատրանքից։Նույնիսկ հարկաբյուջետային քաղաքականության ավելի խճճված աշխարհում մենք շարունակում ենք գնահատել պետական ներդրումների ճշգրիտ երկարաժամկետ ազդեցությունը՝ օգտագործելով շատ ավանդական արտադրական ֆունկցիա։ Ալֆրեդ Մարշալը կազմակերպումը համարում էր արտադրության չորրորդ գործոն, սակայն քանի որ նման ֆունկցիաները անտեսում են կազմակերպական ցանկացած փոփոխություն, այլընտրանքային տարբերակները երբեք չեն դիտարկվում։ Ռոբերտ Սոլոուն իրավացի էր, երբ զգուշացնում էր, որ արտադրական ֆունկցիաները պարզապես պարզաբանող այլաբանություններ են։Արմատական անորոշությունն ընդունելը նշանակում է ընդունել, որ գիտելիքը միշտ սխալական է եւ թերի, նույնիսկ եթե հավաքված են բոլոր հնարավոր տեղեկությունները։ Այս տարբերակումը գնալով ավելի կարեւոր կդառնա, երբ կիրառենք արհեստական բանականությունը։ Կորպորատիվ խորհրդի անդամները դեռ պետք է համոզված լինեն այլ ոչ թե պարզապես տեղեկացվեն, որ բոլոր ողջամիտ տարբերակները հաշվի են առնվել։ Դրա համար անհրաժեշտ է մարդկային ներգրավվածություն եւ իմանալ, թե ինչպես են ստացվել այդ արդյունքները։ Լուսանկարը՝ REUTERS Ի վերջո, մենք կհետեւենք Հոքնիին դեպի հետմոդեռնիստական մակրոտնտեսագիտության մի աշխարհ, որի հիմքում անորոշությունն է, այլ ոչ թե այն տեսակետը, որ անորոշությունը պարզապես արտաքին ցնցում է, որը խախտում է այլապես կայուն հավասարակշռությունը։ Այս տնտեսագիտությունը կխրախուսի տարբեր տեսակետներ եւ փորձարկումներ, իսկ տարբեր ինստիտուտներ կաջակցեն նոր գիտելիքի ստեղծմանը: Մեր խնդիրը կլինի գտնել ճիշտ կառուցվածքները եւ ճանապարհ հարթել այնպիսի աշխարհի համար, որտեղ կոպիտ ուտիլիտարիզմն իր տեղը կզիջի արդարադատությանը, արժանապատվությանն ու արդարությանը՝ արժեքներ, որոնց Հոքնին խորապես նվիրված էր:Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 2501