«Մի դրամի ուժը» ֆինանսական աջակցությունից բացի, փոխում է մարդկանց մտածողությունը

03.11.2023 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Իդրամի եւ IDBank-ի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը գործունեության երեք տարվա ընթացքում աջակցել է հասարակական նշանակություն ունեցող 22 նախաձեռնության՝ տրամադրելով ավելի քան 144 մլն դրամ։

Ծրագրի շահառուները նշում են՝ «Մի դրամի ուժը» ոչ միայն գումարով է աջակցում, այլեւ փոխանցում է հզոր էներգետիկա, մեծ հոգատարություն եւ սեր։

Banks.am-ի հետ զրույցում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի եւ «Հայորդի» նախաձեռնության հիմնադիրները պատմել են իրենց գործունեության մասին, կիսվել IDBank-ի ու Իդրամի հետ համագործակցության փորձով։

Կարդացեք նաեւ.

Մեկ մարդը, մեկ ճիշտ որոշումն ու «մի դրամը», որ կյանքեր են փոխում

«Մի դրամի ուժը». Փոքր ներդրում, որ մեծ հարցեր է լուծում

***

«Հայորդի» նախաձեռնություն

Վաչե Վարդանյան, նախաձեռնության համահիմնադիր

«Հայորդի» նախաձեռնությունը հիմնել եմ 2020թ.-ին՝ Արցախ տեղափոխվելուց հետո:  Հետագայում ինձ միացել են զոհված զինծառայողների կանայք եւ մեր վիրավոր տղաները:

Երեք տարվա ընթացքում «Հայորդին» աջակցել է զոհված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում: Մեր հիմնական ուղղությունը երեխաների հետ աշխատանքն է: Առ այսօր նախաձեռնության տարբեր ծրագրերում ընդգրկվել են 2016թ. Ապրիլյան պատերազմից մինչեւ այս տարվա սեպտեմբերի սկիզբ բոլոր պատերազմներում, բախումներում զոհված եւ անհետ կորած զինծառայողների երեխաները: Այս ամենը կարողանում ենք իրականացնել մեր գործընկերների աջակցությամբ, որոնցից ամենախոշորն IDBank-ը եւ Իդրամն են:   

Վաչե Վարդանյանը


Երեխաների հետ աշխատանքը տեղի է ունենում մի քանի տարբերակով: Մենք պարբերաբար կազմակերպում ենք ճամբարներ, հավաքներ, ապահովում ենք նրանց ժամանցը: Երեխաները, որոնց ընտանիքներում կորուստը նոր է, ստանում են հոգեբանական աջակցություն: Յուրաքանչյուր զոհված զինծառայողի երեխա ամսական միջինում 3-4 ծրագրի է մասնակցում:

«Հայորդին» աջակցում է նաեւ վիրավոր զինծառայողներին:
Նախաձեռնության աշխատանքի երրորդ ուղղությունը բանակն է: Այս դեպքում զոհված զինծառայողների կանայք տարբեր ծրագրերով մասնակցում են բանակաշինությանը:

«Մի դրամի ուժի» հզոր էներգետիկան

«Հայորդի» նախաձեռնությունը IDBank-ի եւ Իդրամի «Մի դրամի ուժը» ծրագրի շահառու է դարձել այս տարվա հունիսին, ինչպես նաեւ հիմա՝ հոկտեմբերին:

Ամռանը մեզ փոխանցված ամբողջ գումարն ուղղել ենք «Հայորդի» ճամբարի կազմակերպմանը: Դրան մասնակցել է զոհված եւ անհետ կորած զինծառայողների մոտ 300 երեխա: Ցավոք, բլոկադայի պատճառով Արցախից երեխաներին չենք կարողացել ընդգրկել: Ճամբարի վերջին օրն օգոստոսի 31-ն էր, ընդամենը մի քանի օր անց Արցախում պատերազմ սկսվեց: Այդ ծանր օրերին, երբ արցախցիները ստիպված եղան հեռանալ իրենց տներից, որոշում կայացրեցինք ճամբարի տարածքը տրամադրել «Հայորդիի» արցախցի երեխաներին ու նրանց ընտանիքներին:  
Տեղահանված ընտանիքներին դիմավորում էինք Կոռնիձորում եւ տեղափոխում ճամբար: Ընդհանուր առմամբ, այս շրջանում կարողացել ենք ապաստան տրամադրել 110 մարդու:

«Հայորդի» ճամբարը


Կոռնիձորում էի, երբ զանգ ստացա IDBank-ից: Ինձ ասացին, որ հոկտեմբերին «Մի դրամի ուժը» ծրագրով հավաքված գումարը եւս կտրամադրվի «Հայորդի» նախաձեռնությանը: Սա շատ կարեւոր ներդրում էր, որը կուղղվի ինչպես ճամբարի ընթացիկ ծախսերը հոգալուն, այնպես էլ՝ հումանիտար շարժական կայանի ծրագրին: «Հայորդիի» հումանիտար կայանը շրջում է Հայաստանի խոշոր համայնքներով եւ տարատեսակ անհրաժեշտ իրեր փոխանցում ինչպես զոհված զինծառայողների ընտանիքներին, այնպես էլ՝ այլ խմբերի:

Բացի այդ, «Մի դրամի ուժով» մեզ փոխանցված գումարի մի մասով կաջակցենք Արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին: Ծրագրում անպայման ընդգրկելու ենք նաեւ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում խոշոր պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին։  

«Մի դրամի ուժի» գաղափարը միայն գումարային աջակցության մասին չէ: Այն շատ հզոր էներգետիկա ունի: Կարծում եմ՝ սա ուղղակի կապ ունի գումարը տրամադրող ընկերությունների, դրանց հետեւում կանգնած մարդկանց եւ նրանց սրտացավության հետ: «Մի դրամի ուժին» միլիոնավոր մարդիկ են միանում: Միշտ մտածում եմ՝ ինչ ազդեցիկ է, որ մեկ ընտանիքին կամ մեկ անձին տրամադրվում է աջակցություն, որը գոյացել է մի քանի հարյուր կամ հազար մարդու մասնակցությամբ: Գաղափարը, որ 30 ընտանիքի համար պայմանական 3 միլիոն մարդ բարեգործ է դառնում, շատ ազդեցիկ է: Ու հետաքրքիր է, որ այդ մարդիկ գիտակցված որոշում են կայացնում վճարել Իդրամով, որպեսզի երկու ընկերություններն ավելի շատ գումար փոխանցեն այս կամ այն նախաձեռնությանը։

IDBank-ի եւ Իդրամի հետ համագործակցության բազմաթիվ փորձեր ենք ունեցել ու դրանք բոլորը ստացված են, որովհետեւ իրենց նպատակն այս դեպքում մեկն է՝ ընտանիքների համար անել առավելագույնը: Մարդիկ այս ծրագրի մեջ ներդնում են ոչ միայն գումար, այլեւ՝ էներգիա, հարգանք, սեր ու հոգատարություն:

Գործելով ֆինանսաբանկային ոլորտում՝ այս ընկերությունները պարտադրված չեն մասնակցել մեր երկրում կատարվող իրադարձություններին: Կարող էին լռել, անմասն մնալ, բայց IDBank-ն ու Իդրամն իսկապես սրտացավ են Արցախի, հասարակությունում տեղի ունեցողի հանդեպ: Այս ընկերություններն ինձ համար առաջին հերթին ոչ թե ֆինանսաբանկային ոլորտն են ներկայացնում, այլ ծավալում են հայանպաստ գործունեություն, ինչը մեծ հարգանքի է արժանի:

***

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ

Արմեն Մարտիրոսյան, հիմնադիր-տնօրեն

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը ստեղծվել է 2021թ.-ի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մինչ այդ, տարբեր անհատական նախաձեռնությունների միջոցով փորձում էինք աջակցել առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին, կազմակերպել նրանց բուժումը Հայաստանում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուղարկել արտերկրի լավագույն կլինիկաներ: Հիմնադրամի ստեղծման նպատակն այս աշխատանքներն առավել համակարգված դարձնելն էր:

Արմեն Մարտիրոսյանը


Մենք աջակցում ենք երեխաներին, որոնք ունեն մանկական քաղցկեղ կամ արյան խնդիրներ (բոլոր այն դեպքերում, երբ երեխայի բուժումը պետք է իրականացնել արտասահմանյան կլինիկաներում), երիկամի կամ լյարդի փոխպատվաստման կարիք, քրոնիկ շնչառական խնդիրներ, իմունային համակարգի խանգարումներ։ Հիմնադրամի գործունեության մեջ ներառել ենք նաեւ արյան բարորակ խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու հարցը, ինչը նույնպես շատ կարեւոր է: Առհասարակ, մեծամասամբ փորձում ենք անհրաժեշտ բուժումը կազմակերպել Հայաստանում: Երեխան արտերկիր է ուղարկվում միայն, եթե Հայաստանում այս կամ այն միջամտությունը հնարավոր չէ:

Հիմնադրամը ստեղծման երկու տարվա ընթացքում ընդհանուր առմամբ օգնել է ավելի քան 2200 երեխայի՝ տրամադրելով շուրջ 700 մլն դրամի աջակցություն:

Նշածս աջակցությունը, սակայն, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեության միայն մի մասն է: Բուժումից բացի, մենք զբաղվում ենք նաեւ թվարկված հիվանդությունների կանխարգելման եւ վաղ հայտնաբերման հարցերով: Այս նպատակներին հասնելու համար հիմնադրամը վերապատրաստում է բժիշկների՝ նրանց ուղարկելով աշխարհի առաջատար բուժհաստատություններ: Մեր գործընկեր հիվանդանոցներին աջակցում ենք նաեւ անհրաժեշտ բուժսարքավորումների համալրմամբ:  

Ակտիվ զբաղվում ենք պետական լոբբինգով, որպեսզի լուրջ խնդիրները, որոնցով այսօր զբաղվում է հիմնադրամը, ժամանակի ընթացքում փոխանցվեն պետությանն ու ներառվեն պետական պատվերի շրջանակում: Կարող եմ ասել՝ այս առումով կան որոշակի հաջողություններ:

Կյանք փրկող ներդրումը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը IDBank-ի եւ Իդրամի «Մի դրամի ուժը» ծրագրի շահառու է եղել երկու անգամ՝ 2021 եւ 2022 թվականներին: Ընդհանուր առմամբ, մեզ տրամադրվել է ավելի քան 11 մլն դրամ աջակցություն: Հիմնադրամը դրա շնորհիվ գնել է իմունային համակարգի ծանր խանգարում ունեցող երեխաների համար կենսական նշանակություն ունեցող դեղորայք: Այն բավականին թանկ է եւ «Մի դրամի ուժի» ներդրումն իսկապես կյանք փրկող էր:

Մեր հիմնադրամի ու այս ոլորտում իմ տարիների փորձը հստակ ապացուցում են՝ փոքր ներդրումներով, բայց ներգրավելով մեծ թվով մարդկանց, իսկապես հնարավոր է կարեւոր հարցեր լուծել: Սա շատ մեծ ուժ է:



Գործունեության երկու տարվա ընթացքում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն ավելի քան 50 հազար նվիրատվություն է ստացել: Այսինքն, նշածս 700 մլն դրամի աջակցությունը գոյացել է տասնյակ հազարավոր մարդկանց շնորհիվ: Իհարկե, ունենք խոշոր նվիրատվություններ կատարող գործընկերներ կամ քաղաքացիներ, բայց այս ներդրումներից գոյանում է ընդհանուր գումարի միայն 20-30 տոկոսը: Դրա մեծ մասը հավաքվում է հազարավոր մարդկանց շնորհիվ ու հենց նրանք են մեր հիմնական ուժը:

Նույն կերպ «Մի դրամի ուժը» ծրագրի դեպքում է: Այն եւս ուժեղ է մարդկանցով: Այս դեպքում IDBank-ի կամ Իդրամի միջոցով վճարումներ կատարողները ճիշտ է, ֆինանսական ներդրում չեն ունենում, բայց իրենց գիտակցված ընտրությանն ի պատասխան՝ այս ընկերությունները յուրաքանչյուր վճարման դիմաց մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժին»՝ բոլոր այդ մարդկանց դարձնելով կարեւոր գործի մաս:

Մենք ոչ միայն հավատում ենք բարեգործության այս մեխանիզմին, այլեւ վստահ ենք՝ այն գործող է: Երկար տարիներ ինքներս ենք ապացուցում, որ տասնյակ հազարավոր մարդիկ կարող են մեծ գործեր կատարել: Ընդ որում, այս դեպքում կարեւոր է ոչ միայն հավաքված գումարն, այլեւ փոփոխությունը, որ տեղի է ունենում նրանց մտածողության մեջ: Մարդը, որը թեկուզ փոքրիկ ներդրումով կարողանում է մասնակցել կարեւոր խնդրի լուծմանը, միանշանակ, դրական լիցքեր է ստանում: Արդյունքում տեղի է ունենում մշակութային փոփոխություն, փոխվում է մոտեցումը բարեգործության ու մարդասիրության նկատմամբ: Սա որոշ դեպքերում առավել կարեւոր է, քան մի քանի ծրագրի ֆինանսավորումը:

Պետք է կարեւորեմ  նաեւ «Մի դրամի ուժի» թիմի մեծ սրտացավությունն ու հոգատարությունը: Շփվելով ծրագրի պատասխանատուների հետ՝ գիտակցում ես, որ նույն առաջնահերթություններն ու կարեւորություններն ունեք:

Կարդացեք նաեւ.

Մեկ մարդը, մեկ ճիշտ որոշումն ու «մի դրամը», որ կյանքեր են փոխում

«Մի դրամի ուժը». Փոքր ներդրում, որ մեծ հարցեր է լուծում

Յանա Շախրամանյան
Դիտում՝ 4025
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW