2022թ-ի փետրվարի 1-ից Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է: Շուկայում վերացվել է արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մեկ անձի կողմից գնելու եւ վաճառելու մենաշնորհը եւ հայտնվել են նոր խաղացողներ: ՀՀ Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխումները իրականացվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի աջակցությամբ։Թե ի՞նչ է իրենից ենթադրում շուկայի ազատականացումը, ինչպե՞ս է տեղի ունենում էլեկտրաէներգիայի առքուվաճառքը, ի՞նչ նպատակով է այն արվում եւ ի՞նչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, Banks.am-ը զրուցել է ոլորտի ներկայացուցիչների հետ:Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման առավելություններըԷլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմամբ՝ նախկին մոդելը, որը ենթադրում էր մեկ գնորդ եւ մեկ վաճառող, այլեւս չի գործում։ Եթե նախկինում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էր բոլոր արտադրողներից գնում էլեկտրաէներգիան եւ վաճառում սպառողներին, ապա այժմ այլ ընկերություններ եւս կան շուկայում։ «Էլեկտրաէներգիան, որպես ապրանք, դարձել է առեւտրի առարկա: Սա սպառողին հնարավորություն է տալիս էլեկտրաէներգիա գնել մրցակցային շուկայից՝ իրեն հարմար պայմաններով»,- ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը:Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) փոխնախարար Հակոբ Վարդանյանը եւս նշել է, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումն առաջին հերթին ազատ եւ արդար գնագոյացման մեխանիզմների ստեղծումն է: Եթե նախկինում բոլորին էլեկտրաէներգիան վաճառվում էր նույն՝ միջինացված գնով, ազատականացված շուկայում այլեւս այդպես չէ։ Նոր խաղացողները ավելի շահավետ առաջարկներ են ներկայացնում սպառողին:«Շուկայական հարաբերությունները ստեղծում է հնարավորություն արդարացի գնագոյացման համար։ Մեկ գնորդի մոդելի պարագայում բոլորը վճարում էին միջինացված գնով (հաստատված սակագներով), այսինքն՝ մեկը սպառում էր ավելի թանկարժեք էլեկտրաէներգիա, մյուսն՝ ավելի էժան, բայց բոլորը վճարում էին միջինացված գնով, այժմ այդ մեխանիզմը փոխվում է»,- նշել է փոխնախարարը:Առուվաճառքի գործընթացըԷլեկտրաէներգիայի առեւտուրը իրականացվում է Շուկայի կառավարման ծրագրի միջոցով, որը վերահսկվում է Շուկայի օպերատորի ՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: «Շուկայի օպերատորը շահագործում եւ սպասարկում է ծրագիրը, իրականացնում է մասնակիցների՝ ծրագիր մուտքի եւ ելքի, հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի տրամադրման եւ փոփոխման հետ կապված գործառույթները, ամրագրում է մասնակցի էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, վաճառելու եւ ծառայություններ ստանալու սահմանաչափերը, գրանցում մասնակիցների հայտերը եւ հաշվառում գործարքները, հաշվառում առեւտրի մասնակիցների կողմից գնված եւ վաճառված էլեկտրական էներգիայի քանակը եւ իրականացնում անհրաժեշտ այլ գործառույթներ մեծածախ շուկայի բոլոր բաղադրիչներում»,- ներկայացրել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը:Շուկայի օպերատորը կազմակերպում է նաեւ օր-առաջ շուկայի բնականոն աշխատանքը, որտեղ գինը ձեւավորվում է առաջարկի եւ պահանջարկի հիման վրա եւ սպառողը իրեն անհրաժեշտ ծավալի էլեկտրաէներգիան գնում է անմիջապես օգտագործելուց մեկ օր առաջ:«Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առեւտուր իրականացնելու համար շուկայի մասնակիցներն առցանց գրանցվում են Շուկայի կառավարման ծրագրում, ներկայացնում հայտեր, կնքում պայմանագրեր, հետեւում փաստացի հաշվառման տվյալներին, ստորագրում վճարման անդորրագրերը: Այսինքն՝ ամբողջ առեւտրային գործընթացն իրականացնում են մեկ հարթակում»,- նշել է «Հաշվարկային կենտրոն»-ի տնօրենը:Նոր շուկայում էլեկտրաէներգիա վաճառողները ու գնորդներըԱզատ շուկան իր հետ բերել է նոր խաղացողներ, որոնք կոչվում են մատակարարներ եւ թրեյդերներ։ Առաջինները զբաղվելու են էլեկտրաէներգիայի մեծածախ եւ մանրածախ առեւտրով, երկրորդները՝ միայն մեծածախ առեւտրով, այդ թվում՝ ներկրում-արտահանմամբ։ Այս պահին 20-ից ավելի ընկերությունների տրամադրվել է մատակարարման եւ մեծածախ առեւտուր իրականացնելու լիցենզիա, որոնցից ակտիվ աշխատում է 6 ընկերություն։ 2023թ.-ի փետրվարի 1-ից մեծածախ շուկայում առեւտուր իրականացնելը պարտադիր է տարեկան 1 մլն կՎտ ժամ եւ ավելի սպառում ունեցող եւ 110 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար: Այդ սպառողների գերակշիռ մասը 2022թ. ընթացքում արդեն իսկ գրանցվել եւ գործունեություն էին ծավալել շուկայում: «Մինչեւ 2025թ.-ը շուկայում պարտադիր մասնակից կդառնան 1 մլն կՎտժ եւ ավելի սպառում ունեցող բոլոր սպառողները։ Ծավալների պատճառով՝ մի փոքր ավելի բարդ է լինելու բնակիչ-բաժանորդներին շուկայում ամբողջությամբ ինտեգրելը: Այդ առումով, կարծում եմ, գործընթացը կտեւի մինչեւ 2030 թվականը»,- ասել է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։Պետության կարգավորումները եւ սակագներըԱզատականացված շուկայում էլեկտրաէներգիայի գները չեն կարգավորվում՝ պայմանագրային են: Սակագնային կարգավորումները տարածվում են միայն այն սպառողների վրա, որոնք, համաձայն կանոնների, չեն ընտրել իրենց համար մատակարար կազմակերպություն եւ շարունակում են օգտվել Երաշխավորված մատակարարի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի) ծառայություններից: «Այսինքն, որպեսզի շուկայական այս նոր մոդելում տնտեսվարողները, մասնակիցներն իմանան, թե իրենք ինչ վարքագիծ պետք է դրսեւորեն, ամբողջությամբ պիտի ղեկավարվեն շուկայի կանոններով: Անգամ այն տիրույթում, որը մրցակցային է, պիտի նկատի ունենանք, որ կարգավորումները սահմանում է հանձնաժողովը»,- ասել է ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը: ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման ծրագրի ներկայացուցիչ Աբգար Բուդաղյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկայի ոլորտի բոլոր ենթաօրենսդրական ակտերը մշակվել են նորից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Առաջին արդյունքներըՀակոբ Վարդանյանը նշել է, որ շուկայի ազատականացված մոդելի ընձեռած հնարավորություններն արդեն զգացել են միջսահմանային առեւտրի վրա ունեցած դրական ազդեցության օրինակով։ «Օրինակ՝ 2022թ.-ին շուրջ 9 ամիս ամբողջ ծավալով արտահանում ենք իրականացրել: Միայն այդ ամիսներին արտահանել ենք մոտ 370 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, իսկ դրան նախորդող 10 տարվա ընթացքում՝ 240 մլն: Սա նրա արդյունք է, որ ազատականացված մոդելով ամեն ինչ կարգավորված է, արտահանողը էլեկտրոնային հարթակի միջոցով լրացնում է իր հայտը, կցելով պայմանագիրը»,- ասել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ մրցակցային շուկայի պայմաններում բարձրանում է էլեկտրաէներգիայի արտադրության հուսալիությունը, սպասարկման որակը, բարելավվում է գնորդի հետ շփման մշակույթը, քանի որ այն անմիջականորեն ազդում է իրենց կողմից առաքվող էլեկտրաէներգիայի պահանջարկի վրա:Այսպիսով՝ ազատականացումը էլեկտրաէներգիայի շուկան դարձնում է առավել մրցակցային, ճկուն եւ հարմար բոլոր մասնակիցների տեսանկյունից, ինչպես նաեւ ձեւավորում է նոր բիզնես դաշտ՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար:ՀՀ Էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագիրը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի շրջանակում՝ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության կողմից: Շուկայի ազատականացման նախապատրաստական փուլը տեւել է չորս տարի՝ 2018-22թթ.: Արփի Ջիլավյան Tweet Դիտում՝ 24978