“Փոստբանկի” ապագան հեշտ չի լինելու` հաշվի առնելով բանկային հատվածի դիմադրությունը”

11.12.2008 | 00:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Հայփոստ” ընկերության նախկին հավատարմագրային կառավարիչ Հանս Բոոնի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- 2008 թվականի հուլիսին “Հայփոստի” հավատարմագրային կառավարումը փոխանցվեց “Էռնեկյան գրուպ” ընկերությանը: Ո՞րն էր “Հայփոստի” հիմական բաժնետիրոջ` հոլանդական “Հայփոստ Թրասթ Մենեջմենթի” փոփոխման հիմնական պատճառը, որի կողմից կառավարումը փոխանցվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորներին:

- Դրա արմատները գտնվում են այն պահանջներում, որոնք “Էռնեկյան գրուպի” կողմից առաջադրվեցին 2008 թվականի հունվարի վերջում` որպես “Փոստբանկում” ներդրումներ կատարելու նախապայմաններ:

“Էռնեկյան գրուպը” ցանկություն էր հայտնել նախագծում ներդրում կատարել 2007 թվականի սեպտեմբերին, եւ մի շարք փաստաթղթեր էին ստորագրվել գործարքը մինչեւ 2007 թվականի դեկտեմբերն ավարտելու, ինչպես նաեւ ԿԲ-ի կողմից տեխնիկապես հաստատված բիզնես պլանով “Փոստբանկի” լիցենզավորման գործընթացն ավարտելու համար հիմքեր ստեղծելու նպատակով: Համաձայնություն էր ձեռք բերվել նաեւ այն մասին, որ բիզնես մոդելի հաջող իրացման նպատակով նախագծում կշարունակվի մեր փորձը: Սակայն, ինչպես արդեն ասացի, 2008 թվականի հունվարին “Էռնեկյան գրուպը” նոր պայմաններ առաջ քաշեց:

- Երկու տարվա ընթացքում որքանո՞վ է հոլանդական կողմը կատարել իր հավատարմագրային կառավարման պարտավորությունները:

- Երկու տարվա ընթացքում հոլանդական կողմը կատարել է իր պարտավորությունների մեծ մասը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կատարվել է ավելին: Համաշխարհային փոստային արդյունաբերության մեջ նույնիսկ սկսեցին խոսել “Հայաստանյան հրաշքի” մասին: Ընկերությանը հաջողվեց սկսել եւ մասամբ ավարտին հասցնել 20 հիմնական նախագծերի մեծ մասը, ինչպես նշվում էր ՀՀ կառավարությանը մեր եռամսյակային հաշվետվություններում: Որպես օրինակ կարելի է բերել 2 տարվա ընթացքում փոստային ծառայությունների նկատմամբ ներքին պահանջարկի աճը 1-ից մինչեւ 10 մլն, մինչդեռ նախատեսվում էր 5 տարվա ընթացքում այն հասցնել 7 մլն-ի:

Կատարվել էր 25 փոստային բաժանմունքների արդիականացում ողջ հանրապետության տարածքում, արեւմտյան չափանիշներին էր համապատասխանեցվել ներքին կազմակերպչական եւ վարչարարական գործընթացների հիմնական մասը: 2008 թվականի ընթացքում զգալիորեն բարելավվեցին ընկերության ֆինանսական ցուցանիշները, ինչը թույլ տվեց “Հայփոստին” ներդումներ կատարել լավագույն որակի, արդյունավետության ու անվտանգության համար պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Պարտավորությունների մի մասը չէր կատարվել օրենսդրական եւ կարգավորիչ խոչընդոտների պատճառով, թեեւ օրենսդրական, կարգավորչական եւ ինստիտուցիոնալ հարցերին առնչվող շատ որոշումներ ու միջոցառումներ մանրամասնորեն համաձայնեցվել էին դեռեւս հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ստորագրումից առաջ:

Պայմանագրի այդ մասի կատարման ձգձգումը կամ անտեսումը հայկական կողմից խոչընդոտեց հեղինակավոր ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավմանը:

2007 թվականի սեպտեմբերին հայկական կողմը հասկացրեց, որ մտադիր չէ կատարել իր հիմնական պարտավորությունները, որոնք ավելի վաղ համաձայնեցվել էին որպես ներդրումների պարզեցման համար նախապայմաններ այն դեպքի համար, եթե “Փոստբանկում” ներդրումներ կատարելու համար մատչելի միջոցներ չլինեն: Դեպքերի նման շրջադարձը հոլանդական կողմին ստիպեց մտածել իր հետագա մասնակցության մասին, քանի որ խոսքը զարգացման, այլ ոչ թե առեւտրային ծրագրի մասին էր:

- Ո՞րն էր “Հայփոստում” հոլանդական կողմի գործառույթը հիմնական բաժնետիրոջ փոփոխումից հետո:

- 2008 թվականի օգոստոսի վերջից “Էռնեկյան գրուպի” պահանջով հոլանդական կողմի դերակատարումն աստիճանաբար սկսեց սահմանափակվել եւ հանգեցրեց 2008 թվականի դեկտեմբերին հոլանդացիների վերջնական հեռանալուն:

- “Փոստբանկի” բիզնես պլանի հատկապես ո՞ր կետերի շուրջ էին ծագել տարաձայնությունները “Հայփոստի” նախկին եւ այժմյան բաժնետերերի միջեւ:

- Հոլանդական կողմի մշակած պլանը ստեղծվել էր համաշխարհային փորձի հաջողված օրինակների, “Հայփոստի” “ախտորոշման” եւ հայաստանյան շուկայի վերլուծության հիման վրա: Այդ մոդելը շեշտադրում էր մատչելի հասանելիության ապահովումը` բոլորի համար, միշտ եւ ամենուր: Այն հիմնված էր հիմնական ֆինանսական, փոստային ծառայությունների, հաղորդակցությունների, մանրածախ առեւտրի եւ էլեկտրոնային սպասարկման սիներգիայի ու սիմբիոզի վրա:

Դրա արդյունքում փոստային բաժանմունքը չի դառնում բանկային մասնաճյուղի հերթական նմանակում, այլ մնում է փոստային բաժանմունք` տնտեսության մեջ մարդկանց մուտքն ապահովող օղակ:

Այդ դեպքում փոստային բաժանմունքները պետք է գործեին որպես “Փոստբանկի” հիմնական դիստրիբյուտորական կապուղիները:

Նոր կառավարչի բիզնես պլանը բացահայտված չէ եւ կազմվէլ է առանց հոլանդական կողմի կարծիքը հաշվի առնելու: Հայտնի է միայն, որ “Էռնեկյան գրուպի” առաջարկած մոդելի համաձայն` նախատեսվում է “Փոստբանկի” սեփական մասնաճյուղեր գործարկել փոստային բաժանմունքների ներսում, ինչը նշանակում է պառակտում “Հայփոստի” եւ “Փոստբանկի” միջեւ եւ բազմաթիվ հարցեր է առաջացնում: Ո՞վ այդպիսի “Փոստբանկի” կարիք ունի: Հայաստանը կդառնա՞ աշխարհում առաջին երկիրը, որտեղ “Փոստբանկը” ստանձնում է փոստի առաքումը (եւ ի՞նչ գնով) եւ ի՞նչ է սպասվում հենց փոստին, նրա հաստիքներին ու հաճախորդներին: Կարո՞ղ են նրանք արդյոք երբեւէ փոստում օգտվել ինտերնետից, էլեկտրոնային հաղորդակցությունից, կառավարումից եւ ուսուցումից, ինչպես նաեւ միջազգային փոստով ապրանքներ պատվիրելուց: Խնդրում եմ, այս հարցերը տվեք նոր կառավարչին, քանի որ օգտակար կլինի իմանալ` ի՞նչ է սպասվում Հայաստանին:

- Ինչպիսի՞ն եք պատկերացնում “Փոստբանկի” հեռանկարը:

- “Փոստբանկի” ապագան հեշտ չի լինելու` հաշվի առնելով բանկային հատվածի դիմադրությունն ու տոկոսադրույքների միջեւ շատ լայն մարժա պահպանելու վերջինիս շահագրգռվածությունը:

Սակայն “Փոստբանկը” 900 փոստային բաժանմունքների միջոցով կարող էր օգնել ստեղծել լայն հասանելիություն հուսալի ֆինանսական ծառայություններին բոլորի համար եւ ամենուր` առաջարկելով պլաստիկ քարտեր, դյուրին վճարային համակարգեր, գրավիչ խնայողություններ ու ավանդներ, միկրո-, փոքր եւ միջին բիզնեսի արտահանման համար գործիքներ, միջազգային վճարումներ: Դա կօգներ Հայաստանի ոչ մեծ բանկային շուկայում մրցակցություն առաջացնել:

ՄԵԴԻԱՄԱՔՍԸ եւ Banks.am-ը պատրաստ են ընթերցողներին ներկայացնել նաեւ “Էռնեկյան գրուպի” տեսակետը “Հայփոստի” եւ “Փոստբանկի” ապագայի վերաբերյալ եւ իրենց պատրաստակամության մասին հայտնել են “Հայփոստի” մամլո ծառայությանը:

Դիտում՝ 10704
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai