Արթուր եւ Կարեն Խաչատրյաններ. 20 տարի առաջ ավտոտնակում ծնված մեծ նպատակը

24.08.2022 | 00:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Խաչատրյան ընկերությունների խումբ #ԼԵՈ 1 ավտոսպան #Fruh Kolsch Armenia #SONAX ARMENIA #Կաթիլ

2001 թվականին երիտասարդ եղբայրներ Արթուր եւ Կարեն Խաչատրյաններն իրենց տան ավտոտնակում սկսում են ավտոլվացման ծառայություններ մատուցել։ Մեքենաների հանդեպ մեծ սիրուց ծնված այս զբաղմունքը ինքնուրույնության եւ ազատության ձգտման դրսեւորում էր։ Բայց կարճ ժամանակ անց դա վերածվեց նպատակի ու մեծ բիզնես-գաղափարի հիմք դարձավ։ Այսօր արդեն եղբայրները ստեղծել են «Խաչատրյան ընկերությունների խումբը», որը ներկայանում է բազմապրոֆիլ ծառայություններով եւ պրոդուկտներով, զբաղվում է կենցաղային քիմիայի, ավտոխնամքի, լվացման միջոցների արտադրությամբ։

Ընկերությունների խմբի կազմում են «ԼԵՈ 1 ավտոսպան», գերմանական բարձրորակ գարեջուր ներկայացնող Fruh Kolsch Armenia-ն, SONAX ARMENIA-ն, ինչպես նաեւ  հայկական արտադրության «Կաթիլ» կենցաղային մաքրող միջոցների բրենդը։

Ընկերության համահիմնադիրներ Արթուր եւ Կարեն Խաչատրյանների հետ զրուցել ենք հաջողակ բիզնեսի, ընկերության անցած ուղու եւ առաջիկա ծրագրերի մասին։

Մեկ ավտոտնակից մինչեւ բազմապրոֆիլ ընկերությունների խումբ

Արթուր Խաչատրյան

Մինչեւ բիզնես սկսելը երկար տարիներ պրոֆեսիոնալ ֆուտբոլով եմ զբաղվել։ Ֆուտբոլի հանդեպ սերն էլ մանկությունից է եղել, երբ մեր բակի ընկերներով հավաքվում, տարբեր խաղեր էինք խաղում, ու բոլորիս միավորում էր հենց այդ բակային կյանքը։ Սպորտն է ինձ կոփել ու դեռ փոքրուց ձեւավորել համառ, չհանձնվող ու նպատակին միշտ հասնող տեսակս։ Անկեղծ ասած՝ հեշտ չէր համատեղել սպորտը, ուսումն իրավաբանական ֆակուլտետում եւ ընկերներին միշտ ժամանակ տրամադրելը։ Բայց ես փորձում էի հասցնել ամեն բան, որովհետեւ բոլորն էլ ինձ համար թանկ էին։ Խաղացել եմ 16, 19, 21 տարեկանների հավաքականներում, Կոտայք, Աբովյան, Արարատ եւ Երեւան ակումբներում։ Սեփական գումարն էի աշխատում, որն այն ժամանակ քիչ չէր։ Արդեն իմ ֆինանսական անկախությունն ունեի, ինչն ինձ համար կարեւորագույն արժեք է մինչ օրս։

Արթուր Խաչատրյանը


Ֆուտբոլային կարիերաս ավարտվեց 21 տարեկանում, երբ վնասվածք ստացա։ Վերականգնողական փուլը տեւելու էր 1 տարուց ավելի, իսկ ես այդքան երկար ժամանակ ոչնչով չզբաղվել ու սեփական աշխատանք չունենալ չէի կարող։

Մեքենաներ մանկուց եմ սիրել, դեռ փոքրուց միշտ սիրում էի հայրիկիս մեքենան լվանալ, խնամել, ուսումնասիրել։ Մեր շենքի բակում ավտոտնակ ունեինք, ու երբ վնասվածք ստացա, հայրիկիս խնդրեցի թույլ տալ այնտեղ ավտոլվացման ծառայություններ սկսել։ Այդպես եղբորս՝ Կարենի հետ սկսվեց մեր ուղին։  

Կարեն Խաչատրյան

Դա 2001 թվականն էր, ես էլ 17 տարեկան էի։ Երկուսս էլ ուսանող էինք, սկզբունքային երիտասարդներ, ովքեր փորձում էին ամեն բան հասցնել։ Սկզբում մտավախություններ չունեինք, քանի որ ծնողներս միշտ մեր կողքին են եղել։ Մեր փոքր ավտոտնակը մեզ համար դարբնոց դարձավ, հենց այդտեղ սկսեցինք հասկանալ ոլորտի առանձնահատկություններն ու նրբությունները։ Մի քանի տարի մեր բակում՝ Սեբաստիա վարչական շրջանում աշխատելուց հետո տեղափոխվեցինք Կենտրոն համայնք՝ Զաքյան փողոցում գտնվող նոր կետ, որտեղ նոր շրջափուլ սկսվեց մեզ համար. Կենտրոն համայնք, նոր հաճախորդներ, նոր որակի սպասարկում եւ պրոդուկտներ...պատասխանատվությունն ավելի մեծ էր։ Օրվա մեծ մասը ես եւ Արթուրն այնտեղ էինք անցկացնում, միմյանց հերթափոխում էինք՝ մեզանից որեւէ մեկը միշտ պետք է տեղում լիներ։ Այստեղ արդեն թիմն էլ մեծացավ։

Համառություն, կամք եւ նպատակ. բիզնեսն ընդլայնվում է

Արթուր Խաչատրյան

Զաքյան տեղափոխվելը բավականին ռիսկային որոշում էր։ Մեզ ասում էին՝ իմաստ չունի, մեծ ներդրումներ է ենթադրում, կարող ենք նույնիսկ ձախողել։ Ուրիշներն այդ տարածքը սովորական ավտոտնակ էին դիտարկում, իսկ ես լրիվ այլ բան էի տեսնում ու բնավորությանս համաձայն՝ համառորեն գնում էի դեպի այդ նպատակը։ Կենտրոն տեղափոխվելով ու գործունեությունն ընդլայնելով՝ մենք մի շարք նորություններ բերեցինք ավտոլվացման ոլորտում։ Ինչպես Կարենը նշեց, մեզնից մեկը միշտ պետք է տեղում լիներ, որովհետեւ մենք միանգամայն նոր մոտեցում ու գործելաոճ ունեինք. հաճախորդը պետք է շփվեր բացառապես մեզ հետ կամ մենեջմենթի օղակից որեւէ այլ աշխատակցի։ Այսինքն՝ մենք էինք դիմավորում, մենք էինք մեքենան հանձնում լվացման մասնագետին ու մենք էլ վերադարձնում էինք այն հաճախորդին։ Իհարկե, սա յուրահատկություն էր, որի շնորհիվ հենց մեզ էին նախընտրում, եւ ոչ այլ ավտոլվացման կետերի։ Մեզ արդեն ասում էին «мойкa»-ի եղբայրները»։ Զաքյանից հետո 2018 թվականին ավելի ժամանակակից ու տեխնոլոգիապես հագեցած ավտոլվացման կետ բացեցինք Լեո 1 հասցեում, որն այսօր կոչվում է «ԼԵՈ 1 Ավտոսպա»։

Արթուր և Կարեն Խաչատրյանները վրացի գործընկերների՝ «Էկոկեմիկա Սերվիս Գրուպ» ընկերության համահիմնադիրների՝ Միխայիլ Գոգբերաշվիլի եւ Ալեքսանդր Մետրեվելիի հետ

Հետո հասկացանք, որ ծառայությունների պահանջարկը մեծանում է, բայց  շուկայում պակասում էր այն արտադրանքը, որը մեզ հնարավորություն կտար մատուցել մեր սահմանած բարձր չափանիշներին համապատասխան սպասարկում։ Սկսեցինք միջազգային շուկայում փնտրել որակյալ արտադրողների։ Այն, ինչ կապված էր փնտրել-գտնելու, համագործակցություններ ու նամակագրություններ վարելու հետ, դրանով միշտ Կարենն է զբաղվել։ Հիմա նա զբաղվում է արտաքին շուկայի ու գործընկերների հետ կապերի ապահովմամբ, իսկ իմ աշխատանքն ավելի շատ ներքին շուկայում է՝ թիմի, հաճախորդների, սպասարկող անձնակազմի, առաքիչների եւ ընդհանուր ղեկավարման հետ։ Կարծում եմ, մեր հաջողության գաղտնիքը հենց այդ ներդաշնակությունն է՝ մենք միշտ իմացել ենք մեր գործը, միմյանցից շատ տարբեր ենք, բայց միեւնույն ժամանակ՝ միմյանց փոխլրացնող։ Դրա համար էլ երբեք որեւէ տարաձայնություն չի եղել։ Երկուսիս էլ միավորում է միեւնույն գաղափարը․ ունենալ մարդակենտրոն, վստահության ու ճշտապահության սկզբունքներով առաջնորդվող ընկերություն։

Կարեն Խաչատրյան

Երկար փնտրտուքներից հետո որոշեցինք գերմանական SONAX ապրանքանիշը ներկրել։ Բայց Հայաստանը որպես շուկա փոքր էր նրանց համար ու հետաքրքրություն չէր ներկայացնում, որոշեցինք ռուսաստանյան ներկայացուցչության հետ համագործակցել։ Այդպես Արթուրը մեկնեց Մոսկվա՝ պահանջվող նյութերը բերելու։ Ինչպես նա է միշտ հիշում՝ շատ հետաքրքրիր «ճամփորդություն» ու փորձառություն էր դա։ Արթուրին վաճառել էին նույնիսկ այնպիսի պրոդուկտներ, որոնք մեզ անհրաժեշտ չէին, բայց մենք այդ ժամանակ դեռ այնքան էլ լավ չէինք հասկանում, մոլորեցնել դեռ հնարավոր էր։

Կարեն Խաչատրյանը


Այսօրվա պես հիշում եմ, որ Արթուրը տուն վերադարձավ մեծ քանակությամբ ապրանքով, բայց թե դա որտեղ էինք տեղավորելու, չէինք մտածել (ծիծաղում է-խմբ)։ Ստիպված ամբողջը դասավորեցինք մեր տանը... տան բոլոր սենյակներում մեքենայի խնամքի տարբեր իրեր ու պարագաներ էին։ Մայրս ամեն օր պահանջում էր ազատել տունը դրանցից։ Այսօր արդեն մեր ավտոլվացման կետերում օգտագործում ենք ոչ միայն եվրոպական արտադրանք, այլեւ հենց մեր՝ տեղական արտադրության քիմիական լվացող նյութեր, շամպուններ ու հեղուկներ։ Վստահ կարող եմ ասել, որ մեր արտադրանքը ոչնչով չի զիջում եվրոպականին։

Հաջողության բանաձեւը՝ ներդաշնակության մեջ

Արթուր Խաչատրյան

Միմյանցից տարբեր լինելով հանդերձ՝ ես ու եղբայրս շատ ներդաշնակ ենք գործնական դաշտում։ Սա պայմանավորված է նրանով, որ ցանկացած իրավիճակում մենք ձգտում ենք երկկողմանի ճիշտ մոտեցում ցուցաբերել, կոնֆլիկտների դեպքում էլ լինել կառուցողական եւ առաջնորդվել փոխզիջման սկզբունքով։ Ես ավելի անմիջական եմ ու ռիսկի դիմող, իսկ Կարենը՝ ավելի զուսպ։ Փոքր տարիքում, ինչպես բոլոր եղբայրները, շատ էինք վիճում, բայց իր խնդիրը միշտ իմն է եղել, եւ հակառակը։ Կարենն ինձ միշտ աջակցել է, կողքիս եղել ցանկացած հարցում, հենց դրա շնորհիվ էլ այսօր այնտեղ ենք, որտեղ կանք։

Վերջին ներդրումներն ու սպասվող հեռանկարները

Կարեն Խաչատրյան

Վերջին 3 տարվա ամենախոշոր ներդրումները եղել են նոր ավտոլվացման կենտրոնի, կենցաղային քիմիայի՝ «Կաթիլի» համար նախատեսված սարքավորումների, հոսքագծերի ձեռքբերման համար։



Օրեր առաջ էլ ներկայացրինք մեր «ԼԵՈ 1 ավտոսպայի» նոր ծառայություններն ու պրոդուկտները։ Մեզ մոտ ներդրված են մեքենաների լվացման եւ չորացման նորագույն տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ավտոմատացված համակարգեր։



Այսուհետ հանդիսանում ենք պրեմիում դասի մեքենաների պաշտպանիչ թաղանթներ արտադրող ամերիկյան STEK automative ընկերության բացառիկ գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։



Ներկայում ամենամեծ հեռանկարները տեսնում ենք կենցաղային քիմիայի արտադրության մեջ։ Շատ շուտով կներկայացնենք հայկական արտադրության որակյալ մաքրող միջոցներ։ Նախատեսում ենք նաեւ խոշոր գործարան կառուցել Հայաստանում ու Վրաստանում։

Արթուր Խաչատրյան

Մենք քսան տարի առաջ ենք սկսել, չունեինք ոչինչ, բացի մեկ ավտոտնակից, նպատակից ու մեծ հավատից այն բանի նկատմամբ, ինչ անում ենք։ Հենց դրա շնորհիվ էլ հաջողել ենք։

Դիտում՝ 48674
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai