Կրիպտոակտիվների վաճառքը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով
25.04.2024 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.primeminister.am/

Կառավարության նիստում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է ՏՏ զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները եւս շատացել են.
«Երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ, հասկանալ՝ որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ ՏՏ գործադրմամբ, դիտարկում ենք որպես կիբեռհանցագործություն:
ԿԲ գործընկերների հետ քննարկվում է շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց առկա է մի կարեւոր բաղադրիչ, որ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավական համակարգի համար: Շատ դեպքերում նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել եւ հասկանալ՝ որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը, ով է ձեռք բերել, նկատում ենք, որ դրանք կատարվում են կանխիկ շրջանառության արդյունքներով՝ թե՛ գնման եղանակով, թե՛ վաճառքի տրամաբանության մեջ: ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձեւակերպել կրիպտոակտիվը: Կրիպտոակտիվների դրամապանակում տեսնում ենք որոշակի շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ եւ հասկանալ, թե ի վերջո, ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում: Հետեւապես, առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձեւակերպումը, նաեւ վաճառքը, դրա դիմաց վճարումը եւ վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կրիպտոարժույթի մասով ՀՀ-ում օրենսդրական կարգավորում չկա. «Ճիշտը կլիներ այն, որ այս փաթեթի մեջ առաջին հիմնական օրենքը լիներ կրիպտոարժույթների մասին, թե դա ինչ է իրենից ներկայացնում եւ ինչպես է օգտագործվում»:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ օրենքը նախաձեռնվել է, շուտով կդրվի շրջանառության մեջ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նշել է՝ ՊԵԿ-ը հարկերի հավաքագրման հարցում խնդիրներ է ունենում, քանի որ ոլորտը կարգավորված չէ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: