ԱՆԻՖ-ի 3 տարին եւ բիզնես միջավայրում ներդրումների նոր մշակույթը

25.05.2022 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF-ԱՆԻՖ) գործունեության երեք տարվա ընթացքում հասցրել է լինել եւ ակտիվ ներդրող, եւ գործընկեր՝ տնտեսության կարեւորագույն ոլորտներում։

ՀՀ կառավարության ներքո գործող ԱՆԻՖ-ը 2019 թվականի մայիսից իր նախաձեռնած եւ համաֆինանսավորվող ծրագրերով գործընկերների հետ տնտեսություն է ներդնում մոտ $214 մլն, որից մոտ 9%-ը ԱՆԻՖ-ի միջոցներն են, իսկ ավելի քան 91%-ը՝ գործընկերներինը:

ԱՆԻՖ-ի գործունեության 3-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ընկերության ներկայացվել է ֆոնդի գործունեության ամփոփ հաշվետվությունը, մինչ այս արված աշխատանքի արդյունքները, առաջիկա նախաձեռնություններն ու նպատակները։

«Կարողացել ենք էական առաջընթաց գրանցել»

Դավիթ Փափազյան, ԱՆԻՖ-ի տնօրեն

ԱՆԻՖ-ի ստեղծման օրվանից մեր գործելակերպի հիմքում դրվել է հավակնությունը եւ համարձակությունը։ Հավակնությունը՝ մեծ եւ կաղապարից դուրս իդեաներ ունենալու եւ համարձակությունը՝ դրանք իրագործելու՝ անկախ ճանապարհին առկա օբյեկտիվ եւ հաճախ արհեստական խոչընդոտներից։

Դավիթ Փափազյանը


Չեմ կարող ասել, որ այսօրվա արդյունքներից արդեն գոհ եմ, քանի որ գոհ լինել` կնշանակեր չունենալ հավակնություն, բայց հաստատ կարող եմ ասել, որ հպարտ եմ։ Հպարտ եմ, որովհետեւ անկախ այն հանգամանքից, որ ԱՆԻՖ-ի եռամյա գործունեությունը հիմնականում համընկել է մեր երկրի առջեւ ծառացած աննախադեպ մարտահրավերների բարդ ժամանակահատվածին, մենք կարողացել ենք էական առաջընթաց գրանցել մեր հիմնական առաքելությամբ, այն է՝ սկսել ծրագրեր, որոնց հիմքում մեզ համար առաջնային երեք կարեւոր բաղադրիչներն են՝ վստահություն, արդյունավետություն եւ նոր չափանիշներ։

Սրանք անկյունաքարային են խոշոր ենթակառուցվածքային ներդրումներում, ինչպիսին «Մասդար» ընկերության հետ համատեղ «Այգ 1» ծրագիրն է։ Այս $174 միլիոնի ներդրումային ծրագրի մեկնարկի հետեւում մեր թիմի ամենօրյա լարված աշխատանքն է եւ դրա արդյունքում՝ ներդրողի վստահությունը գործընկերոջ, երկրի եւ ծրագրի հաջողության հանդեպ։ Ծրագիրը Հայաստան է բերում էներգահամակարգի արդյունավետության երկրաչափական աճ։

Հայաստանն առաջին անգամ արդյունաբերական մասշտաբի այս ծրագրով մաս է դառնում կանաչ էներգիայի փոխակերպման համաշխարհային գործընթացին։ Տարիների ուշացումով, դա հնարավոր դարձավ վստահության, արդյունավետության եւ համագործակցության նոր չափանիշների շնորհիվ։ Այս կապակցությամբ ուզում եմ ընդգծել նաեւ ԱՆԻՖ-ի թիմի աշխատանքը, որն իրականացվել է մի քանի ուղղություններով՝ այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնության, որի շնորհիվ հնարավոր դարձավ հանրային-մասնավոր իրական համագործակցությունը։

Այսօր նոր չափանիշներ է ներդրվում Հայաստանի ավիացիայի ոլորտում մեր մեկ այլ ծրագրի՝ «Ֆլայ Արնա»-ի շնորհիվ։ Մեր գործընկեր «Էյր Արաբիա»-ն իր հետ բերում է անվտանգության, սպասարկման որակի, բիզնես մշակույթի այնպիսի չափանիշներ, որոնց դրական ազդեցությունը շուկայի որակի վրա զգացվելու է անմիջապես եւ մնալու է ընդմիշտ։

Ներքին շուկայում վստահությունը

Մենք հաճախ կենտրոնանում ենք արտաքին ներդրողների վստահության վրա, բավարար չարժեւորելով ներքին շուկայում վստահության խրախուսումը։ Այս առումով ԱՆԻՖ-ի մեկ այլ ռազմավարական նախաձեռնությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը, ֆունդամենտալ նոր հարթության վրա է դրել ձեռնարկատիրությանը պետության կողմից աջակցության գաղափարը։

Այսօր ֆոնդի մասնակցության շնորհիվ հայաստանցի ձեռնարկատերերը վերաներդրում են իրենց կապիտալը տնտեսության մեջ՝ վստահ լինելով, որ պետությունը իրական գործընկեր է, որի համար բիզնեսի հաջողությունը հավասարազոր է պետության հաջողությանը։

Դավիթ Փափազյանը


Երեք տարվա ընթացքում այս քանակի հաջողված նախաձեռնությունները մեր աշխատանքի միայն մի մասն են։ Ընթացքի մեջ են բազմաթիվ նախաձեռնություններ եւ ծրագրեր, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում։

«Ազդեցությունը շուտով տեսնելու ենք»

Տիգրան Ավինյան, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ

Մեծ հպարտություն է գիտակցել, որ իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում: Արեւային էներգետիկայից մինչեւ ավիահաղորդակցություն, գյուղատնտեսությունից մինչեւ զբոսաշրջություն. բոլոր ծրագրերը նպատակ ունեն ոլորտում սահմանել նոր չափորոշիչներ։

Բացի որակական նշաձողերից՝ ֆոնդի ներդրումային ծրագրերը առաջիկա տարիներին մեր երկրի համար նաեւ տնտեսական նշանակալի աճ են ապահովելու: Այս բոլոր նախագծերի մի մասը դեռեւս մեկնարկի փուլում են, բայց դրանց ազդեցությունը վստահաբար մենք շուտով տեսնելու ենք։

Տիգրան Ավինյանը


ԱՆԻՖ-ի իրականացրած բոլոր ծրագրերը Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ, նոր հնարավորություններ, տնտեսական ակտիվության նոր ալիք։ Կառավարություններից եւ խոշոր ներդրումային ընկերություններից արագ գործողություններ են պահանջվում նորարարական, գիտելիքահեն, կանաչ ոլորտների զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում վստահ եմ, որ ԱՆԻՖ-ը կշարունակի հաջողությամբ իրականացնել իր առաքելությունը՝ էապես նպաստելով Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը:

Առջեւում կան բազմաթիվ հնարավորություններ եւ բարդություններ, որոնք անցնելու ենք միասին՝ դառնալով Հայաստանի տնտեսության կարեւոր մասնիկ։

Ներդրումների նոր մշակույթի արմատավորումը

Բելլա Մանուկյան, ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» դուստր ընկերության տնօրեն

«Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի գործունեության մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում մեզ դիմել են ավելի քան 200 ընկերություն, առաջարկելով տարբեր մասշտաբների ներդրումային ծրագրեր ամենատարբեր ոլորտներում։ Արդեն ունենք արդեն 6 գործարք։ Սրանք այն բիզնես առաջարկներն են, որոնք համապատասխանել են մեր չափանիշներին ու հաստատվել ներդրումային հանձնաժողովի կողմից։

Բելլա Մանուկյանը


Այս պահին էլ քննարկում ենք մի շարք նոր ու հետաքրքիր ներդրումային ծրագրեր, որոնց մասին առաջիկայում կխոսենք։

Մեր չափանիշներն իրականում շատ պարզ են։ Բացի ֆինանսական ցուցանիշներից մենք գործընկերոջից ակնկալում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, կորպորատիվ կառավարման նոր մշակույթի ներդրում։

Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի գործունեությունը Հայաստանում չունի երկար պատմություն եւ կայացած ավանդույթներ, եւ այս առումով, այն, կարելի է ասել՝ դեռեւս ռիսկային դաշտում է։ Ահա այս համատեքստում նաեւ պետք է դիտարկել պետության համարձակությունը՝ մասնակցելու եւ ներդրումներ անելու այս ձեւաչափով։ Այս ակտիվության նպատակը ոչ միայն ներդրումների խթանումն է, այլեւ բաժնեմասնակցային ներդրումների մշակույթի արմատավորումը մեր տնտեսական կյանքում։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 39091
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai