Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ C-Quadrat Ampega ընկերության աջակցությամբ Հայաստանի 10 մարզերի համայնքային գրադարաններ համալրվել են Newmag հրատարակչության 500 նոր գրքով։ Գրքատվությունն իրականացվել է «Համայնքային գրադարանների հզորացում» ծրագրի շրջանակում՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Նախաձեռնության արդյունքում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 10 գրադարան ստացել է ժամանակակից գրականության նոր հավաքածուներ։Գրքերի ընտրությունն իրականացվում է C-Quadrat Ampega-ի թիմի ակտիվ մասնակցությամբ։ Ընտրության հիմքում եղել են գրքերի կրթական եւ մշակութային արժեքը, արդիական թեմաները, աշխարհայացքն ընդլայնելու ներուժը եւ տարբեր տարիքի ընթերցողների հետաքրքրությունները։ Գրադարաններին փոխանցված հավաքածուներում ընդգրկված են համաշխարհային բեսթսելլերներ, դասական գրականություն, ժամանակակից արձակ եւ ոչ գեղարվեստական գրականություն, ինչպես նաեւ հայ հեղինակների ստեղծագործություններ։ Գրքերը հայերեն են՝ ժամանակակից հրատարակությամբ եւ որակյալ թարգմանությամբ։ Ընտրված գրքերից են, օրինակ, Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens»-ը, որն անդրադառնում է մարդկության պատմությանը, հասարակությունների զարգացմանը, տեղեկատվության դերին եւ տեխնոլոգիական փոփոխություններին։«Որպես հարյուր հազարավոր մարդկանց կենսաթոշակային ակտիվները կառավարող ընկերություն՝ մենք մեր առաքելությունն ընկալում ենք երկարաժամկետ հեռանկարում։ Մարդկանց ապագայի մասին հոգալը մեզ համար նաեւ նշանակում է նպաստել այն հասարակության զարգացմանը, որտեղ նրանք եւ նրանց ընտանիքներն ապրում են։ Կրթության, գիտելիքի եւ մշակույթի հասանելիությունն այդ զարգացման կարեւոր հիմքերից են։ Մեր թիմը փորձել է ընտրել գրքեր, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլեւ կարող են նոր գիտելիք փոխանցել, հարցեր առաջացնել եւ ընդլայնել ընթերցողի աշխարհայացքը։ Հույս ունենք, որ այս 500 գրքերից յուրաքանչյուրը կգտնի իր ընթերցողին եւ կդառնա նոր գիտելիքի, հետաքրքրության կամ պարզապես լավ գրքի հետ հանդիպման հնարավորություն»,- նշել է C-Quadrat Ampega ընկերության տնօրեն Արման Վարդանյանը։«Համայնքային գրադարանների հզորացում» ծրագիրը Newmag հրատարակչության նախաձեռնությունն է, որի շրջանակում մասնավոր ընկերությունների, բարերարների եւ հիմնադրամների աջակցությամբ նոր գրքերով համալրվում են Հայաստանի համայնքային գրադարանները։ Դրանցից շատերի գրքային ֆոնդերը տասնամյակներ շարունակ չեն համալրվել ժամանակակից հրատարակություններով։«Երեւանում նոր գիրքը հասանելի է գրեթե անմիջապես, մինչդեռ բազմաթիվ համայնքներում ընթերցողը կարող է տարիներով նոր հրատարակություն չտեսնել։ Մեր ծրագրի գլխավոր նպատակը հենց այդ անհավասարությունը նվազեցնելն է։ C-Quadrat Ampega-ի աջակցությամբ այս անգամ կարողացանք միաժամանակ հասնել Հայաստանի բոլոր 10 մարզերին։ Սա հատկապես կարեւոր է ուսումնական տարվա մեկնարկին, երբ գրադարանները կրկին դառնում են երեխաների, ուսուցիչների, ուսանողների եւ ընթերցողների ակտիվ հանդիպման վայր։ Մեր նպատակն է ժամանակակից գիրքը հասանելի դարձնել Հայաստանի յուրաքանչյուր համայնքում»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։««Համայնքային գրադարանների հզորացում» կրթական եւ սոցիալական ծրագիրը նպատակ ունի փուլ առ փուլ թարմացնել Հայաստանի ավելի քան 350 համայնքների գրադարանային ֆոնդերը՝ դրանք համալրելով ժամանակակից եւ որակյալ գրականությամբ։ C-Quadrat Ampega-ի աջակցությամբ իրականացված այս գրքատվությամբ 500 նոր գիրք արդեն հասանելի է Հայաստանի 10 մարզերի ընթերցողներին»,- ասված է հաղորդագրության մեջ։Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 760 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 460 հազար մասնակիցների համար։ Ընկերությունը հիմնադրվել է Ավստրիական եւ Գերմանական ակտիվների կառավարիչ ընկերությունների կողմից։Newmag-ը Հայաստանի առաջատար հրատարակչություններից է, որի նպատակն է հայ ընթերցողին ներկայացնել ժամանակակից, բարձրորակ եւ բազմաժանր գրականություն՝ խթանելով ընթերցանության մշակույթն ու շարունակական կրթությունը։ Հրատարակչությունը ներկայացնում է համաշխարհային եւ հայկական գեղարվեստական ու ոչ գեղարվեստական գրականություն եւ մանկական գրքեր։ Newmag-ը կազմակերպում է գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ եւ սեփական գրական փառատոնները, աջակցում է Հայաստանի համայնքային գրադարաններին ու մասնակցում միջազգային գրական փառատոնների։ Ընկերությունն իր գործունեությունը 2007թ. սկսել է որպես ամսագիր, իսկ 2018-ից գործում է որպես հրատարակչություն։ Tweet Դիտում՝ 1545