Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Յունիսպորտը» նվաճել է ֆուտզալի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը՝ նախնական փուլում տանելով երեք անընդմեջ հաղթանակ։ Խմբային փուլի վերջին խաղում «Յունիսպորտը» 5։2 հաշվով առավելության է հասել Գերմանիայի չեմպիոն «Վայլիմդորֆի» նկատմամբ։ Ռաֆիկ Մելիքյանն ու Պուտրուս Վասիլեւը դարձել են դուբլի հեղինակ, եւս մեկ գոլ խփել դարպասապահ Բեկբոլոտ Ակմատալիեւը։ Վաստակելով առավելագույն 9 միավորը՝ «Յունիսպորտը» վստահորեն զբաղեցրել է E խմբի առաջին հորիզոնականը եւ կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։ «Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը հիմնվել է Յունիբանկի աջակցությամբ: Ակումբի հետ համագործակցությունը բանկի՝ հայկական սպորտի զարգացմանն ու միջազգային հարթակում դրա առաջխաղացմանը նպաստող նախաձեռնություններին ուղղված հետեւողական աշխատանքի մի մասն է։ «Յունիսպորտի»՝ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս գալը նոր էջ է բացում թիմի համար եւ հնարավորություն ընձեռում հանդես գալ եվրոպական ֆուտզալի բարձր մակարդակում։ «Ուրախ ենք տեսնել, թե ինչպես են «Յունիսպորտի» ստեղծման հիմքում դրված հավակնությունները վերածվում կոնկրետ մարզական արդյունքների։ Չեմպիոնների լիգայում երեք հաղթանակն ու հիմնական փուլ դուրս գալը վկայում են թիմի մեծ ներուժի մասին եւ ցույց տալիս, թե ինչ արդյունքների կարելի է հասնել պրոֆեսիոնալ աշխատանքի ու ընդհանուր նպատակին ձգտելու շնորհիվ։ Յունիբանկի համար կարեւոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք հնարավորություն են տալիս արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։ Թիմին մաղթում ենք վստահ խաղ եւ նոր հաղթանակներ», - նշել են Յունիբանկում: Հիմնական փուլի հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Լյուքսեմբուրգում։ «Յունիսպորտի» մրցակիցները կլինեն Լիտվայի «Կաունո Ժալգիրիսը», Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժը» եւ Հունաստանի «Դուկասը»։ Tweet Դիտում՝ 2247