Թուրքիայի կողմից շրջափակման հնարավոր վերացումը. գրավիչ թվացող օգուտի գինը

02.02.2022 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման պարագայում հնարավոր փոփոխություններն ու ազդեցության ոլորտները գնահատելու համար Հայաստանի պետական  տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի թիմը իրականացրել է հետազոտություն:

Banks.am-ը զրուցել է հետազոտողների հետ եւ առանձնացրել ուսումնասիրության առանցքային դրվագները:

Հետազոտության մասին

Աննա Փախլյան, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, խմբի ղեկավար.

««Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման մարտահրավերներն ու հնարավորությունները» թեման ընտրվել է ՀՀ Անվտանգության խորհրդի առաջարկով: Փորձաքննություն անցնելուց հետո թեման հաղթող ճանաչվեց, եւ ծրագիրը ֆինանսավորվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից:

Խմբում ներառվել են ինչպես դասախոսներ, հետազոտողներ, այնպես էլ ասպիրանտներ ու մագիստրոսներ: Ծրագրի տեւողությունը 6 ամիս էր:

Աննա Փախլյանը


Հետազոտության շրջանակում պատրաստվել են մի քանի հոդվածներ՝ հիմնականում անգլալեզու եւ ռուսալեզու, որոնք առաջիկայում կհրապարակվեն արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում: Այս տարի նախատեսում ենք լույս ընծայել նաեւ ամբողջական մենագրության տեսքով՝ որպես «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մատենաշար:

Հետազոտությունը նաեւ հանրային քննարկման է ներկայացվել, եղել են ինչպես ներբուհական, այնպես էլ ամփոփիչ հանրային քննարկումներ՝ առցանց ձեւաչափով:

«Քողարկված» առեւտուրը Թուրքիայի հետ

Անկախ նրանից, որ սահմանները փակ են եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ, հայ-թուրքական առեւտուրը երբեւէ չի դադարել, պարզապես ավելի շատ կենտրոնացած է եղել Թուրքիայից ներմուծման վրա:

Ստացվում է, որ Թուրքիան իր սահմանները փակել է հայկական ապրանքների համար, բայց շարունակաբար Հայաստանի շուկան ողողել է թուրքական ծագման ապրանքներով՝ նույնիսկ որոշ ապրանքային շուկաներում մենաշնորհ դիրք գրավելով:

Կարեւոր է խոսել միջնորդավորված սխեմաների մասին: Ունենք ներմուծման երկու ցուցանիշ՝ ըստ ծագման եւ ըստ առեւտուր անող երկրների: Երբ համեմատում ենք այս երկու ցուցանիշները, ամենաակնառու տարբերությունը նկատվում է Թուրքայի եւ Վրաստանի պարագայում: Պատճառն այն է, որ վրացական ծագման ապրանքներ հազվադեպ են ներմուծվում մեր երկիր, զգալի մասը թուրքականն է, իսկ Վրաստանը հանդես է գալիս որպես միջնորդ երկիր:

Առեւտուրն արգելքի ժամանակ

Երբ որոշվեց արգելք կիրառել թուրքական ծագման ապրանքների նկատմամբ, իրավիճակը որոշակիորեն փոփոխվեց, սակայն նույնիսկ արգելքի ժամանակահատվածում որոշակի ծավալով ներմուծվել են ինչպես արգելված, այնպես էլ թույլատրելի ապրանքներ:



ՄԱԿ-ի Comtrade տվյալների բազայի հիման վրա կատարված հաշվարկներով, 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին թուրքական ծագման ապրանքների նկատմամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արգելքների պայմաններում ՀՀ է ներմուծվել 5.96 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թուրքական ծագման արտադրանք, որի 9%-ը կամ 512.6 հազ. ԱՄՆ դոլարը բաժին է ընկել արգելված ապրանքներին: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում պլաստիկից պատրաստված իրերը, թուղթն ու թղթյա արտադրանքը, քիմիական ապրանքներն ու մրգերը: Արգելված ապրանքների ներկրումն իրականացվել է սահմանված արգելքներից որոշ բացառությունների կիրառման շրջանակներում:

Թուրքիայի համար Հայաստանը առեւտրային գործընկեր չէ

Արտահանում եւս եղել  է, բայց խիստ սահմանափակ, եւ արտահանվել են միայն այն ապարքները, որոնք պետք էին հենց թուրքական շուկային՝ իրենց տեղական արտադրության զարգացման համար: Օրինակ՝ չմշակված մորթի, կաշիներ, մետաղի ջարդոն: Բայց եթե մենք ուզենայինք մեզ համար նպատակահարմար արտադրանք արտահանել, մեր առջեւ բոլոր դռները կփակվեին այն դեպքում, երբ Հայաստանը մինչեւ նախորդ տարվա կարճատեւ էմբարգոն որեւիցե արգելք չէր սահմանել թուրքական ծագման ապրանքների, նաեւ թուրքական համարանիշերով ավտոմեքենաների մուտքի համար: Մինչդեռ հայկական համարանիշով որեւէ ավտոմեքենա չի կարող հատել Թուրքիայի սահմանը:

Ուսումնասիրել ենք նաեւ  թուրքական վիճակագրությունը: Մինչեւ 2008-2009 թվականները Հայաստանն ընդհանրապես չի շոշափվել առեւտրային գործընկերների ցանկում: Հետո հայտնվել է շատ փոքր ծավալներով, իսկ վերջին շրջանի վիճակագրությամբ ստացվում է, որ Հայաստանն ավելի շատ արտահանում է Թուրքիա, քան ներմուծում: Այսինքն՝ լրիվ հակառակ պատկերն է ցուցադրվում:



Իհարկե, դա շատ հեշտ է ստուգելը. միջազգային կառույցներն էլ ունեն համապատասխան վիճակագրական տվյալներ, որոնք համեմատել ենք ու համոզվել, որ հայկական կողմի տվյալներն իրականությանն ավելի մոտ են՝ չնչին շեղումներով:

Երբ ՀՀ-ն անդամակցում էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, Թուրքիան հայտարարեց, որ ընդհանրապես չի պատրաստվում ԱՀԿ կանոնները կիրառել Հայաստանի նկատմամբ: Այսինքն՝ բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ Թուրքիան երբեւիցե Հայաստանը չի դիտարկել որպես լիարժեք առեւտրային գործընկեր, սակայն շարունակել է ողողել մեր տնտեսությունն իր ապրանքներով: Սա մեր տնտեսությունը կախվածության մեջ գցելու ձգտում է, ուրիշ ոչինչ»:

Առավելություններն ապրանքախմբերում

Տիգրան Միքայելյան, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ.

«Բաց սահմանի պայմաններում Հայաստանի տնտեսության վրա իրական ազդեցությունը որոշելու համար իրականացվել է հաշվարկ Բելա Բալասայի Արտահայտված համեմատական առավելությունների (ԱՀԱ) մոդելի օգնությամբ:

ԱՀԱ-ի հիմնական գաղափարն այն է, որ, եթե երկիրը մեծ քանակությամբ որեւէ արտադրանք է արտահանում, ապա այդ ապրանքն արտադրում է արդյունավետ եղանակով եւ համեմատական առավելություն ունի դրա արտադրության ոլորտում:

2015-2020 թվականներին առկա են եղել մի քանի ապրանքային խմբեր (կենդանիներ, ձուկ ու խեցեմորթ, կակղամորթեր, ջրային այլ անողնաշարավորներ եւ այլն), որոնց առումով Հայաստանն ունեցել է բարձր դրական ԱՀԱ, մինչդեռ Թուրքիան` բացասական ԱՀԱ: Հայաստանի եւ Թուրքիայի այդ ճյուղերի ԱՀԱ թիվը վկայում է այն մասին, որ Հայաստանը կարող է հաջողությամբ արտահանել այդ ապրանքները, իսկ Թուրքիան` ներմուծել դրանք համեմատաբար մեծ քանակով: Կան համեմատաբար մեծ թվով ապրանքային խմբեր, որոնցում Թուրքիան բարձր դրական արտահայտված համեմատական առավելություններ ունի, մինչդեռ Հայաստանի ցուցանիշը բացասական է:

Հայաստանի եւ Թուրքիայի կողմից արտադրված ապրանքային խմբերի առավելագույն համեմատական առավելությունների գործակիցները (2015-2020թթ.)


Սրանից կարող ենք ենթադրել, որ բաց սահմանի առկայության պարագայում Թուրքիան պատրաստ է լինելու այս ապրանքախմբերն արտահանել Հայաստան, ինչը կարող է դժվար կացության մեջ գցել մեր տեղական արտադրողներին:

Հարեւան երկրի հետ տնտեսական հարաբերություններ կառուցելիս հիմնական ռիսկը վերաբերում է Թուրքիայի գյուղատնտեսական, ինչպես նաեւ արդյունաբերական էժան ու որակյալ ապրանքատեսակներ արտադրելու հնարավորությանը: Այս առումով շատ կարեւոր է հաշվի առնել Հայաստանի պարենային անվտանգության հիմնահարցը:

Բաթումիի օրինակը

Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ միանշանակ Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություններ կլինեն, բայց վերջնաարդյունքում ավելի շատ շահելու է Թուրքիան:

Տիգրան Միքայելյանը


Մեր կողմից ուսումնասիրվել է նաեւ Վրաստանի Բաթումի քաղաքի օրինակը, որտեղ ներդրումների 75%-ը թուրքական կապիտալից է, եւ փաստացի Բաթումին օկուպացված կարելի է համարել: Դիտարկեցինք Վրաստանի անշարժ գույքի մասին օրենքը, որը որեւէ սահմանափակում չի նախատեսում: Հայաստանի պարագայում նույնն է, սեփականության ձեռքբերման որեւէ սահմանափակող դրույթներ չեն գործում, բացի հողի ձեռքբերումից: Այսինքն՝ սահմանների բացման պարագայում նույն թուրքը հանգիստ կարող է գույք ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում: Կարծում ենք, որ օրենքը պետք է վերանայվի»:

Գրավիտացիոն մոդելի կիրառում

Տաթեւիկ Վարդանյան, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս.

«Հայ-թուրքական սահմանի վերաբացման անհրաժեշտության օգտին ամենակարեւոր փաստարկներից մեկը Թուրքիայի արեւելյան շրջաններում տարածաշրջանային զարգացման հեռանկարն է: Այդ պատճառով ուսումնասիրեցինք նաեւ գրավիտացիոն մոդել, որը հնարավորություն է տալիս բաց սահմանի պարագայում առեւտրի  ծավալների ընդլայնումը պայմանավորել կարճ տարածությամբ եւ ընդհանուր սահմանի առկայությամբ:

Գրավիտացիոն մոդելը ցույց է տալիս, որ բաց սահմանների պարագայում թուրքական ապրանքների ներմուծումը կարող է աճել մինչեւ 65%, ընդ որում, յուրաքանչյուր 10%-ով տարածության կրճատումը հանգեցնելու է Թուրքիայից 17.9% ներմուծման ավելացմանը: Իրականում սա լուրջ ռիսկեր եւ մարտահրավերներ է ի հայտ բերում Հայաստանի տնտեսության համար:

Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալների գնահատումը ցույց է տալիս, որ ցուցանիշը կարող է ավելանալ 42%-ով, ինչին մեր տեղական արտադրողները պատրաստ չեն լինելու:

Տաթեւիկ Վարդանյանը


Իհարկե, սահմանների բացումը ծախսերի նվազեցում ու նոր շուկաներին հասանելիություն կտա, ինչը կարող է տնտեսության զարգացումը խթանող գործոն դառնալ: Բայցեւայնպես, հայաստանյան արտադրողների խոցելիությունը շատ բարձր է, նրանք չեն դիմանալու թուրքական էժան ապրանքների մրցունակությանը, ինչն էլ մեզ համար ազգային անվտանգության հիմնահարց է դառնում: Այս մասին մեզ ասում են հարցումների արդյունքները:

Գլոբալ մրցունակություն

Կարեւոր է խոսել նաեւ երկրների տնտեսական մրցունակության մասին: Հայաստանը Գլոբալ մրցունակության համաթվով (ԳՄՀ) զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը 141 երկրների մեջ, իսկ Թուրքիան՝ 61-րդը։ Հայաստանը 12 հենասյուններից 7-ում ավելի նպաստավոր դիրքերում է, քան Թուրքիան, ընդ որում` հատկանշական է առավել բարենպաստ դիրքերի առկայությունն այնպիսի կարեւոր հենասյուների պարագայում, ինչպիսիք են «Մակրոտնտեսական միջավայրը», «Գործարարության դինամիկան», «Ինստիտուտները», «Աշխատանքի շուկան» եւ այլն։

Այս ցուցանիշները մեր տնտեսության ավելի լավ որակի մասին են խոսում՝ ի համեմատ Թուրքիայի: Միեւնույն ժամանակ, Հայաստանը Թուրքիայի համեմատ վատ դիրքերում է «Շուկայի չափ» հենասյունով, որտեղից էլ բխում են մեր տնտեսությանը սպառնացող ռիսկերը:

Հայաստանի եւ Թուրքիայի ԳՀՄ-ի 12 հենասյուների առանձնացված կառուցվածքը


Տնտեսության զարգացման կարեւորագույն գործոնը համաշխարհային տնտեսությանն ինտեգրումն է, բայց դա պետք է համակշռել պետական հովանավորչական քաղաքականությամբ: Կոնկրետ այս պարագայում պետք է հաշվի առնել նաեւ տնտեսական ակտիվության եւ ազգային անվտանգության բաղադրիչները: Չենք կարող անդրադառնալ ինտեգրացիոն գործընթացների կարեւորությանն ու չնշել խնդիրներն ու մարտահրավերները, որ բխում են կոնկրետ երկրի հետ ինտեգրման քաղաքականությունից: Այս իմաստով Թուրքայի հետ տնտեսական հարաբերությունների կառուցումը որեւէ կերպ չի բխում Հայաստանի ոչ տնտեսական, ոչ էլ ազգային անվտանգության շահերից»:

Տրանսպորտային ապաշրջափակում

Սուսաննա Աղաջանյան, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու.

«Հետազոտության ընթացքում մենք ուսումնասիրել ենք, թե նախկինում ինչ տրանսպորտային ենթակառուցվածք ենք ունեցել երկու հարեւանների հետ: Հատկապես Ադրբեջանի հետ կապող գրեթե բոլոր թունելները, ճանապարհների մեծ մասը, երկաթուղային անցումները բավականին անմխիթար վիճակում են: Ըստ ուսումնասիրությունների, Թուրքիայի հետ հատվածում դրանք ավելի բարվոք վիճակում են:

Մեզանից առաջ հետազոտություն էր կատարել նաեւ Intetnational Alert կազմակերպությունը՝ ուսումնասիրելով Կարս-Գյումրի-Նախիջան-Մեղրի-Բաքու երկաթուղային ուղղությունը: Հաշվարկել էին, որ ճանապարհի վերականգման համար կպահանջվի 431 մլն ԱՄՆ դոլար: Նույն հետազոտությունից օգտվելով՝ տեսնում ենք, որ բեռնաշրջանառության ծավալները Հայաստանի համար կկազմեն մոտ 244 մլն տոննա, ինչը կապահովի շուրջ 14.2 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ: Նույն պարագայում Ադրբեջանը կստանա 43 մլն եկամուտ, իսկ Թուրքիան՝ մոտ 59 մլն: Այս տվյալներում, իհարկե, հնարավոր են որոշակի փոփոխություններ:

Ճանապարհների ապաշրջափակումը մեզ հնարավորություն կտա Դերբենտով հասնելու Ռուսաստան, Իրանի հետ եւս որոշակի տրանսպորտային հաղորդակցություն կապահովվի: Սակայն այստեղ բավականին լուրջ խնդիրներ են առաջանում երկաթուղային սակագների, տարանցիկ վճարների հետ կապված:

Սուսաննա Աղաջանյանը


Թեկուզ եւ ձմռան ամիսներին Լարսի ճանապարհը հաճախ փակվում է, բայց մեր լոգիստիկ ընկերությունները կարողանում են գրագետ կազմակերպել բեռնափոխադրումների գործընթացը: Այս պարագայում քանի անգամ պետք է առաջարկն արդյունավետ լինի, որ մեր գործարարները որոշում կայացնեն Ադրբեջանի տարածքով բեռները Ռուսաստան փոխադրել: Կարծում ենք, որ այսօրվա լոգիստիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքը մեր փոքր շուկայի ծավալները կարողանում է սպասարկել:

Ուսումնասիրելով նաեւ Հայաստանի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը՝ հետազոտության մեջ նշել ենք մեր մաքսային անցակետերի վերազինման անհրաժեշտության մասին: Թե ինչպիսին կլինի Հայաստանի օգուտը տարանցիկ փոխադրումներից, ասելը դժվար է, քանի որ չկան հստակ սակագներ, հաշվարկներ»:

Հայ ձեռնարկատերերը պնդում են՝ բիզնեսը կտուժի

Անի Հարությունյան, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի մագիստրոս

«Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման պարագայում հնարավոր փոփոխություններն ու ազդեցությունը հասկանալու համար իրականացվել է դաշտային հետազոտություն, որի շրջանակում փոքր ու միջին ձեռնարկությունների կողմից գնահատվել են գործունեության հիմնական մարտահրավերներն ու խոչընդոտները: Ձեռնարկությունները հիմնականում ներկայացնում էին արտադրական ու առեւտրի, ավելի քիչ քանակով՝ նաեւ ծառայությունների ոլորտները:

Նախ փորձել ենք պարզել՝ արդյոք հարցվածները երբեւէ կապ ունեցել են թուրք արտադրողների հետ: 54%-ը պատասխանել է, որ չի ունեցել: Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը ճիշտ էր համարում հարցվածների 76%-ը: Արգելքին դեմ արտահայտվածները հիմնականում այն ձեռնարկություններն էին, որոնք չէին կարողանում գտնել թուրքական այն ապրանքների փոխարինիչները, որոնք ակտիվ կիրառում են իրենց բիզնեսում:

Անի Հարությունյանը


Կարեւոր էր հասկանալը, թե որքանով բիզնեսը կտուժի թուրքական ապրանքների ներմուծումից: Հարցվածների ճնշող մեծամասնությունը հավանական էր համարում, որ կտուժի, իսկ այն ձեռնարկատերերը, որոնք չէին կարծում, թե կտուժի, հիմնականում ծառայությունների ոլորտից էին:

Գրավիչ թվացող օգուտի գինը

Հետազոտությունն իրականացնելիս կարեւորվել է նաեւ անկախ փորձագետների գնահատականը, քանի որ բացի զուտ տնտեսագիտական առումով հարցը դիտարկելուց՝ մեր առջեւ խնդիր էինք դրել ուսումնասիրելու նաեւ բարոյահոգեբանական հետեւանքները, ազգային-գաղափարախոսական, սոցիալ-հոգեբանական մարտահրավերները, որոնք կարող են ի հայտ գալ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումից:  

Մասնակցել են քաղաքագետներ, թուրքագետներ, արեւելագետներ, միջազգայնագետներ, տնտեսագետներ եւ պատմաբաններ: Նրանց ուղղված առաջին հարցը վերաբերում էր սահմանափակումների երկարացմանը, որին 90%-ը դրական է արձագանքել:



Ըստ փորձագետների, առաջ եկող մարտահրավերները հիմնականում չորսն են.

1․ Տնտեսական էքսպանսիա: Թուրքական էժան եւ մրցունակ ապրանքները մեծ ծավալներով կներթափանցեն հայկական շուկա։ Այսինքն՝ ՀՀ-ն պարարտ հող կդառնա թուրքական առեւտրի եւ տնտեսության համար, որոնք էլ ներսից կգրավեն երկիրն ու կքայքայեն տնտեսությունը։ Նմանատիպ իրավիճակ կարող է լինել նաեւ այն պարագայում, եթե թուրքական հակահետախուզության գումարները հոսեն դեպի ՀՀ՝ տնտեսական ներդրումների տեսքով։

2․ Քաղաքական էքսպանսիա։ Երկու կողմերի ուժերը քաղաքական իմաստով էապես տարբերվում են: Այս պարագայում շատ հավանական է մեկ ուժի սերտաճումը մյուսին, ինչն էլ իր հերթին կհանգեցնի քաղաքական կախվածության։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան ազդեցություն կունենա հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա:

3․Դեմոգրաֆիական պատկերի փոփոխություն։ Հատկապես ՀՀ-ին սահմանակից տարածքներից թուրքերի եւ քրդերի ակտիվ միգրացիա կսկսվի դեպի հայաստանյան սահմանամերձ բնակելի գոտիներ։ Հարկ է նշել նաեւ վերջիններիս ծնելիության բարձր մակարդակի եւ ՀՀ-ում սպասվող ամուսնությունների վտանգների մասին։

4․ Ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներ․ ինչպես արդեն նշվեց, ՀՀ-ում սեփականության ձեռքբերման սահմանափակող դրույթներ չկան: Այսինքն՝ հարկավոր է նախ լայնածավալ փոփոխություններ իրականանցել օրենսդրական մակարդակում, ինչը կապահովագրի թուրքական կապիտալացումից»։



Այսպիսով, եթե փորձենք առավել հանգամանորեն ուսումնասիրել սահմանների բացման հարցը, ապա միանգամից կշրջանցենք միայն առաջին հայացքից գրավիչ թվացող տնտեսական օգուտները եւ հնարավոր քաղաքական բարելավումները։ Թվացյալ հնարավորություններ, միանշանակ, ի հայտ կգան եւ գուցե դրանք իրապես ծառայեն իբրեւ հնարավորություն, սակայն դրանք ակնհայտ կարճաժամկետ են, քանի որ հարեւան պետության երկարաժամկետ նպատակները բացառապես քաղաքական են:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 29755
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW