InTech 2021. Բիզնեսի թվային փոխակերպումներն ու ժամանակակից միտումները

24.10.2021 | 22:51 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#InTech 2021
Բիզնես եւ ՏՏ ոլորտների փորձագետները թվային փոխակերպման ներկա միտումների ու հեռանկարների մասին մասնագիտական քննարկումների հնարավորություն ստացան հոկտեմբերի 21-ին The Alexander հյուրանոցում տեղի ունեցած InTech 2021 ամենամյա կոնֆերանսի ընթացքում: Այս տարի այն կրում էր «Թվային փոխակերպումը բիզնեսում» խորագիրը:

Banks.am-ը ներկա է եղել միջոցառման ու ներկայացնում է դրա առանցքային դրվագները:

Բիզնեսի ու ՏՏ-ի համընթաց զարգացումը

InTech-ը ՏՏ շուկայի զարգացման առանցքային հարցերի քննարկման հարթակ է, որը կապում է բիզնեսի ներկայացուցիչներին ու բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ լուծումներն առաջարկող ՏՏ ընկերություններին:

Այս տարվա InTech կոնֆերանսին մասնակցել են ՏՏ հսկաներ, որոնք ոչ միայն պատմել, այլեւ ցուցադրել են բիզնես լուծումների տեխնոլոգիական նորույթները: Միջոցառման տասից ավելի խոսնակները ներկայացրել են առաջիկա տարիների բիզնեսի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող հիմնական նորարարական միտումները:



Softline ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սարգիս Հարությունյանի խոսքով՝ ամենամյա կոնֆերանսը նախորդ տարի չի հաջողվել իրականացնել համավարակի հետևանքով: Դա եւս պատճառ էր, որ InTech 2021-ը շատ սպասված էր ու լի նորություններով:

«Այսօր աշխարհը գնում է դեպի թվայնացում: Բիզնեսում, ցանկացած տեսակի աշխատանքում ավելի շատ թվային տեխնոլոգիաներ են օգտագործվում: Մեր կոնֆերանսը հարթակ է, որը թույլ է տալիս բիզնես եւ տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչներին իրար հանդիպել, հասկանալ՝ ինչպես կարելի է խնդիրներ լուծել: Տեղեկատվական տեխնոլոգիաների դերն առավել կարեւորվում է ցանկացած գործընթացի արագացմանն ու հեշտացմանն օգնելու պարագայում: Հետեւաբար, բիզնեսի եւ տեխնոլոգիաների կապն օգնում է էժանացնել գործընթացներն ու ավելացնել եկամուտը»,- ասել է նա:

Սարգիս Հարությունյանը


Եթե նախորդ տարիներին կոնֆերանսին մասնակցում էին հիմնականում տեխնիկական բաժինների ներկայացուցիչներ, ապա այս տարի մասնակիցների թվում ընկերությունների գործադիր տնօրեններն էին:

«Կոնֆերանսն, իհարկե, շարունակական է լինելու: Ամեն տարի աճում է թե´ արտադրողների հետաքրքրվածությունը, թե´ բիզնեսի՝ նոր լուծումների մասին լսելու ցանկությունը»,- հավելել է Սարգիս Հարությունյանը:

«Հայաստանը քայլ առաջ է»

Կոնֆերանսը մեկնարկել է «ՏՏ ոլորտի փոփոխություններն ու միտումները» խորագրով պանելային քննարկմամբ, որի ընթացքում մի շարք մասնագետներ իրենց ընկերությունների օրինակով պատմեցին թվային փոխակերպումների, անվտանգային հարցերի ու բիզնես գործընթացների ավտոմատացման միտումների մասին:



Thales ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուզնեցովի խոսքով՝ թվայնացման գործընթացին զուգահեռ աճում է կիբերհարձակումների վտանգը:

«Յուրաքանչյուր քայլը դեպի նոր տեխնոլոգիաներ, որը թույլ է տալիս մեծացնել ծառայությունների մատուցման հնարավորությունները, զուգահեռաբար նաեւ ճանապարհ է կիբերհանցագործների համար: Դեպի թվային փոխակերպում կատարվող ամեն քայլը պետք է զուգակցվի լավ մտածված եւ ամրացված անվտանգային հնարավորություններով»,- նշել է նա:

Թվայնացման նման տեմպերի մասին տարիներ առաջ պատկերացնելն էլ դժվար էր, մինչդեռ հիմա այն բազմաթիվ ոլորտների զարգացման պարտադիր պայման է:

Սերգեյ Կուզնեցովը

 
«Թվային փոխակերպման օրինակներից է ֆինանսական ոլորտը: Այսօր բանկային համակարգն առաջարկում է առանց գրասենյակների բանկեր՝ օգտագործելով թվային ծառայությունները: Գործարքների համար կարող է կիրառվել ցանկացած սարք, որով կարելի է այս կամ այն գնումը կատարել: Օրինակ՝ ժամացույց կամ ապարանջան, որը մոտեցնելով կատարվում է վճարումն անլար կապի միջոցով: Եթե ժամանակին ձեզ ասեին, որ կարող եք օգտագործել ձեր բջջային հեռախոսը մեքենա կամ տուն գնելու համար, գուցե չհավատայիք, սակայն սա այսօր իրողություն է մի շարք երկրներում՝ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, նաեւ Հայաստանում:



Ինձ համար շատ հաճելի է, որ Հայաստանը մեծ քայլ առաջ է վճարումներին վերաբերող մի շարք ինտեգրացիոն հարցերում, քան շատ այլ, իմ համոզմամբ, զարգացած երկրներ մեր համայնքում»,-մանրամասնել է Սերգեյ Կուզնեցովը:

Թվայնացումն ամենատարբեր ոլորտներում

APC by Schneider Electric ընկերության ներկայացուցիչ Դենիս Վայներն էլ ընդգծել է, որ թվայնացման գործընթացը միայն IT ստորաբաժանումների գործը չէ: Այն ավելի համընդհանուր խնդիր է, քանի որ շոշափում է բիզնես գործընթացների բոլոր մակարդակները:

Դենիս Վայները

 
«Արդյունավետության բարձրացումը թվայնացման գործընթացի մեկնարկի հիմնական խթանիչն է: Մենք տեսնում ենք նաեւ թվայնացման միտումների մեծ պահանջարկ լոգիստիկայի ու մատակարարման շղթաների ոլորտներում: Սրան նպաստեց նաեւ համավարակը: Ընկերությունները հաճախ են բախվում լոգիստիկ բարդ խնդիրների: Եթե դիտարկենք Amazon-ի օրինակը՝ որպես համաշխարհային կորպորացիա, ապա պետք է ընդգծել, որ լոգիստիկան դրա հիմնական բիզնեսն է: Առանց ճիշտ կառուցված լոգիստիկ համակարգի՝ ծառայության մնացած ամբողջ մասը նման թռիչք չէր ապրի: Մենք տեսնում ենք նաեւ թվայնացման միտումներ մեքենաշինության ոլորտում, որը թերեւս կլինի թվայնացման հաջորդ ալիքը»,-նշել է Դենիս Վայները՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում թվային փոխակերպումներ տեղի կունենան բոլոր ոլորտներում:

Անվտանգային ռիսկեր

Softline ընկերության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կիբերանվտանգության գծով տնօրեն Վյաչեսլավ Ալիսեեւիչի համոզմամբ՝ թվայնացման գործընթացներն ուժեղացան 2 տարի առաջ Covid-19-ի տարածմանը զուգահեռ:


 
«Բիզնեսի համար առաջ եկան անվտանգային մի շարք ռիսկեր, որոնց շատերը պատրաստ չէին: Անվտանգության ոլորտում նորություններ, երևի թե, չկան: Ավելի ճիշտ է ասել, որ անդրադարձ եղավ լավ մոռացված հնին: Այս ժամանակահատվածում ամեն ինչ այնպես դասավորվեց, որ նախկինում առկա խոցելի կետերը, որոնք ընկերությունները մոռացության էին մատնել, ջրի երես դուրս եկան: Պաշտպանվածության շրջանակը պահպանելն առավել բարդ դարձավ, երբ մարդիկ անցան հեռավար աշխատանքի: Ակտիվացան ֆիշինգը, կոմերցիայի հետ կապված խարդախությունները»,- մանրամասնել է նա:

Վյաչեսլավ Ալիսեեւիչը


Վյաչեսլավ Ալիսեեւիչն ընդգծել է, որ թվային փոխակերպումը անվտանգության տեսանկյունից գործընթացների առավելագույնս ավտոմատացումն է: Այս պարագայում ողջունելի է ընկերության առաջընթացը դեպի Security Operation Center-ներ, որտեղ մարդկային գործողը նվազեցվում է եթե ոչ զրոյի, ապա 10-20 տոկոսի:

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 12231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW