2019-2020թթ. ՀՀ բանկային համակարգի ավանդներն ու պարտատոմսերը

03.03.2021 | 08:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions #բանկեր #ավանդներ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի ցպահանջ եւ ժամկետային ավանդներին, ինչպես նաեւ պարտատոմսերին նվիրված RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում՝ բացառիկ հիմունքներով:


RUMELS Management Solutions ընկերությունը 2013թ. հիմնել է Ռուբեն Մելիքյանը: Վերջին 15 տարիների ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր, հանքաարդյունաբերություն եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է եւ Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA):



Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկերի ցպահանջ, ներառյալ` ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդների, ինչպես նաեւ թողարկված պարտատոմսերի մնացորդները։

Վերլուծությունը կատարվել է նաեւ ըստ հաճախորդների` ֆիզիկական անձինք եւ իրավաբանական անձինք։

- Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների 70%-ը կազմում են ցպահանջ եւ ժամկետային ավանդները, ներառյալ պարտատոմսերը։

- Ըստ բանկերի կառուցվածքը տարբեր է։ Ամենացածրը Մելլաթ Բանկի ցուցանիշն է՝ 15%, իսկ ամենաբարձրը ՎՏԲ-Հայաստան Բանկի ցուցանիշն է՝ 92%։


- Բանկային համակարգում ցպահանջ միջոցների կշիռը կազմել է 37%-38% եւ մնացել է գրեթե անփոփոխ 2020թ. ընթացքում։

- Ավանդների կշռի նվազման հաշվին 2020թ. ընթացքում պարտատոմսերի կշիռը աճել է 4.9%-ից մինչեւ 10.9%։

- Անցած տարի եկամտային հարկի մասին օրենքում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում ֆիզիկական անձինք ազատվել են եկամտահարկ վճարելուց՝ պարտատոմսերից ստացված տոկոսային եկամտից։

- Կարծում ենք, որ թե դրամային, թե արտարժութային պարտատոմսերը կշարունակեն մնալ գրավիչ ներդրումային գործիք հաճախորդների համար։


- Ցպահանջ միջոցները ներառում են ընդհանուր ցպահանջ ավանդների, ընթացիկ հաշիվների եւ քարտային հաշիվների մնացորդները։

- Բանկային համակարգի ընդհանուր ցպահանջ միջոցները աճել են 2020թ. 112 մլրդ ՀՀ դրամով, կամ 8.1%-ով։

- Ընդհանուր ցպահանջ միջոցների (տոկոսային արտահայտությամբ) ամենաբարձր աճ գրանցել են հետեւյալ բանկերը՝ ԱյԴի Բանկ (79%), ԱԿԲԱ Բանկ (51%) եւ Արցախբանկ (37%)։


- Բանկային համակարգի ֆիզիկական անձերից ներգրավված ժամկետային ավանդները նվազել են 2020թ. 97 մլրդ ՀՀ դրամով, կամ 6.3%-ով (հաշվի չառնելով 2020թ. ընթացքում ՀՀ դրամի 8.9% արժեզրկումը, նշված անկումը կազմում է մոտ 192 մլրդ ՀՀ դրամ, կամ 12.5%

- Քանի որ հաճախ ավանդատուները որոշում են ընդունում իրենց միջոցները շարունակել պահել բանկերում, բայց արդեն գնելով բանկի կողմից թողարկված պարտատոմսեր, ապա բանկերի ժամկետային ավանդների շարժը ցանկալի է նաեւ դիտարկել պարտատոմսերի հետ միասին։ Նույն ժամանակահատվածում աճ է գրանցվել բանկերի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդային արժեքում՝ 252 մլրդ ՀՀ դրամով կամ 52 մլրդ ՀՀ դրամով՝ առանց փոխարժեքի փոփոխության էֆեկտի եւ առանց Արդշինբանկի (300 մլն ԱՄՆ դոլար) եւ Ամերիաբանկի (50 մլն ԱՄՆ դոլար) կողմից արտերկրում թողարկված պարտատոմսերի։ Սակայն ֆինանսական հաշվետվություններից հնարավոր չէ պարզել, թե բանկերի կողմից թողարկված պարտատոմսերի որ մասն է գնվել ֆիզիկական անձերի կողմից։ Հետեւաբար՝ նշված ազդեցությունը այս պահին հնարավոր չէ չափել։


- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդն աճել է 2020թ. 252 մլրդ ՀՀ դրամով, կամ 140%-ով։ Այս աճի հիմնական պատճառները՝ Արդշինբանկի (300 մլն ԱՄՆ դոլար) եւ Ամերիաբանկի (50 մլն ԱՄՆ դոլար) կողմից արտերկրում թողարկված պարտատոմսերն են։

- 17 գործող բանկերից, պարտատոմսեր թողարկել է 11 բանկ։

- Նշված գործիքի կիրառումը խրախուսվում է ՀՀ ԿԲ կողմից՝ սահմանելով 8 անգամ ավելի ցածր պարտադիր պահուստավորման նորմատիվ, քան ներգրավված ավանդների դեպքում։

- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի 17%-ը կազմում են ՀՀ դրամային պարտատոմսերը։


2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի ցպահանջ եւ ժամկետային ավանդների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով հասանելի է այս հղումով:

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով հասանելի է այս հղումով:

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

Դիտում՝ 13075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai