RUMELS Management Solutions-ը մասնագիտացված խորհրդատվական ընկերություն է։ 2013թ. ընկերությունը հիմնել է Ռուբեն Մելիքյանը: Վերջին 15 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում` ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր, հանքաարդյունաբերություն եւ բանկային համակարգ: Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է եւ Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA): Banks.am-ի հետ հարցազրույցում Ռուբեն Մելիքյանը պատմել է RUMELS Management Solutions-ի հիմնական գործառույթների մասին, ինչպես նաեւ անդրադարձել ՀՀ բանկային համակարգում ընթացող զարգացումներին:- Պարոն Մելիքյան, հայաստանյան խորհրդատվական շուկան գերհագեցած է, ինչն ենթադրում է լուրջ մրցակցություն եւ առաջարկների առատություն: Ո՞րն է Ձեր ընկերության այցեքարտը:- Դուք իրավացի եք, մեր շուկայում շատ ընկերություններ են գործում: Սակայն, մեր կարծիքով, շուկայի ներուժը բավականին մեծ է: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից միայն մի փոքր մասն է, որ գործում է հաստատված ռազմավարության շրջանակում, ունի կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգ, ինչպես նաեւ ֆինանսական եւ կառավարչական անհրաժեշտ հաշվետվություններ:Առանց ռազմավարության ընկերությունը նման է նավի, որը նավարկում է ծովերում առանց կողմնացույցի: Երկարաժամկետ շահութաբերություն եւ կայուն աճ ապահովելու համար ընկերություններին անհրաժեշտ են վերոնշյալ համակարգերը: Այսօր արդեն նկատվում է, որ վերջին տարիներին շատ ընկերություններ մտահոգ են նմանատիպ արդյունավետ համակարգերի ներդրման հարցում: Մեր մոտեցումը հաճախորդակենտրոն է, չկան պատրաստի շաբլոն լուծումներ: Մանրամասն ուսումնասիրությունից հետո միայն կոնկրետ ընկերության համար կազմում ենք ճանապարհային քարտեզ: Այն կարող է ներառել ռազմավարության մշակում, գործունեության արդյունավետության բարձրացում, գործընթացների թվայնացում, նաեւ ֆինանսական եւ կառավարչական հաշվետվությունների ներդնում կամ բարելավում: - Խնդրում եմ համառոտ ներկայացրեք RUMELS Management Solutions-ի ծառայությունների շրջանակը: Ունե՞ք արդյոք Ձեր ցանկում ֆինանսական հատվածին ուղղված առաջարկներ: - Սկսեմ վերջից. գրեթե բոլոր մեր ծառայություններից կարող են օգտվել նաեւ ֆինանսական հատվածի կազմակերպությունները:Ծառայությունների շրջանակը բավականին լայն է: Փորձեմ թվարկել. աջակցություն ընկերության ռազմավարության մշակման հարցում, տարատեսակ KPI-ների մշակում, բիզնես պրոցեսների ամբողջական վերանայում, բոնուսային եւ պարգեւատրման համակարգերի ներդնում, ինչպես նաեւ ֆինանսական ստորաբաժանման ամբողջական վերակազմակերպում: - Դուք բանկային համակարգում աշխատանքի լուրջ փորձ ունեք. ինչպե՞ս կգնահատեք 2020թ. բանկային համակարգի արդյունքերը, մասնավորապես՝ շահութաբերության տեսանկյունից:- Հայտնի պատճառներով 2020-ը ծայրահեղ բարդ տարի էր՝ թե Հայաստանի տնտեսության, թե բանկային համակարգի համար: Դեռեւս նախնական տվյալներով (աուդիտ անցած բանկերի ֆինանսական հաշվետվությունները պատրաստ կլինեն մինչեւ սույն թվականի ապրիլի 30-ը), բանկային համակարգի շահույթը 2020թ. ընթացքում նվազել է շուրջ 14 մլրդ ՀՀ դրամով կամ 19%-ով: Զուտ շահույթ/ընդհանուր կապիտալ հարաբերակցությունը (ROE) նույնպես էականորեն նվազել է՝ կազմելով շուրջ 7%, ինչը շատ ցածր ցուցանիշ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ երկրի ռիսկի պրեմիումը (country risk premium) Հայաստանի համար կազմում է մոտ 3,5%: RUMELS Management Solutions ընկերությունը վերլուծել է Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության մակարդակը: Վերլուծությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:Ըստ նախնական կանխատեսումների, անցած տարվա հայտնի դեպքերի բացասական ազդեցությունը տնտեսության եւ բանկային համակարգի համար կշարունակվի նաեւ ընթացիկ տարում: Հուսով ենք, որ արդեն 2022թ. վիճակը կկայունանա: Ռուբեն Մելիքյանը Լուսանկարը՝ RUMELS Management Solutions - Ի՞նչ հիմնական ուղիներ կարող եք առաջարկել բանկերի շահութաբերությունը բարելավելու համար:- Դրանք բազմազան են: Սկսեմ ամենառադիկալ առաջարկից, որը բանկերի միջեւ միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) գործարքներն են: Պատշաճ կերպով կառուցված M&A գործարքները կարող են էականորեն ավելացնել բանկերի շահութաբերությունը՝ հիմնականում սիներգիայի էֆեկտներով պայմանավորված, ինչպես նաեւ ոչ տոկոսային ծախսերի էական կրճատումներից ելնելով: Առնվազն տարին մեկ անգամ անհրաժեշտ է վերանայել բոլոր գործընթացները (business re-engeneering), ինչպես նաեւ բանկային տարատեսակ պրոդուկտների վերլուծությունների հիման վրա կենտրոնանալ հիմնականում ամենաեկամտաբեր պրոդուկտների վրա եւ դուրս գալ վնասաբեր սեգմենտներից: Պետք է նաեւ ներդնել տարատեսակ նոր բանկային պրոդուկտներ՝ ավելացնելով միջնորդավճարներից եկամուտը:Այսօր գրեթե յուրաքանչյուր բանկ ունի իր սեփական բրենդային բջջային հավելվածը, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ բանկն ունի մոբայլ բանկինգի ռազմավարություն, դեռեւս չի նշանակում, որ այն հնարավորինս արդյունավետ է օգտագործվում։ Բանկի բջջային հավելվածի օգտագործման փորձառությունը պետք է լինի արագ, պարզ օգտագործման մեջ, ֆունկցիոնալ լիարժեք հնարավորություններով (օրինակ, լայվ չատերով, ձայնային, թվային աջակցությամբ եւ այլն) եւ ապահով:Եթե խոսենք տեխնոլոգիաներից եւ ավտոմատացումից, ապա հարկ է նշել, որ այն վերաբերում է նաեւ բանկի գրեթե բոլոր պրոցեսների ավտոմատացմանը:Միջազգային փորձի համաձայն՝ բանկերն արդեն իսկ կարող են ունենալ մասնաճյուղային ցանցի օպտիմալացման գծով ճանապարհային քարտեզ:Բանկի ղեկավարության համար կարեւոր խնդիր է նաեւ ֆինանսական ռեսուրսների ինքնարժեքի (cost of fund) նվազեցումը` դիտարկելով արտերկրի բորսաներում պարտատոմսերի ցուցակման, կամ նոր ճկուն ցպահանջ պրոդուկտների մշակման հնարավորություն:Բոլոր ոչ տոկոսային ծախսերը ցանկալի է վերանայել առնվազն կիսամյակը մեկ՝ համոզվելու համար՝ արդյոք չկան ծախսեր, որոնք այդ պահին արդեն կորցրել են արդիականությունը:Կարծում եմ, որ «Պատասխանատու վարկավորում» գաղափարի կիրառումը կունենա երկարաժամկետ դրական ազդեցություն բանկերի վարկային պորտֆելի որակի վրա եւ, որպես հետեւանք, շահութաբերության աճ: Նկատի ունեմ, որ պետք է վարկավորվեն միայն այն հաճախորդները, որոնք ի վիճակի են սպասարկել վարկային բեռը`չհիմնվելով միայն գրավային ապահովվածության վրա:- ԿԲ-ն վարկավորման տեմպի որոշակի դանդաղեցում է կանխատեսում, ի՞նչ կասեք այս կապակցությամբ:- Համաձայն եմ նշված կանխատեսման հետ՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ որոշ բանկեր սկսել են ավելի զգույշ տրամադրել վարկեր, օրինակ՝ խստացնելով վարկ/գրավ հարաբերակցությունը ու սքորինգային չափորոշիչները: Կարծում եմ, տարվա երկրորդ կեսին արդեն ավելի հստակ պատկեր կունենանք, թե ինչ հետեւանքներ են թողել տնտեսության վրա անցած տարի տեղի ունեցած բացասական դեպքերը, եւ բանկերը ավելի հստակ կկարողանան ճշգրտել իրենց վարկավորման եւ ռիսկերի կառավարման քաղաքականությունները:- Իսկ ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է գրավիչ ներկայիս բանկային համակարգն օտարերկրյա ներդրողների համար:- Այն, որ բանկային համակարգը գրավիչ չէ ներդրողների համար, երեւում է վերջին 10 տարում բացված բանկերի թվից, որը զրո է: Այս պահին ունենք միայն 4 բանկ, որոնց հիմնադիրները օտարերկրյա բանկեր են:Կարծում եմ, այստեղ մի քանի գործոն կա: Եթե չդիտարկենք քաղաքական կամ մեր տարածաշրջանի ռիսկերը, ապա կնշեի հիմնական երկուսը։ Առաջինը՝ բանկային համակարգի համեմատաբար ցածր շահութաբերության մակարդակն է, երկրորդը՝ նվազագույն նորմատիվային կապիտալի արտակարգ բարձր շեմը՝ 30 մլրդ ՀՀ դրամ (մոտ 58 մլն ԱՄՆ դոլար): Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, ապա, օրինակ Գերմանիայում այդ շեմը մոտ 10 անգամ ցածր է եւ կազմում է 5 մլն եվրո: Եթե համեմատենք Լիտվայի հետ, ապա այնտեղ շեմը սկսում է ընդամենը 1 մլն եվրոյից (որոշ սահմանափակումներով բանկային լիցենզիայի համար):Կարծում եմ, ճիշտ կլինի, եթե ՀՀ ԿԲ-ն ապագայում դիտարկի մի տարբերակ, որի դեպքում կտրամադրվի նոր տեսակի բանկային արտոնագիր՝ թվային բանկի լիցենզիա (բանկ առանց որեւէ մասնաճյուղի), որի նվազագույն նորմատիվային կապիտալի շեմը համահունչ կլինի վերոնշյալ երկրների հետ: Ռուբեն Մելիքյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը։ Tweet Դիտում՝ 59822