Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորո՞ւմ, թե՞ պլանային զարգացում

24.07.2020 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Անդրանիկ Մոսինյան #գյուղվարկեր
Գյուղատնտեսական վարկավորման ոլորտի փորձագետ Անդրանիկ Մոսինյանը Banks.am-ին է տրամադրել իր հեղինակած հոդվածը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Վերջին շրջանում շատ է խոսվում գյուղատնտեսությամբ զբաղվողներին օժանդակության մասին: Պետությունն օժանդակում է գյուղմթերքի արտադրության գործընթացի բոլոր փուլերին՝ աչքաթող անելով ամենակարեւոր պահը՝ գյուղացու արտադրած բարիքի իրացման խնդիրը: Մինչ այդ խնդրի կարգավորման համար լուծումներ առաջարկելը փոքր պատմական ակնարկ ներկայացնենք:

Այս խնդիրը նոր չի ծագել, այն գալիս է ԽՍՀՄ ժամանակներից, երբ գյուղացին չէր մտածում իրացման հարցի շուրջ, քանի որ կար մեկ երաշխավորված գնորդ ի դեմս պետության, ինչից ծագում էին արտադրանքի որակին վերաբերող մի շարք խնդիրներ: Համակարգը բարելավելու փոխարեն տեղի ունեցավ փլուզում, ինչի արդյունքում մինչ այժմ չեն տրվում մի շարք կարեւոր կարգավորումներ:

Գյուղացին ինքը պետք է գտնի լուծումներ ինչպես արտադրության, այնպես էլ իրացման հարցում, որը ոլորտի առանձնահատկություններից ելնելով՝ լի է խնդիրներով: Ի տարբերություն ԽՍՀՄ տարիների, երբ գյուղացին աջակցություն ուներ ամեն հարցում, այսօր այն բացակայում է: Միայնակ բախվելով իրացման խնդրին, շատ դեպքերում գյուղացին չի կարողանում արտադրանքը համարժեք իրացնել, իսկ որոշ դեպքերում էլ վճարի դիմաց մթերող կազմակերպություններից ստանում է իր բերքի վերամշակված տարբերակը:

1995 թ-ից բանկային համակարգ մուտք գործած «ՀայԳյուղՓոխԲանկը» (այժմ՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը) սկսեց ինտենսիվորեն վարկավորել գյուղատնտեսական ոլորտը, ինչը դրամական միջոցների հոսք բերեց այդ ոլորտ: Նրան հաջորդեցին նաեւ այլ կառույցներ, որոնք ինչ-որ ծրագրեր էին իրականացնում գյուղական համայնքներում: Խնդրո առարկա դարձավ շահառուներին հասնող միջոցների գինը, եւ ամեն բնակլիմայական աղետի ժամանակ գյուղացիների պարտավորությունների կարգավորման հարցը: Ճիշտ է, պետությունն ինչ-ինչ օժանդակության մոտեցումներ էր սահմանել տուժած տարածքների գյուղացիների համար, սակայն խնդիրն ի սպառ չէր լուծել:

Այս խնդրի լուծման համար պետությունը ներմուծեց նոր գործիք գյուղատնտեսական ոլորտի համար՝ գյուղվարկերի տոկոսների պետական սուբսիդավորում: 2008թ. կառավարությունը որոշեց փորձնական 3 համայնքներում` Ճամբարակում, Աշոցքում եւ Ամասիայում կիրառել սուբսիդավորման գործընթացը՝ հասկանալու համար, թե ինչպես է այն աշխատում փոքր ծավալով: Ծրագիրը նախատեսված էր առնվազն 5 տարվա համար, եւ պետությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորելու էր գյուղացիների կողմից ստացված վարկերի տոկոսների մի մասը: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից ծախսվելու էր 212 մլն դրամ: Նոր գործիքի աշխատանքը դրական գնահատվեց, եւ կառավարությունը 2011թ. առաջ քաշեց ավելի լայնածավալ ծրագիր ամբողջ հանրապետության կտրվածքով՝ որոշակի տարբերակումով, ինչպես նաեւ ճյուղային առանձնահատկության պահանջով: 2011-2017թթ. կառավարության հաստատած ծրագրով ծախսվել է 5.1 մլրդ դրամ, 2018թ.՝ 0.5 մլրդ, իսկ 2019-ին նախատեսվում էր ծախսել 2.2 մլրդ դրամ (հիմք): 2020-ի աջակցության գումարներն էապես կաճեն՝ կապված համավարակի հետ:

Գյուղոլորտում իր դրական ընկալմամբ հանդերձ՝ ծրագիրը, այնուամենայնիվ, բաց է թողնում հիմնական՝ բերքի իրացման խնդիրը: Այն մշակված է մանրամասն՝ ժամկետ, մարման կարգ, տոկոսի վերին սահման եւ, ամենակարեւորը՝ միջոցները տրամադրվում են առանց հավելյալ վճարների: Այս ամենի հետ միասին վարկավորումը կատարում է ֆինանսական կառույցն իր ռիսկով եւ որոշմամբ (պետությունը վարկավորման համար միջոց չի տրամադրում, դրա ընտրությունը ֆինանսական կառույցի ռիսկով է): Այսինքն՝ վարկառուի կողմից պարտավորության չմարման ռիսկը կրում է ֆինանսական կառույցը, ինչպես նաեւ ֆինանսական կառույցից հետ է կանչվում մինչ այդ տրված սուբսիդավորված գումարը, այն է՝ պետության կողմից վարկառուի համար վճարված տոկոսները:  

Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ֆինանսական կառույցները, որոնք պատրաստ են տրամադրել կառավարության ծրագրով սահմանված գյուղատնտեսական վարկերը գյուղացիական անհատ տնտեսություններին:

Տարիների ընթացքում որքան շատացել են «գրագետ» բողոքավորները ֆինանսական կառույցներից, այնքան էլ շատացել են այդ կառույցներից «գրագետ» ձեւով օգտվողները: Նրանք հասկացել են, որ պարզություն պետք չէ, գիտեն՝ ինչպես իրենց տնտեսությունը ներկայացնեն, որպեսզի վերցնեն համապատասխան վարկեր: Սա նպաստում է, որ միջոցները ծառայեն սպառողական նպատակների համար՝ քանակի մեջ այն դժվար է հայտնաբերել:

Ծրագրային սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկային միջոցներով հնարավոր է  վերաֆինանսավորել հաճախորդի կամ վերջինիս բարեկամի հիփոթեքային կամ այլ սպառողական վարկերի տոկոսադրույքը ամբողջությամբ կամ մասնակի: Այս գործընթացը խաթարում է ամբողջ ֆինանսական շուկան, որտեղ ձեւավորվում է առաջարկ 0-ից մինչեւ 7% տոկոսադրույքով ոչ նպատակային վարկերի նկատմամբ: Հետեւելով միայն ծրագրային սուբսիդավորվող վարկերի վիճակագրական ցուցանիշներին՝ անտեսելով վարկերի նպատակային օգտագործումը, մենք կունենանք միայն բարձր կատարողական: Վերոնշված գործիքը ֆինանսական կառույցներին հնարավորություն ընձեռնեց հաճախորդներ ներգրավվել գրավիչ եւ մրցունակ պայմաններով:

Այս խառնաշփոթը բացառելու համար պետությունը պետք է անհատական սուբսիդավորի այս վարկերի տոկոսները, չսահմանափակելով տոկոսադրույքի վերին սահմանը: Ֆինանսական կառույցը լավ եւ լավագույն հաճախորդներին չկորցնելու համար երբեւիցե շատ բարձր տոկոսներով չի վարկավորում, շուկան չի խաթարվի կեղծ ցածր տոկոսներից, սուբսիդիան կլինի նպատակային: Եթե կառավարությունը ունի գործողությունների մեխանիզմ եկամտային հարկով հիփոթեքային վարկի տոկոսը սուբսիդավորման, ապա սա էլ դժվար չի լինելու իրագործել: Դա կարող է անել մարզային  գյուղատնտեսական կառույցների միջոցով: Ի տարբերություն եկամտային հարկի, որի տեղեկատվությունը տրամադրում է ՊԵԿ-ը, այս տեղեկատվության աղբյուրը կլինի ֆինանսական կառույցը: Սա տոկոսադրույքի նպատակային սուբսիդավորման մասին, բայց իմ բարձրացրած խնդիրն այլ է:

Ծանոթանալով տարբեր երկրների գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրերին՝ գալիս ես այն եզրահանգման, որ հիմնականում սուբսիդավորում են գյուղացու ստեղծած բարիքը, այլ ոչ թե գործընթացը: Գյուղացին, չկարողանալով  իրացնել իր բերքը, հետագայում կարող է խնդիրներ ունենալ, ինչքան էլ սուբսիդավորվի գյուղմթերքի արտադրության ռեսուրսի արժեքը: Բերքի իրացման խնդիրը հնարավորինս բացառելու եւ հաղթահարելու համար կցանկանայի հանդես գալ մի քանի առաջարկներով, որոնք կարող են ապագայում լուծում հանդիսանալ: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը:

- Առաջինը գյուղատնտեսության ապահովագրությունն է: Վարկերի տոկոսների սուբսիդավորման փոխարեն կարելի է ապահովագրվել բերքի կորստի ռիսկը մթերքի շուկայական միջինացված արժեքով: Ընդ որում, սկզբնական շրջանում պետությունը կարող է մասամբ կամ ամբողջությամբ սուբսիդավորել ապահովագրավճարները: Պետական համակարգում առկա արհեստավարժ մասնագետները տեղյակ են ամեն մշակույթի բերքատվության ցուցանիշներից: Եթե բնական աղետների ժամանակ ֆերմերը կորուստ է կրել, ապա կստանա փոխհատուցում համաձայն մշակված ցուցանիշի: Ապահովագրության ինստիտուտի առաջին արդյունքները ստանալուց հետո կարելի է քայլ առ քայլ այն դարձնել պարտադիր՝ միաժամանակ պակասեցնելով պետության սուբսիդավորման մասնաբաժինը: Այդ ծրագիրը պետք է ներառի բոլորին, ով զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ բացի վերամշակողներից։

- Երկրորդը բերքի երաշխավորված գնումն է պետության կողմից: Երկար տարիներ միշտ ականատես ենք լինում, որ պետական այրերը կարգադրություններ են տալիս մթերող եւ վերամշակող տարբեր բիզնեսներին, որ չնեղացնեն գյուղացիներին: Որպես կանոն, գոյանում են գերարտադրության եւ չիրացման խնդիրներ վերամշակող ոլորտում: Ակնհայտ է, որ այս տիրույթում նույնպես չի կիրառվում լուծումների արդյունավետ շուկայական գործիքակազմ: Պետությունը կարող է ստանձնել երաշխավորված գնորդի դեր սահմանված չափանիշներով մատակարարումներ ապահովող ֆերմերների պահանջարկը բավարարելու համար, որոնք մինչ այդ չունեին այլ պայմանագրային պարտավորվածություններ։ Նշված չափանիշների հստակությունը կարեւոր է սոցիալական խնդիրներից խուսափելու համար, քանի որ պետությունը չպետք է երաշխավորի շուկայում չիրացվող ցանկացած որակի արտադրանքի իրացումը: Ըստ էության, գործ կունենանք հստակ չափանիշներով սահմանված պետպատվերի հետ, ինչի արդյունավետության հիմքում լինելու է պատվերը ձեւավորող մասնագետների արհեստավարժությունը եւ ոլորտի ու շուկայի բարձր գիտակցումը: Ճիշտ ձեւավորված պետպատվերով կլուծվի ինչպես պարենի անվտանգության խնդիրը, այնպես էլ գյուղացու ապրանքի իրացումը: Ընդհանրապես, այստեղ դեռ շատ աշխատանք կա գյուղմթերքի արտադրության արդյունավետության եւ որակի պահանջների համապատասխանության մշակման ուղղությամբ: Դա կարելի է կազմակերպել պետական մակարդակով, նրանց կրթելով, որ գիտակցաբար մոտենան իրենց ապրանքի որակին: Այս հարցը բոլորին չի վերաբերվում, պատրաստված տնտեսվարողը միշտ ուշադիր է դրանց պահպանմանը՝ իրացման խնդիրներին չհանդիպելու համար:

- Երրորդը կարգավորման գործիքն է, այսինքն` հարկային մեխանիզմների լիարժեք օգտագործումը գյուղմթերք արտադրողների նկատմամբ: Սակայն նշեմ, որ վերջիններս դեռ պատրաստ չեն եւ զգայուն են հարկման նկատմամբ: Եթե նախորդ գործիքով պետությունը գնված մթերքը պետք է սպառի պետական տարբեր տեսակի ծրագրերի իրագործման վրա, վաճառի մթերողներին, արտահանի ու դրա դիմաց ստանա փոխհատուցում, ապա ապահովագրման ինստիտուտի ներդրման համար միջոցների աղբյուր կարող են լինել՝գյուղատնտեսությունը քայլ առ քայլ հարկային դաշտ բերելով: Տարիներ շարունակ (եւ դա կարող է շարունակվել միգուցե մինչեւ 2030թ-ը), Հայաստանում գյուղմթերք արտադրողները (ոչ վերամշակողները), ազատված են հիմնական հարկեր վճարելուց (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ): Սա հետաքրքիր քաղաքականություն է. «ես ձեզնից հարկ չեմ ուզում, ինձնից աշխատեք շատ բան չուզել»: Եվ այսպես մենք ունենք ոլորտ, որտեղ զբաղված են հիմնականում ֆիզիկական անձինք, որոնց շրջանառության ծավալը չի գերազանցում 115 մլն-ը (ո՞վ կարող է ստուգել, շրջանառության մեծ մասը կանխիկ է), շահութահարկի եւ եկամտային հարկի մասն էլ ամրագրված է օրենքով: Հարց. երբ գա նրանց ծերության կամ աշխատանքային թոշակի տարիքը, ո՞ր միջոցներից  պետք է վճարվի այդ գումարները: Այստեղ պետք է կիրառվի ուրիշ հարկային դրույք՝ ավելի ցածր, քան գործող բոլոր հարկատեսակներն են, որի մեջ կլինի նաեւ թոշակային բաղադրիչը: Բոլոր տեսակի վաճառքները հասցնել թափանցիկության աստիճանի, խանութներին արտոնություն տալ այդ գնումները կիրառելու համար, որոնք պարտավոր են կատարել այդ հարկումը որպես հարկային գործակալ: Գյուղմթերք արտադրողներին տարբերակել, չսահմանել նրանց համար շրջանառության առավելագույն շեմ, այլ տարբերակված հարկում: Խանութներին նաեւ պարտավորեցնել տեղեկության տրամադրում խոշոր ֆիզիկական անձ մատակարարների մասին: Պարզեցնել փաստաթղթաշրջանառությունը գնման ժամանակ, ավելացնել հաշվետվողականության գործիքները՝ բացառելու համար հարկային խախտումները:

Այս ամենը քայլ առ քայլ կկարգավորի շուկայի զարգացումը եւ կիմաստազրկի բոլոր տեսակի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը: Պետությունն արդեն նպատակային վարկեր կտրամադրի համապատասխան կառույցի միջոցով եւ այն ճյուղի կամ նպատակի զարգացման համար, որի անհրաժեշտությունը պետք է այդ ժամանակահատվածում: Ֆինանսական կառույցին կընտրեն մրցույթի միջոցով, ով կկատարի միայն միջոցների հետ գանձման եւ պետությանը հետ վերադարձման ծառայությունը:

Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Banks.am-ի տեսակետներին:
Դիտում՝ 4872
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai