Covid-19-ը կհանգեցնի բանկային բիզնեսի խորը վերակազմավորման

15.07.2020 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Covid-19 #բիզնես
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում IESE բիզնես դպրոցի տնտեսագիտության եւ ֆինանսների պրոֆեսոր Խավիեր Վիվեսի հոդվածը, որը գրվել է Project Syndicate-ի համար:

Covid-19 ճգնաժամը ցույց տվեց, որ բանկերը ոչ թե փոփոխություններին խոչընդոտող խնդրի, այլ դրա լուծման մասն են։ Մինչ այժմ նրանք ցուցադրում են կայունություն՝ հիմնականում պայմանավորված 2007-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո կապիտալի եւ իրացվելիության նկատմամբ իրականացված խստացումներով:

Կառավարությունները բանկերին ժամանակավոր մորատորիում էին հայտարարել՝ կարգավորման եւ վերահսկման ավելի խիստ ստանդարտներ կիրառելու համար: Արդյունքում, բանկերը հնարավորություն ստացան փոխհատուցել ֆինանսական ճգնաժամի ընթացքում իրենց հեղինակությանը հասցրած վնասը:

Այնուամենայնիվ, նրանք նույնպես կանգնում են խնդիրների առջեւ, քանի որ ներկայիս ճգնաժամը կհանգեցնի ժամկետանց վարկերի ծավալների կտրուկ աճի: Համավարակը կուժեղացնի բանկերի շահութաբերության վրա նախկինում առաջացած իջեցնող ճնշումը՝ պայմանավորված, մասնավորապես, ցածր տոկոսադրույքներով եւ թվային հեղափոխությամբ:

Այժմ թվայնացման գործընթացն ավելի կարագանա, քանի որ ինչպես բանկերը, այնպես էլ նրանց հաճախորդները հասկացել են, որ կարող են աշխատել հեռահար՝ անվտանգ եւ արդյունավետ եղանակով: Դրանից առաջացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների աճը կհանգեցնի բազմաթիվ բանկերի չափից առավել ընդարձակ մասնաճյուղային ցանցերի փակման, ընդ որում շատ ավելի արագ, քան սպասվում էր (հատկապես՝ Եվրոպայում): Այսպիսով, ոլորտի խորը վերակազմավորումն անխուսափելի կդառնա:


Միջին չափի բանկերը կտուժեն, քանի որ նրանց համար դժվար կլինի նվազեցնել ծախսերը եւ այս նոր միջավայրում անհրաժեշտ ներդրումներ կատարել ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում։ Կոնսոլիդացիան կարող է լուծում դառնալ դժվարություններ ունեցող բանկերի համար, սակայն որոշ իրավասություններում, հնարավոր է, միջազգային միաձուլումների ճանապարհին քաղաքական խոչընդոտներ առաջանան, քանի որ կառավարություններն ամրապնդում են պրոտեկցիոնիստական մոտեցումներն ազգային բանկային համակարգերի նկատմամբ: Օրինակ, Եվրոպայում (բացառությամբ Մեծ Բրիտանիայի), որտեղ բանկային ազգայնականությունը շատ ուժեղ է, ավելի հավանական է թվում բանկային հատվածի ներքին համախմբումը։

Դրանից բացի, բանկերը կարող են բախվել մրցակցության նոր սրացմանը՝ ստվերային բանկերի եւ թվային շուկայի նոր խաղացողների կողմից, որոնք մարտահրավեր էին նետում ավանդական բանկային բիզնես մոդելներին դեռ համավարակից առաջ: ԱՄՆ-ում ֆինտեխ ընկերություններն ակտիվորեն յուրացնում են հիփոթեքային ու անձնական վարկավորման շուկան: Իսկ զարգացող երկրներում ամենամեծ թվային հարթակները, ինչպիսին է Alipay-ը Չինաստանում, գերիշխող դիրք են գրավել շուկայի որոշ հատվածներում, օրինակ՝ վճարային համակարգերում:

Covid-19-ի դեմ պայքարի համար սահմանված կարանտինի հետեւանքով սրընթաց անցումը թվային տեխնոլոգիաներին թույլ է տալիս եզրակացնել, որ բանկային հատվածում փոփոխությունների տեմպը կարող է բոլորին անակնկալ մատուցել: Նման արագացումն, իր հերթին, կարող է ակտիվացնել տարբեր տեսակի թվային արժույթների ներդրումը՝ այդ թվում կենտրոնական բանկերի կողմից:

Կարճաժամկետ հեռանկարում թվայնացումը կբարձրացնի մրցակցային ճնշումը եւ կսահմանափակի գործող բանկերի շահութաբերությունը՝ ֆինանսական ծառայությունների շուկայում մուտքի եւ ելքի խոչընդոտների հետագա թուլացման պատճառով: Այնուամենայնիվ, դրա երկարաժամկետ ազդեցությունը մշուշոտ է. այն կախված կլինի շուկայի կառուցվածքից, որն արդյունքում կձեւավորվի։


Ահա հնարավոր տարբերակներից մեկը. մի քանի գերիշխող հարթակներ (ներկայիս թվային հսկաներից ոմանք, գումարած փոխակերպված մի քանի գործող խաղացողներ) վերահսկելու են հասանելիությունը դեպի հաճախորդների մասնատված բազա, որն առկա է տարբեր ֆինանսական էկոհամակարգերում: Այս դեպքում հաճախորդները գրանցելու են իրենց հարցումները հարթակներից մեկում, իսկ ֆինանսական ծառայությունների մատակարարները մրցակցելու են դրանք բավարարելու համար: Հարթակների միջեւ մրցակցության եւ հաճախորդների սպասարկման մակարդակը կախված կլինեն մեկ էկոհամակարգից մյուսը տեղափոխվելու արժեքից. որքան այն բարձր է, այնքան պակաս մրցունակ կլինի շուկան։


Բանկային կարգավորիչներն արդեն հարմարվել են հետհամավարակային աշխարհին՝ մեղմելով կապիտալի նկատմամբ նոր պահանջների ներդրման ժամանակացույցը: Բայց թվային հեղափոխությունը կպահանջի, որ նրանք հավասարակշռեն մրցակցությունը եւ նորարարությունները խթանելու անհրաժեշտությունը՝ ֆինանսական կայունությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Դրա համար կարգավորիչները պարտավոր են երաշխավորել խաղի հավասար կանոններ եւ համաձայնեցնել կարգավորումն ու հակամենաշնորհային քաղաքականությունը տվյալների հետ կապված միջոցների հետ: Նրանք ստիպված կլինեն առաջ շարժվել բարդ փոխզիջումների ճանապարհով։

Այսօր բանկերը լավ հնարավորություն ունեն բարելավել իրենց հեղինակությունը՝ կառուցողական դեր խաղալով ընթացիկ տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու գործում: Այնուամենայնիվ, Covid-19-ը արագացնում է թվայնացումը եւ վերակառուցումը բանկային ոլորտում, ուստի բանկերի ապագան շուտով կարող է պակաս հստակ դառնալ:

Copyright: Project Syndicate, 2020.
www.project-syndicate.org
Դիտում՝ 20036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai