Հայաստանի թաքնված քարանձավները՝ տուրիստական նոր ուղղություն

02.03.2020 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Արտավազդ Ջանոյան #Տիգրան Արմենյան #Armenian Speleo Team
2019-ին հիմնադրված Հայաստանի քարանձավագիտական թիմի (Armenian Speleo Team, AST) նպատակն է հայտնաբերել եւ հետազոտել Հայաստանի թաքնված քարանձավները՝ զուգահեռաբար զարգացնելով զբոսաշրջության այս ուղղությունը:

AST-ի հիմնադիրներ, քարանձավախուզական արշավների ուղեկցորդներ Արտավազդ Ջանոյանը եւ Տիգրան Արմենյանը Banks.am-ին պատմել են արկածային տուրիզմի քարանձավային ուղղության եւ Հայաստանում դրա զարգացման հեռանկարի մասին:

Քարանձավախույզները

Տիգրան. Քարանձավախուզությամբ զբաղվում եմ 2017 թվականից: Թեեւ այժմ սովորում եմ Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանում, առաջիկայում կտեղափոխվեմ Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ՝ հետեւելով հետաքրքրություններիս:

Մոտ 11 ամիս առաջ Արթուրի հետ հիմնեցինք Հայաստանի քարանձավագիտական թիմը՝ քարանձավներ հետազոտելու եւ արկածային զբոսաշրջության այս տեսակի զարգացման համար:


Արտավազդ. Թեեւ աշխատում եմ բանկում, բայց տուրիզմով զբաղվում եմ դեռեւս 2013 թվականից՝ սկզբում հեծանվային, հետո՝ լեռնային ու քարանձավային:

Այժմ Տիգրանի հետ հաճախ կազմակերպում ենք հետազոտական արշավներ, որպեսզի գոյություն ունեցող արխիվների տեղեկություններով փորձենք գտնել հետաքրքիր քարանձավներ: Քարանձավը փոքր թիմով ուսումնասիրելուց հետո կազմակերպում ենք արդեն ավելի մեծ տուրեր:


Քարանձավի «բնավորությունը»

Արտավազդ. Քարանձավները մի վատ «բնավորություն» ունեն. կարող են շատ մեծ լինել, բայց միայն մեկ մարդու չափով մուտք ունենալ: Մենք կարող ենք կողքով անցնելիս անգամ չնկատել այն:

Տիգրան. Կարող են նաեւ շատ խորը լինել, բայց առհասարակ մուտք չունենալ: Հայաստանում այդպիսին էր Վայոց ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավը, որ բացվել է 1980 թվականին՝ ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ:

Դրանից հետո գյուղացիների մեջ լուրեր տարածվեցին, որ քարանձավ է գտնվել՝ պատերը ադամանդից, մեջն էլ ոսկի (ծիծաղում է - հեղ.) : Իրականում քարանձավի բոլոր փայլուն գոյացություններն այդպիսին են միայն քարանձավի ներսում: Իրենց միջավայրը լքելուց հետո դրանք խամրում ու սովորական կիր դառնում:


Մեր արշավների ժամանակ թույլ չենք տալիս, որ որեւէ բան վերցնեն կամ թողնեն քարանձավի ներսում:

Իրականում, դրանք լուրջ հսկողության կարիք ունեն, քանի որ քարանձավները հաճախ աղտոտված ենք գտնում ու թիմով մաքրություն անում: Հիմնական աղտոտողները գանձախույզներն են:

Արխիվների հետքերով

Տիգրան. Մինչեւ վերջերս տարածված էր այն տեղեկատվությունը, որ Հայաստանի ամենամեծ երեք քարանձավները Արջերի, Մագելանի եւ Մոզրովի քարանձավներն են՝ համապատասխանաբար 3600, 1700 եւ 300 մետր երկարությամբ:

2019 թվականի հուլիսին մեր թիմով եւ անգլիական Քարանձավախուզական ակումբ BRCC-ի հետ համատեղ հետազոտական արշավի ժամանակ Որոտանի կիրճում հայտնաբերեցինք այս պահին Հայաստանում մեծությամբ 3-րդ քարանձավը՝ մոտ 580 մետր երկարությամբ, որը կոչվում է Դղդղնածակ: Մեր ունեցած տվյալներով՝ այն 50 մետր պետք է լիներ, սակայն գտանք 2 խորացումներ, որոնցով քարանձավն ընդարձակվում էր:
 


Արտավազդ. Քանի որ հարեւան Վրաստանը եւ Իրանը բավական լայն քարանձավային շերտեր ունեն, պետք է ենթադրել, որ Հայաստանում եւս կան շատ մեծ քարանձավներ, որոնք դեռեւս բացահայտված չեն:

Հաճախ մեզ զանգահարում են տարբեր գյուղերից եւ տեղեկացնում իրենց գյուղի հարակից տարածքում քարանձավի մուտքի նմանվող անցքերի մասին: Մենք փորձում ենք ժամանակ գտնել դրանք ուսումնասիրելու համար: Երբեմն իսկապես հետազոտելու արժանի քարանձավներ են լինում:


Եզակի քարանձավներ

Տիգրան. Հայաստանում կան ամբողջ քարանձավագիտական ժառանգության մեջ եզակի, քարեդռնավոր քարանձավներ, որ տարածված են Արագածոտնի մարզում, նաեւ Գեղարքունիքում: Դրանք հրաբխային ծագման են, ծառայել են որպես կացարան եւ ունեցել քողարկված տեսք, իսկ ներքուստ պաշտպանված են 30 սմ հաստություն ունեցող բազալտե «դռներով»։

Արտավազդ. Քարեդռնավոր քարանձավներում կարող ես մի նեղ անցք մտնել եւ դիմացդ բազալտից տափակ ու մեծ քար տեսնել, բայց այն իրենից ներկայացնում է դուռ, կարողանում ես այն բացել եւ փակել:



Տիգրան. Ըստ վարկածներից մեկի՝ քարե դռները 4000-5000 տարեկան են, մյուս վարկածով դրանք թվագրվում են վաղ միջնադարին: Այժմ փորձում ենք հավաքագրել այդ քարանձավների մասին առկա բոլոր արխիվները, այցելել եւ տեղում ուսումնասիրել՝ հասկանալու համար ինչպիսի փոփոխություններ են եղել տարիների ընթացքում:

Զբոսաշրջային առաջարկներ

Արտավազդ. Արշավի արժեքը կարող է տատանվել 3000-ից 20 000 դրամի միջակայքում՝ կախված ընտրված քարանձավի հեռավորությունից եւ տուրի տեւողությունից:

Այժմ զբոսաշրջիկներին հաճախ տանում ենք Մագելանի քարանձավ: Կան նաեւ այլ հետաքրքիր ուղղություններ, ինչպիսիք են Արջերի, Մոզրովի, նաեւ նոր բացահայտված Ղղդղնածակ քարանձավները, սակայն դրանց վրա դեռեւս պետք է աշխատենք՝ հստակ տուրիստական ուղղություններ ունենալու եւ տարբեր տարիքային խմբերի ուղեկցելու համար:


Սովորաբար սկսում ենք դասական տուրի ձեւով՝ քարանձավի ճանապարհին այցելելով որոշ տեսարժան վայրեր: Նախքան քարանձավ մտնելը արշավի մասնակիցներին տեղեկացնում ենք անվտանգության կանոնների մասին:

Յուրաքանչյուր 4-5 մասնակցի համար ունենում ենք մեկ ուղեկցորդ, անցնում ենք միայն մեզ լիարժեք ծանոթ տեղանքներով: Մասնակիցներին տրամադրում ենք սաղավարտ, լապտեր, ձեռնոցներ: Հուսով եմ՝ ապագայում կկարողանանք տրամադրել նաեւ համապատասխան հագուստ:

Նախապես զգուշացնում ենք ունենալ հարմարավետ հագուստ ու սպորտային կոշիկներ, լրացուցիչ հագուստ ու կոշիկներ, փոքր ուսապարկ, դեղատուփ, սնունդ եւ ջուր: Արգելում ենք առողջական լուրջ խնդիրներ (ասթմա, կլաուստրաֆոբիա) ունեցող մարդկանց մասնակցությունը:


Առաջիկայում նախատեսում ենք քարանձավների ներսում կազմակերպել թեյախմություններ, յոգայի դասեր, հետաքրքիր լուսային էֆեկտներով ֆոտոնկարահանումներ: Աշխատում ենք քաղաքային տուրի վրա, որի ընթացքում կօգնենք զբոսաշրջիկին բացահայտել Երեւանի ստորգետնյա աշխարհը՝ ուղեկցելով դեպի վայրի ու մարդակերտ քարանձավներ:

Հեռանկար

Տիգրան. Քարանձավային տուրիզմի տարածաշրջանային կենտրոն լինելու հեռանկար Հայաստանը դեռեւս չունի, քանի որ թե՛ Վրաստանը, թե՛ Իրանն ունեն շատ ավելի մեծ քարանձավներ:

Անհրաժեշտ է ուսումնասիրել, գնալ առկա տեղեկությունների հետքերով ու փորձել նոր քարանձավներ բացահայտել:


Արտավազդ. Վրաստանում բավական մեծ ֆինանսներ են ներդրվում տուրիստական այս ուղղության զարգացման համար: Ես եղել եմ Վրաստանի Պրոմեթեյ քարանձավում, որը հագեցած է լուսային եւ ձայնային էֆեկտներով, ենթակառուցվածքներով, եւ զբոսաշրջիկը պարզապես վայելում է քարանձավը:

Տիգրան. Առաջիկա 1-2 տարում Հայաստանը եւս կունենա տուրիստական քարանձավ, որում կլինեն ե՛ւ արահետներ, ե՛ւ էքստրեմալ հատվածներ: Այդ ուղղությամբ այժմ աշխատում են մեր ուսուցիչները՝ քարանձավագետներ Սամվել Շահինյանը եւ Սմբատ Դավթյանը:

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի
Լուսանկարները՝ Հայաստանի քարանձավագիտական թիմի
Դիտում՝ 11707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai