Աշխատաշուկայի փոփոխությունները. ի՞նչ սպասել գործատուից եւ աշխատակցից

08.11.2019 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Գալաքսի» #Էլմիրա Հովհաննիսյան
Երեւանում 8-րդ անգամ անցկացվեց Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային համաժողովը։ Նախաձեռնողները Cascade People & Business ընկերությունն ու Հայաստանի ՄՌ ասոցիացիան էին, իսկ համաժողովի գլխավոր գործընկերն էր «Գալաքսի» ընկերությունների խումբը։

Banks.am-ը հյուրընկալվել է համաժողովին եւ խմբակային հարցազրույց-քննարկում անցկացրել գլխավոր՝ «Աշխատանքի ապագան» թեմայի շուրջ։ Ի՞նչ փոխակերպումների է ենթարկվել եւ ենթարկվում աշխատանքային շուկան հարցի պատասխանները՝ հինգ գլխավոր խոսնակից։


Ռադա Հրութ

ՄՌ ղեկավար է ավելի քան 17 տարվա փորձառությամբ։ Աշխատել է Մերձավոր Արեւելքի մի շարք առաջատար կազմակերպություններում ե՛ւ որպես գլխավոր ՄՌ ղեկավար, ե՛ւ որպես խորհրդատու։

Տարբեր բիզնեսներում ու բնագավառներում մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ մասնագիտությունների 60 տոկոսը 30 տոկոսով փոխել է բուն բնույթը։ Բիզնեսում բազմաթիվ կադրային հանձնարարություններ արդեն իսկ ավտոմատացվել են եւ շատ շուտով՝ ամենամոտ ապագայում, մեծ բիզնեսների որոշ կադրեր կփոխարինվեն հենց արհեստական բանականությամբ։ Սա բոլորովին էլ չի խոսում այն մասին, որ շուկայում մարդկանց պահանջարկ չի լինի։ Ամենեւին, պարզապես մարդկանցից մոտ ապագայում բոլորովին այլ մասնագիտություններ կպահանջվեն։ Ստեղծարարությունն ու ղեկավարելու ունակությունը կդառնան ամենամեծ պահանջարկ ունեցող կադրային հատկությունները, որովհետեւ ենթակա չեն լինի փոխարինման ռոբոտների կողմից։

Տեխնոլոգիաների աջակցման ծրագրերի ղեկավար մասնագետների բազմաթիվ հաստիքներ կհայտնվեն մոտ ապագայում, ինչը խոսում է այն մասին, որ ապագա սերունդներից նոր ու ավելի շատ գիտելիքներ, հմտություններ եւ ունակություններ են պահանջվելու։ Հորդանանի օրինակով կարող եմ ասել, որ վերջին տասը տարում թեեւ որեւէ մասնագիտության պահանջարկի աճ կամ նվազում չի գրանցվել, բայց փոխվել է մասնագիտական որակի պահանջները։

Դրան խորապես նպաստել են կառավարության որոշումները, բանկերի քաղաքականության փոփոխությունները, օրեցօր զարգացող հեռահաղորդակցությունն ու դրա կարգավորումները։ Փոխվել են ներդրումային քաղաքականությունը, հարկային դաշտը, ՏՏ բիզնեսները, ինչի հետեւանքով էլ փոխվել են մասնագիտական շուկան ու պահանջվող մասնագետների պահանջարկը, շատացել՝ մարտահրավերները։

Էլմիրա Հովհաննիսյան

«Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար

«Գալաքսին» Հայաստանի ամենախոշոր գործատուներից է եւ այսօր 3000 աշխատատեղ ունի, որոնք ամենատարբեր ոլորտներում են։ Որքան տարբեր են բնագավառները, այնքան տարբեր ու բազմազան են մարտահրավերները, որովհետեւ շարունակ պետք է կարողանաս ճիշտ տաղանդներ ներգրավել թիմում։ Ի՞նչ ենք անում՝ լուծելու համար այս հարցը։

Մեր բոլոր ընկերություններն իրենց շրջանակում ունեն մարդկային ռեսուրսների լավ զարգացած կառավարման օղակներ, որոնք շարժվում են նույն ընդհանրական մոտեցմամբ. տաղանդներ ընտրելիս գնահատում ենք ոչ միայն մասնագիտական կոմպետենտությունները, այլեւ անձնային մոտիվատորները (խթանիչները)՝ շեշտադրելով դրանց համապատասխանությունը բիզնեսի ու տվյալ պաշտոնի պահանջներին։

Պահանջների հիմքում ընկերության ռազմավարությունն է եւ հետագայում ակնկալվող ռազմավարական քայլերի ճիշտ սահմանումն ու իրագործումը։

Մասնագետների անձնային հատկությունների գնահատումը, վերլուծությունը տալիս է հստակ պատկեր, թե որոնք են այն խթանիչները, որոնց շնորհիվ տվյալ անձը մոտիվացված կլինի այդ գործառույթներն իրականացնել առավել արդյունավետությամբ, եւ որոնք են այն անձնային արգելքները, որոնք թույլ չեն տա դրսեւորել տաղանդների արտահայտվածությունը։

Էլմիրա Հովհաննիսյանը

Այս ամենը մեծ փոփոխությունների արդյունք է, բխում է աշխատաշուկայից, որն էլ թելադրում է բիզնեսի զարգացման ուղղությունները եւ նաեւ ենթարկվում բիզնեսի մերօրյա պահանջներին։ Այսինքն` աշխատաշուկան եւ բիզնեսը միշտ գտնվում են մշտական պահանջարկ–առաջարկ պտույտի մեջ, ինչն էլ բերում է համահունչ զարգացման:

Այսօր կրթությունը տալիս է սակավ բազային գիտելիք, սակայն նոր սերունդն ունի անսահմանափակ հնարավորություններ այլ աղբյուրներից թե՛ գիտելիք ստանալու եւ թե՛ հմտություններ ձեռք բերելու համար: Այսօր երիտասարդ տաղանդները գալիս են բիզնես նոր դրսեւորումներով, գույներով, լուծումներով եւ այս ամենով թելադրում բիզնեսի զարգացման նոր ուղղություններ: Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհում բիզնեսի ոլորտային շեշտադրումներ են փոխվել, ուստի առաջ են գալիս այնպիսի գիտելիքների պահանջներ, որոնք չեն դասավանդվել տասը տարի առաջ։

Պետք է նաեւ մի շատ կարեւոր երեւույթ էլ հաշվի առնել. նախկինում, եթե պնդում էինք, որ հասարակությունը զարգացնում է մարդուն, բայց ձեւավորում է ընտանիքը, այսօր պետք է հիշել, որ հասարակության հիմնական մասը տեղափոխվել է առցանց հարթակ եւ չափազանց մեծ ազդեցություն ունի անձի ձեւավորման վրա։ Գործատուի ամենամեծ մարտահրավերը դարձել է այս «հումքի» ճիշտ ընտրությունը, որն իր ազդեցությունը կունենա բիզնեսի զարգացման վրա։

Լինա Ստրիգինա

«Մարդկային խորհրդատվություն» կենտրոնի առաջատար գործընկեր

Իսկ Ղազախստանում ընկերություններն այսօր բախվում են գլոբալ մի մարտահրավերի՝ ստեղծում են աշխատատեղ, բայց չեն կարողանում գտնել համապատասխան մասնագետ, որովհետեւ նման պրոֆեսիոնալ մասնագետներ ուղղակի չկան, վառ օրինակը SMM-ն է կամ թվային մասնագետը։ Թվում է՝ բոլորը զբաղվում են եւ կարող են իրականացնել այս գործը, բայց փորձը ցույց է տալիս, որ շուկայում դատարկություն է։

Մյուս կողմից էլ գործատուների պահանջներն են մեծացել, բայց նրանք դեռ պատրաստ չեն աշխատակցին տալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է նրան չկորցնելու համար, որովհետեւ տաղանդավոր մարդիկ այսօր աշխատանք փնտրելիս մեկ-երկու կարեւոր հարց են բարձրաձայնում՝ ինչպե՞ս է այս ընկերությունում կառուցվելու իրենց մասնագիտական ապագան, եւ ի՞նչ է տալու ընկերությունն իրենց որպես անհատի։

Ամենատարրական պահանջներից մեկն այսօր առողջապահական ապահովագրությունն է, տարբեր նախագծերում միաժամանակ աշխատելու հնարավորությունը եւ նույնիսկ երկու տարբեր աշխատանք ու աշխատավայր համատեղելու հնարավորությունը։

Այս ամենի արդյունքում ավելանում են այն ընկերությունները, որոնք աշխատանքի ընդունվել ցանկացողին ներկայացնում են, թե իրենցից ինչ է պահանջվում կարիերայի որոշակի աճի պայմաններում, եւ իրենք ինչ են պատրաստ տալ լավ որակի դիմաց։

Այսօր ավելի հաճախ են մտածում կարիերայի փոփոխության մասին, որն իրականում ոչ թե մասնագիտական փոփոխության, այլ կյանքի փոփոխության պահանջ է։ Սրանից պետք չէ վախենալ, որովհետեւ լավ աշխատողը ոչ մի տեղ չի գնա, եթե նրա բազային պահանջները բավարարվեն։

Արփի Կարապետյան

Cascade People & Business ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Հայաստանի ՄՌ ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ, ամենամյա տարածաշրջանային ՄՌ համաժողովի հիմնադիր եւ կազմակերպիչ

2008-ին, երբ հիմնեցինք Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան, մեր թիմի կազմում ընդամենը 5 հոգի էր։ Այսօր արդեն 70-հոգուց ավելի ենք, իսկ մեր միջոցառումների մասնակիցների թիվն ավելի քան 200 է։ Սա վկայում է վերջին 11 տարում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կատարված առանցքային փոփոխությունների մասին։

Մեր համայնքը ձնագնդի պես գնալով մեծանում է, համաժողովի թեմաները գնալով ավելի խորքային են դառնում։ Ամենակարեւորն այն է, որ դրանք պարզապես քննարկվող թեմաներ չեն, դրանք խոսքից գործ տանող ուղղություններ են, որովհետեւ մենք հետեւում ենք, որ մեր բարձրացրած հարցերը թղթի վրա չմնան։ Ֆինանսական, հեռահաղորդակցության, ՏՏ, տուրիզմի, հյուրընկալության, մասնագիտական սպասարկման ոլորտներն այս տարի թոփ քննարկվողներն էին, եւ մենք փորձում էինք հասկանալ, թե մարդկային ռեսուրսների կառավարումն այս ոլորտներում ինչ պետք է սովորի։ Արդյունքում ունենք բավականին լուրջ հետազոտական նյութ եւ պատրաստվում ենք դրա հիման վրա նաեւ ռազմավարական պլան մշակել։

Արփի Կարապետյանը

Ի՞նչ պետք է սովորենք, եւ ի՞նչ պետք է կարողանանք անել, որպեսզի ապագայում լինենք հաջողակ, ի՞նչ ուղղություններով պետք է զարգանա մեր ոլորտը, եւ ինչպե՞ս չկորցնենք մեր մասնագիտական ես-ը. ահա այն հիմնական հարցերը, որ տալիս ենք մեզ։ Այսօր արհեստական բանականությունն արդեն իր վրա է վերցնում բազմաթիվ ավտոմատացված կամ մոնոտոն աշխատանքներ, ինչը նշանակում է, որ մարդն ավելի շատ հնարավորություն կունենա ապագայում ինքնաիրացվելու։ Կան բաներ, որոնք չեն կարող փոխարինվել արհեստական բանականության կողմից։ Ուստի, մարդկային ռեսուրսների կառավարման ապագան ավելի մարդկային կարող է լինել։

Աստղիկ Սարգսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի կառավարման վարչության պետ, ՄՌ ղեկավարման դասախոս եւ Stress Management թրեյնինգի հեղինակ

Եվ այնուամենայնիվ, չենք կարող չարձանագրել, որ այսօր մասնագետներին աշխատանքի ընդունելիս չի կարեւորվում նրանց գիտելիքներն ու դիպլոմը։ Աշխատակիցներից այսօր պահանջվում է շարունակ սովորելու եւ կատարելագործվելու ունակություն։ Գիտելիքներն այսօր չափազանց արագ են հնանում ու կորցնում արդիականությունը, եւ որքան էլ որպես հիմք բուհն ու կրթությունը կարեւոր են, այնուամենայնիվ, առանց գիտելիքներդ անընդհատ թարմացնելու հաջողության չես կարող հասնել։ Ինձ համար՝ որպես մարդկային ռեսուրսների մասնագետի, չափազանց կարեւոր է, թե մարդը որքանով է պատրաստ սովորելու, զարգանալու եւ ինչ է պատրաստ ներդնելու իր զարգացման համար։

Այս ամենի արդյունքում ակնհայտ է դարձել, որ վերջին 18 տարում հին ավանդական մասնագիտություններն իրենց պահանջարկը կորցրել են ու տեղը զիջել արհեստական բանականության, վիրտուալ իրականության, թվային վերլուծությունների, մեծ տվյալների մասնագիտություններին։ Շուկայում հենց այս մասնագետների պահանջարկն է գնալով ավելանում։

Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 6551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai